Անցնող շաբաթվա ընթացքում նշվեց Առաջին հանրապետության 100-ամյակը: Չնայած տոնակատարության սցենարային թերություններին` վարչապետ Փաշինյանի ելույթը պետություն ու հայրենիք ունեցողի ելույթ էր, գնահատելի` անմիջականությամբ: Ազգային ժողովի նախագահի բացակայությունը պետության ղեկավարների շարքում, այո, պատիվ չէր բերում պետությանը` անկախ նրանից մանրախնդրությունը, թե՞ անփորձությունը շարժառիթ դարձած լիներ դրա համար: Բաբլոյանի մասով կարելի է ասել, որ նա, փաստորեն, անձնական վիրավորանքը տարածել է ինստիտուտի վրա եւ չէր մտածել հաղթահարելով դա` առաջ մղել ինստիտուտը, պետության արժանապատվությունը: Սա տունտունիկ չէ, Ազգային ժողովն էլ ոչ մեկի բոստանը կամ բոստանից դուրս մնացած տարածքը չէ` երկրի ներկայացուցչական դեմքն է, դրա կարեւորումը կամ անտեսումը երկրի հեղինակության հարց է, ով պատրաստ չէ աձնական ամբիցիաների զոհաբերման (խոսքը հավասարապես վերաբերում է հրավիրող ու հրավիրվող կողմերին), ուրեմն իր պաշտոնի իմաստը լավ չի ըմբռնել: Համենայնդեպս` տարիքով ավագ Բաբլոյանը կարող էր հանդուրժողականության օրինակ դառնալ, մինչդեռ ժողովրդական ասացվածք էր դարձել այդ օրը, թե ոչ ոք չէր հրավիրել Սարդարապատ կամ Բաշ-Ապարան` երկիրը պաշտպանելու, մարդիկ գնացել ու հանուն հայրենիքի զոհվել են, դրա համար արժեր ամբիցիաներ հաղթահարել ու գալ հարգել այդ մարդկանց սխրանքն ու պետության ստեղծումը:
Այդ բազմագլուխ կոռուպցիան
Նոր կառավարության ԱԱԾ կառույցն այս շաբաթ քանդեց կոռուպցիոն սխեմաներից մեկը գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում, որի արդյունքում պետությանը չի վճարվել 7 միլիարդ դրամից ավելի հարկ: Ապա կոչ արեց եւս 11 առեւտրային ընկերությունների, որոնք նույն տիպի սխեմաներով շրջացել են հարկերը, ինքնակամ բացահայտել շրջանցված գումարը եւ մուծել պետբյուջե:
Նոր կառավարությունն, այսպիսով, գործնական քայլեր է անում ստվերը սպիտակ դաշտ բերելու եւ խաղի օրինական կանոններ հաստատելու ուղղությամբ: Ի դեպ` եթե կառավարությունն ուզում է կոռուպցիոն սխեմաներից իսկապես ազատվել, զուգահեռ պետք է վերանայի այն բոլոր օրենքներն ու օրենսդրական ակտերը, որոնք այդ սխեմաների համար սողանցքներ են թողնում, թույլ տալիս հակաօրինական պայմանավորվածություններ, ավելին` հատուկ դրա համար են ստեղծվել: Այլապես ճիշտ դուրս կգան այն գործարարները, որոնք վստահ են` սպիտակով աշխատելու ժամանակ «տակ են տալու»: Համենայնդեպս` վարչապետ Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ եւ նրանց այս կարգի բողոքները արդեն լսել, ասել, որ ոչ մեկին զիջում չի լինելու, ոչ մեկից ձախ գումարներ չի պահանջելու:
Իհարկե, այն փաստը, որ գործարարներն այլեւս ստվերային մեծ գումարներ չեն վճարելու` իրենց համար տանիք դարձած ղեկավարների եւ սեփական կուսակցության (այս դեպքում` ՀՀԿ-ի) չվերջացող կարիքները հոգալու համար, արդեն իսկ կոռուպցիայի, այդ թվում քաղաքական կոռուպցիայի մի դուռ փակում է, նաեւ` ընտրությունների շրջանում տանիքի թույլատրած գերշահույթներից որպես ընտրակաշառք բաժին հանելու պրակտիկայի դուռը: Սակայն առանց դրա էլ մեր գործարարների մեջ խորը նստած է օրենքները շրջանցելով գերշահույթ ստանալու սովորույթը, ու Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում կոռուպցիոն սխեմաներով հարկերից խուսափելու մեթոդն անպայման բազմաթիվ այլ ընկերություններ էլ են կիրառել, ընդ որում` դա քվոտային բիզնեսի պայմանավորվածությունների մեջ է եղել, կոռուպցիոն սխեմա` կլորիկ հատկացումներով իրենց տանիքներին: Ինչ է ստացվում` Հայաստանում ստեղծված է եղել ինքնաբավ շրջանակ, որտեղ օրենքից դուրս որոշել են ով` որքան գերշահույթ պետք է ստանա, ինչ սխեմաներով, դրանից որքանը պետք է տա դեպի վերեւ, որքանը եւ որ լրատվամիջոցին` որպես «գովազդային» գումար, ով պետք է ունեա արտոնյալ բիզնես անելու իրավունք եւ այլն: Իսկ մնացած գործարարները օտարներ ու խորթ զավակներ են եղել:
ԱԱԾ-ի այս բացահայտումին պետք է հետեւի պետությունից հարկերը թաքցնելու միջոցով բոլոր մյուս ընկերությունների`ստվերից դուրս բերումը, շեշտը դնելով ոչ թե անպայման պատժելու վրա, քանի որ պետության արատավոր համակարգի սահմանա՛ծ խաղի կանոններն են այս բարքերը թելադրել, այլՙ թաքցվածը պետբյուջե ուղարկելու, անցյալի գերշահույթներից պետության հասանելիքը պետությանը վերադարձնելու: Իսկ բոլոր գործարարներին շատ կոշտ պետք է հասկացվի` արտոնյալներ այլեւս չեն լինելու: Եթե լինեն արտոնյալներ ու ներկա կառավարության հովանավորյալներ` սկզբունքը չի աշխատի, հեղափոխությամբ ստացված վստահությունը եւս կկորսվի.«Անօրինականություն չպետք է լինի, եւ եթե պետք է դրա համար գին վճարել, ապա պետք է վճարել», երեկ այդ առթիվ ասում էր ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը , որը հավանաբար բոլորից ավելի լավ գիտե, թե ինչ էր կատարվում մինչեւ այժմ, քանի որ համակարգի հնաբնակներից է:
Նշանային լուր էր նաեւ բարձրավոլտ էլեկտրացանցերը «Տաշիր կապիտալին» հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը չեղյալ համարելը:Առհասարակ` բանը պետք է հասնի պետության համար նշանակալից բոլոր այն կառուցվածքների հավատարմագրային կառավարման, սեփականաշնորհման գործարքների վերազննմանը, որոնք կարող էին էական մուտքեր ապահովել բյուջե, բայց հիմա հարստացնում են մասնավոր անձանց, ընդհուպ այլ պետությունների քաղաքացիների: Հայաստանն այնքան հարուստ չէ, որ հանքերը, ջուրը եւ էլեկտրացանցը տա ուրիշների կառավարման` առանց խորամուխ լինելու նրանց կիրառած զանազան մեքենայությունների մեջ, մենք չենք կարող հանդուրժել այսպես կոչված «լեվի գծերով» ջրի, գազի, հոսանքի տրամադրումը զանազան մեծահարուստների ավտոլվացման կետերին կամ ձեռնարկություններին` տրամադրողի անձնական շահի դիմաց կորուստները դուրս գրելով սակագնի բարձրացման վրա եւ կողոպտելով մեր բնակչությանը:
Նիկոլի «Քայլի» սկզբին զուգահեռ շաբաթվա մեջ, երբ դեռ ոչ ոք չէր հավատում, որ իշխանափոխություն կարող է լինել, «Ազգն» այսպիսի հրապարակում ուներ` «Ով կկազմի Հայաստանն այս վիճակից դուրս բերելու բիզնես պլանը», որտեղ աղբյուրներ էինք որոնում` Հայաստանի ահռելի արտաքին պարտքը մարելու: Էս է, աղբյուրները կարծես գտնվում են` կոռուպցիոն սխեմաների բացահայտումից, շահով սեփականաշնորհումը կամ հավատարմագրման հանձնելը քանդելուց, առհասարակ ստվերը լույս բերելուց սպասվելիք գումարները… Մի ուրիշ մեծ խնդիր է վարկերի օգտագործման անարդյունավետությունը քրքրելը, վարկեր, որոնք ծանր նստած են պետական պարտքի մեջ, ծանր ժառանգություն ստացած կառավարությունը երեւի մի օր էլ կհասնի վարկերի օգտագործման կոռուպցիոն սխեմաներին: Անգամ` ԵՄ համաձայնագրերով ստացվող դրամաշնորհներին ու բյուջետային ներարկումներին, որոնց մասին երեկ, անցած տարվա բյուջեի հաշվետվության` ԱԺ հանձնաժողովներում քննարկումների ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում էր, թե դրաք փոշիացվում են անկապ ծրագրերի վրա:
Պակաս կարեւոր չեն երկրում օրինականության հաստատման եւ հանրության վստահությունը ամրապնդելու քայլերը` անպատժելիությունը արմատախիլ անելով. երեկ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին ցուցարարների հանդեպ տեղի ունեցած վայրենի բռնությունների կազմակերպման մեղադրանքով հինգ անձ է ձերբակալվել, այդ թվում` Մասիսի քաղաքապետն եւ փոխքաղաքապետը: Բա կարծում էիք` էլեկտրաշոկով մարդ կծեծեք ու կմարսե՞ք: Այս երկրում այլեւս պետք է իմանան` անձնական բանդաները մեր կյանքոււմ տեղ չպիտի ունենան:
ՀՀԿ-ն կմաքրվի՞
Ինձ համար, իհարկե գաղտնիք չկար, որ իշխանության հովանավորությամբ տարբեր կոռուպցիոն սխեմաներ էին գործում բիզնեսում, պետկառույցներում: Սակայն դրա բացահայտումն («Երեւան սիթի», «Նորֆոլկ Քոնսալթինգ»` ՊԵԿ-ում) աչքն ի տես` արդեն ի ցույց է դնում ողջ համակարգի մերկությունը: Եւ ուզում եմ հարցնել ՀՀԿ-ում եղած իմ այն ընկերներին, որոնց ազնվությանը չեմ կասկածել ու հիմա էլ չեմ կասկածում. այս համակարգին էիք, հա՞, նվիրված: Եթե գիտենալով եք նվիրված եղել` աններելի է, եթե ինքնախաբեությամբ էիք զբաղվում` միգուցե մասամբ ներելի է, իսկ եթե չգիտեիք, հիմա հանգիստ կարող եք հայտարարել, որ ձեր սկզբունքները չարաշահող համակարգի գերին չեք ուզում լինել, ու` կա՛մ դուրս գալ ՀՀԿ-ից, կա՛մ, եթե, այնուամենայնիվ, ձեզ համար թանկ է ՀՀԿ գաղափարախոսությունը` ՀՀԿ-ից դուրս հրավիրել բոլոր նրանց, ովքեր միացած են եղել պետականության տունը քանդող համակարգին, այդպիսով փրկելով ՀՀԿ-ն: Նույն կերպ ուզում եմ հարցնել` ո՞ւմ համար եք ուզում պահել ներկա խորհրդարանի դասավորությունը, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեք տեսնում` կոռուպցիոն սխեմաների մասնակիցների՞, որոնք լիուլի են ձեր շարքերում: Մաքրվեք դրանցից, դարձեք կուռ, գաղափարական կուսակցություն, ընդունեք ձեր մեղքերը, եւ միգուցե այդ մաքրված ՀՀԿ-ով ներկայացված լինեք նոր խորհրդարանում: Մանավանդ` որ դրա հնարավորությունը անցած տարիներին ունեցել եք, բայց չեք արել: Իսկ Շիրակ Թորոսյանի կամ մյուս ՀՀԿ-ից հեռացածին(ներին) հետին թվով սպառնալն անընդունելի է` գոնե Շիրակ Թորոսյանին շատերս համարում ենք հայրենասեր ու կոռուպցիոն միջավայրից հեռու մարդ:
Արտաքին վերբեռնում
Արտաքին ուղղությունը Հայաստանի համար ամենակարեւորներից է, այն, առավել քան երբեւէ, պետք է արդյունավետ դառնա հիմա, երբ պետությունը փորձում է տեղավորվել օրինականության եւ ժողովրդավարության իմիջի մեջ` նաեւ արտաքին բարենպաստ կապեր եւ ներդրումահեն մթնոլորտ ստեղծելով: Դա պետք է արվի բազմաքայլ միջոցառումներով, հատկապես քնած կամ իրենց անձնական շահի համար աշխատող դեսպաններին ավելի ձեռնհասներով փոխարինելով եւ Հայաստանի առաջնահերթությունները նորովի գույքագրելով: Միայն վերջին տեղեկությունը, թե ինչպես Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը չի նպաստել, որ միջազգային բացասական արձագանքի արժանանա Չեխիայի եւ Ադրբեջանի միջեւ զենքի` շարժական հրթիռանետների, հրանոթների «Դանա» ինքնագնաց համակարգի անօրինական վաճառքի գործարքը, արդեն ցուցիչ է: Այսպիսի դեսպաններից պետք է ազատվել:
Իսկ այս պահին, երբ Նախիջեւանում թուրքական ներկայությունը շոշափելի է դարձել, եւ մեր ռազմատենչ հարեւանն ինչ-որ խլուրդային շարժումներ է անում այնտեղ, դիրքեր փոխում, պաշտպանական խնդիր լինելուց զատ`այս կարգի խնդիրները մեր մյուս հարեւանների հետ Հայաստանի ակտիվանալու նոր շարժառիթ պետք է դառնան, բարեկամների հետ կապերը պրագմատիզմից մի աստիճանով վեր բարձրացնելու, մարդկային պարզ շփումներով նաեւ հարեւաններին կապերը սերտացնելուն ուղղված քայլերով: Այս առումով Հայաստանի վարչապետի` ՌԴ այցից հետո երկրորդ, իսկ ընդհանրապես` պաշտոնական առաջին այցը մեր բարեկամ Վրաստան`կարելի է Հայաստանի արտաքին նոր որակի շփումների համատեքստում դիտարկել: Ջերմ եւ փոխհասկացողության մթնոլորտում անցած վարչապետ Փաշինյանի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգիլաշվիլիի հետ ի ցույց հանեցին նոր վերաբերմունք` ժողովրդի վստահությամբ օժտված Հայաստանի ղեկավարի հանդեպ, հանդիպումներն առհասարակ աչքի ընկան հայ-վրացական կապերին նոր ազդակներ հաղորդելու երկկողմ մտադրություններով: Միայն թե չգիտես ինչու` սա Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ այնքան էլ տեսանելի չեղավ, ու հարկ եղավ այլ աղբյուրներից ծանոթանալ Փաշինյանի վրացական օրակարգի լիարժեք պատկերին:
«Վրաստանի հետ հարաբերությւոնների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, մեր միջեւ անլուծելի հարցեր չկան», ասել է Հայաստանի վարչապետը իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում` քննարկելով փոխգործակցության եւ տարածշրջանային խնդիրների լայն համապատկերը:Հաճելի էր հետեւել զույգ վարչապետների` մամուլի համար խոսքի ուղիղ հեռարձակմանը: Գոհ մնացինք նաեւ վարչապետ Փաշինյանի` primeminister.am էջի մանրակրկիտ լուսաբանումից: