Սյունիքը լեռներ ունի, որոնց գրավումը թշնամու կողմից կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ ոչ միայն լեռնահայության, այլեւ ամբողջ Հայաստանի համար:
Գարեգին Նժդեհ
Շաբաթներ շարունակ թեժ պայքար է ծավալվում Ամուլսարի շահագործվել- չշահագործվելու շուրջ: Շահագործողը խոսում է իր գումարների մասին, տեղի բնակիչըՙ իր երեխայի առողջության: Ինչպես ժողովուրդն է ասումՙ մսագործը իր եզի դարդով, ոչխարըՙ իր կյանքի: Որպես հակափաստարկներ ունենք հետեւյալըՙ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանն իր տնօրինած ընկերության կրած վնասները հաստատող փաստաթուղթը 19-րդ դարի վաշխառուի կազմած պարտամուրհակի պես թափահարում է ու լալիս կորցրած «մանեթների» վրա (բայց չի նշում, թե այս տարիների ընթացքում հանքից ինչքան են այդպիսի «մանեթներ» ստացել): Մյուս կողմում ծնողն է խոսում եւ, իրավացիորեն, պահանջում իր երեխայի խմելու ջուրը չաղտոտել, չթունավորել նրան: Եթե նա, որպես քաղաքացի, իր պահանջով ու արգելքներով խախտում է ինչ-ինչ փաստաթղթային նորմեր, ապա որպես ծնող, նրա քայլը բարոյական է եւ ենթակա չէ քննարկման. բնության օրենք է, ամեն մեկն իր ձագին պիտի պաշտպանի, մանավանդՙ իր բնում:
Բայց այստեղ երրորդ կողմ էլ կաՙ Հայաստանի իշխանությունը: Վարչապետ Փաշինյանն ասում է, որ մեծ մասով հանքն արդեն շահագործվել է, եւ պետք է հաշվի նստել այդ հարցի հետՙ դրանում մեղադրելով նախկին իշխանությունների կնքած ապօրինի պայմանագրերը «Լիդիան Արմենիայի» հետ: Բայց, շատ ներողություն, պատկերացնու՞մ եք, նրանց կնքած ապօրինի պայմանագրերը որքան շատ կարող են լինել, բոլորի հետ պիտի հաշվի՞ նստենք: Իսկ եթե նույն իշխանությունը Արցախյան խնդրի կարգավորման ժամանակ տարածքներ զիջելու մասին փաստաթղթի տակ ստորագրած լինի, պետք է դրա հե՞տ էլ հաշվի նստենք, պետք է հաշվի՞ առնենք, որ արդեն խոստացել է ուրիշին տալ մեր հայրենիքը: Սա ի՞նչ տրամաբանություն է: Դժվա՞ր է ընկալելՙ մարդկանց թունավորում են, բրիտը եկել է Հայաստանից ոսկի տանելուՙ հայի առողջության հաշվին: Ու՞ր է մեր պատվախնդրությունը: Ո՞վ է որեւէ մեկին իրավունք տվել քանդել մեր լեռը, ո՞վ իրավունք ունի որեւէ մեկին նման իրավունք տալու:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումը տեղին կլիներ, եթե խոսքը ուրիշ բանի վերաբերեր, մեջտեղում էլ մարդկանց առողջության վատթարացման վտանգը չլիներ: Չնայածՙ այդ վտանգը վաղուց դադարել է տեսականորեն վտանգ լինելուց, հիմա իրողություն էՙ թունավորվում է բնությունը, մարդը, դեռեւս չծնված երեխան: Այդ իսկ պատճառով անընդունելի է որեւէ զիջումՙ ի վնաս տեղի բնակիչների:
Բայց մի կարեւոր, շատ կարեւոր կողմ էլ կա, նրբին մի կետ, որը վրիպել է շատերի աչքից. ի՞նչ են մտածում «Լիդիան Արմենիայում» աշխատող հայերը, որոնք հանքի շահագործման համար գլուխ են ջարդում, որ ամսական մի երկու հարյուր հազար ստանալով իրենց հայրենակցին թունավորեն, այն երեխային, որ վաղը զինվոր է դառնալու: Հասկանալի է, աշխատանք են կորցնում, բայց հարցնող լինիՙ տղերք, ձեր երխաներն ո՞ւր են, որտե՞ղ են ապրում: Կամ պարոն վարչապետը թույլ կտա՞ր, որ իր երեխայի քթի տակ թույն արտադրվի, թույլ կտա՞ր, որ իր երեխայի ջուրը թունավորվի: Եվ ընդանրապես, հանքի շահագործումը պաշտպանողը թող մի պահ իր երեխային պատկերացնի այն վիճակում, որում գտնվում են տեղի բնակիչներնՙ իրենց երեխաներով:
Այս խնդրին հրատապ լուծում է հարկավոր, որտեղ, որպես իր քաղաքացու անվտանգության գլխավոր երաշխավոր մեծ անելիք ունի Հայաստանի իշխանությունը: Բայց էլի դոփում ենք նույն տեղում. տեղի բնակիչն ասում էՙ երեխաս թունավորվում է, օտարերկրացին ասում էՙ հանքը պիտի շահագործվի եւ վերջ, ներդրում ենք արել: Ակամայից մեծն Թումանյանի «Հառաչանք» պոեմի հայտնի հատվածն եմ հիշում: