Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք ընտրած մասնագիտությունից եւ զբաղումից անկախ` հոգով միշտ նույնն է մնում: Իմ դեպքում էլ է կարծես այդպես. տարիների ընթացքում ստանալով երկու տարբեր մասնագիտական կրթություն, դառնալով պատմական գիտությունների դոկտոր, էությամբ մնացի լրագրող, ուղեգրող կամ նման մի բան: Ու ամեն անգամ ճամփորդելիս ակամա դիմում եմ թուղթ-գրիչ կտավին ու մարդկանց հետ կիսում խոհերս:
Այնպես է ստացվել, որ արդեն մի քանի տարի ընտանիքով հանգստանում ենք Բաթումիում: Կարելի է նույնիսկ արձանագրել, որ երեխաներս մեծացան այդ քաղաքում, քանի որ նրանց մեծանալը չափում եւ նկատում էինք այնտեղ եղած ժամանակ: Բնականաբար նրանց մեծանալուն զուգընթաց ամեն տարի փոխվում ու ավելի է մեծանում նաեւ Բաթումը: Առավելապես այդ գործընթացը նկատելի է դարձել, ավելի ճիշտ կլինի ասել` աչքի է զարնում հատկապես վերջին տաս տարիներին:
Քաղաքն աճում է օր-օրի եւ այդ աճն ընթանում է թե՛ լայնությամբ, թե՛ խորությամբ, կամ որ ավելի ճիշտ էՙ բարձրությամբ: Արդեն սովորական են դարձել 20 հարկանի եւ բացառություն չեն նաեւ 30, 40 եւ նույնիսկ 50-ից ավելի հարկանի երկնաքերները: Ընդ որում քաղաքը գրավիչ է դարձել ոչ միայն իր տեսքով, այլեւՙ հրապուրիչ ներդրողների համար: Իշխանություններն արել ու անում են ամեն ինչ նորանոր ներդրողների հրավիրելու համար: Այդ հարցի մասին երբ զրուցում էինք բաթումցի վաղեմի ծանոթներիս հետ, բոլորը միաբերան պնդում էին, որ այդ ամենն սկսվեց Միշայի (Միխայիլ Սաակաշվիլու) կողմից, որ քաղաքն իր ամեն լավ բաներով ուղղակի պարտական է նրան: Իհարկե եղան նաեւ հակառակը պնդողներ:
Այդ առիթով նշեմ, որ ակնհայտ տեսանելի է երկու կարեւոր միտում. բոլոր նրանք, ովքեր սովոր են եղել ապօրինի ճանապարհներով գումարներ գռփելու եւ հակված են շարունակաբար օրենքները շրջանցելու ու խախտելու, անխնա քննադատում են Միշային ու նրա բարեփոխումները, իսկ սեփական աշխատանքով ապրող ու արարող հասարակ մահկանացուները միաբերան պաշտպանում են նրան ու սպասում նրա վերադարձին: Ի դեպ` նաեւ քաղաքացիների մեծ մասը քաջատեղյակ էին մեր թավշյա հեղափոխության ծալքերին, Հայաստանում ընթացող մերօրյա իրադարձություններին եւ փորձում էին զուգահեռներ տեսնել Նիկոլ Փաշինյանի ու Միխաիլ Սաակաշվիլիի միջեւ: Եվ երբ վաղեմի ծանոթներով առանձին էինք մնում, բոլորը միաբերան ասում էին, որ հանկարծ Փաշինյանն էլ զգոնությունը չկորցնի, առժամանակ ձեւականորեն «քնած» ձեւացած նախկին թալանչիներին մեղմ չվերաբերվի ու չսայթաքի եւ նույն սխալները թույլ չտա: Հակառակ դեպքումՙ ամեն ինչ ավելի վատ ընթացք կստանա:
Սակայն մի բան հստակ է. Բաթումիում սկսված բարեշրջումների գործընթացը հունի մեջ է, քաղաքն օր-օրի փոխվում է ու ավել հրապուրիչ դառնում: Ովքեր բիզնես ունեն, չեն դժգոհում: Միայն խախտում մի արա, աշխատիր եւ քո մասին ոչ մեկը չի էլ հիշի: Բայց հսկողությունն ամեն ինչի ու ամեն քայլի նկատմամբ առկա է, ամենակարեւորըՙ ավելորդ լարվածության, անտեղի վախի ու անհանգստության առիթ չտվող աննկատ հսկողությունը, թալանչիներին ու օրինախախտներին սաստող հսկողությունը:
Որ Բաթումը ներդրումների համար գրավիչ է, վկայում է թեկուզ այն իրողությունը, որ գրեթե չկա հյուրանոցային համաշխարհային հայտնի բրենդ, որ իր հյուրանոցը չունենա այստեղ: Կարծես միմյանց հետ մրցակցելով վեր են խոյացել 30-40 հարկանի «Մարիոտ», «Հիլտոն», «Ռեդիսըն», «Շերատոն» եւ համաշխարհային այլ նշանավոր հյուրանոցների շքեղ կառույցները: Քաղաքում արդեն քանի տարի իրենց գործունեությունն են շարունակում սննդի համաշխարհային այնպիսի նշանավոր ցանցի ներկայացուցիչներ, ինչպիսիք են օրինակ «Մագդոնալդսը» եւ մյուսները: Պարտադիր չէ լինել տնտեսագետ կամ իրավաբան հասկանալու համար, որ նշածս այդպիսի հզոր կառույցները որեւէ տեղ լավագույն արդյունք չակնկալելու դեպքում որեւէ ցենտ անգամ ներդրում անեին: Կարծում եմ չեմ սխալվում, որ նրանց ներկայությունն էլ է լրացուցիչ վստահություն ներշնչում մյուս ներդրողներին: Դրա արդյունքում քաղաքում շինարարության, առեւտրի եւ այլ բնագավառներում լուրջ ներդրումներ են կատարում ոչ միայն խոշոր տերությունների մեծ կազմակերպություններ, այլեւ նախկին ԽՍՀՄ-ի մաս կազմող մի քանի երկրների ներկայացուցիչներՙ ղազախ, ռուս, ուկրաինացի, բելոռուս, ադրբեջանացի եւ այլն:
Այս առիթով շատ հետաքրքրական մի փաստի մասին էլ եմ ուզում նշել: Երբ հետաքրքրվեցի, թե որքան է կազմում Վրաստանի մեծությամբ արդեն երկրորդ քաղաքի բնակչությունը, պարզվեց, որ 2016 թ. մարդահամարի տվյալներով եղել է 154 600 մարդ: Մոտավոր հաշվումներով այժմ 160 000 կլինի: Բայց եթե լինեք քաղաքում ու տեսնեք թե ինչ մասշտաբներով ու ինչ արագությամբ բարձրահարկեր են կառուցվում, ակամա կմտածեք, որ այստեղ առնվազն գոնե կես միլիոն մարդ է ապրում: Երբ այդ մասին ակնարկեցի տեղացի իմ գործընկերներին, նրանք ուղղակի պատասխանեցին, որ այդ նորակառույց բնակարանների մի մասն էլ գնում են Ուկրաինայի, Միջին Ասիայի երկրների քաղաքացիները, մասնավորապես Դոնբասի եւ նման անկայուն տեղերից եկածները, ովքեր փող ունեն: Դրանով նախ իրենք գնալու տեղ կունենան, եթե իրավիճակն անկայունանա, իսկ մնացած ժամանակում էլ վարձով կտան: Ի միջի այլոց, դեռեւս քիչ, բայց բնակելի տարածքներ ու բիզնես են գնում նաեւ պարսիկները, արաբները եւ այլ ազգերի ներկայացուցիչները: Ի դեպ` դրանց թվում քիչ չեն նաեւ հայերը:
Խանութներում էլ առատություն է, իսկ գները զգալի զիջում են հայաստանյան գներին: Զգալի ցածր են հատկապես դեղորայքի գները: Անհամեմատ զարգացել է նաեւ սպասարկման ոլորտը: Ամենուրեք հյուրանոցներ են ու սննդի օբյեկտներ: Նորությունն այս բնագավառում այն է, որ արդեն նկատելի է տարբեր ժողովուրդների խոհանոցներին դիմելու հակումը: Նախկին ընդգծված պատվախնդիր ու անզիջում վրացին արդեն հանդուրժողական վերաբերմունք է դրսեւորում հայկական խորովածի (կենտրոնական փողոցներից մեկում ծխում էր հայի պատկանող ավանդական մանղալը), ռուսական պիլմենիի եւ նույնիսկ ճապոնական սուշիի նկատմամբ:
Բաթումը մեծ շինհրապարակ է, բայց ի տարբերություն իմ նախորդ այցելությունների, շատ բազմահարկեր արդեն գործում են: Երկար ժամանակ Վրաստանի երկրորդ քաղաքը Քութաիսին էր, որի բնակչությունը եթե 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ 184 000 էր, 2014 թ.` 197 000, ապա 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ ընդամենը`149 100 մարդ, (Տե՛ս «Численность населения краев и муниципалитетов Грузии на начало года в 2005 2015»): Սակայն գործնականում Բաթումն է արդեն Վրաստանի երկրորդ մայրաքաղաքը: Դրան մեծապես նպաստած Թբիլիսին կարող է մի օր էլ արթնանալ եւ հայտնաբերել, որ երկրորդն արդեն ինքն է: Սա, իհարկե, կատակ է, իսկ եթե լուրջ, ապա Բաթումում իրականացվում են բացառիկ ներդրումային ծրագրեր եւ բարեփոխումներ (առաջիկայում անպայման այդ մասին ավելի մանրամասն կգրեմ), այստեղ հաճախ են օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին ընդունում Վրաստանի պետական այրերը, իսկ հանգստյան սեզոնին հենց այս քաղաք են գալիս տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, այդ թվում` Հայաստանից: Այս տարի եկել էին նաեւ մեծ թվով պարսիկներ, ովքեր ծովափում հաճույքով լուսանկարում էին կիսամերկ կանանց: Համոզված եմ, հաջորդ տարի իրանցի հանգստացողներն այստեղ ավելի շատ կլինեն: Ի տարբերություն Քոբուլեթիի եւ Ուռեկիի, Բաթումն ապահովում է սպասարկման անհամեմատ բարձր որակ, ինչը գնահատում են հատկապես հայաստանցի զբոսաշրջիկ-հանգստացողները, որոնք հայրենիքում սովոր են այդ որակին:
Բաթումի օրինակով ակնհայտ երեւում է, որ Վրաստանն ամեն ինչով փորձում է կրկնօրինակել Եվրոմիությանը: Օրինակ` վրացական երկու լարին իր արտաքին տեսքով շատ նման է երկուեվրոյանոց մետաղադրամին: Վրացական թղթադրամներն էլ են իրենց գունավորմամբ ու ձեւավորմամբ հիշեցնում եվրոն: Ավտոմեքենաների համարանիշները եւս Եվրոմիության մասին են հիշեցնում: Կրկնօրինակման հետ սեր ունենալու մասին է վկայում նաեւ ողջ Բաթումը: Այստեղ կրկնօրինակել են հռոմեական Կոլիզեումը, անգլիական Բիգ Բենը, հունական ոճով թատրոնի շենքը եւ հին հունական դիցարանն ու առասպելները մարմնավորող շատ արձաններ:
Արդեն ավարտվել է Բաթումի Ալ. Մանթաշեւի անվան երիտասարդական կենտրոնի շենքի վերանորոգումը: Կենտրոնը նպաստում է Ս. Փրկիչ եկեղեցու շուրջ համախմբվածների հոգեւոր եւ մշակութային պահանջմունքների բավարարմանը եւ քաղաքի ու մերձակա բնակավայրերի հայության ազգային զարգացմանը:
Բաթումն աչքի է ընկնում նաեւ որոշ առանձնահատկություններով, որոնցից է այն, որ քաղաքը չունի միասնական ոճ, ձեռագիր: Երեւանի նման ով ինչ ու ինչպես ուզում կառուցում է, ընդհանուր ճարտարապետական ոճ ասվածը փաստորեն գոյություն չունի: Նույնը եւ Բաթումում է: Բնակելի շենքերը նույն ոճի բազմագույն արկղեր են: Իսկ վերջին տարիներին կառուցապատված քաղաքի հատվածում հիմնական ընդհանրությունն այն է, որ չկա որեւէ ընդհանրություն` ում մտքի թռիչքը որտեղ հասել է, ըստ այդմ էլ կառուցապատել է: Առանձնահատկություն է նաեւ այն, որ քաղաքում մի թիզ ազատ հող չի մնացել: Միմյանց կպած բարձրահարկեր են, որ վեր են խոյանում: Նայում ես քաղաքին, ու շունչդ կտրվում է: Ընդ որում, առափնյա բազմահարկերը կառուցվել են վերջին տարիներին: Եվ զանգվածային շինարարությունը դեռ շարունակվում է: Այսպես որ շարունակվի` մի քանի տարի հետո գուցե սկսեն շենքերի վրա նոր հարկեր ավելացնել եւ քաղաքը Նյու Յորքի նման ստիպված անընդհատ վեր բարձրանա: Ցավոք, ծովափով ձգվող բարեկեցիկ ու նորակառույց մի քանի փողոցներն անցնելուց հետո հայտնվում ես գարշահոտ ու կիսաքանդ հին փողոցներում: Քաղաքի շարքային բնակիչն ապրում է անտանելի խոնավության ու գարշահոտութան մեջ` մի տեսակ կծկված տուրիստական Բաթումի ստվերում:
Վստահ կարելի է պնդել, որ հազարավոր տուրիստների գրավող Վրաստանը Հայաստանին զիջում է սպասարկման որակով: Հյուրանոցներում, սննդի վայրերում եւ խանութներում սպասարկումն անհամեմատելի է հայաստանյանի հետ: Ուշագրավ է, որ տուրիստական քաղաք լինելով` այստեղ օտար լեզուների չեն տիրապետում: Ավագ սերունդը ռուսերեն խոսում է, իսկ երիտասարդները ո՛չ ռուսերեն գիտեն ո՛չ անգլերեն: Եվ ստացվել է մի իրավիճակ, երբ դեմքի դժգոհ արտահայտությամբ ու ամբարտավան հայացքով վրացին ձեր ասածից ոչինչ չհասկանալով` ձեզ դիտարկում է որպես փողի աղբյուրի ու միայն դրա համար հանդուրժում ձեր ներկայությունը:
Սրճարաններում ու ռեստորաններում, չնայած հաշիվը նաեւ սպասարկման վճար է ներառում, պահանջելու դեպքում անգամ, մանրը չեն վերադարձնում: Քաղաքում երթեւեկում է բարեկարգ ժամանակակից հասարակական տրանսպորտ: Հանրային տրանսպորտը կանգնում է այնտեղ, որտեղ ուղեւորը պահանջում է, անգամ` խաչմերուկի կենտրոնում: Մարդիկ ճանապարհն անցնում են ցանկացած տեղից, անգամ ոստիկանների աչքի առջեւ: Նոր-նոր ձեւավորվում է հետիոտնին ճանապարհ զիջելու հաճելի մշակույթը:
Ինտենսիվ երթեւեկություն է, սակայն քաղաքի ամենաբանուկ մասերում ամեն օր լինելու պարագայում ոչ մի վթարի ականատես չեղա, ինչպես դա լինում է ամեն օր Երեւանում: Հանրային տրանսպորտն ավելի ժամանակակից է ու հարմարավետ քան երեւանյանը: Երթուղային միկրոավտոբուսները (երեւանյանների համեմատ դրանք արքայություն կարելի է համարել) բարեկարգ վիճակում են, աշխատում են շատ արագ ու գերբեռնված չեն: Ամեն քայլափոխի արդեն նկատելի է թուրքական հետքը: Ամենուրեք թուրքական հյուրանոցներ են, ռեստորաններ, վաճառակետեր, կառուցապատող ընկերություններ, բանկեր եւ այլն: Իշխանությունները փողի դիմաց խրախուսում են նրանց, զանազան արտոնություններ տալիս: Լավ է, որ գոնե ժողովուրդն սկսել է զգուշանալ: Օգոստոսի 12-ին քաղաքում մեքենաներով ցույցեր եղան: Պահանջում էին չեղյալ հայտարարել նոր մզկիթ կառուցելու իշխանությունների տված թույլտվության որոշումը:
Մայրուղիները գնալով ուղղակի հրաշալի են դառնում, որը եւս ժողովուրդը վերագրում է Սաակաշվիլուն: Ի դեպ, բոլորը միաբերան պնդում էին, որ Միշան երկրից վռնդել կամ ազատազրկման էր դատապարտել հանցագործներին: Իսկ հիմա նրանք աստիճանաբար վերադառնում են ու փորձում ակտիվորեն մասնակցել այն ոլորտներին, որոնցում ֆինանսական լուրջ միջոցներ են շրջանառվում:
Օգոստոսի սկզբի անձրեւոտ օրերին, որոնցից շատերը նեղվում էին, ոմանք էլ կիսատ թողեցին հանգիստն ու վերադարձան, հաջորդեցին արեւոտ ու խաղաղածով օրեր:
Ծրագրվածից երկու օր ավել մնալուց հետո մենք էլ բռնեցինք վերադարձի ճանապարհը: Վրացական սահմանապահներին չի հետաքրքրում ճամպրուկիդ պարունակությունը, դա կարեւորում ու մանրակրկիտ զննում են միայն մեր մաքսավորները: Հայկական կողմում բարեկիրթ ողջույնով ու ժպիտով մեզ դիմավորում են հայ սահմանապահները: Սակայն, պարզվում է, որ Հայաստան մուտք գործելիս կարող ես բերել ոչ շատ բան: Եթե նախատեսվածից ավելի է, պետք է մաքսավճար մուծել, օրինակ` երկու ձմերուկից ավելիի դեպքում:
Վերադարձին կարդում եմ, որ Վրաստանն ընդգրկվել է մարդկության հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրների ցանկում: Այսինքն` նրանք միայն մտովի չեն զբոսաշրջություն զարգացնում, ակտիվ գործում են, իսկ մենք հազիվ զբոսաշրջային նշանակության Ջերմուկում կամ Ալավերդիում հանքեր ենք շահագործում ու դժգոհում, թե զբոսաշրջիկներ մեր երկիր քիչ են գալիս:
Թեեւ լավ հանգստացել էինք, տպավորություններն էլ լավն էին ու շատ, սակայն ամեն անգամ տուն մտնելիս հիշում եմ Գրիգոր պապիս: Նա շատ էր ճամփորդում եւ ամեն անգամ տուն վերադառնալիս կրկնում էր` հարազատ տնից լավ տեղ աշխարհում չկա, չէ՛…
05.08-17.08.2018