Կիրակի, մարտի 18-ին, Աֆրինի անկումից հետո սիրիական հակամարտության մեջ ներքաշված գերտերությունները, որոնք Կռիլովի հայտնի առակի կերպարների նման անեն կերպ ջանում են սիրիական սայլը դեպի իրենց շարժել, այժմ համակարծիք են գեթ մեկ հարցումՙ թուրքական ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում նպաստում են «Իսլամական պետության» ջիհադիստների երկրորդ հայտնությանը տարածաշրջանում: Այս գաղափարի շուրջ նշմարվող ընդհանուր տեսակետը կարող է միավորել հակամետ կողմերին մեկ նպատակի շուրջը. թիվ մեկ թշնամինՙ «Իսլամական Պետությունն» է, որի դեմ պայքարում հառնած խոչընդոտները, ի դեմսՙ թուրքական «Ձիթենու ճյուղ»-ի, պետք է չեզոքացնել: Արդեն երեքշաբթի օրը, սիրիական բանակի 36 զինվոր է սպանվել Դամասկոսի մերձակա շրջաններից մեկում «ԻՊ»-ի ավազակախմբերի գիշերային անակնկալ հարձակումից, տեղեկացնում է Associated Press -ը հղում անելով Բեյրութից ստացված աղբյուրին:
Եթե ամերիկացիները դավաճանեն քրդերին, դա կատաստրոֆիկ հետեւանք կունենա եւ քաոսային իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, LJWorld առցանց հարթակում կարծիք է հայտնել հայազգի վերլուծաբան Դեյվիդ Իգնատիոսը : Իսկ ռուսները դա արեցին: «Ձիթենու ճյուղ»-ի սկսվելուց առաջ լքեցին Աֆրինի շրջանը, ինչը մինչ այդ իրենց վերահսկողության ներքո էր:
Առայժմ, աշխարհի լռելյան հայացքի ներքո, միահեծան Էրդողանը Օսմանյան կայսրության վերականգնման իր առաջին հաջողությունն է տոնում: Իսկ հայեցող, փողկապավոր Եվրոպանՙ մի ձեռքով քննադատում, մյուս ձեռքովՙ փախստականների համար 3 մլդ. դոլար է տրամադրում Թուրքիային: Մեկ շաբաթ է, ինչ թուրքական բանակը ցեղակից գրոհայինների հետ տնե-տուն թալանում, ավերում է Աֆրինը, բռնությունների ենթարկում խաղաղ բնակչությանը, վերաբնակեցնում քաղաքը թուրքերով, որոց մեջ մեծ թիվ են կազմում «Իսլամական Պետության» ահաբեկիչները: Էրդողանի օսմանյան ամբիցիան տարածվում է Սիրիայի ողջ հյուսիսային սահմանով մեկ եւ ձգվում մինչեւ Իրաքյան քրդաբնակ շրջաններ: Թուրքական զորքերի եւ Մանբիջի միջեւ հեռավորությունն ընդամենըՙ 60 մղոն է: Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ Մանբիջն իր հիմնական գերխնդիրն է ու թիրախը: Խոշոր առեւտրային հանգույց համարվող այդ կենտրոնը քրդերը ամերիկյան կոալիցիոն ուժերի գլխավորությամբ «ԻՊ»-ի իսլամիստներից ազատագրել են 2016-ին: Թե ինչպիսի՞ ընթացք կունենան Մանբիջի շուրջ զարգացող ռազմական գործողությունները ցույց կտա ոչ շատ հեռու ապագայի խորապատկերը: Եթե Թրամփի վարչակարգը զիջի թուրքերին եւ դավաճանի դաշնակից քրդերին, ապա դա կլինի միջինարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ վարած արտաքին քաղաքականության խայտառակությունը եւ «America First» կարգախոսի ձախողումը աշխարհում:
Թուրքական վտանգի առումով աշխարհում թերեւս ոչ մի ազգի համար այդպես ուժգին չպետք է խփեն զանգերը, որքան հայերիս համար: Մենք հանգիստ դիտորդի նման չենք կարող հետեւել մեր պատմական, ոխերիմ թշնամու ծավալապաշտական արշավներին, որի ճանապարհին այս պահին ընկած է հայաշատ Ղամիշլին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նույն ազգի երկրորդ մայրաքաղաքՙ Բաքվում արցախյան բանակն անվանեց ահաբեկչական եւ սպառնաց, թե կարող են գործողություններ սկսել: Մենք ստիպված ենք մտածելու մեծ զենքի մասին, քանզի անկայուն այս աշխարհում մեր փոքր ազգի համար այլընտրանք չի մնում: