Հայաստանում այս օրերին տեղի ունեցող շոկահարույց բացահայտումների թվումՙ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ձերբակալումը ֆինանսական խարդախության կասկածանքով, առանձնահատուկ է, քանզիՙ այս հանցագործությունը դուրս է ներհայաստանյան կոռուպցիոն բացահայտումների գալարվող կծիկից: Սա հարված է սփյուռքահայ բարերարների, բազում կառույցների, կազմակերպությունների, աշխարհի բոլոր ծագերում ապրող հարյուր հազարավոր հայ մարդկանց վստահությանը, որոնք տարիներ շարունակ հայրենիքին օգնելու նպատակով մասնակցել են մեր երկրի գլխավոր հիմնադրամի ամենամյա դրամահավաքներին: Իսկ ի՞նչ ասել հեռուստամարաթոնի էկրաններին իրենց աչքերում Հայաստանն ամբարած, հայրենիքին օգնողի կարեւորությամբ հպարտ այն դպրոցականներին, որոնք թխվածք, լիմոնադ էին վաճառում, որպեսզի մի քանի հարյուր դոլարով օգտակար լինեին հայրենիքի շենությանը: Այս խարդախության դեպքը որքանո՞վ է տարբեր «գեներալ» Մանվելի երեխաներից «գողացած» հավատի խայտառակ փաստից:
Ինչպիսի հանցակազմ էլ ունենա հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի առցանց խաղամոլությունը, որի արդյունքում 2016-2018 թթ. ընթացքում, ըստ ԱԱԾ-ի տվյալների, հիմնադրամին պատկանող գումարներից շուրջՙ 130 միլիոն դրամ է փոխանցվել առցանց խաղատներին, կատարվածը լուրջ ստվեր է գցում կառույցի հեղինակությանը եւ շատ հարցականներ առաջադրում: Գուցե, Արա Վարդանյանի հանցանքը այսբերգի գագա՞թն է միայն:
Տարիներ շարունակ հետաքննող լրագրողները, հասարակական ակտիվիստները, հիմնականումՙ ամերիկաբնակ, անընդհատ բարձրաձայնել են «Հայաստան» հիմնադրամին առնչվող տարբեր խարդախություններիՙ փողերի լվացման, ուռճացված թվերով հեռուստամարաթոնների համար ծախսվող գումարների, կառուցված ճանապարհների եւ շինությունների ցածր որակի եւ դրանց անվան տակ դուրս գրվող խոշոր գումարների մասին: Ու որքան էլ այս կառույցի ադմինիստրացիան խոսում էր եվրոպական մակարդակի աուդիտ-էքսպերտների ներգրավվածության մասին իրենց հաշվետվություններում, այդուհանդերձ, բարեգործական այս կազմակերպության գոյության 25 տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց որեւէ նշանակալի ֆինանսական խախտում: Հիմնադրամի պաշտոնական կայքում էլ հաշվետվություն կա միայն ֆիզիկական աուդիտի մասին, ֆինանսականըՙ բացակայում է:
Որեւէ աուդիտից էլ լավ, 1995-2005 թվականներին կառուցված «Գորիս-Ստեփանակերտ» եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների վարորդները կասեն, թե այդ ճանապարհների որ հատվածն է քիչ թե շատ որակով եւ որ հատվածներն են անորակ ասֆալտի պատճառով անընդհատ կարկատանների ենթարկվում: էլ չխոսենք Երեւան-Ստեփանակերտ զբոսաշրջությամբ բանուկ ուղու ճանապարհային հին եւ դարն ապրած կահավորման մասին: Այս պատկերն արդեն ցուցիչ էր, որ շատ բաներ այնպես չեն արվում, ինչը կար հիմնադրամի նվիրատուներին ուղղված «երդում-խոստումներում»: Սակայն, մենք, ամերիկյան ամենամյաՙ Գոհաբանության տոնին, համառորեն մասնակցում էինք հանգանակությանը, այն ներքին փոխզիջմամբ, թեՙ թող գողանան, բայց գոնե որոշ մաս կգնա դպրոց, մանկապարտեզ, ջրատար-ջրագիծ, գազամուղ, էլեկտրագիծ եւ սոցիալական հրատապության այլ հարցեր կարգավորելուն: Արվածն էլ անհերքելի է իր մասշտաբներով: 25 տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քանՙ 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում եւ Արցախում, ունեցելՙ 700 000 նվիրատու: Սակայն հուլիսի 3-ի աղմկահարույց բացահայտումն արդեն խոսք ու ենթադրությունները փոխարկեց փաստերի: Իսկ ինչպես գիտենք, ռուսական մի ասացվածքի համաձայանՙ «Մի գդալ տարթը կարող է ապականել մեղրի ամբողջ ամանը» (« »):
Հայտնի չէ, թե ինչ կլինի այս տարի նոյեմբերին… ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ֆեյսբուկյան իր էջում, հավաստելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ»: Արդյո՞ք նոր իշխանությունները կկարողանան վերականգնել հիմնադրամի խաթարված հեղինակությանը եւ նոր շունչ հաղորդել նրա գործունեությանը, կիմանանք աշնանը:
Սակայն առաջարկի կարգով ուզում եմ հայտնել, որ շատ ցանկալի կլիներ, եթե հիմնադրամի միջոցով հնարավոր լիներ իրականացնել Հայաստանի ռազմարդյունաբերական զարգացման ծրագիրին նվիրված մի հանգանակություն, ինչը, կարծում եմ, իրոք համազգային արձագանք կունենա: Բոլոր տնտեսական, սոցիալական, մշակութային ծրագրերն այսօր առկախվում, ստորադասվում, ածանցվում են թշնամիներով շրջապատված մեր փոքր երկրի ռազմական ամրությունից: Մեր միակ դաշնակիցըՙ մենք ու մենք ենք: Մեր ռազմական հզորությունըՙ մեր գոյության առհավատչյան: