Մեր թաղամասում այս օրերին շատ հատկանշանական մի պատկերի ականատես եղա. ջրագիծը նորոգող բանվորների մեծ մասը իր գործը թողած հեռախոսներով կառավարության նիստն էր դիտում: Մարդկանց ուշքը նոր կառավարության կողմն է, նրանք արդեն չեն սպասում երեկոյան հեռուստալրատվականներով միջնորդավորված տեղեկություններ ստանալուն ու ռեալ փոփոխությունների իրենց մեծ սպասումը հագեցում են ուղիղ եւ անհապաղ, առանց րոպե ուշացնելու, սկզբնաղբյուրից: Սա ե՛ւ լավ է, ե՛ւ վատ: Լավ է, որ նոր կառավարության հետ մարդիկ անհավանական մեծ հույս են կապում, վատ է, որ այդ մեծ սպասումը հանկարծ կարող է հիասթափության վերածվել, եթե չարդարանան հույսերն ու սպասումները: Խոսքը ոչ միայն օրինականության հաստատման մասին է, որ այս օրերին նոր կառավարության իրավապահ միավորներն ի ցույց են դնում, այլ երկրի տնտեսական վիճակը դեպի լավը փոխելու:
Իսկ ինչ է կատարվում հիմա Հայաստանում: Մեծ հաշվով երկու բան` ԱԱԾ-ն ամեն օր նոր ու մեկը մեկից խայտառակ բացահայտումներ է անում, զուգահեռ` ընտրական օրենսգիրքը փոխելու շուրջ քաղաքական քննարկումներ են ընթանում: Մնացյալը, որքան էլ չէինք ուզենա այդպես լիներ, ածանցյալ են սրանց:
Միգուցե ԱԱԾ-ին է հենց բաժին ընկնել այն առաքելությունը, որ ամենօրյա բացահայտումների համաչափ դոզայով մինչեւ ընտրությունները վառ պահի հեղափոխական պաթոսը, այլապես ընտրությունների գնացող ընրողը կարող է ռեալ փոփոխությունների եւ իր կյանքը իրապես փոխելու պահանջը դիտարկել որպես ընտրության կողմնորոշիչ
ԱԱԾ բացահայտումների միայն վերնագրերը ամեն ինչ արժեն, դրանք լսելուց հետո ամեն մեկիս մտքում ծնվում է հաջորդող հարցը:
Ահա. Մարտի 1-ի գործը քննող քննչական խումբը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին որպես մեղադրյալ է ներգրավում, այդ մարդը, հասկանում եք, բանակն օգտագործել է ներքին հարցերում ու սահմանադրական կարգը տապալելու փորձ արել: Վահ, ինքնագլո՞ւխ, առանց գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի՞: Բայց չէ, գերագույն գլխավոր հրմանատարին հարցաքննելու ծանուցում էլ են ուղարկել, մի փոքր շտապեցինք: Բայց կգա՞: Եւ եթե գա` ինչ կբացվի դրանից: Միշտ մտածել եմ, որ Հայաստանի իշխանությունը միայնակ չի գործել Մարտի 1-ին, արտաքին ուժերի պարտադրանքներ կամ մասնակցություն է եղել: Այնպես որ` այս գործը միայն ներքին հնչեղություն կարող է չունենալ, աշխարհաքաղաքական ենթատեքստ կլինի, որն անգամ ադրբեջանական կողմին սահմանային լարում հրահրելուն կարող է տանել. այդ արտաքին ուժերը ամեն ինչ կարող են անել` խափանելու համար հետաքննության ընթացքը եւ իրենց մասնակցության վերաբերյալ բացահայտումը:
Այնպես որ` ամեն ինչի պետք է պատրաստ լինել:
Մյուս ցնցող բացահայտումները վերաբերում են Սերժ Սարգսյանի եղբայների ընտանիքներին: Նրանցից մեկին` Սաշիկ Սարգսյանին ու նրա որդուն ` Հայկ Սարգսյանին հուլիսի չորսին բերման են ենթարկել, տունը խուզարկելուց հետո: Մի հին ու չբացահայտված սպանության գործ էլ վերաբացվել է` Սաշիկ Սարգսյանի որդու հետ կապված: Ի դեպ, ըստ ռուսական լրատվամիջոցների` բերման ենթարկելուց առաջ Սարգսյանին ու իր որդուն իջեցրել են Երեւան-Փարիզ ինքնաթիռից` կանխելով նրանց մեկնումը Երեւանից: Ապօրինի հարստացման մեղադրանք կա նաեւ մյուս եղբոր` Լեւոն Սարգսյանի, նրա որդու եւ դստեր նկատմամբ:
Ձերբակալվել է նաեւ «Հայաստան» հիմնադրամի տնօրենը: Վերջինիս մասով միգուցե ճիշտ էր Դավիթ Հարությունյանը , երբ ասում էր, թե յուրացում չի եղել, մարդն իր անձնական գումարներից մուտքագրում է արել վարկային գծից օգտագործած գումարների դիմաց: Միգուցե: Սակայն այստեղ առավել հոգեբանական ու բարոյական գործոններն են ուժեղ, քանի որ համահայկական ջանքերով ու մեծ դժվարությամբ Հայաստանի եւ Արցախի խնդիրների համար նվիրաբերվող Սփյուռքի գումարներն ի պաշտոնե արդյունավետ ու սրտի դողով օգտագործելու կոչված մեկը դրանք առանց երկմտելու փոխանցել է` իր օնլայն խաղամոլությանը հագուրդ տալու համար: Թեկուզ հետո վերականգնելով դրանք: Այսինքն հիվանդ ու ոչ համարժեք մարդուն բերել-դրել են համազգային խղճմտանքի ցուցիչ հիմնադրամի գլխին, գայլին են գառը պահ տվել: Դե, միգուցե կալանավորման համար այլ հիմք լինի` չգիտենք, բայց ավելի լավ է` մարդուն հարկադիր բուժման ուղարկեք, ոչ թե կալանավայր, ու էս տեսակ մարդկանց ընդհանրապես պետության ու ժողովրդի ունեցվածքի վրա պատասխանատու չի կարելի կարգել` նորերից լինի, թե հներից: Մեղադրանք է առաջադրվել նաեւ գործարար Բարսեղ Բեգլարյանին` իր նախկին աշխատակցի գույքին ապօրինի տիրաալու հիմնավորմամբ:
Որ բացահայտումների շոու մասն արդեն ազդում է թույլ նյարդեր ունեցողների վրա` սրա մասին մենք գրել ենք, սա անգամ նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ Գորիսում ասել է, թե իշխանության նպատակը բանտ լցնելը չէ ամենեւին, այլ պետությանն ու երկրին հասցված վնասը վերականգնելը:«Ես ուզում են, որ մենք 37 թվի տեռորի մթնոլորտի մեջ չհայտնվենք, մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն», ասել է նա: Սակայն ԱԱԾ ամենօրյա բացահայտումների մասին տեղեկատվությունները, որոնք անմեղության կանխավարկածի ջգրու դատավճիռներ են հիշեցնում, Նիկոլ Փաշինյանի հիշած թվականի շորշոփ, իրոք, ունենք:
Միաժամանակ` այս բոլորից ՀՀ քաղաքացու սրտում մնում է վիրավորանքը` այս ովքե՞ր են մոտ կանգնած եղել իշխանությանը, որքան պաշտոնյա ու արտոնյալ է ձեռք տաքացրել պետության` ժողովրդի ունեցվածքի վրա, որտեղից են հավաքվել կառավարման ղեկի մոտ երկրի զգացողություն չունեցող ու միայն սեփական գրպանի ուռածության մակարդակը շոշափել իմացող այսքան մարդիկ: Օֆ, մարդու գլուխ է դժժում այն մտքից, թե երկրի ղեկավարի ընտանիքը ինչ աստիճանի օրենքից դուրս է զգացել իրեն:
Իսկ էլ ավելի վիրավորական է, որ այս բոլորը նստում ու շարադրում ես Սահմանադրության օրը, մի օր, որ երբեք էլ տոնի չվերածվեց Հայաստանում` ամենատարբեր պատճառներով: Մանավանդ նախորդած` ԱՄՆ-ի անկախության օրվա վերաբերյալ հայկական խանդավառության ֆոնին. էլ ԱՄՆ դեսպանատուն են գնում, էլ տարբեր ամերիկյան համերգների ու միջոցառումների խանդավառ հանդիսատեսը դառնում: Եղբայր, մեր Սահմանադրության օրը օտար երկրի անկախության օրվա չափ չկա՞: Հասկանալի է, որ Սահմաանադրությունն ամեն իշխանություն իր վրա է ձեւել, դարձրել գրպանի թուղթ, ու դա է հիմնական պատճառներից մեկը մեզ սահմանադրապաշտ չզգալու, այ, սա պիտի փոխի նոր իշխանությունը:
Մի քիչ` ԸՕ-ի շուրջ քննարկումներից
Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները քննարկող բազմակուսակցական հանձնաժողովն Ազգային ժողովում արդեն գումարեց իր երկու նիստերը: Տասնհինգ օրում պետք է հավաքվեն բոլոր ողջամիտ առաջարկները, իրենց ասելով` նաեւ արտախորհրդարանական ուժերից եւ կառույցներից (Ի դեպ, ՌԱԿ-ը, հակառակ իր դիմումներին, մասնակցության հրավեր չի ստացել, նույնը վերաբերում է նաեւ «Ազգ»ին: Խմբ.), եւ դրանցից ընդունելիները ներառվեն փոփոխությունների փաթեթ, համադրվեն կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի նախագծի հետ: Ի դեպ` սովորաբար կառավարությյունն իր նախագիծն է անցկացնում, մինչդեռ Ազգային ժողովի խմբակցությունների շատ առաջարկներ տարբերվում են կառավարության աշխատանքային խմբի` նախագծային մոտեցումներից:
Դրանցից մեկը վերաբերում է ռեյթինգային-վարկանիշային քվեարկության կարգի փոփոխությանը: Կառավարության խմբի առաջարկում 100 տոկոս համամասնական կարգով` փակ ցուցակներով ընտրությունն է, ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է բաց ցուցակներով ընտրություն, երբ ընտրողը նաեւ անձի է ընտրում միասնական ցուցակից: ՀՀԿ-ն տարածքային ցուցակների կողմնակից է, քաղաքական կյանքը տեղերում խթանելու համար` բաց եւ փակ ցուցակներին դեմ է: Նաեւ առաջարկում է ընտրությունը կազմակերպել ID քարտով, բոլորին այդ քարտից բաժանելով: Աղքատ կառավարությանն ավելի է ուզում սնանկացնել փաստորեն կամ` անեկդոտը հայտնի մասով լավության մասին: Լրացուցիչ ծախսատար է նաեւ սարքով , եւ ոչ թե գրչով քվեարկելու ՀՀԿ-ի մի այլ առաջարկ: ՀՅԴ-ի առաջարկերից է առավելագույն մանդատ ստանալու շեմը ներկայիս 2/3-ից 3/5 իջեցնելն է, այսինքն` ոչ մի քաղաքական ուժ չի կարող ունենանալ ԱԺ մանդատների վաթսուն տոկոսը գերազանցող մանդատ: Առաջարկում է նախընտրական քարոզչության ժամանակ դադարեցնել բարեգործությունը` բարեգործական այն հիմնդրամների կողմից, որոնց անունը կարող է համընկնել քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների անվան հետ: Անուն չտրվեց, բայց բոլորը հիշեցին, որ կա «Ծառուկյան» դաշինք եւ «Ծառուկյան» հիմնադրամ: Սա , բնականաբար, դուր չի գալիս «Ծառուկյան» դաշինքին:
Կարեւորն այն է, թե ինչ տրամադրվածություն կա կառավարությունում. եթե ընտրությունները գարնանն են լինելու, ժամանակ կա ամեն տեսակ փոփոխության ու անգամ Վենետիկի հանձնաժողովով դրանք անցկացնելու, բայց եթե մտքի թաքուն անկյունում կա աշնանը ըտրություն անելու խնդիր, ապա հազիվ թե տեխնիկապես հնարավոր լինի մանրակրկիտ եւ փոխհամաձայնեցված փոփոխությունների: Համենայնդեպքս, երբ ՀՅԴ-ն առաջարկում էր քաղաքական մեծամասնության շեմը թույլ չտալ վաթսուն տոկոսից բարձր, այսինքն` ընդդիմության քառասուն տոկոսանոց ներկայություն, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց, այն դեպքում, երբ միակ ընդդիմադրի հավակնորդը ՀՀԿ-ն է, անգամ լրագրողների մոտ ակնարկում էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են այն դեպքում, երբ ճգնաժամ կա, բայց խորհրդարանում կառավարության որեւէ օրինագծի համար անհարմար վիճակ չի ստեղծվում: Ինչ որ թաքնված սցենարի մասին ե՞ն ակնարկում ՀՀԿ-ականները, որը կարող է իրականանալ, ինչի՞ մասին է խոսքը:
«Ելք» խմբակցության` երեկվա առաջարկներին լայնորեն ընդդիմախոսեցին ՀՀԿ ներկայացուցիչները: Հատկապես տեղ-տեղ զգացվում էր ՀՀԿ եռյակի` իրավականորեն գրագետ եւ փորձառու Վիգեն Սարգսյանի, Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի սքողված հումորը`շատ բաներում դեռ անփորձ նորերի հանդեպ: Օրինակ` Լենա Նազարյանն առաջարկում էր անվավեր անձնագրերով մարդկանց հանել ընտրացուցակներից, դրանց թիվը երկու հարյուր հազարի է հասնում, ենթադրվում է, որ նրանք բացակա են երկրից: Սա ՀՀԿ-ականները մարդու իրավունքների առումով խոցելի համարեցին` նշելով տեխնիկական սարքերի հնարավորությունը, որոնք կարող են ազդանշել անվավեր անձնագիրը, չորս հազար սարք է աշխատում: Անգամ դռնեդուռ գնալ ու այդ անձանց առկայությունը ճշտել էին առաջարկում կես-հումորով: Իսկ բոլորին վերջին օրերին արագ անձնագիր տալն իրատեսական չէ, ինչպես տարբերակների մեջ նշում էր «Ելքի» ներկայացուցիչը: Վերջինս անընդունելի էր համարում նաեւ փոստային ծանուցումների վրա կես միլիոն դոլարի ծախսը` առաջարկելով հեռախոսային հաղորդագրությունը:
1200 այն տեսախցիկները, որոնք անցած ընտրություններին տեղադրվել էին տեղամասերում, այժմ նորից ձեռք բերելու խնդիր է ծագում` էլի ծախս է: «Ելքն» առաջարկում է նաեւ իջեցնել կուսակցությունների` խորհրդարան անցնելու շեմը, որ բազմազանություն լինի խորհրդարանում, նոր ուժեր անցնեն: Դեմ էր Դավիթ Հարությունյանը` ֆրագմենտացիա պետք չէ խորհրդարանում, վաղաժամ է իջեցնելը շեմը: Եթե շեմը բարձր է` ուրեմն ձայն է փոշիացել, ժողովրդավարությունն է տուժել` շեմի իջեցմանը կողմ էր նաեւ ՀՅԴ-ն, անգամ մինչեւ երեք տոկոս: «Խորհրդարան մտնելը փաբ մտնելու պես մի բան մի սարքեք», բարկացավ օրերս խորհրդարան եկած Սպարտակ Սեյրանյանը : Լենա Նազարյանն ասում էր, թե վստահ է, որ նոր ուժեր կստեղծվեն` նրա՛նց է պետք հնարավորություն տալ խորհրդարան մտնելու, որ զարգացում լինի:
Քվեարկության ցուցակների (ստորագրված) հրապարակման բանավեճն էլի կար, ինչպես անցյալում` մարդու իրավունքի խախտում է, այդպես են համարում նաեւ միջազգային փորձագետները:
Քննարկումները շարունակվում են, մենք ավելի մանրամասնելու հնարավորություն կունենանք, միայն թե այս քննարկումները ապարդյուն չլինեն, քանի որ կառավարության տեսակետը այստեղ կարող է որոշիչ դուրս գալ: