Ջորջ Քեվերյանը Մասսաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի նախագահն էր 1985-91 թվերին: Ազնիվ էր, բարի, իմաստուն եւ տքնաջան աշխատող, որն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել էր հանրային ծառայություններ կատարելուն: Հպարտ էր, որ հայ էր, զավակըՙ Ցեղասպանությունը վերապրած ծնողների, որոնք ԱՄՆ-ում էին ապաստան գտել եւ զոհողությունների գնով հաջողության հասել: Նա ծնողներից էր սովորել բարության դիմաց վարձահատույց լինելը:
Քեվերյան ընտանիքը Ալֆրեդ Լատանցիի համագործակցությամբ այժմ, ցանկանալով իր բարոյական ժառանգությունը վառ պահել, հիմնել է «Պատվարժան խոսնակ Ջորջ Քեվերյանի անվան հանրային ծառայությունների կրթաթոշակ», 5000 դոլարի չափով, որ տրվելու է ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ մնացող այդ ոլորտի որեւէ աշխատակցի: Այդ մրցանակը այս տարի առաջին անգամ շնորհվելու է Ներկայացուցիչների պալատի դահլիճում ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառման ընթացքում: Ընտրությունը ուսանողների շրջանում կատարելու է «Հայ ուսանողների ասոցիացիայի» վարչությունը, որի հոգաբարձուների վարչության նախագահ Բրայան Ասատուրյանը շնորհակալություն է հայտնել, որ Քեվերյանների ընտանիքը իրենց է դիմել մրցանակին արժանի ուսանող գտնելու համար: «Դրանով մենք Ջորջի հիշատակը պահելովՙ նաեւ հաջորդ սերունդին ենք փոխանցում ուրիշին օգնելու, բարեգործություն կատարելու եւ հասարակությանը ծառայելու վեհ գաղափարը, որն այնքան հարազատ էր խոսնակ Ջորջին», ասել է նա:
Ջորջ Քեվերյանը ծնվել էր 1931-ին եւ մահացել 2009-ին: