Սիրիայում կարող է ծագել նոր պատերազմ
Փետրվարի 16-18-ը Մյունխենում անցկացվեց Անվտանգության հիսունչորսերորդ կոնֆերանսը: Քաղաքագետների կարծիքով դա տեղի ունեցավ վերջին երեսուն տարիների ընթացքում առավել վտանգավոր դարձած պայմաններում:
Բազմաթիվ հակամարտությունները Ուկրաինա, Սիրիա, Եմեն, Լիբիա ակնարկելովՙ կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարեց, որ ներկայումս աշխարհում ամենավտանգավոր կացություն է ստեղծվել ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: «Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ մեզ սպառնում է միջուկային հակամարտությունը», իր հերթին հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշը ՙ նկատի ունենալով Հյուսիսային Կորեայի հետ կապված իրավիճակը:
Մյուխենի կոնֆերանսում առավել կրքոտ ելույթներ ունեցան Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Յուրաքանչյուրն ուներ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու սեփական ընկալումը:
Իսրայելի ընկալման համաձայնՙ անվտանգությունը կարելի է ապահովել Իրանի լիակատար վնասազերծմամբ: Ուստի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Արեւմուտքին կոչ արեց չեղարկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը եւ հայտարարեց ամեն ձեւով Իրանին դիմակայելու վճռականության մասին: Նա պատրաստակամություն հայտնեց պայքարելու ոչ միայն իրանցիների, այլեւ նրանց դաշնակիցների դեմ: Նաթանյահուն ամբիոնից ցուցադրեց խփված իրանական անօդաչու թռչող սարքի մնացորդը եւ Իրանի արտգործնախարարին հեռակա կարգով հարցրեց, թե ճանաչո՞ւմ է արդյոք այն:
Զարիֆը ներկա չէր այդ նիստին եւ այն անվանեց խեղկատակություն:
Անդրադառնալով Արեւմուտքի հետ կնքված բազմակողմ միջուկային գործարքին, Զարիֆը հայտարարեց, որ դրա չեղարկման դեպքում Իրանը լրջորեն կպատասխանի: Իրանցի նախարարն ունի անվտանգության սեփական ըմբռնումը: Պարսից ծոցի երկրների իր պաշտոնակիցներին դիմելովՙ նա կոչ արեց մշակել անվտանգության ընդհանուր սկզբունքներ, որոնք կարող են հանգեցնել չհարձակվելու պայմանագրերի կնքմանը:
Իրանցիները որոշակի ռազմական հաջողությունների են հասել Իրաքում եւ Սիրիայում, Եմենում նրանց համախոհները մոտ են հաղթանակի: Իրանցիներն ամրապնդել են իրենց դիրքերը Լիբանանում, ընդհանուր լեզու գտել թուրքերի հետ: Այժմ նրանց խնդիրը սեփական հաջողությունների վավերացումն է: Բնականաբար, դրան դեմ են թե՛ Իսրայելը, եւ թե Սաուդյան Արաբիան: Սաուդցիներն ուզում են, որ Իրանը փոխի տարածաշրջանում իր վարքագիծը եւ հետ քաշվի դեպի իր սահմանները, որպեսզի Պարսից ծոցի միապետությունները եւ Իսրայելը կարողանան «սանիտարական» արգելապատնեշ ստեղծել Իրանի արեւմտյան սահմանի երկայնքով, այսինքնՙ Ատրպատականից մինչեւ Քուվեյթ: Իրանցիները, անշուշտ, դրան դեմ են:
Մյունխենում կայացած անվտանգության կոնֆերանսում ելույթ ունենալովՙ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանի առնչությամբ արեց բազմանշանակ հայտարարություն, որը բաժանվում է մի քանի մասի:
Առաջին, Նաթանյահուն հայտարարեց, որ Սիրիայի նկատմամբ Իրանի մտադրություննեը միանգամայն պարզ ենՙ նրանք ուզում են միացնել Թեհրանը Թարթուսին եւ ստեղծել միասնական պետություն, եւ ինքը այդ մասին վաղուց գիտե: Ասենքՙ որ ամերիկյան խորհրդապահական աղբյուրներ վկայակոչելովՙ արաբական որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե ապագայում Սիրիան անպայման կմասնատվի, երբ ալավիները եւ շիաները իրենց մարզն ունենան Թարթուսի շրջանում:
Միեւնույն ժամանակ, նման սցենարի հնարավորությունը զբաղեցնում է մեծ քաղաքականության հեղինակների մտքերը: Իրադարձությունների նմանօրինակ զարգացման վտանգավորության մասին նախազգուշացրել է Սիրիայի գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան : ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւս ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է Սիրիայի մասնատման ուղին բռնել, քանի որ մոռացել է Մոսկվային տված այն խոստումները, թե Սիրիայում ամերիկացիների ներկայության միակ պատճառը պայքարն է «Իսլամական պետության» դեմ: Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչով կարելի է հիմնավորել Թարթուսում ռուսական ռազմակայանի գոյությունը, եթե նկատի առնենք Նաթանյահուի խոսքերը Թեհրանն ու Թարթուսը միավորող մեկ պետության մասին: Առայժմ անհնար է պատկերացնել ռուսական ռազմակայանի ներկայությունը նման պետական կազմավորման մեջ:
Դրա հետ մեկտեղ, սիրիական աղբյուրների վկայակոչմամբ, լրատվամիջոցները հաղորդել են, թե նախագահ Բաշար Ասադը իրանցիներին ռազմակայան ստեղծելու հնարավորություն է տվել Խմեյմիմի օդանավակայանից ոչ հեռու, որտեղից գրոհայինների դիրքերին հարվածներ է հասցնում ռուսական օդուժը: Սիրիայի հարցում Իրանը դաշնակցում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, որոնք Աստանայում Սիրիայի հակամարտության լուծմանն ուղղված հաշտության գործընթաց են սկսել եւ հանդես են գալիս որպես ապառազմականացված գոտիների ստեղծման երաշխավորներ:
Եվ այստեղ առկա է մի կարեւոր նրբերանգ. Սիրիայում Մոսկվայի եւ Թեհրանի ռազմական ներկայությունը օրինական է այդ երկրի կառավարության հետ նրանց ստորագրած համաձայնագրերի շնորհիվ: Տեսականորեն կարելի է ենթադել, որ Դամասկոսը Թեհրանի հետ կստորագրի առանձին համաձայնագիր իր տարածքում նաեւ իրանական մշտական ռազմակայանների ստեղծման վերաբերյալ, թեեւ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պնդում է, թե ներկայումս իր երկիրը Սիրիայում չունի ռազմակայաններ եւ զինվորներ:
Պաշտոնական մակարդակով Սիրիայում ներկա են միայն զինվորական խորհրդատուներ եւ հրահանգիչներ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Սիրիայում կռվում են իրանցի զինվորականներ, նախ եւ առաջՙ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկներ, ինչպես նաեւ Թեհրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլլահ» ռազմականացված կազմավորումը: Իհարկե, նրանք ինչ-որ տեղ հիմնավորված են, եւ Իսրայելը մերթընդմերթ ռմբահարվածներ է հասնցում նրանց դիրքերին, քանի որ նրանց ներկայությունը լուրջ սպառնալիք է համարում իր գոյության համար: Ըստ որում, Իսրայելի համար Թեհրան-Դամասկոս հարաբերությունները չափազանց հստակ են:
Սակայն այնքան էլ պարզ չեն Մոսկվայի ու Թեհրանի փոխհարաբերությունները Սիրիայի տարածքում. հայտնի չէՙ արդյոք Մոսկվա՞ն է կարգավորում այնտեղ իրանցիների ռազմական գործողությունները: Ինչպես գրում է ֆրանսիական Intelligence online հրատարակությունը, «իրանցիները Սիրիայում գործում են կա՛մ ինքնավար կերպով, կա՛մ էլ ինքնուրույնաբար»: Այդ տեղեկագիրը հենց տվյալ փաստով է բացատրում այն, որ երբ իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում իրանցիների դիրքերին, Մոսկվան լոկ «պերճախոս» լռություն է պահպանում:
Անշուշտ Իսրայելի համար իդեալական լուծումը կլիներ հարցի կարգավորումը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ անմիջական հաղորդակցման միջոցով: Սակայն իսրայելցիները Սիրիայի տարածքի վրա օդային հարձակումներ են իրականացնում առանց Մոսկվային տեղեկացնելու, եւ դա բավական լուրջ խնդիր է, որը ստիպված կլինեն լուծել Սիրիան, Ռուսաստանը եւ Իրանը:
Ըստ որում Թեհրանը Սիրիայում, ըստ երեւույթին, սեփական խաղ է սկսելՙ զուգահեռ սցենարով: Մեկ ուրիշ խնդիր է այն, որ եթե Թեհրանը որոշի միակողմանիորեն դուրս գալ Սիրիայի հակամարտությունից, ապա, ըստ ռազմական փորձագետների գնահատման, Դամասկոսի համար շատ դժվար կլինի պահպանել ներկայումս իր վերահսկողությանը ենթակա տարածքները: Ո՞վ կփոխհատուցի այդ ուժերը: Իրանը հայտարարում է, թե սիրիական բանակը ի զորու է պաշտպանել սեփական տարածքը, սակայն դժվար է դրանում համոզված լինել:
Այսպիսով մոտենում ենք Մյունխենում Նաթանյահուի արած երկրորդ հայտարարությանը, որից պարզ է դառնում, որ Իսրայելը կշարունակի զսպել Իրանին Սիրիայում նրա ծավալած գործողություններում: Այստեղ ստեղծվում է բարդ ինտրիգ: ԱՄՆ-ը ամենախիստ արտահայտություններն է անում Մոսկվայի եւ Թեհրանի հասցեինՙ միեւնույն ժամանակ ընդունելով Իսրայելի եւ Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը, թեպետեւ Անկարայի նկատմամբ Վաշինգտոնը բարդ խաղ է վարումՙ օգտագործելով քրդական խաղաքարտը: Ինքը Իսրայելը հանդես չի գալիս Սիրիայում ռուսների ռազմական ներկայության դեմ, բայց քննադատում է Թուրքիային, իսկ գլխավոր ուշադրությունը բեւեռում է Իրանի վրա:
Ավելին, Իսրայելը գաղտնի կապեր է պահպանում Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետՙ հանդես գալով որպես նրանց կապող յուրօրինակ կամուրջ: Առայժմ ակներեւ է միայն, որ Նաթանյահուն փորձում է խաղարկել իրանական խաղաքարտը Մոսկվայի հետ, որպեսզի նրա միջոցով ազդի Սիրիայի եւ ամբողջ Մերձավոր Արեւելքի իրադրության վրաՙ թիկունքոմ ունենալով Վաշինգտոն-Թեհրան դիմակայությունը:
Deutsche Welle ռադիոկայանի մեկնաբանը կարծում է, որ Թել-Ավիվը չի բացառում Սիրիայում իրանի հետ ռազմական դիմակայությունը եւ սկսել է ակտիվորեն հետազոտական քաղաքականություն վարել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նկատմամբ, որպեսզի առավել հստակ պատկերացում կազմի Սիրիայում նրանց առաջիկա ծրագերի վերաբերյալ եւ առավել շահավետ ռազմավարական դիրք բռնի: Իսրայելի տեսակետից, գլխավոր հարցը այն չէ, թե պատերազմը նոր մակարդակի կհասնի, այլ այն, թե դա երբ տեղի կունենա, նշում է «Ռեգնում» գործակալությունը:
Մյունխենում Նաթանյահուն սպառնաց Թեհրանինՙ նրան մեղադրելով ստատուս քվոն փոխելու մտադրության մեջ, ընդսմին որպես հետակետ օգտագործելով Սիրիան: Վարչապետը նաեւ դրական երեւույթ համարեց այն, որ Իրանի նախահարձակումը մերձեցրել է Իսրայելին եւ արաբներին: «Գուցե այդ ձեւով մեզ այնուամենայնիվ հաջողվի հասնել իսրայելցիների եւ պաղեստինցիների հաշտությանը»:
Տվյալ հայտարարության կարեւորությունն այն է, որ Իսրայելն անցյալում թաքցնում էր իր կապերը Սաուդյան Արաբիայի հետ, որը տարածաշրջանում հանդես է գալիս Իրանի դեմ: Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը կարծում է, որ հիմա կարող է ձեւավորել իր երկրի յուրատեսակ ընկերակցությունը չափավորական սուննի պետությունների հետ: Իր հերթին, Իրանի արտգործնախարար Զարիֆը հայտարարեց, որ Իրանը տարածաշրջանում չի ձգտում գերիշխանության, իսկ առանց համատեղ ջանքերի տարածաշրջանում կստեղծվի քաոսային իրավիճակ:
Ուստի Մյունխենում Նաթանյահուի արած հայտարարությունը ձեւով թեեւ հուզական էր, բայց բովանդակությամբՙ միանգամայն լուրջ: Տարածաշրջանային հարափոփոխ դաշիքները նոր ձեւ են ստանում, եւ հիմա գլխավորը Սիրիայում Իսրայելի եւ Իրանի բախումների ուժեղացման զսպումն է, որպեզի թույլ չտրվի այնպիսի իրավիճակ, երբ սեփական անվտանգությամբ մտահոգված Իսրայելը քաղաքական հռետորաբանությունից կանցնի ուժային գործողությունների, ըստ որում ոչ միայն Սիրիայում, այլեւ այլ տարածաշրջաններում: Նոր դաշինքներ ձեւավորելու Իսրայելի ջանքերը առայժմ նվազեցնում են իրադրության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի արդյունավետությունը: