Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Երկիր, որտեղ աղքատություն չի լինի, հանրությունը կապրի այն հաղթահարած կենսաբանական, սոցիալական ու հոգեւոր-մշակութային բարվոք պայմաններում: Սրանք մեր այսօրվա ամոթալի վիճակի ցցուն դրսեւորումներն են, երբ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը զրկված է համեստ սննդակարգից, կրթությանն ու առողջությանը հետեւելուց, հանգիստը կազմակերպելուց: Հայտնվել ենք մի իրողությունում, երբ խնդիր է պարզ ու հասարակ նախաճաշը, բժշկին այցելությունը, ֆուտբոլի ազգային հավաքականի տնային խաղերը մարզադաշտում դիտելը: Բայց չէ՞ որ սրանցից բացի օրն ու առօրյան բովանդակալից անցկացնելու մարդկայնորեն ընդունված շատ այլ ցանկություններ կանՙ ընտանեկան ճաշկերույթ սրճարանում, այց գեղեցկության սրահ, ժամանց լողավազանում ու թենիսի կորտում, ակտիվ հանգստի այլ հետաքրքրություններ: Ահա այն Հայաստանի մոտավոր պատկերը, որը ցանկանում է ունենալ մերօրյա հայաստանցին, մեծ թե փոքր, գյուղաբնակ թե քաղաքաբնակ:

Կարծես ուզածը մեծ բան ու անհասանելի խնդիր չէ, քանզի հեռուստահաղորդումներից լինի, թե արտերկրում գտնվող ընտանիքի անդամների հետ ամենօրյա «սկայպ»-ով կապվելու արդյունքում համոզվել է, որ ցանկացածն ամենուր հաղթահարել են, իրականություն դարձրել պարզ ու հասարակ աշխատանքով, առանց որեւէ գերլարման: Ի՞նչ ենք առաջնահերթը մտաբերում, երբ ասենք մեր բարի նախանձը շարժող երկիր Հոլանդիան ենք հիշումՙ պանիր, կարտոֆիլ, ծաղիկ, մեկ-մեկ էլ ֆուտբոլ: Նշվածներն իհարկե ունենք, միայն թե ոչ այն քանակի ու որակի, առավել եւս գրավիչ ու դինամիկ: Եթե նրանց լիարժեք պահված կովն օրը 35-40 լիտր կաթ է տալիս, խոզը 1,5 կգ քաշաճ ապահովում, կարտոֆիլի քառակուսի մետրի բերքը 10-12 կգ-ի է հասնում, ծաղիկը աչք շոյող ու դիմացկուն է առավել քան, իսկ ֆուտբոլն արագ ու դիտարժան, դրանք ինչո՞ւ ինքներս էլ իրականացնել չենք կարողանում: Կարծես կարող ենք, եթե գործին փոքր-ինչ սրտացավորեն մոտենանք, աշխատանքն ու աշխատելը կարեւորենք: Ոչ թե երկիրը փոքր հռչակելով ու ազգը սակավաթիվ հայտարարելով սեփական անճարակությունն ու անզորությունն արդարացնենք, այլ ունեցածը լավագույնս օգտագործելով կայանանք ու ինքնահաստատվենք, հիմնավորենք այն գնահատականները, որ այլք տալիս են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակից իրենց հայազգի գործընկերներին: Աստծո զավակ հայի երկու տեսակի ենք վերածվել, մեկըՙ բացարձակ օրինապաշտ ու իր անելիքին նվիրված, մյուսը բնօրրանում, թող ներվի գնահատականիս համար, անփույթ ու պատճառաբանելու սիրահար: Քաղաքներում հաճախ կարելի է դժգոհություններ լսել, թե գործ չկա, սրճարաններն ու ռեստորաններն են բազմանում, երբ սիրիահայերն այդ նույն միջավայրում արդեն հասցրել են բազմաբնույթ սպասարկման հարյուրավոր կետեր բացել, աշխատատեղեր ստեղծել, ոչ դյուրին պայմաններում գործունեություն ծավալել: Գյուղաբնակներն իրենց հերթին 5-6 կովերի կաթը հանձնում են մթերողներին ու դժգոհում ոչ միայն գնից, այլեւ գումարը օր առաջ ստանալու խնդրից, չնկատելով, որ անգամ տնային պայմաններում կաթի վերամշակումից ստացվող արտադրանքի մեծ պահանջ կա քաղաքաբնակ սպառողների մոտ: Ծանոթ եմ ավստրիացի պանրագործի, որի պահեստում մի քանի տոննա իր ընտանիքի անդամներով պատրաստած ու ամիսներով հնեցրած արտադրանք կա: Քաղաքի վաճառողները, մեր հասկացողությամբ վերավաճառողները կիլոգրամը 30-40 եվրոյով են այն առաջարկում իրենց սպառողներին եւՙ շնորհակալության են արժանանում, քանզի գնվածը պատրաստվել է սերնդե-սերունդ պանրագործությամբ զբաղվող մարդկանց կողմից: Նույն պատկերն է մսամթերք պատրաստողների, գինեգործների, բանջարեղեն ու մրգեր մշակողների պարագայում, որոնք իրենց հերթին աշխատանքներ են վստահում քաղաքաբնակ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, սկսած տան ու տնամերձի դիզայնից մինչեւ ֆերմայի բարդ տեխնիկայի տեղադրումը:

Ուրեմն ո՞վ կամ ինչն է խոչընդոտում, ասենք արդեն հիշատակված Հոլանդիայի օրինակով վարել մեր գործերը, նույն տարածքն ունենալու պայմաններում համանման արդյունքների հասնել եւ մեր երկիրը յուրօրինակ Հայլանդիայի վերածել: Իրենց 41,5 հազար քառակուսի կիլոմետրի վրա 17 մլն հոլանդացիներ են ապրում, որոնց հազիվ 1 տոկոսն է գյուղգործունեություն վարում, երբ այդ նույն տարածքն զբաղեցնելու պարագայում հայերս մինչեւ 40 տոկոս ցուցանիշ ունենք: Դե եկ ու մի վրդովվիր, թե 20-25 տարիներ այդ ինչով եք զբաղվել, որ հազիվ 3 մլն հայաստանաբնակների ողջ հույսը արտերկրներն են մնացել, սկսած սփյուռքահայերի անվարձահատույց օգնություններից ու արտագաղթածների ուղարկած ֆինանսական միջոցներից մինչեւՙ թող ներվի այս գնահատականիս համար, մեր անկուշտ ու ագահ ներմուծողները, ովքեր ինչ պատահի առնում-բերում են, քանզի Հայաստան երկրամասում աշխարհի վերջն է, կենսական ու առաջնահերթ ոչինչ արտադրել հնարավոր չէ: Առաջին անհրաժեշտության կարագ ու ձե՞թ եք ուզումՙ Նոր Զելանդիայից ու Ֆինլանդիայից կբերեն, խոզի ու հավի միսՙ Բրազիլիայից, հագուստ Թուրքիայից, մարտկոցներ հեռավոր արեւելքից, խոհաանոցային պարագաներ Իտալիայից… Փոխարենը վերցրեք մեր անհատնում ընդերքի հանքահումքը, վերամշակեք ու ստացածը վաճառելով հարստացեք, միլիոնների ու միլիարդների տեր դարձեք, մեզ էլ մեկ-մեկ օգնության ձեռք մեկնեք: Հարց է մնում, թե մեր ո՞ր մեղքի համար ենք այս վիճակում հայտնվել, երբ առերեւույթ անգամ զանցանք չենք գործել:

Մերն ընդամենը ցանկությունն է, ՀՀ ամոթալի 10 մլրդ դոլար ՀՆԱ-ն ինչ-որ անորոշ ժամանակահատվածում 20 մլրդ դոլարի հասցնելը, որը եթե այդ շրջանի գնաճը նկատի ունենանք, կստացվի մոտ 10-12 մլրդ դոլարի մի ցուցանիշ: Իսկ ավելին պատկերացնելու ոչ ցանկություն է եղել, ոչ թերեւս կարողություն: Ասենք, մինչեւ տարեվերջ թաքցված հարկերից ու ստվերային գործունեությունից երկրի տնտեսություն բերել նվազագույնը 3 մլրդ դոլար, գումարած նախորդ տարվա թող որ նկարած 7 տոկոս տնտեսական աճը, տարին փակել 15 մլրդ դոլար համախառն ներքին արդյունքով: Հետո, նոր էջից սկսվող տնտեսական գործընթացների շնորհիվ առաջիկա 5 տարիներից յուրաքանչյուրում 14-15 տոկոս աճ ապահովել, հայաստանցիներիս տեսանելի ժամանակահատված 2023-ը փակել 30 մլրդ ՀՆԱ-ով: Անշուշտ համաշխարհային տնտեսվարական առումով այն մեծ թիվ չէ, քանզի այսօր արդեն այդ ցուցանիշն ունի 1,2 մլն բնակչությամբ Կիպրոսը, ուր զբոսաշրջությունից ստացվող եկամուտը հազիվ 3 մլրդ դոլար է, մնացածըՙ մանր ու միջին գործարար միջավայրի ստեղծածը, որովհետեւ այս կղզի երկրում ոչ «Նաիրիտ» ու «Քիմպրոմ» կա, ոչ էլ սարքաշինական ու մեքենաշինական ձեռնարկություններ: Տեսեք ինչ է հայտնում ՀՍՀ հանրագիտարանը այս երկրի մասին. «Գերակշռում են մանր ձեռնարկությունները, զարգացած է սննդիՙ գինի, ձեթ, պահածոներ, ծխախոտի, տեքստիլ, կաշվի-կոշիկի արդյունաբերությունը, տնայնագործությունը: Կա ցեմենտի գործարան»: Կարծես հենց մեր մասին է ասված, միայն այն տարբերությամբ, որ 1 բնակչի հաշվով կիպրոսցիների ՀՆԱ-ն տարեկան 30 հազար դոլար է, մերըՙ հազիվ 3 հազար դոլար: Եվ հարցըՙ եթե տնտեսական վերելք իրականացրել են մեր բարեկամ կիպրոսցիները, ավելին են արել մեր երբեմնի բախտակից էստոնացիները, շատ ավելինՙ հայերիս համակրանքը վայելող հոլանդացիները, ով եւ ինչն է խոչընդոտում մեզ ունենալ մեր երազանքի երկիր Հայաստանը, հնչում է ինքնաբերաբար: Թերեւս այս պարագայում հոլանդացի որեւէ լրագրող էլ իր երկիրը կես կատակ Հոլաստան անվանի, ինչ-որ օրինակ էլ մեզնից պատմի:

Վստահեցնում եմ, որ վերջին 10-ամյակի 4-5 տարիները ընտանեկան հանգամանքների բերումով Ավստրիայում անցկացնելու ընթացքում երբեւէ չեմ նկատել ինչ-ինչ առանձնահատկություններով օժտված ոչ միայն ավստրիացիների, այլեւ այստեղ աշխատանք գտած հարեւան երկրների բնակիչների: Գլասդորֆ ոչ մեծ քաղաքի ընկերությունը այլեւայլ հումքի տեսակավորման գործունեություն է ծավալել երկիր մոլորակի չորս կողմերում, ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան: 5-25 մլն դոլար գնահատվող հոսքագիծ-գործարանների հանդեպ պահանջարկի ապացույց է այն, որ հազիվ մեկ տասնյակ հիմնադիրներից անձնակազմն այժմ անցնում է 70-ը: Անկարող եմ չհիշել Շվեյցարիայի նախագահի հարցազրույցը ռուսական հեռուստաընկերության լրագրողին, երբ ասաց. «Եթե դուք 25-րդ հարկում գտնվող ձեր բնակարան բարձրանաք, կամ աշխատավայր մտնեք, շատ հնարավոր է, որ ձեզ տեղ հասցրած վերելակը իմ ծննդավայր գյուղի ֆիրմաներից մեկի տեղադրածը լինի, անշուշտ, հավաքված նաեւ այլոց արտադրածի շնորհիվ»: Սրանք եզակի օրինակներ չեն, այլՙ տարածված աշխատաոճ, որի արդյունքում է գոյանում այս համեստ ու հյուրընկալ մարդկանց ու երկրների առայժմ մեզ անհասանելի, սակայն ոչ անկարելի, կյանքի ու առօրյայի որակը: Մեր ու ձեր այցելած եվրոպական երկրների գրեթե բոլոր սրճարանների ու ռեստորանների տերերը այդ կառույցների ավագ խոհարարներն են, ապացույցըՙ հայ փոքրիկների սիրելի երգիչ Մարտին Յորգանցը, երբ մեզանում «Հովոյի մոտ» կամ «Սամոյի մոտ» ամենահամեստ օբյեկտների տերերը հաստափոր ու հաստավիզ թաղային վայ հեղինակություններն են իրենց ակուշտ ախորժակով: Եվ այսպես ամենուր, բոլոր ոլորտներում եւ աստիճաններում: Այսուհանդերձ այն, ինչ տեսանք հունիսի 16-ի բացահայտումներից հետո, իրոք հնարավոր չէր պատկերացնել: Զզվանքից մինչեւ սարսափի զգացում ապրեցինք, քանզի արվածը հրեշավոր էր, մեր տեսակին անհարիր: Ինչ-որ կերպ փորձում ենք համակերպվել անգամ այս վիճակին, հույս տածելով, որ տեսածի ու լսածի կրկնությունն այսուհետ հնարավոր չէ, պարզապես անհնարին է:

Կարծում եմ ազգովին համոզվեցինք, որ անհնարինն իրականություն դարձնելը շատ ավելի բարդ խնդիր էր, քան էՙ տնտեսությունում պահանջվող արդյունքներ ապահովելը, հողից հնարավորինս բերք ստանալը, կենդանիների կաշին վերամշակելը, այդ կաշվից հագուստ, կահույք, մարզագույք արտադրելը, լավագույն հագուկապով աշխատավայր ներկայանալը, այնտեղ էլ, ասենք, կենցաղային աղբն այրելու միջոցով էլեկտրաէներգիայի ստացումը խնդիր դիտարկելն ու լուծելը, էլհոսանքով ամենատարբեր շարժիչներ գործի գցելը, ընդհուպ արհեստական արեւ ստեղծելու շուրջ մտորելը: Այսօրինակ ո՞ր գործընթացն է, որը հասու չէ մարդ-արարածի մեր տեսակին: Հարցն առայժմ օդում է կախված, որը երկրային իրողություն դարձնելու համար պարզ ու հասարակ քայլեր են անհրաժեշտ. հայության ջանքերի համախմբում, որն ապրիլ-մայիսյան օրերին ցուցադրեցինք, հայահավաքՙ առաջնահերթը սոցիալական բնակարանաշինության եւ համընդհանուր արդարության հաստատման միջոցով, եւ թերեւս կարեւորագույնըՙ աշխատանքի ու աշխատելու դերի ու պահանջի արժեւորումը:

Եվ այնժամՙ Աստված մեզ ապավեն:

24.05.2018

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ՀԱՅԱԶԳԻ «ԱՋ ՁԵՌՔԸ»

Հաջորդ գրառումը

ՈՏՆԱՄԱՆՆԵՐ… ԼԵՅԴԻ ԳԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՏՆԱՄԱՆՆԵՐ... ԼԵՅԴԻ ԳԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական