Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքում ցարդ անցկացված ընտրություններից ի վեր հայաստանաբնակ հայերը առաջին անգամ ընտրության են գնալու առանց հարկադրանքի կամ կաշառքի: Մեկ ամիս առաջ քաղաքապետի ընտրությունները կայացան շատ խաղաղ մթնոլորտում, չնայած դրանցում պակասում էին այն ոգեւորությունն ու էյֆորիան, որ վարչապետի պաշտոնին առաջնորդեցին Նիկոլ Փաշինյանին:
Նախկին վարչակարգի օրոք, քաղաքապետի ընտրություններին մասնակցել էին ընտրողների 40 տոկոսը: Թավշյա հեղափոխությունից հետո մասնակիցների տոկոսը չնչին փոփոխությամբ դարձավ 43: Որոշ բացատրություններ, անշուշտ, տրվեցին այս ցածր ցուցանիշը արդարացնելու համար: Դրանցից մեկը վերաբերում էր կաշառքի բացակայությանը: Մյուսըՙ այն համոզմանը, թե Փաշինյանի «Իմ քայլը» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է արձանագրելու, եւ մասնակիցների քանակը էական նշանակություն չի ունենալու ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Ներկայիս, վախ կա, որ նույն պատճառաբանություններով շատ ընտրողներ չմոտենան քվեատուփերին:
Քաղաքացիների դիրքորոշումներն ու քաղաքական տրամադրվածությունները կարելի է հեշտությամբ կորզել տաքսու վարորդներից: Թավշյա հեղափոխությունից առաջ ուղեւորի նստելուց ամիջապես հետո նրանք դժգոհում էին կառավարության ղեկավարներից եւ սպառողական ապրանքների գների աճից: Փաշինյանի իշխանությունը ստանձնելուց հետո նրանց տրամադրությունը դրական փոփոխություն կրեց: Նրանք սպասողական վիճակում են: «Տեսնենք, ինչ է լինելու», ասում են հիմնականում:
Փաշինյանն ու իր թիմակիցները հավատացած են, որ ժողովուրդն իրենց լիազորել է ձերբազատվելու նախկին իշխանություններից, բայց թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, նրանք հստակ պատկերացում չունեն:
Մարդիկ, սովորաբար, սպասելիքներով ու ակնկալիքներով են ապրում: Նրանք անհամբեր են եւ եթե որեւէ բան մեկ օրից մյուսը չի փոխվում իրենց ապրելակերպում, ապա հուսահատվում են: Ճիշտ է, կոռուպցիան ընդհանրապես եւ կաշառակերությունը մասնավորապես, ըստ շատերի պնդումների, վերացել են, բայց դեռ երկար ժամանակ ու քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ հին վերքերը բուժելու, համակարգը բարեփոխելու եւ թավշյա հեղափոխության բարիքները վայելելու համար:
Առայժմ բոլորի հույսերը կենտրոնացած են առաջիկայում սպասվող ընտրությունների վրա: Փաշինյանը ժողովուրդին առաջնորդում է դեպի երկար ժամանակ պահանջող մի գործընթաց, որի կերտողները նոր մտածողությամբ օժտված, թվային դարաշրջանի երիտասարդ սերնդի անդամներ են:
Հայաստանի խիստ փոփոխական քաղաքական համակարգում ներկայիս աշխույժ բանակցություններ են տեղի ունենում կուսակցությունների եւ դաշինքների միջեւ, նոր կուսակցություններ են ի հայտ գալիս, հին դաշինքներՙ մասնատվում: Մինչեւ գաղափախոսությունների վրա հիմնված ամուր կուսակցություններ չկազմվեն, փոփոխամտությունը շարունակելու է սպառնալ ներկա քաղաքական դաշտին: Արեւմուտքում ավանդական կուսակցությունները կազմվել են ներկայացնելու համար հասարակության տարբեր խավերի շահերը: Նաեւ պահպանելու, ամրապնդելու ժողովրդավարությունը: Ազդեցիկ անհատների եւ նրանց դրամական միջոցների շուրջ կազմված քաղաքական կուսակցությունները երկար կյանք ունենալ չեն կարող: Թվում է, թե այս անգամ Հայաստանում էլ քաղաքական կուսակցությունները գաղափարական սկզբունքների շուրջ են կազմվում: (Մենք նույն կարծիքին չենք: Խմբ.:):
Ընտրական համակարգը շատ բարդ մեխանիզմ է եւ մարդկանց շատ քիչ տոկոսն է որեւէ բան հասկանում նրա գործունեությունից: Բայց մարդիկ քվեարկում են այդուհանդերձ: Փաշինյանը փորձեց բարեփոխել ընտրական օրենքը, բայց կոռումպացված նախկին խորհրդարանը մեկ ձայնով տապալեց այդ նախաձեռնությունը:
Երկրում կան 13 ընտրական տեղամասեր, որոնցում 101 պատգամավորներ են ընտրվելու: Թեկնածուները ընտրվելու են երկու ճանապարհով. կուսակցական պատկանելիության եւ վարկանշային առաջադրման հիմունքներով: Կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքներըՙ 7: Որեւէ կուսակցություն, որ հաղթահարում է 5 տոկոսի շեմը, իրավունք է ունենալու 10 պատգամավոր ընտրելու: Իսկ քվեների 42 տոկոսը ստացած կուսակցությունը պարգեւատրվելու է հավելյալ քվեներով, որոնք 50+1-ի են բարձրացնելու այդ տոկոսը: Այդ կուսակցությունն էլ կազմելու է կաբինետը եւ ընտրելու է վարչապետին:
Փաշինյանի կուսակցությունը հակված է ստանալու քվեների 80 տոկոսը: Բայց սահմանադրությունը թույլ չի տալիս նման իշխանություն ձեւավորել խորհրդարանում, որտեղ պատգամավորների 30 տոկոսը պետք է տրամադրվի ընդդիմությանը: Առնվազն երկու կուսակցություն կարող են ընդդիմություն կազմել, եւ եթե դրանցից մեկը չհաղթահարի անցնել 5 տոկոսի շեմը, միեւնույն էՙ նրա թեկնածուները ընտրվելու են, որպեսզի սահմանադրությամբ նախատեսված երկու կուսակցությունների ընդդիմությունը կայանա: Նոյեմբերի 14-ին լրացավ թեկնածուների առաջադրման ժամկետը:
Եթե ընտրություններին մասնակցողների քանակը փոքր լինի, պատճառը դարձյալ կաշառքի բացակայությունն է լինելու: Թավշյա հեղափոխությունը իր նպատակին հասած չի լինելու մինչեւ չիրականացնի իր հաջորդ առաքելությունը, որն է երկիրը դնել իսկական ժողովրդավարության ռելսերի վրա: Հենց Փաշինյանը հաղթանակի եւ ստանա այդ լիազորությունները, նա ամբողջովին ի վիճակի է լինելու զբաղվելու երկրի տնտեսությունը վերականգնելու հարցով, որը բազում ներքին եւ արտաքին մարտահրավերների թիրախ է դարձել արդեն որոշակի ժամանակ:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)