Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՄՊԵՈՅԻ ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

ԵՄ միահամուռ հակազդեցությունն ԱՄՆ-ի ճնշմանը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն , Վաշինգտոնում Heritage Foundation-ում ելույթ ունենալով, ուրվագծել է այն միջոցառումների ամբողջությունը, որոնք ամերիկացիները մտադիր են իրականացնել Թեհրանի նկատմամբ: Փորձագետները դրանք անվանում են «ամենակոշտ պատժամիջոցները պատմության մեջ»: Ընդսմին Պոմպեոն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարությունն այսուհետեւ կիրականացվի 2015թ. Իրանի միջուկային բազմակողմ համաձայնագրի պայմաններից անկախ: Նա շեշտել է Իրանի հետ միջուկային նոր գործարքի կնքման կարեւորությունը, բայց դրա համար իրանցիները պետք է կատարեն ԱՄՆ-ի տասներկու պայման:

Պետքարտուղարի խոսքերով, Իրանն ունի սեփական ժողովրդին պաշտպանելու, բայց ոչ ուրիշ երկրների ժողովուրդներին սպառնացող գործողությունների իրավունք: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդման համաձայն, Թեհրանին ներկայացվում են հետեւյալ պահանջները. ամեն մի նոր համաձայնագրի շրջանակներում Թեհրանը պարտավոր է դադարեցնել միջուկային զենքի մշակումներըՙ հրաժարվելով ուրանի հարստացումից եւ երբեւիցե չձեռնարկելով պլուտոնիումի հարստացման փորձեր, ինչպես նաեւ երկրի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի տեսուչներին միջուկային օբյեկտներ մտնելու հնարավորություն ընձեռել: Բացի դրանից, Իրանը պարտավոր է դադարեցնել բալիստիկ հրթիռների տարածումը եւ ապակայունացնող գործունեությունը Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ ազատ արձակել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից երկրների բոլոր քաղաքացիներին:

Պոմպեոն պահանջել է, որ Թեհրանն այլեւս չօգնի Մերձավոր Արեւելքի զինված կազմավորումներին, այդ թվում լիբանանյան «Հզբոլլահին», պաղեստինյան «Համասին», Եմենի հութի ապստամբներին եւ Աֆղանստանի թալիբներին: Եթե Իրանը կտրուկ չփոխի իր ուղեգիծը, ապա Վաշինգտոնը նրա վրա աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրի: Պետքարտուղարը ընդգծել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կիրականացվեն Պենտագոնի եւ երկրի տարածաշրջանային դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ: Հարկ է նշել, որ այդ պայմանները հիշեցնում են ավելի շուտ վերջնագիր, որը նման է բոլոր ճակատներում Իրանի դեմ ձեռնարկվող մարտական գոծողությունների: Սա առաջին:

Երկրորդ, պայմանների պահանջների ամբողջությունը այնքան համապարփակ բնույթ է կրում, որ դա, ինչպես նշում է Իրանա-ամերիկյան ազգային խորհրդի նախագահ Տրիտա Պարսին , «անիրատեսական է եւ դատապարտված է ձախողման: Դա ոչ թե բանակցությունների, այլ պատերազմի բաղադրատոմս է»:

Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Պենտագոնի հիշատակումը ենթադրում է ռազմական սցենար, իսկ ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներինըՙ դիվանագիտական սցենար: Նման կոնկրետացումը բացառում է ամերիկացիների կողմից Իրանի միջուկային գործարքի մյուս մասնակիցներիՙ ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներգրավումը:

Տարասովի կարծիքով, հազիվ թե պատահական զուգադիպություն համարվի Պոմպեոյի ծրագրի հրապարակումը եւ Եվրոհանձնանաժողովի կողմից անցյալում չկիրառված 1996 թ. շրջափակող օրենքի ընդունումը, որով եվրոպական ընկերություններին արգելվում է պատժամիջոցներ ձեռնարկել Իրանի դեմ: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը Իրանի առնչությամբ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Եվրոմիության դեմ, եւ ոչ միայն: Հակաիրանական պատժամիջոցները խախտող եվրոպական ընկերությունները կարող են պատժի ենթարկվել, եթե գործում են ԱՄՆ-ի տարածքում:

Ըստ էության, ընկերությունները կանգնած են ընտրության առջեւ. ամերիկյա՞ն, թե՞ իրանական շուկա: Եվրոպական մի քանի խոշոր ընկերություններ արդեն հեռացել են Իրանից: Խոսքը մասնավորապես ֆրանսիական նավթային Total-ի եւ Engie էներգետիկ ընկերության մասին է: Այնպես որ բաց է մնում ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը շրջափակելու եվրոպացիների հնարավորության հարցը: Դրա նպատակը պետք է լինի ճնշման նվազեցումը Իրանի եւ Եվրոմիության վրա:

Թեհրանն օգտագործում է տվյալ հանգամանքըՙ ասելով, որ եթե միջուկային համաձայնագրի եվրոպացի մասնակիցները չկատարեն առեւտրատնտեսական համագործակցությանն ուղղված պայմանները, ապա Իրանը սեփական միջուկային ծրագիրը վերսկսելու որոշում կընդունի: Սա ամերիկացիների նոր գործողության մի կողմն է:

Երկրորդ կողմը վերաբերում է ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների մասնակցությանը: Խոսքը գլխավորապես Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի մասին է, որոնք իրանական գործարքի ամենամոլի հակառակորդներն են: Ըստ որում, Էր-Ռիադը եւ Թել-Ավիվը տարբեր ձեւերով ներքաշված են մերձավորարեւելյան հակամարտությունների մեջ: Իսրայելը, բացի Պաղեստինի հարցից, հակամարտություների մեջ ներքաշված է առայժմ անուղղակի կերպով:

Սակայն ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելը եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելը սահմանափակում են իրանական եւ մյուս միջուկային սպառնալիքների դեմ-հանդիման սաուդցիների մանեւրելու հնարավորությունները: Այդ պատճառով, Վաշինգտոնի հրապարակած նոր պայմանները ավելացնում են մեծ պատերազմի վտանգը Մերձավոր Արեւելքում:

Բայց խոսքը ոչ թե ԱՄՆ-ի եւ Իրանի, այլ Իսրայելի եւ Իրանի պատերազմի մասին է: Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքում արդեն իսկ գործի է դրել երկարաժամկետ գործողության սցենար, որի ընթացքում կարող են տեղի ունենալ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխություններ: Ամերիկացիների սկսած խաղը վաղ թե ուշ մերձավորարեւելյան երկրներին, ապա նաեւ Անդրկովկասին եւ առաջին հերթին Ադրբեջանին կստիպի ընտրություն կատարել:

Խաղի վերջնական նպատակը կարող է լինել Իրանի միջուկային գործարքի պայմանների վերանայումը: Սակայն Թրամփի պահանջներին ի պատասխանՙ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասում է, որ «հռետորաբանության եւ սպառնալիքների դարաշրջանը վաղուց անցյալի գիրկն է անցել: Ովքե՞ր եք դուք, որ վճիռներ եք կայացնում Թեհրանի եւ ամբողջ աշխարհի համար: Այսօր աշխարհը չի համակերպվում այն բանին, որ Վաշինգտոնը որոշումներ է ընդունում ամենքի համար: Երկրներն ունեն անկախություն»: Ռուհանին ավելացնում է, որ Իրանը չի հեռանա Սիրիայից:

Իրանցիների հակազդեցությունը հասկանալի եւ բացատրելի է: Բայց դա առայժմ միայն առաջին հուզական հակազդեցությունն է: Վաշինգտոնը Թեհրանից փաստորեն պահանջում է արմատապես փոխել տարածաշրջանային քաղաքականությունը:

Վերջին շաբաթներին նախագահ Թրամփի կատարած քայլերը խարխլում են ԱՄՆ-ի հարաբերությունները միջազգային մի շարք սուբյեկտների հետ: Բերենք մի քանի օրինակ:

Եվրոպայում արդեն ի հայտ է եկել դաշինք, որն անվանակոչել են «դաշինք ՄՄՄ», քանի որ այն գլխավորում են երեք մեծ տերությունների ղեկավարներըՙ Մերկելը, Մակրոնը եւ Մեյը: Նրանք հրաժարվել են ԱՄՆ-ի հրամանով դուրս գալ Իրանի միջուկային գործարքից: Եվրոմիությունը նաեւ պահանջում է, որ Վաշինգտոնը չեղյալ հայտարարի եվրոպական արտադրանքների վրա սահմանվող մաքսատուրքերը:

Եվրոմիությունը շրջափակում է ամերիկացիների հակաիրանական պատժամիջոցները: Եվրոհանձնաժողովը կիրառության մեջ է դրել վերոհիշյալ 1996 թ. օրենքը, որը ԵՄ ընկերություններին հնարավորություն է տալիս փոխհատուցել պատժամիջոցների հետեւանքով իրենց կրած կորուստները, ինչպես նաեւ ի չիք է դարձնում այս կապակցությամբ օտարերկրյա, տվյալ դեպքումՙ ամերիկյան դատարանների կայացրած վճիռների հետեւանքները Եվրոմիության համար:

Իրանը Եվրոմիության հետ ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ամերիկյան պատժամիջոցների պայմաններում դեպի ԵՄ իրանական նավթի արտահանումներով: Եվրոմիությունը մտադիր է իրանական նավթի դիմաց ամերիկյան դոլարի փոխարեն վճարել եվրոյով:

Ֆլորենցիայում օրերս կայացած կոնֆերանսում Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Եվրոպային անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ բանակ: Իսկ դա նշանակում է ՆԱՏՕ-ի ճգնաժամ, որի անդամ եվրոպական երկրները չեն ուզում վճարել կանոնադրությամբ նախատեսված ՀՆԱ 2 տոկոսը: Ներկայումս անդամավճարները ԱՄՆ-ի հետ ընդհանուր դրամարկղին հանձնելու փոխարեն Երոմիությունը մտադիր է փողերը ծախսել սեփական բանակի ստեղծման նպատակով: Դա Հին եւ Նոր աշխարհների տարանջատման եւս մեկ արտահայտություն է:

Թրամփը ճնշում է գործադրում Գերմանիայի վրաՙ պահանջելով չեղյալ հայտարարել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը, եւ գերմանացիներին սպառնում է առեւտրական պատերազմով: Ի պատասխանՙ Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելը հայտարարեց, որ պայմանագիրը մնում է ուժի մեջ: Նա հավելել է, որ «Եվրոպան չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշմանը եւ չի կարող հույս դնել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի վրա»:

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը իր հերթին խստիվ քննադատել է իր անվանակից Թրամփի քաղաքականությունը. «ԱՄՆ նախագահի որոշումներին հետեւելովՙ կարելի է վերհիշել հայտնի ասացվածքը, թե նման բարեկամներ ունեցողը թշնամիների կարիք չունի: Եվրոմիությունը պետք է երախտապարտ լինի Դոնալդ Թրամփին. հենց նրա շնորհիվ եվրոպացիները ձերբազատվեցին պատրանքներից: Հիմա այստեղ հասկանում են, որ հարկավոր է հույս դնել միայն սեփական ուժերի վրա»:

Եվրոմիության առեւտրի հանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը սպառնացել է Վաշինգտոնի կողմից պողպատի եւ ալյումինի տուրքերի սահմանման դեպքում կիրառել «եռակի հակազդեցություն»: Դրանով նկատի են առնվում Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի դեմ հայցի ներկայացումը, եվրոպական արտադրողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները եւ տուրքերի հաստատումը ամերիկյան ապրանքների վրա, ներառյալ պողպատաձուլական արդյունաբերության արտադրանքները, նարնջի հյութը, ջինսերը, վիսկին եւ «Harley-Davidson» մոտոցիկլետները:

Ֆրանսիայի տնտեսության եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերի բնորոշման համաձայն, Ամերիկան իրավունք չունի լինելու մոլորակի տնտեսական ժանդարմը: Նրա խոսքերովՙ ամերիկացիները հարգում են միայն ուժի ցուցադրումը:

Սոֆիայում օրերս ավարտված ԵՄ գագաթաժողովը ակնբախորեն ցույց տվեց, որ Եվրոմիության բոլոր քսանութ երկրները համակարծիք են հակաամերիկյան դիրքորոշման մեջ: Նույնիսկ ավանդաբար ամերիկամետ համարվող բալթյան հանրապետություններըՙ Լեհաստանը, Ռումինիան եւ մյուսները համերաշխվեցին մյուս եվրոպացիների հետ: Սրա պատճառը գագաթաժողովի նախօրեին բացահայտված այն իրողությունն էր, որ յանկիները Մերձբալթիկայի եւ Լեհաստանի վրա հսկայական ռազմատուգանքներ են դրել Երկրորդ աշխարհամարտի համար:

Խոսքն այն մասին է, որ Դոնալդ Թրամփի հրապարակած 447 հրամանի համաձայն, միայն լեհերը պետք է 300 մլն դոլար փոխհատուցում վճարեն հրեաներին: Պետքարտուղարը պետք է 18 ամսվա ընթացքում հաշվետվություն ներկայացնի աշխարհի 46 երկրներում հրեաների կորցրած ունեցվածքի վերաբերյալ: Խոսքը առաջին հերթին Հոլոքոստի ժամանակ կորսված սեփականության փոխհատուցման մասին է:

Հանրապետական եւ դեմոկրատ 57 սենատորներ Կոնգրեսին ուղարկած նամակում նշում են, որ Լեհաստանը Եվրոպայի վերջին մեծ երկիրն է, որը մինչեւ օրս փոխհատուցում չի վճարել: Եվրոմիությունում առավել ամերիկամետ հանդիսացող լեհերը այժմ իրենք են զգում Վաշինգտոնի դավաճանության հետեւանքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՔԵՂ ԱՐՁԱՆ ԵՎ ԱՂԲԱՆՈՑԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՏՈՒՆ. ԴՐԱՆՔ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆՆ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԳԻՆԵՁՈՆ-ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՆԵՁՈՆ-ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԳՄՍՆ-ը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր. Գորիսի պետական քոլեջն անժամկետ գործադուլ և դասադուլ է հայտարարել

06/10/2025

Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և...

ԿարդալDetails

Մինչև չլինի 54 ստորագրություն, մենք իմպիչմենտի թուղթը մուտք չենք անելու. մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու. Մամիջանյան

06/10/2025

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

06/10/2025

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական