Ապրիլի 24-ին Բելգիայի տարբեր քաղաքներից մեր հայրենակիցներն իրենց հարգանքի տուքն էին բերել Բրյուսելՙ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ անմեղ նահատակների, որից հետո ներկաները քայլերթով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող խաչքարՙ մատուցելու ոգեկոչման արարողություն։
Ամեն տարի այս օրը օտարության մեջ մեր հայրենակիցները մենակ չեն իրենց վշտի հետ։ Հայ ժողովրդի սուգը կիսում են նաեւ բելգիական իշխանության, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ օտարերկրյա համայնքների, հասարակական կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ։ Ամեն տարի այս օրը հավատարմորեն բազմաթիվ եւ բազմաշերտ հասարակություն է հավաքվում խոնարհվելու, ծաղկեպսակներ դնելու, թուրքական յաթաղանի զոհ դարձած անմեղ զոհերի հուշարձանին։ Հայ երիտասարդները դեռ ապրիլի 23-ի ուշ երեկոյից սկսած, մոմավառության արարողություն են անցկացնում խաչքարի շուրջը։ Եվ անկախ քաղաքական ու այլ տարակարծություններից, այդ օրը բոլորը միահամուռ բռունցք են դառնում։
Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը խաչքարի մոտ խոսելով Թուրքիայի ժխտողակն քաղաքականությունից նշեց, որ «այս ցավն անանց է» եւ ցավալիորեն անվերջ է թվում Թուրքիայի համառ եւ բութ ժխտողակնությունը, բայց նրանք պետք է հասկանան, որ արդեն հարյուր երեք տարի է։Սերունդներ են փոխվել, փոխվում են իշխանություններ, բայց այս հավաքները շարունակում են մնալ բազմամարդ։ Հայ ժողովուրդը նույն հաստատակամությամբ ամեն տարի հավաքվում, հիշում եւ նշում է անմեղ զոհերի հիշատակը։ Եվ այն,որ բազմաթիվ երիտասարդներ ամեն տարի ներկա են, սա լավագույն ուղերձն է Թուրքիային, որ Հայ դատը երբեք չի նվազելու եւ Թուրքիան պետք է ընդունի իրականությունը եւ հասկանա, որ այս պայքարը չի մարելու»։ Համառոտ անդրադարձ կատարելով դեսպանը նշեց, որ Բելգիան ամբողջությամբ ճանաչել եւ լրացրել է այն փոքրաթիվ պետությունների շարքը, որտեղ միայն խորհրդարանները չէ, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության դեռ հարյուր ամյակին ընդառաջ, համայնքի հայկական կազմակերպություններիՙ Հայ դատի, ՀԲԸՄ-ի, Անթվերպենում գործող միությունների աջակցությամբ հաջողվել է ցեղասպանության ճանաչման չորս կարեւոր բանաձեւ ընդունել։ Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւը եւս հզոր ուղերձ էր ուղղված Թուրքիային։ Դեսպանը համոզմունք հայտնեց, որ այս ուղղությամբ պայքարը շարունակական է լինելու։
Խաչքարի մոտ հարգանքի խոսք մատուցեցին նաեւ Բելգիայի կառավարության, տարբեր համայնքների եւ միությունների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուրը դատապարտելով թուրքական ոճրագործությունն ու համառ ժխտողականությունը, համակարծիք էր, որ չընդունել անցյալըՙ դարձյալ ոճրագործություն է։
Բրյուսելի հայկական եկեղեցու հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը կարեւորելով խաչքարի խորհուրդը նշեց, որ «Խաչքարը հայոց պատմության անցյալի, ներկայի եւ ապագայի խորհրդանիշն է, այն իր մեջ կրում է արժեքներ հայ հավատքի, ինքնության, սիրո։ Խաչքարը հայտնության խորհրդանիշն է հավատքի, սիրո եւ հույսի, բայց սա անցյալ չէ միայն, այն նաեւ ապագա է»։