ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համաժողովների սրահում տեղի ուեցավ «Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը. ողբերգության պատմությունը, փորձն ու դասերը» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանությունների ավագ դիվանագետները, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները, ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչներ, գիտնականներ եւ փորձագետներ, հայաստանյան բուհերի ուսանողներ եւ ասպիրանտներ, մի շարք լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ: Կլոր սեղանը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը «Նորավանք» ԳԿՀ-ի հետ համատեղ: Հետաքրքրական զեկուցումներով հանդես եկան «Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանը, Շիրակի պետական համալսարանի դոցենտ Լիլիթ Ասոյանը, «Նորավանք» ԳԿՀ-ի փոխտնօրեն Արա Մարջանյանը եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը: Քննարկումներն անցան մի շարք արդիականություն ունեցող թեմաների շուրջ, որոնցից են հետեւյալները. ինչպե՞ս բարձրացավ «երկաթյա վարագույրը», 1988 թ. իրողությունները եւ դասերը հայ հասարակության համար, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների եւ համաշխարհային հանրության օգնությունը, ինչո՞ւ չհաջողվեց ժամանակին ավարտել աղետի գոտու վերականգնումը, ԽՍՀՄ Պերեստրոյկան եւ Սպիտակի երկրաշարժի շուրջ տեղեկատվական-հոգեբանական պատերազմը: Նորավանքյան այս ձեռնարկով Հայաստանում փաստորեն սկսվեցին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի ու հարգանքի տուրքի մատուցման ձեռնարկները մեր երկրում: Այս վերլուծականում կփորձենք ամբողջացնել վերոհիշյալ ինտելեկտուալ միջավայրում քննարկված թեմաները:
Ավերիչ երկրաշարժի պատմությունը
Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը 8-10 բալ էր Ռիխտերի 12 բալանոց սանդղակով: Այն Կովկասում 20-րդ դարի ամենաուժգին երկրաշարժն էր: Հիմնավորապես ավերվեց Սպիտակ քաղաքը, ավերվեցին Լենինականը, Կիրովականը, տուժեցին 21 քաղաք եւ շրջան: Ավերածություններ եղան 342 գյուղում, այդ թվում 58 գյուղ քանդվեց ամբողջովին: Աղետն ընդգրկեց Հայաստանի տարածքի 40%-ը, տուժեցին 1 միլիոնից ավել հայաստանցիներ: 25 հազար մարդ զոհվեց, 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ կամ վիրավորվեց: Ավերվեց 8 միլիոն քառ. մ. բնակելի տարածություն, որը կազմում էր Հայաստանի բնակարանային ֆոնդի 17%-ը: Առանց օթեւանի մնացին 500 հազարից ավելի մարդիկ, ԽՍՀՄ հանրապետությունների հյուրանոցներում եւ առողջարաններում տեղավորվեցին նրանցից 120 հազարը: 70 հազար մարդ աղետի գոտուց հեռացավ ինքնուրույն եւ անմիջապես: Հայաստանի տնտեսական ներուժի 52%-ը կործանվեց: Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, արդյունաբերության կազմած վնասը տարեկան գերազանցեց 1,9 մլրդ. խորհրդային ռուբլին: 82 հազար բանվորներ ու ծառայողներ կորցրին իրենց աշխատանքը: Ագրոարդյունաբերական համալիրի վնասները գերազանցեցին 2 մլրդ. խորհրդային ռուբլին: Երկրաշարժի հասցրած ընդհանուր վնասը 1989 թ. գներով կազմեց 14 մլրդ. դոլար:
Երկրաշարժի երրորդ օրը նախկին Խորհրդային Միությունում հայտարարվեց Սգո օր: Առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ որոշում կայացվեց թույլատրել արտասահմանյան պետությունների ներկայացուցիչներին մասնակցել փրկարարական աշխատանքներին: Վիրավոր Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի 113 պետություններ: Ամենանշանակալից ջանքերը գործադրեցին Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նորվեգիան, Նիդերլանդները եւ այլ երկրներ, որոնց փրկարարները, բժիշկները, ճարտարագետները եւ աղետի դեմ պայքարի հմուտ մասնագետները անգնահատելի օգնություն ցուցաբերեցին: Բայց աղետի հաղթահարման հիմնական ծանրությունը ընկած էր Խորհրդային Միության վրա: Աղետյալներին առաջինը օգնության եկան այդ գոտում տեղակայված խորհրդային զինված ուժերի զինվորներն ու սպաները, ովքեր տեղացիների հետ ուս-ուսի առաջին պահից կրում էին փրկարար գործողության ողջ ծանրությունը: 1989 թ. հունվարի տվյալներով աղետի հետեւանքների վերացման վրա աշխատում էր ավելի քան 20 հազար խորհրդային զինվոր ու սպա: Հայ ժողովրդի շնորհակալ հիշողության մեջ է նախկին ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ՙ քաղաքացու ու մարդու կերպարը, որը ահռելի ջանքեր գործադրեց մարդկանց ծանր դրությունը թեթեւացնելու ուղղությամբ: Միայն նրա նախաձեռնությամբ ու ջանքերով Հայաստան ուղղվեցին ավելի քան 10 մլրդ. խորհրդային ռուբլու միջոցներ եւ ռեսուրսներ: Խորհրդային կենտրոնը որոշեց երկրաշարժի հետեւանքները վերացնել երկու տարվա ընթացքում, սակայն վրա հասած տնտեսական ճգնաժամի, ապաինտեգրման գործընթացի եւ ԽՍՀՄ փլուզման պատճառով այդ ծրագիրը չիրականացավ: Խորհրդային Միության փլուզումից հետո աղետի գոտում աշխատող միութենական հանրապետությունների փրկարարական եւ շինարարական կազմակերպությունները հեռացան: Վերջինը Հայաստանից հեռացան ռուսաստանցի շինարարները: Վերականգնման ամբողջ ծանրությունը մնաց Հայաստանի ուսերին:
Այստեղ մենք հիշում ենք Շառլ Ազնավուրին , Քըրք Քրքորյանին , Ալեք Մանուկյանին եւ մյուս մեծ հայերինՙ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսներին, ովքեր անդուլ գործունեություն ծավալեցին Հայաստանի հոգսը թեթեւացնելու, վերքերը դարմանելու ուղղությամբ: Ինչպես եւ Նիկոլայ Ռիժկովի անունը, այս հայերի անունը դարեդար կմնա մեր ժողովրդի հավաքական հիշողության Ոսկե մատյանում:
Երկրաշարժի փորձը
Մեր փորձագետները ասում են, որ 1990-2000-ական թթ. ընթացքում, երբ Հայաստանի երկրաբանները, սեյսմոլոգները, ճարտարագետները, շինարարները փորձում էին սեփական ուժերով իմաստավորել աղետալի երկրաշարժի հետեւանքները եւ հասկանալ, թե կարելի՞ էր արդյոք խուսափել նման ծանր աղետից, ի թիվս այլ փաստաթղթերի, ծանոթացան 1956 թ. ԽՍՀՄ սեյսմիկ քարտեզի հետ, որտեղ Հայաստանի հյուսիսը նշված էր 8 բալանոց երկրաշարժի գոտում: Այնինչ արդեն 1965 թ. սեյսմիկ քարտեզում այդ նույն շրջանն ընդգրկված էր 7 բալանոց գոտում եւ դրան հաջորդած շինարարությունը Գյումրիում, Վանաձորում եւ այլուր իրականացվում էր այդ բալերի հաշվարկով: Ահա թե ինչու, ասում են մեր փորձագետները, Գյումրիի բազմահարկ շենքերը այդքան արագ փլվեցին, չդիմանալով ցնցումներին: Եթե նույնիսկ սա ճիշտ է, ապա դա որեւէ կերպ չի ազդում այն փաստի վրա, որ Գյումրիի շինարարությունը 60-70-ական թթ. իրականացվել է թերություններով, անհոգ եւ անխնա մսխելով անվտանգության նորմերը: Հետաքրքրական մի փաստ եւս: Հայկական ԽՍՀ կառավարությունը ստեղծեց աղետի պատճառների ուսումնասիրության կառավարական հանձնաժողով, որի եզրակացությունը այդպես էլ չհրապարակվեց ոչ ԽՍՀՄ գոյության տարիներին, ոչ էլ փլուզումից հետո: Անորոշության, ուղենիշների բացակայության եւ վերականգնման ծրագրի չգոյության պայմաններում հոգեբանական ծանր վիճակում գտնվող հայ հասարակության մեջ սկսեցին շրջանառվել տարբեր ասեկոսեներ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր, որոնք փոթորկում էին փնտրտուքի մեջ գտնվող մարդկային ուղեղները, էլ ավելի ծանրացնելով հասարակական մթնոլորտը:
Հետաքրքրական է, որ ԽՍՀՄ-ի պես ահռելի երկրում չկային մասնագիտացված փրկարարական ծառայություններ: Միայն Սպիտակի երկրաշարժից հետո էր, որ Խորհրդային կենտրոնը ստեղծեց Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողով, որն էլ վերաճեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության: Շուտով նման նախարարություն ստեղծվեց նաեւ անկախ Հայաստանում: Երկրաշարժի դասերից մեկն էլ այն էր, որ իբրեւ սեյսմիկ գոտի Հայաստանին օդի-ջրի պես անհրաժեշտ էր սեփական լավ զինված սեյսմիկ ազգային ծառայություն, որն էլ հնարավոր եղավ ստեղծել այնքան բարձր մակարդակով, որ առաջացրեց շատ երկրների մասնագետների խորը հարգանքը:
Հիմա շատերն են խոսում այն մասին, որ քիչ չէին մարդիկ, ովքեր հարստություններ դիզեցին արտասահմանյան օգնության ստացման եւ բաշխման արդյունքում: Այո՛, այդ մարդկանց տեղը բոլորն էլ գիտեն, բայց ճիշտ է նաեւ, որ արտասահմանյան բարեկամների օգնությունը, խոշոր հաշվով, օգնեց Հայաստանին ոտքի կանգնելու եւ աստիճանաբար ուղղելու մեջքը: Եվ որ առանց այդ օգնության շատ ու շատ ավելի դժվար կլիներ: Նորանկախ Հայաստանի հասարակական դաշտի եւ բարեգործական նախաձեռնությունների կուտակած փորձը գալիս է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման օրերից:
Ինչո՞ւ չհաջողվեց ժամանակին վերացնել երկրաշարժի հետեւանքները: ինչո՞ւ Գյումրիի, Վանաձորի եւ մյուս բնակավայրերի վերականգնման գործընթացն ընդգրկեց 20 տարուց ավել ժամանակ, դառնալով այդ բնակավայրերի ներուժի թուլացման եւ զանգվածային ապաբնակեցման պատճառ: Ինչո՞ւ Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգը իր մեջ ուժ չգտավ պատժելու այն հանցագործներին ու խարդախներին, ովքեր իրենց ընչաքաղցությամբ վնաս հասցրին վերականգնման գործին: Ինչո՞ւ այսօր, երկրաշարժից 30 տարի անց, Գյումրիում մարդիկ կան, որ ապրում են 1988 թ. բերված ժամանակավոր տնակներում ու կացարաններում: Եթե նույնիսկ ճիշտ է, որ սոցիալիզմի ապամոնտաժման եւ շուկայական հարաբերությունների հաստատման տասնամյակում Հայաստանն ուղղակի ռեսուրս չուներ միայնակ հաղթահարելու աղետալի երկրաշարժի հետեւանքները, ապա ճիշտ է նաեւ, որ հաջորդ 20 տարիներին այդ քաղաքականությունը շատ ավելի հստակ եւ ազնվորեն կարելի էր առաջ տանել: Ինչեւէ, մեր փորձագետները, անդրադառնալով առկա խնդիրներին, կարծում են, որ մենք որպես հասարակություն, որպես արդեն փորձառու անհատների ամբողջություն, այսօր ավելի պատրաստ ենք դիմակայելու դժվարություններին, քան դա 1988 թ. հետո էր:
Սպիտակի երկրաշարժի դասերը
Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստա՜ն» երգը, որը միասին կատարեցին այն ժամանակվա ամենահայտնի երգիչ-երգչուհիները, կարճ ժամանակում վաճառվեց երկու միլիոն օրինակ: Այն ճանաչելի դարձրեց Հայաստանն աշխարհում: Աշխարհում բարության եւ գթասրտության պակաս չկա: Բայց չկա նաեւ չարության եւ ատելության պակաս: Երկրաշրժից վիրավոր Հայաստանը հայտնվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ: Այդ հարեւաններն ամեն ինչ արեցին, որ Հայաստանի կյանքը բարդանա: Բայց Հայաստանը սովորեց ապրել նաեւ առանց այդ հարեւանների, եւ նույնիսկ մի քանի տարի տնտեսական աճ արձանագրել: Ընդհանուր առմամբ Հայաստանն այսօր դեռեւս չի գերազանցել 1989-90թթ. սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Եվ միայն դա մտածելու, խորհելու, վերլուծելու լուրջ առիթ է: Հայաստանն այսօր կարողանում է իր փոքրիկ հնարավորություններով օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր վերապրում են աղետները: Մեր հասարակությունը արժանապատվորեն փորձում է բարությամբ պատասխանել 1988 թ.-ից հետո մեզ արված բարությանը, ցուցաբերված գթասրտությանը:
Այսօր, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը մենք կրկին ու կրկին շնորհակալության խոսքեր ենք հղում աշխարհով մեկ ցրված մեր բարեկամներին եւ մի ներքին ջերմությամբ արձանագրում ենք, որ Հայաստանն աշխարհում միայնակ չէ: Գյումրիում տեղադրված Ֆրիդրիխ Սողոյանի արձանը, որտեղ կողք-կողքի են փրկված երեխաներով մայրը, երեխային գրկած խորհրդային զինվորը, իր շան հետ աշխատող ֆրանսիացի փրկարարը, ավստրիացի կամ գերմանացի բժիշկը եւ մյուսները, ովքեր սպիտակյան ողբերգության հաղթահարման դերակատարներն էին, մեզ հիշեցնում են լինել բարի, գթասիրտ, ուժեղ եւ հոգով արի: