Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր սեփական անձի վատթարագույն թշնամին է: Նա բավական խելացի գտնվեց աշխարհին հավատացնելու, որ իր առաքելությունն էր իր երկիրը միջնադարից տեղափոխել դեպի արդի, ժողովրդավարական դարաշրջան: Նույնիսկ արեւմտյան ղեկավարներ սկսեցին Թուրքիայի մասին խոսել որպես իսլամական աշխարհի համար օրինակելի երկրի, որտեղ ժողովրդավարական արժեքները միահյուսվել են իսլամական կառույցների հետ: Մահմեդական այլ երկրներ սկսեցին մրցել նրա հետ, նույնպիսի արդյունքի հասնելու համար:
Նման պատրանքի ստեղծումը լայն հնարավորություն տվեց Էրդողանին ՆԱՏՕ-ի միջոցով վերազինելու իր բանակը եւ արագ տեմպերով զարգացնելու երկրի տնտեսությունը:
Բայց երկար ժամանակ չպահանջվեց նրանից ցույց տալու համար իր իրական դեմքը. նա քանդեց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ «բարեփոխումների» ամբողջ կծիկը. քողըՙ չադրան վերադարձրեց կանանց եւ ղուրանըՙ մադրասաներին, որոնք սնկի նման հայտնվեցին ամենուրեք: Թուրք հասարակության եվրոպականացած հատվածը հանկարծակիի եկավ իր սեփական երկրում օտարացված զգալով իրեն: Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ միջազգային ճանաչման արժանացած վիպագիր Էլիֆ Շաֆաքի նման գրողներ չկարողացան հարմարվել իրադրությանը: Էրդողանն ու իր AKP կուսակցությունը արհամարհեցին օտարացված այդ հատվածին: Նրանց համար ավելի կարեւոր էր ապահովել անատոլիական գյուղացիների քվեները, որպեսզի կարողանային 51 տոկոսի շեմն անցնել եւ երկիրը ետ մղել դեպի միջնադար:
Արբեցած իր նոր ձեռք բերած իշխանությամբ, Էրդողանն սկսեց փայփայել իր օսմանյան երազանքներըՙ երկրի ներսում ճնշելով բնակչությանը, իսկ միջազգային ասպարեզում թոզ փչելով դաշնակիցների աչքերին: Սակայն նա հայտնվեց նեղ դրության առաջ, որտեղ հույսը կարող էր դնել միայն իր նման բռնատիրական իշխանությունների վրա, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը:
Թուրքիայի շրջադարձը դեպի իրավազուրկ կարգավիճակ նպաստեց Հայաստանին արեւմտյան աշխարհում, բայց ոչ հին բարեկամներիՙ Ռուսաստանի եւ Իրանի շրջանում: Գերմանիան, Նիդեռլանդներն ու Չիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւեր ընդունեցին: Մի պահ նույնիսկ Եգիպտոսն ու Իսրայելը տարվեցին այդ գաղափարով: Այդ բոլորը Էրդողանի շնորհիվ Հայաստանին ընծայված նվերներ էին:
Ներկայիս Թուրքիան շրջադարձային փուլում է գտնվումՙ օտարացված Արեւմուտքի կողմից, շատ նուրբ թելերով կապված Արեւելքի հետ, բայց դեռեւս հավատով լի, որ կկարողանա հաջողությամբ դուրս գալ այդ ճահճից:
Շաֆաքը, որին դատարան էին կանչել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, հետեւյալ բառերով է նկարագրում ժամանակակից Թուրքիան:
«Դժբախտ է այն երկիրը, որ ատում է իր մտավորականներին: Թուրքիան, իմ հայրենիքը, այդպիսի վայր է: Այսօր կառավարամետ լրատվամիջոցներում հետզհետե ավելի շատ են դիվային հանդերձանք հագցնում մտավորականներին, պարսավանքի ենթարկում նրանց սոցցանցերումՙ «արեւմուտքի հետ համագործակցողներ» կամ «դավաճաններ» որակելով, բանտարկում, դատի տալիս կամ երկրից արտաքսում նրանց: Նման Կաֆկայան դատավարությանՙ ցմահ բանտարկության (առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի) ենթարկվեցին փետրվարի 28-ին ականավոր վիպասան եւ խմբագիր Ահմետ Ալթանն ու իր եղբայրըՙ Մեհմետ Ալթանը, տնտեսագիտության պրոֆեսորն ու քաղաքական մեկնաբանը: Նրանց մեղքն այն էր, որ 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձից մեկ օր առաջ հյուրընկալվել էին հաղորդավար Նազլի Իլիչակի հեռուստածրագրում: Նրանց եւ Իլիչակին ներկայացված մեղադրանքն էլ այն էր, որ հաղորդման ընթացքում «ենթագիտակցական ուղերձներ» էին փոխանցել հեղաշրջման վերաբերյալ: Այս դաժան դատավճռին ուրիշ բացատրություն չի կարելի տալ, քան նշել, որ դա պարզապես ուրվականների սարսռազդեցիկ որս է»:
Ահմետ Ալթանը ձախակողմյան հակումներով մտավորական է եւ հիմնադիր խմբագիրն էր «Թարաֆ» թերթի, որն Արեւմուտքում որպես արժանահավատ աղբյուր էր ճանաչված: Նա նաեւ վիպասան է, որ ճակատագրի հեգնանքով մի գիրք է գրել, որտեղ հերոսը, ինչպես Կաֆկայի գործերում, բանտարկվում է առանց հասկանալու, թե իր ո՞ր մեղքի համար, քանի որ ոչ մի մեղք էլ չէր գործել:
Մեղավոր ճանաչվելուց հետո Ալթանը Սիլիվրի բանտից մի էսսե է գրել, որտեղ նշել է. «Ես դեպի Հադեսի թագավորություն եմ գնում: Քայլում եմ խավարի միջով ինչպես մի աստված, որն իր սեփական ճակատագիրն է կերտել: Իմ նախատիպն ու ես միասին անհետանում ենք մթության մեջ»: (Էսսեն տպագրվել է «Նյու Յորք Թայմսում»):
Ալթանն ու եղբայրը միայնակ չեն: Բանտում արդեն 100 լրագրող կա: 50 հազար քաղաքացիներ կալանավորված են, իսկ 250 հազար ուրիշներ, որոնց թվում են դատավորներ եւ ոստիկանության աշխատակիցներ, հեռացված են իրենց պաշտոններից: Մռայլ ապագա է սպասում Թուրքիային: Ալթանի նման մտավորականները ասպարեզ էին եկել մարդկային դիմագիծ հաղորդելու համար Թուրքիային: Երբ վեց տարի առաջ Ալթանը Մ. Նահանգներ էր այցելել, նա ոչ միայն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, այլեւ նշել էր, որ իր կարծիքով Թուրքիան դեպի լավն էր փոխվել. «Դուք պետք է փոխեք Թուրքիայի մասին ձեր պատկերացումները: Գուցե դրանով օգնեք, որ Թուրքիան փոխվի», ասել էր նա:
Վաղամեռիկ Հրանտ Դինքը միեւնույն ուղերձն էր հղել աշխարհին: Հակառակ Դինքի ողբերգական վախճանին, Ալթանն այդ ժամանակ դեռ հավատում էր, որ Թուրքիան ճիշտ ուղու վրա է: Իր ուղերձով նա փորձում էր մարդկային կերպարանք հաղորդել Թուրքիային: Նա շատ լուրջ էր, երբ իր հանրային ելույթներից մեկի ժամանակ ասաց. «Հավատացեք ինձ, թուրքերն էլ սիրտ ու խիղճ ունեն: Մեզ անհրաժեշտ է առաջ գնալ հաղթահարելու համար 1915-ի արյունոտ վերջնագիծը»:
Ճակատագրի հեգնանքով Թուրքիայի «խիղճը» իրեն անգամ չխնայեց, էլ ուր մնաց, որ խնայեր իր հայ ունկնդիրներին:
Երբ հեղաշրջման փորձը տապալվեց, Էրդողանը խանդավառված նշեց, որ «դա Աստուծո կողմից ուղարկված պարգեւ էր»: Եվ իրոք, նա այդ պատրվակն օգտագործեց հաշիվները մաքրելու համար իր բոլոր թշնամիների հետ եւ երկիրը գլորելու ցածՙ դեպի ստորերկրյա զնդանը: Իր գլխավոր թշնամի Ֆեթուլլահ Գյուլենին նա մեղադրում է երկրին պատուհասած բոլոր դժբախտությունների մեջ եւ Մ. Նահանգների իշխանությունների հետ ունեցած իր խնդիրներից մեկն էլ այն է, որ Վաշինգտոնը հրաժարվում է Գյուլենին արտահանձնել Թուրքիային, որտեղ նրան դատաքննություն է սպասում: Էրդողանը հույսեր է փայփայում, որ Թուրքիայի նման, Ամերիկայում էլ դատավորները կարող են քմահաճորեն գործել եւ Գյուլենին հենց այնպես հանձնել Անկարային: Նախկին երկու դաշնակիցներիՙ Էրդողանի եւ Գյուլենի միջեւ տարաձայնությունը չարիքի քողի տակ թաքնված բարիք է: Քանի որ վերջինս (Գյուլենը) ավելի զգուշավոր եւ բարեկիրթ մեթոդներով է փորձում տարածել իսլամը: Այդ դավանանքը Մ. Նահանգներում տարածում է գտնում հարյուրավոր չարտերային դպրոցների միջոցով, որոնց կառավարումը հանձն է առել Գյուլենի «Հիզմետ ընկերությունը»ՙ Մ. Նահանգների հարկատուների հաշվին: Նույն գործելաոճը կիրառվում է նաեւ այլ երկրներում: Երկու անհատների թշնամությունն առնվազն չեզոքացնում է միմյանց ջանքերըՙ ծնունդ տալու իսլամի նոր մի դրսեւորման, որն ավելի չափավոր է թվում, բայց կարող է խիստ վտանգավոր դառնալ: Որտեղ եւ որեւէ ժամանակ, որ քաղաքականությունն ու կրոնը միախառնվում են, արդյունքը պայթուցիկ կարող է լինել:
Էրդողանն ապացուցել է, որ ինքը Մերձավոր Արեւելքում Արեւմուտքի կեղտոտ գործերն իրականացնող անհրաժեշտ չարագործն է: Բայց այդ պարտականությունը կատարելուն զուգահեռ նա իրեն եւ իր վարչակազմի իսլամական փառասիրություններին է դավաճանում: Շուտով պարզվելու է, որ 80 միլիոն քաղաքացիներին բանտարկված պահելն ու Արեւմուտքի եւ Արեւելքի գերհզոր պետությունների հետ աչքակապությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ գործ չէ մեր ժամանակների նոր սուլթանի համար:
Դատավճիռը լսելուց հետո Ալթանը ողբացել էր իր ճակատագիրը գրելով. «Մեզ երբեք չեն ների, եւ մենք կմահանանք բանտախուցում»: Էրդողանի ներկայիս վարած անկայուն եւ անտրամաբանական քաղաքականությունը վստահորեն արագացնելու է իր իշխանության անկումը եւ հերքելու է Ալթանի կանխագուշակումը:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)