Աշխարհի ոչ մի ծովից Հայաստանը չի երեւում ու Հայաստանից աշխարհի որեւէ ծովը չի երեւում: Սա, ընդ որում, աշխարհագրական հայտնագործություն չէ, այլ հոգեբանական ախտորոշում: Չնայած աշխարհի բոլոր կամ գրեթե բոլոր ծովերի ափերին հայերի կարելի է հանդիպել: Տեսնես ի՞նչ են մտածում. ո՞ւր կորավ այն Հայաստանը, որը ծովից ծով էր կոչվում, թե՞ օտար ծովափի կոնկրետ ո՞ր հատվածում դնել բիզնեսը, որ աշխատի: Ամեն դեպքում նայում են դեպի ծովն ու մտածումՙ անկախ սեռից, տարիքից, դարդերից,… Չնայած, որքան շատ են լինում մարդու դարդերը ու խորը, այնքան նա ծովի ավելի հեռուն է նայում եւ երկար. բարգավաճ ֆինլանդացիների ու անհոգ կուբացիների առումով չգիտեմ, բայց հայերիս դեպքում այդպես է: Եւ կապ չունի դարդերի հիմքը. հայերի դեպքում կարող են լինել հայրենասիրական դարդեր, ավելի քիչՙ պետական դարդեր, քանի որ մենք ավելի հաճախ հայրենիք ենք ունեցել, քան պետություն, կարող են լինել անձնական դարդեր, այդ թվումՙ ֆինանսա-վարկայինից սկսած ու սիրա-սեռականից վերջացրած, մի խոսքովՙ մենք դարդաշատ ազգ ենք, դարդաշատ ու անծով, անծով, բայց ծով երազանքներով, ծով երազանքներովՙ սակայն քարքարոտ ցամաքից կառչած, որին հաճախ կոչում ենք երկիր-դրախտավայրՙ առաջացնելով ծովի ափին ապրող մարդկանց ծիծաղը, որոնց համար ամենեւին էլ կարեւոր չէ մեր հինավուրցությունը:
Ի դեպ, ավելի լա՞վ է հինավուրց երկիր ունենալ ու ամեն ինչ տեսած գե՞ն, թե՞ գոնե մեկ ծով, որի ափին ու մանավանդ գրկում հիշում ես ամեն ինչ ու որոշում մոռանալ ամեն բանՙ մի տեսակ մաքրվելով դարերի փոշուց: Այդ փոշին փակում է մեր աչքերը, ավելի ճիշտՙ այդ փոշին է փակել մեր աչքերը. Հայաստանը ոչ թե արեւելքից ու արեւմուտքից թշնամիներով է շրջապատված, այլ Հայաստանը արեւելքից ու արեւմուտքից ծով չունի, հարավից ու հյուսիսից էլ չունի, դրա համար էլ երկրից քրտինքի հոտ է գալիս, որի անունը դրել ենք արդար աշխատանքՙ չնայած ազգովին պայքարում ենք կոռուպցիայի դեմ:
Ի դեպ, փորձե՞լ եք կանգնել ծովի ափին ու արտասանել կոռուպցիա բառը: Եթե ոչ, ապա փորձեք. ինքներդ ձեզ չեք լսի, ծովի ձայնը կխլացնի բառըՙ կապ չունի այդ բառը կոռուպցիա է, ռեժիմ, ժողովրդավարություն, սահմանադրություն, նույնիսկ սեր… Ծովը բառեր չի սիրում, չի հանդուրժում. նրա մեջ բառով չես փրկվի, պետք է աշխատեսՙ ոտքերով, ձեռքերով, գլխով, շունչը պահած, միայն աշխատողին է ծովը ափ նետում, ով իր մեջ չի աշխատում, խորտակվում է:
Լեռներն այլ պատմություն են. դրանց գագաթին բառը չի խլանում, հակառակըՙ արձագանքում է: Դեպի գագաթը ճանապարհին կարելի է կանգնել, նստել, պառկել, հանգստանալ, ծովում միշտ պետք է շարժվես: Մենք գենետիկորեն սիրում ենք բարձրանալ, ճանապարհին կանգնել, նստել, հանգստանալ, խոսել, բայց չենք սիրում մշտապես շարժվել, մենք քարից հաց ենք ստեղծում ոչ թե որովհետեւ աշխատասեր ենք, այլ քանի որ ուրիշ բան չունենքՙ հաց ստեղծելու: Մենք աշխատասեր թամբալ ենք. մարմնովՙ աշխատասեր, հոգովՙ թամբալ: Հոգին ծովն է: Նույնիսկ խուլ լեռնային գյուղում ապրող, երբեք ծով չտեսած մարդու հոգում ծովն է, այն, որն ի սկզբանե էր, մինչեւ Աստված գործի կանցներ: Մենք ամբողջ օրն աշխատում ենք, իսպանացիները օրը մի քանի ժամ սիեստա են անում, վրացիները ժամը 11-ից են խանութները բացում, բայց հոգով թամբալը մենք ենք: Նրանք էլ են լծի տակ ապրել, նրանք էլ են բռնապետութուն եղել, բայց նրանք պահպանել են թամբալության դեմ միակ միջոցըՙ ծովը, որտեղից, եթե լավ նայես, երեւում է ամբողջ աշխարհը, բայց Հայաստանը չի երեւում, Շվեյցարիան էլ չի երեւում, բայց Հայաստանի ու Շվեյցարիայի տարբերությունն այն է, որ նրանք երբեք ծով չեն ունեցել, նրանցից երբեք ծովը չեն խլել, նրանց որեւէ մեկը ծովափից չի վտարել, եւ ուրեմն նրանց երակներում թամբալություն չեն ներարկել: Մեզ ներարկել են: Ներարկել են ու քշել լեռները, հետեւներիցս չեն բարձրացել, քանի որ ո՞վ կթողնի ծովն ու կբարձրանա լեռները: Ու մենք մեզ զգացել ենք հաղթած մի պատերազմում, որտեղ պարտվել ենք: Սկսել ենք ննջել դափնիների տակ, չնկատելով, որ դրանք իրականում գոյություն չունեն, ով էլ նկատել էՙ մեղադրել ենք երազկոտ լինելու համար, ու շարունակել չարքաշ բարձլեռնային կյանքըՙ այն կոչելով ռեալպոլիտիկ, իբր հրեաներն էլ էն այդպես ապրում, մոռանալով, որ հրեաները ծովի ափին են ապրումՙ իրենց խոստացված Ավետյաց երկրում, որտեղ մանանա է թափվում, ինչպես հրեական իրականացված երազում:
Իսկ մենք վախենում ենք ծովից, նույնիսկ նրանք, ովքեր լողալ գիտեն: Վախենում ենքՙ քանի որ ծանր ենք, մարմնով չէ, կյանքով, դարդերից, իսկ ծանրությունը չի մնում ծովի երեսին, մի ակնթարթում կուլ է տալիսՙ անկախ դարդերի վաղեմության պաշարից, որքան հին, այնքան ծանր, որքան ծանր, այնքան հեշտ խորտակվող: Ծովի համար, դրա ափին դարդերը ծիծաղելի են, այն թեթեւություն է սիրում… Եւ որքան էլ պայքարենք կոռուպցիայի դեմ ու հաղթենք դրան, որքան էլ տապալենք ոչ թե սահմանադրական կարգը, այլ այն տապալողներին, որքան էլ չխառնվենք դատավորների գործերինՙ ընդունելով, որ նրանք արդեն չափահաս մարդիկ են ու կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել, որքան էլ կրկնապատկենք ՀՆԱ-ն ու Հայաստանը դարձնենք ներդրումների համար դրախտավայր, որքան էլ բարձրացնենք աշխատավարձերն ու կենսաթոշակները, որքան էլ արագընթաց մեքենաներ գնենք, որ շուտ հասնենք մեր նպատակներին, որքան էլ երիտասարդ ընտանիքներին էժան հիփոթեք տանք ու ծնելիություն խթանենքՙ երկրորդ երեխայի համար միանվագ գումարը բարձրացնելով, որքան էլ գժվենք մեր վարչապետի համարՙ անգիր անելով նրաՙ առայժմ միակ գիրքը, միեւնույն է, աշխարհի ոչ մի ծովից Հայաստանը չի երեւում: Իսկ սա ախտանիշ է: