Վրաստանում ամենաշատ ընթերցող ունեցող, տեղական «Սաբա» մրցանակին մի քանի անգամ արժանացած Ակա Մորչիլաձեն կիրակի օրըՙ սեպտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին հյուրընկալվելու է գերմանական Բադ Բերլեբուրգ քաղաքումՙ հատվածաբար ընթերցելու իր 1992- ին հրատարակված «Ուղեւորություն դեպի Ղարաբաղ» վեպը, հաղորդում է առցանց «Ֆոկուսը»ՙ հիշեցնելով, թե Մայնի Ֆրակֆուրտի գրքի ամենամյա տոնավաճառի հյուր երկիրն այս տարի Վրաստանն է: Հետեւաբար անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, իտալերեն թարգմանված հիշյալ վեպն արդեն հասանելի է նաեւ գերմանալեզու ընթերցողին: Վրացական Ռուսթավի 2 հեռուստաալիքը կիրակի օրն ուղեկցելու է գրողին:։ Թբիլիսիում 1992- ի լույսընծայումից ի վեր «Ուղեւորություն դեպի Ղարաբաղ» վեպը Վրաստանում ամենալավ վաճառված գրքերից է: Կինոռեժիսոր Լեւան Թութբերիձեն վեպն էկրանավորել է 2005- ին: Weidle հրատարակչությունը նախաձեռնել է 1966- ին ծնված գրողի ստեղծագործությունների գերմաներեն լույսընծայումը: Մեր համացանցային որոնման պատասխանը զարմանալու առիթ է տալիսՙ վեպը ո՛չ հայերեն, ո՛չ ադրբեջաներեն հրատարակություն չի ունեցել: