Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ս. ԲԵՆՈՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ Է ԲԱՑՈՒՄ

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

ԱՄՆ-ը վախենում է Թուրքիա-Իրան-Չինաստան դաշինքից

Սպիտակ տան նախկին գլխավոր ստրատեգ եւ Breitbart News-ի տնօրենների խորհրդի նախագահ Սթիվեն Բենոնը իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում Վաշինգտոնին առաջարկել է Մոսկվան դիտարկել որպես ԱՄՆ-ի բնական դաշնակից Չինաստանի, Թուրքիայի եւ Իրանի դեմ մղվող պայքարում: «Սառը պատերազմի ժամանակ ես ռուսների դեմ մարտնչել եմ որպես սուզանավի սպա, իսկ հետո Պենտագոնում աշխատել եմ նրանց զինաթափման նպատակով: Ես նրանց ճանաչում եմ եւ գիտեմ, որ մտադիր չեն կռվել մեր դեմ, քանի դեռ մեր բնական դաշնակիցներն են: Ղրիմի համար չարժե մտահոգվել, քանի որ իսկական թշնամիները Պեկինում են, Թեհրանում եւ Անկարայում», ասել է Բենոնը:

Նա պարզաբանել է, որ ինքը չինական, իրանական եւ թյուրքական քաղաքակրթությունները խորթ է համարում ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին, որոնց, իր կարծիքով, միավորում է ճշմարիտ հուդայական-քրիստոնեական մշակույթը: Սակայն, քիչ ավելի վաղ, GQ հանդեսին տված հարցազրույցում Սթիվեն Բենոնը փոքր-ինչ տարբեր գնահատականներ էր տվել: Ներկա պահին ստեղծվում է մի իրավիճակ, որը ինչ-որ չափով հիշեցնում է 1930-ականների իրադրությունը: «Դուք շուտով կտեսնեք, թե ինչպես է հետզհետե ուժեղանում Չինաստանի, Իրանի եւ Թուրքիայի համախմբվածությունը: Վերջին հաշվով մենք պետք է դադարեցնենք սառը պատերազմը, այնպես չէ՞: Թուրքիան պետք է լինի մեր դաշնակիցը»:

Բենոնը արտասովոր եւ ոչ միանշանակ անձնավորություն է: Անցյալ տարվա օգոստոսին նա ԱՄՆ նախագահի վարչակազմից հեռացվեց այն պատճառաբանությամբ, որ նրան դասել էին այլընտրական աջերի թվին: Բացի դրանից, հաղորդվեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը նրան կասկածում է Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքին մեղսակից լինելու մեջ: Սրա արդյունքում Սպիտակ տան նախկին գլխավոր ստրատեգը չի խորշի նախագահ Թրամփին հասցեագրված կտրուկ արտահայտություններից, որոնց մի մասը ներառված է Մայքլ Վուլֆի աղմկահարույց «Կրակ եւ մոլեգնություն» գրքում, որը մերկացնում է ԱՄՆ նախագահի թիմին:

Վերջին շաբաթներին ԱՄՆ Սենատի ստորին պալատի հետախուզության հանձնախումբը Բենոնի հետ վեճեր է ծավալել Թրամփի պաշտոնակալությանը նախորդած եւ դրան հաջորդած իրադարձությունների մեջ նրա խաղացած դերի շուրջ: Ընդսմին, ինչպես նշում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Սպիտակ տունը չօգտվեց Բենոնի ցուցմունքների նկատմամբ խորհրդապահության բացառիկ իրավունքից, թեեւ սահմանափակեց նրան տրվելիք հարցերի շրջանակը: Ներկայումս Բենոնը դրսեւորում է նկատելի քաղաքական ակտիվությունՙ հանդես գալով զանազան իրարամերժ քաղաքական հայտարարություններով: Նրան կարծես թե լսում են եւ խոսքերը հրապարակում են արեւմտյան տարբեր հրատարակություններՙ ասես ակնարկելով, որ Սթիվ Բենոնի գաղափարները պտտվում են ամերիկյան քաղաքական իստեբլիշմենթի շրջանակներում:

Եթե համեմատենք La Stampa-ին եւ GQ-ին նրա տված երկու հարցազրույցները, որոնցում նա խոսում է Չինաստանի, Իրանի եւ Թուրքիայի դաշինքի մասին, ապա կտեսնենք, որ առաջին դեպքում նա առաջարկում է Մոսկվան դիտարկել որպես Վաշինգտոնի բնական դաշնակից, իսկ երկրորդ դեպքում դաշնակից է համարում ՆԱՏՕ-ի գծով գործընկեր, իսկ այժմ «թշնամացած» Անկարային, որին առաջարկում է վերադարձնել դաշինք: Այսպիսով Բենոնը հասկացնում է, որ իրադարձությունների որոշակի ընթացքի դեպքում Ռուսաստան-Թուրքիա դաշինքը Արեւմուտքում չի համարվի թշնամական: Առանձնահատուկ գոտու մեջ են ընդգրկվում Իրանն ու Չինաստանը, որոնց հետ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները անհեռանկարային են համարվում աշխարհաքաղաքական տեսակետից:

Հետաքրքրական է, որ վերջերս Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի օգնականըՙ գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին առաջարկեց ստեղծել կոալիցիա Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի, Պակիստանի ու Իրաքի մասնակցությամբՙ «Իսլամական պետության» դեմ պայքարող ամերիկյան կոալիցիային հակազդելու համար: Ի դեպ, Թուրքիան եւս մտնում է ամերիկյան այդ կոալիցիայի մեջ:

Գոյություն ունի նաեւ Ռուսաստանում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ գեներալ-մայոր Կույ Յանվեյի հայտարարությունը. «ԱՄՆ-ը արեւմտյան դաշնակիցների հետ եվրոպական մասում զսպում է Ռուսաստաին, իսկ ասիական մասումՙ Չինաստանին: Պենտագոնի նոր ռազմավարության մեջ Չինաստանն ու Ռուսաստանը դիտարկվում են որպես ԱՄՆ-ին սպառնացող վտանգներ: Մոսկվան եւ Պեկինը պետք է համատեղ հակազդեն գլոբալ սպառնալիքներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների մարտահրավերներին, որպեսզի ապահովեն ոչ միայն իրենց տարածաշրջանների, այլեւ համայն աշխարհի անվտանգությունը»:

Ինչպես տեսնում ենք, Բենոնը միայնակ չէ ռազմավարական նոր միություններ ու դաշինքներ կազմելու ձգտման մեջ: Իսկ ի՞նչ ունենք այժմ Մերձավոր Արեւելքում: Գործում է «Իսլամական պետության» դեմ պայքարող ամերիկյան կոալիցիան, Սիրիայի ուղղությամբ Աստանայի սկզբունքների հիման վրա ձեւավորված է Մոսկվա-Թեհրան-Անկարա դաշինքը: Նկատելի են հակաիրանական կոալիցիա ձեւավորելու Սաուդյան Արաբիայի ջանքերը: Ի հայտ են եկել Քաթարի նկատմամբ թուրք-իրանական դաշինք, ինչպես նաեւ ամերիկա-քրդական դաշինք Սիրիայում եւ Իրաքում: Վերջապես, Թեհրանի շուրջը դաշն են կազմել Թուրքիան, Իրաքը, լիբանանյան «Հզբոլլահը» եւ եմենյան հուտիտները:

Մերձավոր Արեւելքում Իրանը փաստորեն միակ երկիրն է, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գերիշխանությանը: Իրանին ԱՄՆ-ի հասցեագրած մեղադրանքները բազմաթիվ են եւ ներառում են «միջազգային ահաբեկչության հովանավորումը, մարդու իրավունքների խախտումները», ԱՄՆ-ին եւ նրա մերձավորարեւելյան դաշնակիցներին սպառալիքներ ուղղելու հակումը, Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում հակաամերիկյան խռովարարների պաշտպանությունը, միջուկային զենքի ստեղծումը եւ այլն: Այդ դաշինքները ձեռք են բերում հիմնականում մարտավարական բնութագրեր եւ զանազան պատճառներով կարող են փոփոխվել: Դաշինքների անդամներից յուրաքանչյուրը փորձում է պաշտպանել սեփական շահերը եւ դիվանագիտորեն մանեւրել: Սակայն գոյություն չունի երկկողմ պայմանագրով վավերացված ընդհանուր առանցք, ինչը բարդություններ է ստեղծում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ազդեցությունը թուլացնելու գործում:

Այս ուղղությամբ միակ հուսադրող քայլը ռուսական օդատիեզերական ուժերի հայտնվելն է Սիրիայում: Ինչպես Արեւմուտքում, այնպես էլ տարածաշրջանում դա ընկալվում է որպես Մոսկվայի վերադարձ: Սակայն այնտեղ չկա բլոկների դիմակայություն, իսկ մարտավարական դաշինքների մեջ մտնող երկրների խմբերը առաջվա պես ազդեցիկ չեն, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ինչ վերաբերում է Պեկինին, նա ձեռնպահ է մնում տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելուց եւ նախընտրում է «մեղմ ուժի» քաղաքականություն վարել զանազան նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով: Իսկ նրա «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագիծը Մերձավոր Արեւելքի համար դեռ հեռավոր ապագա էՙ չխոսելով արդեն այնտեղ չինական բլոկի ստեղծման մասին:

Ահա թե ինչու ֆրանսիացի հայտնի փորձագետ Ֆլորան Պարմանտյեն պնդում է, որ այսօր Մերձավոր Արեւելքում ընդունված է ոչ թե բլոկների, այլ բազմաթիվ դաշինքների տրամաբանությունը, որոնց ուրվագծերը հաճախ դժվար են ընկալվում: Արեւմուտքը Իրանին հայտարարել է «վտարակ», իսկ Թուրքիան երբեմնի հուսալի ընկերոջից վերածվել է հակառակորդի, որը, սակայն պահպանում է ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակը, թեեւ առանձնակի վստահություն չի ներշնչում նոր գործընկերներ Ռուսաստանին եւ Իրանին: Իհարկե, ամերիկացիները փորձում են թույլ չտալ Ռուսաստան-Չինաստան ռազմաքաղաքական բլոկի ստեղծում եւ ջանում են չկորցնել Թուրքիան: Բայց նրանք ի՞նչ կարող են անել դրա համար:

Ինչպես նշվում է Stratfor-ի կանխատեսման մեջ, Ռուսաստանն ու Չինաստանը ակտիվորեն կհամագործակցեն բոլոր հարցերում, ներառյալ անվտանգությունը, ինչը նրանց թույլ կտա զերծ մնալ ԱՄՆ-ի ճնշումից եւ մարտահրավեր նետել ամբողջ աշխարհում տարբեր սցենարներով Վաշինգտոնի ռազմավարական դիրքերին, ներառյալ Մերձավոր Արեւելքը, որտեղ հնարավոր է Ռուսաստան-Իրան-Չինաստան դաշինք, թեեւ ըստ Stratfor-ի նման դաշինքը կարող է ունենալ հստակ սահմաններՙ նկատի ունենալով Ռուսաստանի եւ Իրանի շահերի տարբերությունը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, նա կբախվի իր այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականության բարդություններին, կփորձի օգտվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակասություններից, որպեսզի իրականացնի իր վաղեմի, դեռ պահպանվող աշխարհաքաղաքական նկրտումներըՙ Ռուսաստանին դրդելով դաշինք կնքել տարածաշրջանում իր մրցակիցների դեմ: Նոր աշխարհաքաղաքական լուծումներ է փնտրում նաեւ ԱՄՆ-ը: Սթիվեն Բենոնի հարցազրույցը դրա վկայությունն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՉԵԽԻԱՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՔՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ, ՀԵՐԹԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆՆ Է

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԵԽԻԱՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՔՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ, ՀԵՐԹԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական