Երկու շաբաթ առաջ երկու դյուժին սիրուհիների հետ Հայաստան էր ժամանել Դեն Բիլզերյանը: Թե ի՞նչ հրճվանքով ու զգացմունքայնությամբ նրան դիմավորեց ժողովուրդը, հնարավոր չէ նկարագրել, եթե, իհարկե, զգալի գրական տաղանդ չունես եւ արկածային վեպեր գրելու ունակ չես: Բայց քանի որ ես գրական տաղանդ չունեմ, արակածային վեպեր էլ, ճիշտն ասած, այնքան շատ չեմ սիրում, որքանՙ ռեալիստականները, փորձ չեմ անի նկարագրել այդ ամենը: Փոխարենը կգրեմ իմ համեստՙ ուսանողիս բառապաշարով:
Ո՞վ է Դեն Բիլզերյանը: Խաղամոլՙ որը տարիներ առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքը հայ չէ, աշխարհաքաղաքացի է: Նա Հայաստան էր եկել իր ազատ իրավունքներով հարճերի ու ծնողների հետ: Ի դեպՙ պատկառելի տարիքով հոր, ով ամենայն հպարտությամբ հայտրարեց, որ, եթե պատերազմ լինի ինքն ու իր որդիները անպայման կգան կռվելու: Սա այն մարդն է, որը 90-ականներին բողկի պես տղա է եղել, բայց չի եկել Արցախՙ կռվելու: Ժողովրդական առածն ասում է:
«Նամուսը շանն են տվել, շունը չի կերել:»
Բայց մի առած էլ կա, որն անպայման ուզում եմ մեջբերել, կոպիտ լինի, թեՙ ոչ.
«Բոշի յուղը շատանում ա` էշի փալանին ա քսում:»
Այս առածը ես վերստին հիշեցի այն կադրերից հետո, երբ տեսա, թե Դեն Բիզլերյաննՙ Ապրիլյան քառօրյաիՙ մեր լավ տղերքի արյունով վերստին պահված հողում ինչպես է հաճույքի համար կրակում տարբեր զինատեսակներից, այն զինատեսակները, որոնք որպես փրկություն այդպես էլ չհասան տղաներին:
Եվ ահա, այդ Դեն կոչվածին Արցախ տանելով մարդիկ ձգտում են գովազդել Արցախը, բայց պիտի հիասթափեցնեմ ձեզ, պիտի ուղիղ նայեմ ձեր երեսներին ու ասեմ, որ մեր լավ տղաների արյամբ պահված հայրենիքը խաղամոլի ու թմրամոլի միջոցով գովազդվելու կարիք չունի: Սա է իրականությունը:
Բայց մի բան էլ կա: Ճիշտն ասածՙ նյութիս բուն նպատակը հենց այդ մի բանի մասին խոսելն էր, իսկ այդ մի բանի անունն ամոթ է, բայցՙ ծավալվեցի, ինչեւէ: Այս օրերին Հայաստանում է գտնվում Ամերիկայից ժամանած հայտնի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով երկու շաբաթվա ընթացում վիրահատել է սրտային անբավարարությամբ տառապող 28 երեխայի: եվ գուցե հիմա էլ, հենց այս վայրկյանին, գուցե հենց հիմա նա բուժում է, փրկում է եւս մի կյանք: Բայց ո՞վ է տեղյակ նրա գալստյան մասին, ո՞վ է դիմավորել նրան, ինչո՞ւ Դեն Բիլզերյանին դիմավորողները նույն կերպ չեն դիմավորում նաեւ նրան, թե՞, ինչպես ժողովուրդն է ասում, մեջը քյար չկա: Չնայածՙ չեն դիմավորել, որովհետեւՙ նմանն զնմանն գտանէ: Ի՞նչ կարիք կա դիմավորելու մի մարդու, ով ընդամենը կյանքեր է փրկում, ոչ թե խաղատներում անցկացնում կյանքը, ի՞նչ կարիք կա դիմավորել ու պատվել մի մարդու, որն անձնական հարճեր ունենալու փոխարեն հստակ, վեհ նպատակ ունի, այն էՙ փրկել հնարավորինս շատ կյանքեր: Ահա, այսքանը: Ահա ամբողջն ամոթի մասին, ձե՛ր մասին:
Բայց մի բան լավ իմացեք. որքան էլ չտեսնելու տաք Հրայր Հովակիմյանի նման մարդկանց, որքան էլ առաջին պլանում պահեք քիմքարդաշյաններին ու դենբիլզերյաններին, միեւնույնն է, ժողովուրդի ձայնն է կարեւորը, իսկ ժողովուրդն իր ձայնը կտա Հրայր Հովակիմյանին ու նրա նմաններին: