ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն անցյալ շաբաթ հավաքել էր որոշ լրատվամիջոցների ղեկավարներին մեկ սեղանի շուրջը: Այլ երկրում այս լուրն արդեն իսկ սենսացիա կլիներ, բայց մեր պարագայում սա համարվում է թափանցիկ աշխատանք, բացի այդՙ սենսացիան դեռ առջեւում է: Պարոն Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր, ուշադրություն, չգիտեն, որ մեծահարուստ են եւ հարկ չեն վճարում կամ թերանում են այդ պետականամետ, հայրենասիրական քայլն անելիս: Ավելին, ԱԱԾ տնօրենը նշել է, որ Հայաստանում նման 350 մարդ կա: 350, այսինքնՙ ոչ թե 300, կամ 400, կամ շուրջ, մոտավորապես, ավելի քան 350, այլ հենց 350: Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն արդեն իսկ գիտի, թե ովքեր են այդ մարդիկ, հակառակ պարագայում ԱԱԾ տնօրենը հստակ չէր նշի նրանց թիվը: Պարոն Վանեցյանը նաեւ նշել է, որ շուտով այդ անունները կհրապարակվեն եւ կլինեն սենսացիոն բացահայտումներ: Հարկ է նկատել, որ ԱԱԾ-ն, որի առաքելությունը, այն էլ մեզ նման պատերազմող երկրում, ամենեւին էլ կոռուպցիայի դեմ պայքարը չէ, հենց այնպես չի որոշել ավելի ուժգին պայքարել կոռուպցիայի դեմ: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , երբ ԱԱԾ-ում ներկայացնում էր նոր տնօրեն Վանեցյանին, հստակ հրահանգավորեց, որ այս կառույցն այսուհետ պարտավոր է ավելի խիստ պայքար մղել աննահանջ կոռուպցիայի դեմ: Բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավատում, որ Հայաստանը կարող է հաղթահարել կոռուպցիան, վարչապետ Փաշինյանը հիշեցրեց «Իմ քայլը» շարժումը, երբ մեկնարկեց Գյումրիից. ոչ ոք չէր հավատում, որ կվերածվի համաժողովրդական շարժման: Մի խոսքով, ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարում է վարչապետի հանձնարարությամբ, որն, ի դեպ, երբ ԱԱԾ տնօրենը հայտարարեց 350 անունների առկայության մասին, շեշտեց, որ եթե այդ անունների մեջ նույնիսկ իր մերձավորները լինեն, ապա միեւնույն է` պետք է պատժվեն: Այս առումով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդեն իսկ հայտարարել է, որ «կոռումպացված 350 անունների» հրապարակման կապակցությամբ ինքը հանգիստ է, բայց սաՙ իմիջիայլոց:
Այս պատմությունն ուշագրավ է ոչ այնքան պարզելու, թե ովքե՞ր են այդ 350 մարդիկ, որոնք տարիներ շարունակ կերել են մեր փողերն ու որոշ դեպքերում նաեւ մեզ, այլ այն առումով, թե ինչո՞ւ են ուշացնում նրանց անունների հրապարակումը: Ցուցակնե՞րն են ճշտում, վերաբերմո՞ւնք են ակնկալում… Դե ասենք Պողոս Պողոսյանը, ով, օրինակ, բանան է ներկրում Հայաստան, կամ Պետրոս Պետրոսյանը, որի շնորհիվ մենք շաքարավազ ունենք, առանձին-առանձին մոտենում են ցուցակը կազմողներին ու նախ ճշտումՙ կա՞ն իրենց անունները, իսկ երբ պարզում են, որ կան, առաջարկում են իրենց հանել, շնորհակալությունով-բանով, անշուշտ: Եթե ոչ, եւ հուսանք որ ոչ, ապա ինչո՞ւ է ուշանում 350 անունի հրապարակումը, այլ պատճառ կա՞: Հնարավոր է, իհարկե, որ իրականում այդ ցուցակում դեռ 347 անուն է ներառված, բայց քանի որ ԱԱԾ տնօրենը հստակ նշել է 350, հիմա փնտրվում է եւս 3 մարդ, ովքեր հարուստ են, բայց իրենք չգիտեն, որ հարուստ են ու հարկ չեն վճարում, իսկ Հայաստանում հարուստ մարդ, որը նաեւ հարկ չի վճարում, բավականին բարդ է գտնելը, կարելի է ասել չկան էլ, մանավանդ հիմա, երբ ողջ Հանրապետության տարածքում չդադարող տեղումներ են եւ… սեր:
Եւ վերջապես հնարավոր է, որ մեր պետական գերատեսչությունները այս պահին դեռ չեն կողմնորոշվում, թե նրանցից ո՞ր մեկը պետք է զբաղվի հատկապես կոռուպցիայի դեմ պայքարով, հետեւաբարՙ այս անունները պետք է հրապարակվեն, մանավանդ որ մենք այնքան շատ ունենք հանցագործությունների դեմ պայքարող մարմիններ, որ նրանցից շատերը հստակ չեն էլ պատկերացնում, թե որտե՞ղ են սկսվում եւ ավարտվում իրենց լիազորությունները:
Իրականում, ճիշտ չէ կոռուպցիայի դեմ պայքարը նախ պետական մարմնին վստահելը, այն պարզ պատճառով, որ կոռուպցիան հենց այդ մարմիններում է առաջինը լինում: Բացի այդ, ճիշտ չէ հավատալը, որ հնարավոր է իսպառ վերացնել կոռուպցիան, առավել եւս ճիշտ չէ կոռուպցիայի դեմ պայքարը համեմատել «Իմ քայլը» շարժման հետ: Բանն այն է, որ հեղափոխություն չի լինում, որպեսզի կոռուպցիան վերանա, այլ լինում է, որպեսզի փող վերցնողները կամ հարկ չվճարողները փոխվեն: