Թռիչքազերծ գոտին որպես օտար զորքերի դուրսբերման նախադրյալ
Սիրիայի իրադրության առաջին փուլային անցումը համարվում է այդ երկրում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողության ձեռնարկումը, որը տեղի ունեցավ Սիրիայի Հանրապետության օրինական կառավարության խնդրանքով: Այն սկսվեց 2015 թ. սեպտեմբերի վերջին եւ շարունակվում է արդեն երեք տարի: Այդ ժամանակամիջոցում ռուսաստանցի, սիրիացի եւ իրանցի զինվորականներին հաջողվեց արմատապես փոխել իրավիճակը պաշտոնական Դամասկոսի օգտին:
Այժմ սկսվում է երկրորդ փուլային անցումը: Դրա սկիզբը կարելի է համարել 2018 թ. սեպտեմբերի 17-ը: Այդ օրը տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն: Առաջինը Սոչիի հանդիպումն է, որը դրական է: Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները համաձայնագիր կնքեցին Իդլիբի ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ:
Երկրորդ իրադարձությունը ողբերգական է: Իսրայելական ռազմօդանավերի հարձակման ժամանակ սիրիական բանակի հ-200 հրթիռների հարձակումից խոցվեց ռուսական հետախուզական օդանավ, զոհվեց 15 զինծառայող:
Սոչիի համաձայնագրի կնքման շնորհիվ հնարավոր եղավ խուսափել Սիրիայի տարածքի վրա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածներից: Հարձակման պատրվակը պետք է դառնար Իդլիբի նահանգում խաղաղ բնակչության դեմ կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը: Սադրանքի համար ամեն ինչ նախապատրաստված էր. հավաքվել էին քլորի բալոններ, «տուժած» բնակիչներ, մասնավորապես երեխաներ, պատրաստ էին նման բեմականացումների մեջ հմտացած «Սպիտակ սաղավարտները» եւ արեւմտյան լրատվամիջոցները:
Սակայն Սոչիում ձեռք բերված համաձայնությունները խափանեցին այդ ծրագիրը; Դրանցով նախատեսվում էր Իդլիբի նահանգում ստեղծել 10-15 կմ լայնության ապառազմականաված գոտի, սիրիական զորքերը պետք է մնային իրենց դիրքերում, իսկ գրոհայինները պետք է մինչեւ հոկտեմբերի 10-ը գոտուց դուրս բերեին ծանր սպառազինությունները: Թուրքական հրամանատարությունը արդեն հաշվետվություն է ներկայացրել այդ սպառազինությունների դուրսբերման մասին: Միայն Ազատ սիրիական բանակի թուրքամետ գրոհայիններին էր թույլատրվում պահել հակատանկային հրթիռային համալիրները եւ խոշոր տրամաչափի գնդացիրները:
Սակայն առայժմ ներկայումս ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում ըստ ժամանակացույցի: Համաձայնություններով նախատեսվում էր, որ գրոհայինները պետք է բուֆերային գոտուց հեռանային մինչեւ հոկտեմբերի 15-ը, բայց նրանք մնում են եւ ակտիվորեն նախապատրաստվում են ռազմական գործողությունների:
Ռուսաստանն ու Թուրքիան արմատականներին հավելյալ ժամանակ են տրամադրել եւ այդ մասին տեղեկացրել են ՄԱԿ-ին: Թուրքիան անզիջում գրոհայինների դեմ կարող է օգտագործել ոչ միայն տանկեր, այլեւ ռազմօդանավեր: Թուրքերը Իդլիբի նահանգ են բերել նաեւ հատուկ ջոկատներ: Նրանք կարող են օգտագործել նաեւ իրենց ենթակա իսլամիստների խմբավորումները: Արմատականների հետ թուրքական հետախուզության բանակցություններին զուգընթաց տեղի է ունենում արմատական խմբավորումների առաջնորդների ոչնչացում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Սիրիական աղբյուրները տեղեկացնում են, որ այդ գործողություններին մասնակցում են նաեւ սիրիական եւ ռուսական հատուկ ուժերը:
Այսպիսով, ձեւավորվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ռուս-թուրքական կայուն դաշինք: Դրա ամրապնդման եւս մեկ փաստարկ է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոկտեմբերի 12-ի ելույթը, որտեղ նա արտահայտվեց ընդդեմ «Մեծ Քրդստանի» ստեղծման գաղափարին, որն առաջ են քաշում ԱՄՆ-ը եւ Իսրայելը: Տվյալ նախագիծը ենթադրում է քրդական պետության ստեղծում Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի որոշ տարածքների հաշվին:
Թուրքիան եռանդագին պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը եւ ահաբեկչական կազմակերպություններ է համարում ՔԲԿ-ն եւ Քրդերի ինքնապաշտպանական ջոկատները: Վերջիններս ԱՄՆ-ի պաշտպանությունը վայելող Սիրիական ժողովրդավարական ուժերի հիմքն են:
Սիրիական ժողովրդավարական ուժերը վերահսկում են Եփրատից արեւելք ընկած տարածքը, որտեղ գտնվում է Սիրիայի նավթի հանքավայրերի 70 տոկոսը: Անկարայի պաշտոնական անձինք Վաշինգտոնին քանիցս մեղադրել են ահաբեկչությանն օժանդակլու մեջ:
Քրդական պետության ստեղծման դեմ հանդես գալովՙ Ռուսաստանը փաստորեն թիրախ դարձրեց Սիրիայում ԱՄՆ-ի հետ գործակցող քրդական ջոկատներին: Լավրովի խոսքերով, Իդլիբից բացի հարկավոր է զբաղվել նաեւ Եփրատից արեւելք ընկած տարածքներով:
Դրանք ձեւավորվող ռազմավարական ծրագրի համապատասխանաբար առաջին եւ երկրորդ կետերն են: Եվ դա կլինի Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ծրագիրը: Վերջերս համանման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Սիրիայի արտործնախարար Վալիդ Մուալլեմը . «Իդլիբից հետո մեր նպատակը Եփրատից արեւելք ընկած հողերն են»:
Ինչ վերաբերում է ռուսական հետախուզական օդանավի կործանմանը, Ռուսաստանը դրա համար մեղադրեց Իսրայելին եւ ձեռնարկեց պատասխան քայլեր, որոնք, նախագահ Պուտինի խոսքեորվ, «կնկատեն բոլորը»:
Սեպտեմբերի 24-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժեղացման մասին: Սիրիային արդեն մատակարարվել են հ-300 զենիթահրթիռային համալիրներ, որոնք կարող են թիրախներ խոցել մինչեւ 250 կմ հեռավորության վրա: Առաքվել են նաեւ մարտավարական բալիստիկ հրթիռներ: Համալիրները կարող են արդյունավետ լինել նույնիսկ հակառակորդի ռադիոէլեկտրոնային գրոհի պայաններում: Սիրիան ներկայումս ունի նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Այս ամենը տասնապատկում է Սիրիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները:
2019 թվականի գարնանը Սիրիայի կառավարությունը կկարողանա լիովին վերահսկել երկրի ամբողջ օդային տարածքը: Ռուս վերլուծաբան Վլադիմիր Վասիլյեվի կարծիքով, Սիրիայում հակաօդային պաշտպանության այդ համակարգի ստեղծումն ուղղված է ոչ այնքան Իսրայելի, որքան ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի երկրների դեմ: Առանց Սիրիայի կառավարության հրավերի, երկրի տարածքում գտնվող օտար ուժերի համար թռիչքազերծ գոտու ստեղծումը կարող է դառնալ դաժան իրողություն:
Դա անչափ ցավոտ իրավիճակ է արեւմտյան կոալիցիայի երկրների համար: 1940-ականներից սկսած, նրանց ամբողջ մարտավարությունն ու ռազմավարությունը կառուցված են օդային գերազանցության վրա, անպատիժ օդային հարվածների վրա: ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Սիրիայի տարածքում ստեղծել են ռազմակայաններ: Սակայն դրանց մարտական կարողությունները առանց օդուժի խիստ սահմանափակ են, դրանց զինծառայողների թիվն էլ բավական փոքր է:
Բացի դրանից, թերեւս չարժե գործողությունները սկսել սիրիական զորքերի ցամաքային հարձակումից: Բավական է Սիրիայի երկնքում անհնար դարձնել միջազգային կոալիցիոն ուժերի ամեն տեսակ, այդ թվում սանիտարական օդանավերի թռիչքները, իսկ ցամաքում զինվորական շարասյուների վրա հարձակումներ կգործեն սիրիացի պարտիզանները, որոնք հանդես են գալիս օտարերկրյա զորքերի ամբողջական դուրսբերման օգտին: Այդպիսով, Սիրիայի տարածքում գտնվելու հետեւանքով ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կորուստները կտրուկ կաճեն: Նման պայմաններում անկոչ օտարերկրյա զորքերը կարող են երկրից դուս բերվել առանց անմիջական ռազմական բախումներ ունենալու:
Թռիչքազերծ գոտին նաեւ քրդական հարցի լուծման կարեւոր տարրերից մեկն է: Սիրիական ժողովրդավարական ուժերի խմբավորումը բաղկացած է մոտ 50 հազար մարդուց: Բայց առանց արեւմտյան կոալիցիայի օդուժի օգնության եւ սիրիական ու թերեւս նաեւ թուրքական օդուժի, ինչպես նաեւ ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցության դեպքում այդ խմբավորումը անկարող է երկար ժամանակ պահպանել բավարար մարտունակություն: Իսկ նման պայմաններում քուրդ առաջնորդները ավելի շատ հակված կլինեն բանակցությունների:
Միջազգային իրավունքի տեսակետից, Սիրիան իրավասու է իր տարածքի վրա թռիչքազերծ գոտիներ ստեղծել որոշակի երկրների համար: Իհարկե, Դամասկոսը կարող է նման քայլի դիմել միայն Մոսկվայի հավանությամբ եւ նրա անմիջական ռազմական ու դիվանագիտական աջակցությամբ:
Այսպիսով, Սիրիայում ներկայումս ձեւավորվում է նոր ռազմավարական իրողություն, որի պայմաններում երկրի ներուժը կարող է լրիվ չափով իրացվել արդեն 2019-ի գարնանը: