Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը որոշել է այլեւս չզբաղվել Հայաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելով ու այդ գործը վստահել է մասնավոր օտարերկրյա ընկերության: Ինչպես նշում են դեսպանատնիցՙ հայտարարվել է մրցույթ, որտեղ հաղթել է «Վիզամետրիկ» անունով մի ընկերություն, որի հետ էլ դեսպանատունը երեք տարվա պայմանագիր է ստորագրել ու, ինչպես հայտնել է Երեւանում Գերմանիայի դեսպան պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերն անձամբՙ այսուհետ հայաստանցիները Գերմանիա կամ Ավստրիա մուտքի շենգենյան վիզա ստանալու համար պետք է իրենց տվյալները ներկայացնեն հենց «Վիզամետրիկ»-ին, որն էլ դրանք ուսումնասիրելուց հետո կա՛մ կտրամադրի մուտքի թույլտվություն, կա՛մՙ ոչ:
Թե ինչո՞ւ է ըստ էության պետական նշանակության այս գործընթացը վստահվում մասնավոր ընկերության, այլ հարց է, ու հաշվի առնելով այս պատմության մյուս հարցը, ամենեւին էլ կարեւոր չէ: Բանն այն է, որ «Վիզամետրիկը», այո, զգալի փորձ ունի այս գործընթացում, ավելինՙ այսուհետ նրանք նաեւ Ղազախստանի ու Ուզբեկստանի քաղաքացիների շենգենյան վիզաներով են զբաղվելու (ի թիվս այլ երկրների քաղաքացիների), բայց գրանցված է որպես ռուս-թուրքական ընկերություն, գլխավոր գրասենյակն էլ գտնվում է Ստամբուլում: Ճիշտ է, ընկերության դե յուրե տնօրենը թուրք չէ (ռուս էլ չէ), ճիշտ էՙ դեսպան Քիսլերը շեշտել է, որ «Վիզամետրիկ»-ի երեւանյան գրասենյակում աշխատելու են հայաստանցիներ, բայց փաստացիորեն ընկերությունը ռուս-թուրքական է, ավելի ճիշտՙ միայն թուրքական: Սա նշանակում է, որ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք կցանկանան մեկնել Գերմանիա կամ Ավստրիա ու շենգենյան վիզա ստանալու համար կդիմեն «Վիզամետրիկ»-ին, այս ընկերությանը պարտավոր են ներկայացնել իրենց անձնական տվյալների ողջ բազան, ինչն էլ, մտավախություն կա, որ անմիջապես կտեղափոխվի Ստամբուլ, որտեղ, ինչպես հայտնի է, մենք ոչ միայն դեսպան կամ էլ հյուպատոս չունենք ու մոտ ապագայում հազիվ թե ունենանք, այլեւ նույնիսկ պատրիարք չունենք:
Մի խոսքով, «Վիզամետրիկ»-ին այս գործը Հայաստանում վստահելը առաջացրեց մտահոգություններ, եւ արդարադատության նախարարությունը ժամանակավորապես կասեցրեց ընկերության գործունեությունը, այն էՙ Գերմանիայի դեսպանատան ու ընկերության միջեւ կնքված պայմանագիրը, քանի դեռ «Վիզամետրիկը» չի պարզաբանել, թե արդյոք կարելի՞ է վստահել իրեն ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները, ինչը ընկերությունը խոստացել է անել մի քանի օրում:
Անկեղծ ասածՙ ես չեմ պատկերացնում, որ թուրքական ընկերությունը մեր արդարադատության նախարարությանը պատասխանի, որ գիտե՞ք, եղբայրներ, մենք իսկապես ուզում ենք հավաքել հայաստանցիների անձնական տվյալները, դրա համար գործարքի ենք գնացել Գերմանիայի դեսպանատան հետ: Բնական չէ՞, որ ընկերությունը ամեն կերպ քողարկելու է իր նպատակները ու բնական չէ՞, որ թուրքական ընկերությունը Հայաստանում չի կարող ունենալ լավ նպատակներ: Այսինքն ինչի՞ն է սպասում արդարադատության նախարարությունը, երբ անմիջապես չի կասեցնում «Վիզամետրիկ»-ի գործունեությունը Հայաստանում: Մի՞թե չի կարող նախարարի տեղակալը (քանի որ նախարարը կարող է շատ զբաղված լինել), անձամբ այցելել Գերմանիայի դեսպանատուն, դեսպան Քիսլերի հետ գարեջրի սեղանի շուրջ մի լավ զրուցել ու բացատրել, որ Հայաստանում թուրքական ընկերության գործունեություն արգելված է, եթե դեսպանը չգիտի, ասելՙ քանի որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, ավելինՙ թուրքերըՙ որպես պետություն, ավելի անտանելի են, քան օրինակ Բեռլինի կամ Համբուրգի, Դյուսելդորֆի… փողոցներում, նույնիսկ, երբ բախվում են տեղի քրդերի հետ: Ցեղասպանության մասին կարիք չկա հիշեցնել, քանի որ Գերմանիայի դեսպանը վստահաբար գիտի, թե ի՞նչ փաստաթղթեր են ընդունվում Բունդեսթագում եւ կարծում եմ հրաշալի տիրապետում է իր երկրի պետական արխիվին:
Եթե այսքանից հետո պարոն դեսպանը ինքը չառաջարկի չեղյալ հայտարարել «Վիզամետրիկ»-ի հետ պայմանագիրը, ապա արդարադատության փոխնախարարը կարող է… չէ, չառաջարկել, այլ հայտարարել, որ Հայաստանում թուրքական ընկերություն չի կարող աշխատել, այն էլ հայաստանցիների անձնական տվյալների հետ, ՀՀ քաղաքացիներինՙ երկրից դուրս տանելու նպատակով:
Բայց արդարադատության փոխնախարարը չի այցելել դեսպանատուն, հավանաբար նախարարությունում սպասում են «Վիզամետրիկ»-ի պարզաբանումներին, կամ պահանջում են դրանք, ավելի ճիշտՙ հիշում են եւ պահանջում: