Է. ԵՐԵՎԱՆՑԻ
Ծաղկազարդի օրըՙ մարտի 25-ին, այցելեցինք Թբիլիսի: Էքսկուրսիոն ծրագիրը բավականին հագեցած էր: Այցելեցինք Խոջիվանքի պանթեոն, Հավլաբար, եղանք հայկական եկեղեցիներում (Նոր Էջմիածին, Սուրբ Գեւորգ), տեսանք ժամանակին Թիֆլիսի ամենաբարձր շինությանՙ Շամքորեցոց կամ Կարմիր Ավետարան հայկական եկեղեցու ավերակները:
Ըստ արխիվային վկայագրությունների` ուշ միջնադարում Թիֆլիսում եղել են 24 հայկական եկեղեցի ու վանք: Հայկական գործող եկեղեցիներ են եղել Թիֆլիսի բոլոր թաղամասերում: Ներկայումս պահպանվել է կեսը, մնացածները քանդվել են: XVIII դարում Թիֆլիսի 20000 բնակիչներից 14500-ը եղել են հայեր, 2000-ը վրացիներ: 19-րդ դարի սկզբում քաղաքի 2000 բնակելի տներից 1800-ը պատկանել են հայերին, այդ թվումՙ քաղաքի մշակութային ու վարչական կարեւորագույն շենքերի մեծամասնությունը:
Այցելությունների ընթացքում տեսանք հայկական եկեղեցիների բակերում վրացիք սեղաններ էին դրել եւ ստորագրահավաք էին կազմակերպել: Ինչ-որ մի տպագիր թուղթ էր դրված սեղաններին, որ իբր իրենք թույլտվություն ունեն ստորագրահավաքի: Մեզնից մեկը ուզեց նկարել այդ թուղթըՙ չթողեցին:
Իմացանք, որ ստորագրահավաքը նրա համար էր, որ դիմեն Հայաստանի Հանրապետության նախագահինՙ Վրաստանի հայկական եկեղեցիները նորոգելու պահանջ-առաջարկով:
Ճիշտն ասած ինձ համար դա շատ զարմանալի էր: Հայկական եկեղեցիները սփռված են ամբողջ աշխարհով: Ինձ հայտնի չէ որեւէ երկիր, որն այդպիսի հարցով դիմել է մեր իշխանություններին: Ընդհակառակն: Օրինակՙ Իրանում գտնվող մեր եկեղեցիների ու վանքերի վերանորոգման ու բարեզարդման աշխատանքներն ստանձնել է կառավարությունը, մահմեդակա՛ն կառավարությունը: Հայերն իրենց ավանդն են ներդնում իրենց բնակած յուրաքանչյուր երկրի բարգավաճման գործում եւ տվյալ երկիրն էլ նորոգում է հայկական եկեղեցիները: Իսկ թե Վրաստանում որոշ պաշտոնյաներ ինչպե՞ս են նորոգում, դրան ծանոթ են բոլորը: Երբ սովետական ժամանակներում գնացել էի Վրաստան հայկական դպրոցում դասավանդելուՙ տանիքը կաթում էր: Տնօրենն ասաց, որ 2 տարի առաջ են նորոգել: Պարզվեց, որ հատկացված գումարի չնչին մասն են ծախսել դպրոցի նորոգման վրա, մնացածը յուրացրել են: Շատ եռանդո՜ւն կերպով նորոգում էին նաեւ հայկական եկեղեցիներն ու վանքերը: Դռները փակում էին նորոգման համար: Քանդում էին հայկական եկեղեցուն բնորոշ տարրերը (ավազան, բեմ, որմնաքանդակներ եւայլն), ավելացնում էին վրացականին բնորոշ ճարտարապետական տարրերը, ջնջում էին արձանագրությունները եւ վերաբացում էին որպես վրացական եկեղեցի: Եթե երկու բառով ասենքՙ եկեղեցու գողություն: Օրինակները բազմաթիվ են:
Ծաղկազարդի օրը կազմակերպված ստորագրահավաքն ինչպիսի՞ «նորոգումների» համար էինՙ չգիտեմ:
Հայերն ու վրացիները ապրել են կողք-կողքի դարերով: Այս փոթորկահույզ, անկայուն աշխարհում կուզենայի, որ հետեւեինք պատվիրանինՙ «սիրեցէք զմիմեանս»: Ուրիշ ճար չունենք:
Հարգանքով եմ վերաբերում վրաց ազգին եւ շատ կուզենայի, որ վաշխառուական, չարչիական հարաբերությունները բացառվեին մեր միջեւ: