ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆ
Ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել երեկ ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից արվածՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» մտքի կապակցությամբ:
Պետք է մեզ զարմացներ, որ Մինսկի Խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչը նման միակողմանի ու միանձնյա հայտարարություն է անում: Սակայն անձամբ ինձ դա չի զարմացրել: 1919 թվականից առ այսօր Հայոց ցեղասպանության դրժման միջազգային ճակատը ամրացնող, նաեւ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կենսականությունն ապահովող Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ը, ե՞րբ է հայամետ կեցվածք ունեցել, որ այսօր ունենա: Ինձ ուղղակի զարմացրել է այդ տարածքների վրա արյուն թափած, եւ այսօր ՀՀ ում քաղաքական եւ հասարակական որոշ հեղինակություն վայելող եւ այդ ուղղությամբ ակտիվություն ունեցող տղաների քար լռությունը նման հայտարարությունների հանդեպ եւ այն հանգամանքը, որ մեր երիտասարդները չեն հայտարարումՙ մենք չունենք հողեր տալու եւ որ Արցախի կարգավիճակն ու նրա միացումը ՀՀ-ին այլընտրանք չեն կարող ունենալ: Ինձ զարմացնում է նաեւ այն, որ ՀՀ-ում այսօր դեռեւս կան իրենք իրենց հարգող քաղաքական շրջանակներ, որոնք տակավին Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը կապում են այս կամ այն ռազմական բլոկի եւ այս կամ այն գերտերության հետ:
Անքննելի եւ հստակ է, մենք ստիպված ազատագրել եւ չեզոքացրել ենք այն կրակակետերը, որոնք մահ էին սփռում Արցախի խաղաղ բնակչության վրա: Եվ եթե ապագայում լուծում չգտնի ու խաղաղ չկարգավորվի այս խնդիրը, մենք հետագայում էլ ստիպված ենք լինելու նույն կերպ վարվել եւ ազատագրել բռնազավթված հայկական բոլոր այն տարածքները, որտեղից մահ է սփռվում հայ զինվորի ու հայ քաղաքացու վրա, այդ թվում նաեւ Նախիջեւանը:
Վերադարձն անցյալին ոչ միայն անիրատեսական է, այլեւ հղի է վերջնականապես ցեղասպանվելու վտանգով: Արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռացող դեսպանը խնդրի կարգավորման միակողմանի եւ ոչ համապարփակ իր մոտեցումով չի ուզում հավելյալ լարում մտցնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում: Ի՞նչ զիջումների մասին է խոսքը, երբ ագրեսոր, միջազգային ահաբեկչությունը հովանավորող երկրի նախագահը խոսում եւ երազում է Զանգեզուրի, Սեւանի եւ Երեւանի օկուպացիայի մասին:
Արցախի խնդրի կարգավորման եւ արցախահայության անվտանգության ապահովման մի ճանապարհ կա, այն էՙ տնտեսական ու ժողովրդագրական աճով օր-օրի հզորացող Հայաստանի Հանրապետության գոյության փաստը: Եվ մեր խնդիրն այս պահին այդ աճի ապահովումն է, եկեք չզարմանանք եւ մեզ հեռու պահենք օտարամետ պատեհապաշտությունից:
Հայաստանը չպետք է ընկնի ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կիրառվող մեթոդների ազդեցության տակ, որոնցից է «փափուկ ուժի» կիրառումը: ՀՀ ավանդական արժեքներին, Հայոց Առաքելական եկեղեցու արժեքներին հակասող երեւույթների որդեգրումը կարող է վատ հետեւանքներ ունենալ հետագայում հայկական արժեքների պահպանման համար:
17.102018թ.