ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ
Հարավային Կովկասի աշխարհառազմավարական համակարգում Նախիջեւանի կարեւորությունը հայտնի փաստ է, որը չգիտես ինչու վերջին տարիներին մոռացության էր մատնվել ու այս թեմայով քիչ էին գիտական աշխատանքները եւ հետազոտությունները: Միայն վերջին ամիսների ընթացքում Նախիջեւանի խնդրին առանձին հետազոտություններով սկսեց անդրադառնալ Նորավանք հիմնադրամը, սակայն այնուամենայնիվ այդ թեման այդպես էլ տեղ չէր գտնում մեր պետության քաղաքական օրակարգում:
Սակայն այն, ինչը չի անում հայկական կողմը, անում է Ադրբեջանը, փորձելով հավանաբար «թարմացնել» մեր հիշողությունը, որ մեր հարեւանությամբ գոյություն ունի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածք, որն իրենք ցանկանում են օգտագործել հայության ու կոնկրետ Հայաստանի դեմ իրենց քաղաքական շանտաժի ռազմավարության մեջ: Այս ամենը մեզ մեկ անգամ եւս պետք է զգուշացնի, որ թշնամին իր քաղաքական օրակարգից երբեք չի հանի այն խնդիրները, որոնք ըստ նրանց կնպաստեն Հայաստանի դեմ իրենց պայքարում:
Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ ադրբեջանցիների հայատյացությունը կապ չունի Արցախյան հիմնախնդրի հետ, այլ դա նրանց քոչվորական էության մի բաղկացուցիչն է, որի նպատակն է մաքրել այլ ազգերից այն տարածքները, որտեղ նրանք եկել են «մշտական» բնակության: Ու այս քաղաքականությանՙ թուրքականության տիրապետության տարածման աշխարհաքաղաքական ռազմավարության կարեւորագույն բաղկացուցիչն է Նախիջեւանը, որը նրանքՙ Ադրբեջանը եւ Թուրքիան, դիտարկում են որպես իրենց երկու պետությունների միացման կարեւորագույն տարածք:
Սա այն դեպքում, երբ հենց հայկական կողմն է, որ իրավական, քաղաքական ու պատմական հիմնավորում ունի ապացուցելու համար այդ տարածքի հայկականությունը եւ դրա միջոցով տարածաշրջանային զարգացումերի դինամիկայի վրա ազդելու հնարավորությունը: Միասնական պետական ու ռազմավարական մտածելակերպի բացակայությունը, հատկապես Առաջին հանրապետության տարիներին, հնարավորություն չտվեց, որ այն ժամանակ, երբ կար դրա պատմական ու քաղաքական հնարավորությունը, հայկական կողմը զբաղվի այդ խնդրի լուծմամբ:
Եվ ինչպես միշտ, այն ինչը չէին անում հայերը, անում էին Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով կարողացան Հայաստանից անջատել ու Ադրբեջանի վերահսկողության տակ դնել ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքը: Դա, ինչպես նշեցինք, թուրքական կամ թուրանական ռազմավարության կարեւորագույն բաղկացուցիչ էր դիտարկվում դրա գաղափարախոսների կողմից:
Նախիջեւանի նշանակությունը Հայաստանի համար էլ ավելի կարեւոր է, քանի որ այն դեպի Իրան տանող համեմատաբար կարճ ու հուսալի ճանապարհն է, բացի այդ շրջանի վերահսկմամբ հայկական կողմը վերահսկում էր նաեւ Արաքս գետի ավազանի մի հսկայական հատվածը: Հայաստանը դառնում էր անխոցելի հարավ-արեւմուտքից, հուսալի կերպով փակելով իր սահմանները եւ մեծացնելով շփման գիծը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Նախիջեւանի վերահսկմամբ հայկական կողմը նաեւ քիչ հավանական էր դարձնում Ադրբեջանի ու Թուրքիայի միաժամանակյա հնարավոր գործողությունները Հայաստանի դեմ: Վերանում էր նաեւ քաղաքամայր Երեւանի հնարավոր խոցելիությունը այդ տարածքից:
Սակայն այս պահի համար պետք է ցավով արձանագրենք, որ ունենք այն ինչը ունենք ու հարկավոր է արդեն շարժվել այդ ճշմարտությունից ելնելով, Նախիջեւանը ադրբեջանական է եւ նա այդ փաստը ցանկանում է օգտագործել ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանական կողմի փորձերը Նախիջեւանում ձեւավորել թուրք-ադրբեջանակա ռազմական միավորներ, այնտեղ տեղադրել ռազմական հետախուզության կենտրոններ, նպատակ է հետապնդում օգտագործել այն ընդդեմ Հայաստանիՙ հոգեբանական ու ռազմաքաղաքական ճնշում իրականացնելու համար:
Այս քաղաքականությունը Բաքուն երկար տարիներ օգտագործում է, սակայն վերջին շրջանում նկատվող ակտիվությամբ ցանկանում է անհանգստություն ու խուճապ սերմանել հայկական կողմում: Դիրքերի տեղափոխման փորձերը, ռազմական միավորների շարժը եւ հեռահար հրետանու տեղակայումը այնտեղ նշանակում է, որ Ադրբեջանը այլեւս չի հավատում, որ բանակցություններով հնարավոր կլինի ստիպել հայկական կողմին կնքելու փոխզիջումային ինչ-որ փաստաթուղթ:
Սա նաեւ մի տեսակ ապացույցն է այն փաստի, որ Արցախյան հիմնահարցի լուծման փոխզիջումային կոչվող ժամանակաշրջանը ավարտվել է, սա նաեւ ցույց է տալիս, որ Արցախյան հիմնախնդիրը, որպես լոկալ պրոբլեմ գոյություն չունի եւ իրականության մեջ հակադրվում է թուրքական էքսպանսիային, որի պայմաններում հայկական կողմի ցանկացած զիջում ընկալվելու է միայն որպես պարտություն: Թյուրքական այս քաղաքականության ռազմավարությունը ներկայումս ձեւավորվում է Նախիջեւանի շուրջ եւ հայկական կողմը պետք է հաշվի առնի այս փաստը, սկսելով հատուկ ուշադրություն դարձնել ու բարձրաձայնել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների խնդրի մասին:
Այն, որ Նախիջեւանը հայկական է, մենք, կարելի է ասել, գրավոր փաստաթուղթ ունենք հանձին Կարսի պայմանագրի, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է այդ տարածքը Հայաստանից Ադրբեջանին փոխանցելու մասին, իսկ այդ իրողությունը իրականացել է թուրքական ռազմական օկուպացիայի հետեւանքով, այսինքն մեր կամքին հակառակ: Հայկական կողմը որեւէ պահի կարող է հայտարարել Նախիջեւանի նկատմամբ իր պատմական ու իրավական հավակնությունների մասին ու այսպիսով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:
Բաքվի փորձերը Նախիջեւանը ռազմականացված տարածքի վերածելու ոչ միայն հայկական, այլեւ մեր մյուս հարեւանիՙ Իրանի անհանգստության պատճառը պետք է դառնա, քանի որ այնտեղ թուրքական ու, նաեւ, ըստ որոշ տվյալների, իսրայելական հետախուզության կենտրոնների գործունեությունը ուղղված է նաեւ ընդդեմ մեր հարավային հարեւանի: Հետեւաբար Նախիջեւանի գերռազմականացումը վտանգում է ռազմաքաղաքական կայունությունը ողջ տարածաշրջանում:
Միաժամաակ նաեւ պետք է նկատել, որ իր աշխարհագրական դիրքովՙ արեւելքից բարձր լեռնային շղթայով, իսկ հարավարեւմուտքից Արաքս գետի ցածրադիր հարթավայրով շրջապատված, Նախիջեւանը զրկված է այստեղ մեծ ռազմական միավորներ տեղակայելու եւ առավել եւս դրանք լայնամասշտաբ կերպով շարժելու հնարավորությունից: Նախիջեւանի ողջ տարածքը խոցելի է Սյունիքի ու Վայոց Ձորի բարձր լեռնային շրջաններից: Ժամանակակից ռադիոհետախուզական տեխնոլոգիաների պայմաններում այդ տարածքը ամբողջությամբ վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից ու հայկական հրթիռահրետանային համակարգերը բավարար են այնտեղ տեղի ունեցած յուրաքանչյուր զորաշարժ նշանառելու եւ ոչնչացնելու համար:
Նախիջեւանը պետք է դառնա հայկական ռազմաքաղաքական մտքի կարեւորագույն ուղղություններից մեկը: Դրա լուծմամբ զբաղվելու ենք վաղ թե ուշ, քանի որ թուրքերը հանգստացողը չեն, իսկ մենք էլ ոչ մի հիմք չունենք նրանց ինչ որ հարցում զիջելու: