Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԵՍԻՆՈՒՄ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆ, Բոստոն

Ֆրանսիայում հայկական հոծ բնակչություն ունեցող կենտրոններից է Դեսինը, որ Ռոն Ալպեր տնտեսական շրջանում գտնվող Լիոնի արվարձաններից է: Այստեղ, ուրիշ մի շարք հայկական հիմնարկությունների շարքում, որոնք բոլորն էլ գտնվում են 1965-ին անվանակոչված «Rue de 24 avril 1915» (1915 թ. ապրիլի 24) փողոցում, գործում է «Հայկական հիշողությանց ազգային կենտրոնը» (ՀՀԱԿ)ՙ Centre National de la Me’moire Arme’nienne-ը:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակազմի ժրաջան աշխատակից Արամ Արքունը այցելելով այդ կենտրոնըՙ հետաքրքրական մանրամասներ է ներկայացնում թերթի էջերում, որտեղից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

ՀՀԱԿ-ն իր դռներն է բացել հանրության առջեւ 2013 թվի հոկտեմբերի 20-ին: Ճարտարապետական եզակի լուծումների համար կառույցը նույն տարում արժանացել է Ռոնի շրջանային վարչության պատվո մրցանակին: Մտահղացումը պատկանել է Դեսինի 2006-ին գործող «Հայկական մշակույթի տան» աշխատողներին, որոնք ցանկացել են դրոշմել իրենց հայկական պատմությունը ֆրանսիացիների հիշողության մեջ, նաեւ օգնել ֆրանսահայերին ապրել խաղաղորեն երկու մշակույթների տիրույթում: Երկակի մոտեցման խնդիրը նկատելի է նաեւ կառույցի ֆինանսավորման ասպարեզում. Հայկական համայնքը հոգում է ծախսերի մոտ կեսը, իսկ մնացյալը տրամադրում են Ֆրանսիայի քաղաքային եւ շրջանային պետական մարմինները:

Չնայած հաստատությունը համեմատաբար նոր է, բայց սերտորեն կապված է 1932-ին գլխավորապես ՀՅԴ կուսակցության ջանքերով կառուցված «Հայ ժողովրդի տան» հետ, որը 1977-ին վերանվանվել է «Հայկական մշակույթի տուն»ՙ (ՀՄՏ) առավել աշխուժություն հաղորդելու համար Հայ դատի հետապնդման աշխատանքներին: ՀՄՏ-ներ գործում են նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Դեսինի ՀՄՏ-ն, իր հերթին, 1980-ին բացել է «Հայկական ուսումնասիրությունների, փաստագրությունների եւ տեղեկությունների կենտրոնը» (ՀՈՒՓՏԿ), որտեղ գործել է 6000 գիրք, 30000 միկրոքարտ, հազարավոր լուսանկարներ եւ տեսաժապավեններ պարունակող գրադարան: 2006-ին ՀՄՏ-ն որոշել է ընդլայնել իր գործունեությունը եւ առավել լուրջ, գիտական, ակադեմիական մակարդակի բարձրացնել այն: Համապատասխան հողատարածք է գնվել եւ 2011-ին սկսվել է ՀՀԱԿենտրոնի շինարարությունը:

Այսօր այդ կենտրոնում աշխատում են Դանիել Մկրտիչյանն (մշակութային համակարգող) ու Մարի Պիկոն (փաստագրական նյութերի պատասխանատու):

Մկրտիչյանը ուսումնասիրել է մասնավորապես Հռոմեական Հայաստանիՙ ներառյալ Լուկուլլոսի եւ Հադրիանոսի ժամանակաշրջանը: Ավարտել է Լիոն III համալսարանի հնագույն պատմության բաժինը: Իսկ դրանից առաջ մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Փարիզ I համալսարանի քաղաքագիտության բաժնից: Բայց իր պաշտոնի բերումով մասնագիտացել է նաեւ 19-20-րդ դարերի հայոց պատմության մեջ: Ազատագրական պայքարի, կոտորածների, տեղահանությունների եւ Ֆրանսիայում ապաստան գտած գաղթականների ճակատագրերի վերաբերյալ լուրջ հետազոտություններ է կատարել եւ հաճախակի դասախոսություններ է կարդում: Իր պարտականությունների մեջ մտնում է նաեւ կառույցի վերաբերյալ սոցցանցերով տրվող տեղեկությունների մատակարարումը: Կենտրոնի հիմնադրման կազմակերպչական աշխատանքներին մաս է կազմել, իսկ դրանից առաջ որպես քարտուղար ընդգրկված է եղել Ռոն Ալպեր շրջանի «Հայկական կազմակերպությունների համագործակցության խորհրդի» աշխատանքներին եւ իր լուման է ներդրել Լիոնում 2006-ին Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման գործում:

Հայկական հիշողությանց ազգային կենտրոնի գլխավոր նպատակն է վավերագրել եւ պահպանել հայկական հիշողությունը: Այդ նպատակին են ծառայում բազմալեզու փաստագրական գրքերը, լսատեսողական ապարատները, պատմական փաստաթղթերը եւ լուսանկարները: Գրադարանի շրջանառվող 6000 գրքերից բացի, կան նաեւ 220 գրքեր երեխաների համար եւ ամսագրեր ու պարբերականներ: Ֆոնդային մասում պահվում են 10 հազար փաստաթղթեր, քարտեզներ, գրքեր եւ լուսանկարներ: Աշխատանքներ են տարվում թվայնացնելու ամբողջ հավաքածուն, որը ցուցակագրված է «Ֆրանսիական փաստագրությունների համալսարանական համակարգում» (SUDOC): 2016-ից կենտրոնը գտնվում է Ֆրանսիայի բարձրագույն կրթության նախարարության եւ Կոլլեքսի (բարձրորակ հավաքածուների) պաշտպանության ներքո:

Կենտրոնի երկրորդ նպատակն է հիշողության փոխանցումը սերունդներին եւ օտարներին, ուսուցման եւ կապերի հաստատման միջոցներով: Մոտ մեկ տարի առաջ կենտրոնը սկսել է համագործակցել Լիոնի կաթոլիկական համալսարանի հետ, որպեսզի պատրաստի մարդու իրավունքների համար պայքարող մասնագետներ: Համալսարանի ուսանողները այցելում են կենտրոն եւ ծանոթանում հայոց պատմության եւ մարդու իրավունքների պաշտպանության միջեւ գոյություն ունեցող կապի հետ:

Համալսարանն ունի հայագիտական ամբիոն, որի վարիչն է Մաքսիմ Եվադյանը : Քայլեր են ձեռնարկվում համագործակցելու նաեւ Լիոնի համալսարանի հետ: Բացի այդ միջնակարգ կրթության ուսանողների համար, որոնք Հայոց ցեղասպանությանն են ծանոթանում, որպես կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս, կենտրոնը կազմակերպում է երկու տարբեր աշխատանքային սեմինարներ, որոնցից առաջինը կոչվում է «Ցեղասպանության արարքըՙ դիտարկված Հայոց ցեղասպանության փաստով» (համեմատական ուսումնասիրություն), իսկ երկրորդըՙ «Քաղաքացիական հետագիծ», որն իր մեջ ներառում է այցելություններ Դեսինի հայկական թաղամասերը, որպեսզի ուսանողները ծանոթանան, թե ինչպես են օտար ներգաղթողները (տվյալ դեպքումՙ հայերը) ինտեգրվում եւ դառնում ֆրանսիացի քաղաքացիներՙ 2013-ից սկսած ավելի քան 2000 ուսանողներ մասնակցել են այդ սեմինարներին:

Երրորդ նպատակը կենտրոնի ցուցահանդեսների եւ այլ հետաքրքրական միջոցառումների կազմակերպումն է, որպեսզի հավերժ գոյատեւի հիշողությունը: Այս բնագավառում սերտ համագործակցություն է ծավալվում ֆրանսիական ազգային հաստատությունների եւ կազմակերպությունների հետ: Օրինակ 2013-ին Մազարին գրադարանի հետ գործեց «Հայ գիրքը վերածննդից մինչեւ լուսավորության շրջան: Մշակույթը սփյուռքում» ցուցահանդեսը: Իսկ «Շոա մեմորյալի» համագործակցությամբ բացվեցին «Ցեղասպանությունների դարը» (2014-ին), եւ «Հայերի ցեղասպանությունը: Խարանել, ոնչնչացնել, օտարել» (2016-ին) ցուցահանդեսները:

Մկրտիչյանի համոզմամբ այս բոլորը լինելով գիտական, ակադեմիական աշխատանքներ, ունեն նաեւ անուղղակի քաղաքական ազդեցություններ եւ հետեւանքներ: Նա նաեւ գտնում է, որ հայերիս համար շահեկան կլինի դուրս գալ նեղազգային շրջանակներից եւ կենտրոնանալ եւ օտար շրջանակներին հասցնել մեր կարեւոր հարցերը: Մեր պատմությունը ինչպես եզակի, այնպես էլ համամարդկային տարրեր է պարունակում եւ դրանց ուսումնասիրությունն ու տարածումը այլոց շրջանում արդյունավետ կլինի ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ մարդկության համար:

Վերջում հոդվածի հեղինակ Արամ Արքունը հավելում է, որ բացի վերոնշյալից կենտրոնը 2014-ից սկսյալ համագործակցում է «Սաթեատր» թատերական ստեղծագործական ընկերության հետ, որը ներկայացումներ է տալիս ե՛ւ ֆրանսերեն, ե՛ւ հայերեն լեզուներով: Կենտրոնին կից գործում են նաեւ շաբաթօրյա հայկական մի դպրոց, որտեղ ֆրանսերեն, հայերեն, երաժշտություն եւ պար է դասավանդվում եւ մի ռեստորան ԱՐԱ (Association Restauration Arme՛nien) անվամբ, որի եկամուտները օգտագործվում են միջոցառումներ կազմակերպելու համար:

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱԾ ԱԿՆԱՌՈՒ ՀԱՅՈՐԴԻՆՙ ՋՈՐՋ ԴՅՈՔՄԵՃՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

Քաջարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով...

ԿարդալDetails

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական