Մոսկվայի հայ համայնքի ազգային համախմբման գործում անփոխարինելի դեր ունի հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարությունն առնչվում է նաեւ նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի անվանը: Լրագրող Գոհար Բոտոյանը հանդիպեց պարոն Լուժկովին, շնորհավորեց նրան ծննդյան 83-ամյակի առիթով, որն ի դեպ լրանում է այսօր եւ նրան հանձնեց համալիրի մասին պատմող շքեղ պատկերագիրքը: Ապա ծայր առավ այս անմիջական զրույցը:
– Պարոն Լուժկով, իբրեւ Մոսկվայի նախկին քաղաքագլուխՙ դուք կարեւոր ավանդ ունեք Ռուսաստանի մայրաքաղաքի սրտում հառնած համալիրի շինարարության գործում: Անչափ շնորհակալ ենք ձեզնից: Ընթացքում շա՞տ դժվարություններ եղան:
– Դա իսկապես հիշարժան կառույց է: Իարկե, հեշտ գործ չէր: Խնդիրն այն էր, որ Մոսկվայի հայ համայնքը եւ եկեղեցականները շատ ավելի մեծ նպատակ ունեին, քան պարզապես եկեղեցի կառուցելը: Նրանք նախատեսել էին, որ կառույցը պետք է ծառայի ոչ միայն կրոնական արարողությունների համար, այլեւ այնտեղ հանրային միջոցառումներ կազմակերպվեն, լինի գրադարան, հանդիպումների սրահ եւ այլն: Վանական համալիրի փոխարեն պետք է կյանքի կոչեինք մի ամբողջ համակառույց: Եվ դա մեզ հաջողվեց, առաջադրանքը կատարեցին մարդիկ, ովքեր գիտակցում էին, որ այդ վայրը պետք է խորհրդանշի մեր երկու ժողովուրդների եղբայրությունը, փոխադարձ սերն ու հարգանքը: Համալիրն այժմ ամբողջ ծավալով ծառայում է մտահղացման հեղինակների նախանշած նպատակին, եւ ես ուրախ եմ, որ փոքրիկ ներդրում ունեցա այդ գործում:
– Հայաստանի եւ հայերի հետ ձեր կապերը բազմազան են, հավանաբար հետեւել եք նաեւ վերջին զարգացումներին: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ռուսաստան տնտեսական ու քաղաքական փոխհարաբերություններըՙ թավշյա հեղափոխությունից հետո:
– Սկզբունքորեն քաղաքականությանն այնքան էլ չեմ հետեւում, սակայն որքան նկատել եմՙ այդ հեղափոխությունը ոչ թե վերեւից էր ծրագրված, այլ ներքեւից: Ակունքներն ու պատճառները ըստ երեւույթին պետք է փնտրել նախկին իշխանությունների սխալներում: Ինչ որ Հայաստանում կատարվեցՙ ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ապագայի վրա: Դրանք միշտ հիմնվել են փոխադարձ վստահության ու հարգանքի վրա, եղել են մաքուր, եղբայրական: Նույն կերպ էլ պետք է շարունակվեն, անկախ նրանից, թե ներհայաստանյան իրադարաձություններն ինչպես են զարգանում, ով է իշխանության գլուխ, համակարգային ինչ փոփոխություններ են այնտեղ կատարվում: Ռուսաստանը Հայաստանին միշտ աջակցել է, գնահատել: Մեր փոխհարաբերությունները կառուցողական են, հիմնարար եւ քաղաքական ոչ մի ալիք այն չի կարող խաթարել: Մենք հասկանում ենք, որ այժմ Հայաստանը դժվար փուլում է, նրան ժամանակ է հարկավորՙ երկրում կայունություն եւ ապահովություն հաստատելու համար: Եթե պետության մեջ կոռուպցիոն երեւույթներ են լինում, եթե իշխանությունները շեղվում են ճիշտ ուղուց, պաշտոններում նշանակում են իրենց մերձավորներին, հարազատներին ոչ թե փորձառու մասնագետներին, կադրային կառույցը քանդվում է, իշխանության որակը կտրուկ ընկնում է: Դա հարուցում է ժողովրդի բողոքը, ապա նաեւ ըմբոստությունը: Այս հարցում զգայուն է հատկապես երիտասարդությունը: Կարծում եմՙ կոռուպցիան ու նշածս երեւույթներն են Հայաստանում հեղափոխության հանգեցրել: Եթե նոր կառավարությունն իր հայտարարած ծրագրերը չկատարի, ինչպես վայել է քաղաքակիրթ երկրին, հեղափոխությունը ժողովրդի ակնկալած պտուղները չի տա: Ես վստահ եմ, որ առաջիկայում հայերի ցանկություններն իրականություն կդառնան: Եվ վստահ եմ, քանի որ նրանց լավ եմ ճանաչում: Հայերն աշխատասեր են, տաղանդավոր, իրենց ապրուստը վաստակում են անդուլ աշխատանքով: Այդ հատկանիշների շնորհիվ կհաջողվի Հայաստանում քաղաքական անդորր եւ տնտեսական զարգացում ապահովել:
– Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերություններում ի՞նչը կարող է ճակատագրական լինել, ասենքՙ մի երրորդ երկրի միջամտություն:
– Ոչ մի երրորդ ուժ չի կարող մեր երկու երկրների հարաբերությունները վատացնել, դա երբեք չի կարող պատահել, ուղղակի նրանց չի հաջողվի: Այն եղբայրական վերաբերմունքը, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ միշտ ունեցել էՙ փոփոխության ենթակա չէ:
– Լեգենդար Յուրի Լուժկովը հիմա ինչո՞վ է զբաղվում:
– Հիմա զբաղված եմ Հայաստանի մասին խոհերով… Չնայած տարիքս 80-ից անց էՙ ոչ մի ազատ րոպե չեմ ունենում: Հիմնական զբաղմունքս գյուղատնտեսական բիզնեսն է: Ցորեն եմ աճեցնում, գարի, սունկ, եգիպտացորեն, հնդկաձավար, որն ի դեպ հայերը շատ են սիրում: Կաթ ու պանիր ենք արտադրում, մի խոսքովՙ փորձում եմ զարգացնել մեր երկրի գյուղատնտեսությունը, որը պետական հոգածությունից դուրս մնացած ոլորտ է: Նաեւ մարդկանց եմ ընդունում, ովքեր դիմում են բազմազան հարցերով: Եթե թույլ կտաքՙ կխոսեմ ինձ հուզող մի խնդրի մասին:
– Իհարկե:
– Մոսկվայի բարաքները հիշում եք, չէ՞, ինչպես նաեւ հինգհարկանիները, որոնք ձգվում էին կիլոմետրերով: Դրանք սկսել են քանդել եւ տեղը ժամանակակից տներ կառուցել: Ինքս ապրել եմ այդպիսի բարաքներում ու լավ գիտեմ, թե դա ինչ տառապանք է: Առհասարակ, երբ պետությունը տուն է կառուցում, դա պետք է անի դարերի համար: Բնակելի շենքը չի կարելի 25 տարի ապրելու համար կառուցել, այլՙ 250 տարվա համար, ինչպես արվում է Եվրոպայում: Եվրոպական ամենափոքր գյուղում անգամ ժամանակավոր տուն չեն կառուցում, միայնՙ դարերի համար, մի քանի սերունդների համար: Մենք այդ գործը սկսեցինք, եւ ես ուրախությունս չեմ կարող թաքցնել:
– Դուք ազատ ժամանակ համենայնդեպս ունենում եք, լսել եմ, որ սիրում եք ճամփորդել:
– Ճիշտ եք լսել, վերջերս էլ այցելեցի Հայաստան, եղա Երեւանում ու Սեւանում: Գիտե՞ք, սիրում եմ Հյուսիսային պողոտան, դրա մտահղացումը սկսեց քննարկվել. ապա կառուցվեց, երբ ես Մոսկվայի քաղաքագլուխն էի: Պողոտայի շինարարությանը մասնակցեցին նաեւ Ռուսաստանի հայ մասնագետները, արդյունքը բոլորի աչքի առաջ է:
– Պարոն Լուժկով, ինչպիսի՞ն են ձեր եւ արվեստի հարաբերությունները:
– Մանկությունից սկսեմ: Գործարանային մանկական նվագախմբում ես փող էի նվագում: Մենք մասնակցում էինք մայիսմեկյան ու նոյեմբերյոթյան շքերթներին, համերգային ելույթներ էինք ունենում: Գիտե՞ք նվագախմբի խորհրդատուն ով էրՙ Արամ Խաչատրյանը: Նա գալիս էր, մեր կատարումները մեկ առ մեկ լսում ու խորհուրդներ տալիս: Արամ Իլյիչի նման երաժշտական հանճարին հանդիպելն արդեն իրադարձություն էր, իսկ մենք նրա դիտողություններն էինք լսում, նրանից սովորում, դա հիշողություն է ամբողջ կյանքի համար: Հետագայում ես շատ արվեստագետ ընկերներ եմ ունեցել, օգնել եմ նրանց, նույնիսկ թատրոնի ստեղծման հարցում: Ասեմ, որ իմ կինը եւս հրապուրված է արվեստով, նա կերպարվեստի գործերի մեծ հավաքածու ունի, այնտեղ կան նաեւ Այվազովսկու գործերից: Մենք շատ ենք սիրում Հովհաննես Այվազովսկուՙ Այվազյանի ծովանկարները: Նրանից լավ ոչ ոք ծով չի նկարել: Չնայած դրանՙ շատերը կարծում են, թե Այվազովսկին միայն ծովանկարիչ է, այդպես չէ, որովհետեւ նա իսկական հանճար Է: Մեծ արվեստագետները պատկանում են բոլոր ժողովուրդներին: Խաչատրյանն ու Այվազովսկին որքան Հայաստանինն են, նույնքան էլ Ռուսաստանինն են, աշխարհինն են:
– Ռուսաստանում բնակվում է հայկական ամենաստվար համայնքը: Մեր հայրենակիցների հետ անձնական շփումներից ի՞նչ եզրահանգում կարող եք անել:
– Հայերը ներգրավված են մեր երկրի բոլոր ոլորտներումՙ մշակույթ, գիտություն, գործարարություն, պետական համակարգ եւ այլն: Որ բնագավառում լինիՙ հայերն առաջինն են: Նրանք Ռուսաստանի արժանավոր քաղաքացիներ են, աշխատում են ի նպաստ մեր պետության զարգացման ու հեղինակության: Նրանք ամեն օր օրինակ են ցույց են տալիս, թե ինչպես կարելի է աշխատելով ստեղծել: Դա այն հիմքերից մեկն է, որը երբեք թույլ չի տա երկու պետությունների կապերի թուլացում կամ խզում:
– Շնորհակալություն, պարոն Լուժկով: