Ընտրությունները մի լավ բան ունեն: Բարիները շատանում են, հավատացյալներն էլ, հայրենասերներն էլ, պետության մասին գիշեր-ցերեկ մտածողներն էլ, ժողովրդի ցավը տանողներն էլ, մատից փուշ հանողներն էլ, Ղարաբաղըՙ մոր կանչ կոչողներն էլ: Չնայած ես չեմ հավատում նրանց, ովքեր Ղարաբաղն անվանում են մոր կանչ, բայց ես հավատում եմ նրանց, որոնք թողնում են իրենց մայրերին ու Ղարաբաղ են գնումՙ կռվելու:
Բայց թողնենք կռիվը, եկեք խոսենք բարության մասին: Ես օրինակ հուզմունքից արտասվել եմ, երբ առաջին անգամ տեսա, թե որքան բարի է այն մարդը, որը հիմնականում թոշակառուներինՙ այդ թվում ձյան տակ, լավաշի հերթ է կանգնեցնում: Կամ մանկատների ու անապահով ընտանիքների երեխաներին ջերմ գրկող մարդը, որը հիանում է, երբ փոքրիկները իր առջեւՙ մինչեւ գետին խոնարհվում եւ երգեր են ձոնումՙ հրեշտակային կամ ոչ այնքան ձայներով: Պատկերացնո՞ւմ եքՙ մարդը որքան բարի սիրտ ունի, որ անշահախնդիր օգնում է երեխաներին ու նպաստում, որ մեծանան որպես Հայաստանի ազատ քաղաքացիներ: Շուտով Հայաստանում մարդիկ շենքերով ամեն օր կաղոթենՙ իրենց տուն տված բարերարի համար եւ դա կանեն հենց այդ բարերարի սեփական եկեղեցիներից որեւէ մեկում, նրա սեփական տերտերներից մեկի առջեւ: Հրաշալի է, չէ՞, երբ գիտակցում ես, որ երկիրը, որտեղ ապրում ես, լի է բարիներով: Բոլորն ամեն ինչ անում են, որ դու մտահոգ չլինես, քայլես դեպի լուսավոր ապագա, ունենաս բարգավաճ ներկա, դասեր քաղես անցյալի ծուռ էջերից եւ Դաշնակցության չափ երկար կյանք ունենաս: Քեզ մնում է միայն ցնծալ շուրջբոլորդ բարիների առատությունից եւ թարգել ծխելը, որպեսզի առողջությանդ վնասակար մեկ գլանակ անգամ չլինի: Դու համարյա դրախտում եսՙ Եփրատի ու Տիգրիսի արանքումՙ Մեծ Հայաստանում, որի քարտեզները պահում ես ծոցագրպանումդ, որ սրտիդ մոտ լինեն, եւ խոսում Արցախի շուրջ իբր անվտանգության գոտի հանդիսացող տարածքների զիջման հնարավորության մասին: Կողքիդ բոլորը դուխով են, խելքով են, ադեկվատ են, ժողովրդավար են, ժողովրդական են, իսկ Արարատի գագաթից հենց դիմացդ իջնում է 11 հերոս, 11 առաքյալ, 11 սուրբ, որոնցից ամեն մեկը իր ճանապարհն ունի եւ առաջարկում է քեզ հետեւել հենց իրենՙ գոռալով, որ բոլորը խաբում են ու միայն իրենք են ճշմարիտը: Եւ սիրտդ ճմլվում է բարության ծովում, որտեղ նույնիսկ շնաձկները քո մասին են մտածումՙ որ չխեղդվես, չմոլորվես, եւ որ… ապրես:
Չես հավատում, կամ, որն ավելի սարսափելի է, հավատում ես: Բոլորին: Մի քանիսին: Ինչ-որ մեկին: Քո կարծիքովՙ ամենաբարիին: Երկու ձեռքերդ վեր պարզած գնում ես նրա հետեւիցՙ չկարեւորելով գնալու հասցեն, վստահ լինելով, որ բարիները դժոխք չեն գնում եւ այնտեղ չեն տանում: Մոռանում ես, որ դրախտը առյուծի եւ եղնիկի կողքին նստած բանան ուտելը չէ, որը դրախտում ոչ թե էժան է, այլ անվճար, այլ աշխատանքի գնալը, այնտեղ քրտելը, երբեմն նեղվելը, դրանից ուժեղանալը, եւ առաջ գնալն է: Դրախտը, որն ասում ենՙ բոլոր բարիների վերջին հասցեն է, վայր չէ, ճանապա՛րհ է, փշոտ, քարքարոտ, դժոխային: Այդ ճանապարհով քաղաքական կուսակցություններով, դրանց դաշինքներով, աշխատանքային թիմերով, ընկեր-բարեկամներով, ընտանիքներով չեն գնում. գնում են մենակ: Մինչ այդ հասկանալով, որ բարիներ չկան: Յուրաքանչյուր բոնբոներկայի մեջ թաքուն նպատակներ կանՙ ճիշտ կոնֆետների չափով: Եւ նույնիսկ Աստված իր միակ որդուն զոհաբերեց ոչ թե որովհետեւ սիրում է մեզ, այլ որպեսզի հավատանք իրեն:
Անկեղծ եղեքՙ մինչեւ դեկտեմբերի 9-ը եւ առհասարակ: Բարությունը կեղծավորության առաջին շերտն է: