Կամՙ «օպտիմալացնողների» օպտիմալացման ժամանակը
Մոտավորապես 1961 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարըՙ Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, մի օր Լենինական գալով, քաղաքացիների ընդունելություն է կատարում: Մեր վեց-յոթ հոգանոց, վարձով ապրող ընտանիքն այդ ժամանակ բնակարանի ձգձգվող խնդիր ուներ, եւ հայրսՙ գործարանում հաստոցի առաջ աշխատող դեռ բավական երիտասարդ բանվոր, որոշում է առիթը բաց չթողնել: Հենց աշխատանքի տեղից թույլտվությամբ գնալով ու այդպես մրոտ արտահագուստով մտնելով Կենտկոմի առաջին քարտուղարի մոտ, ասում է.«Ընկեր Զարոբյան, կներեք, գործարանից ուղիղ ձեզ մոտ եմ եկել, ճանապարհին էլ մի բաժակ օղի եմ խմել, որ համարձակ ներս մտնեմ»: Հանրապետության ղեկավարը բարեհոգի ժպիտով տեղից վեր կենալովՙ մոտենում, թեւը մտերմաբար հորս ուսն է գցում ու նրան այդպես դռներից առաջ բերելովՙ ասում. «Նստիր, երիտասարդ, տեսնեմ ի՞նչ հարցով ես եկել»…
Կենտկոմի առաջին քարտուղարի անմիջական կարգադրությամբ կարճ ժամանակ անց մենք գործարանի ֆոնդից բնակարան ստացանք: Թեեւ տեղում այդ անգամ հնարավոր համարեցին եւ հատկացրին ընդամենը մեկսենյականոց, բայց դա արդեն մերն էր, մեր առաջին բնակարանը… Իսկ իմ մեջ (ես այդ ժամանակ ընդամենը տասը տարեկան էի) միանգամայն հասկանալի շնորհակալության զգացումից ավելիՙ ամբողջ կյանքում մնաց ակնածալից հարգանքը այդ հիրավի մեծ մարդու, իսկական ղեկավարի նրա կերպարի ու հետոՙ նաեւ հիշատակի հանդեպ:
Անցած ոչ այնքան հեռու տասնամյակների մեր ղեկավարներից լավագույնները համեստ կենցաղով եւ օրինակելի վարքուբարքով, ժողովրդական մարդիկ էինՙ հաճախակի անմիջական շփումներով ժողովրդի ձայնին ունկնդիր եւ նրա կողմից փոխադարձ սիրված: Ղեկավարի անձը միշտ կարեւոր է ու շատ բան է որոշում նաեւ այսօր: Բայց ակնհայտ է, որ վճռորոշը, վերջին հաշվով, իշխանության ու կառավարման համակարգն է, դրա կառուցման եւ գործունեության հիմքում ընկած իրական (ոչ սոսկ հռչակագրային) նպատակները, արժեկողմնորոշիչները, նորմերն ու սկզբունքները: Այսօր եթե ուզում ենք, որ մեր երկիրը բռնի իրական զարգացման ուղի եւ սկսի այդ ուղիով առաջ ընթանալ, դառնալ «էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին», նախ պետք է առաջ տանող ուժըՙ կառավարման համակարգը բոլոր նշված առումներով լուրջ փոփոխությունների ենթարկվի: Նաեւ դառնա մեր հասարակության մի մասնիկն ու ապրի նրա կյանքով: Թվում էՙ այստեղ անհրաժեշտ են ինչպես բովանդակայն ու որակական, այնպես էլ կառուցվածքային, քանակական էական փոփոխություններ, ելնելով նաեւ մեր երկրի իրողություններին ու նույն այդ համակարգի կողմից բյուջետային մյուս ոլորտներում վարվող ֆինանսատնտեսական քաղաքականության սկզբունքներին համապատասխանության պահանջից:
Այդ սկզբունքներից մեկը անցած տարիների ընթացքում եղել ու այժմ էլ շարունակում է մնալ գոտին ձգելու քաղաքականությունըՙ վաղուց կառավարչական հոգեբանություն դարձած, այսպես կոչված օպտիմալացումը: Ասում ենքՙ այսպես կոչված, նկատի ունենալով իրականում դրա միակողմանիՙ ամեն ինչ միայն սեղմելու, կրճատելու, մկրատելու ուղղվածությունն ու նույնիսկ այդ դեպքում երբեմն դրսեւորված ծայրահեղություններըՙ սկսած դրա առաջին բուռն շրջանումՙ 2003-2004 եւ հաջորդած ուստարում Հայաստանի գործազրկության մայրաքաղաք Գյումրիում ու Շիրակի մարզում այդ ճանապարհով մոտ մեկուկես հազար մանկավարժների, մասնագետների աշխատանքից զրկելուց եւ Հայոց դպրոցի նկատմամբ այժմ էլ չդադարող կոշտ ֆինանսական ճնշումից մինչեւ այսօր ՊՈԱԿ-ների երբեմն անքնին, չտարբերակված օպտիմալացումները եւ գյուղական համայնքներիՙ տասնյակներով միավորում-իբր թե խոշորացումները: Եթե նման ծայրահեղ դրսեւորումները մի կողմ թողնենք, միանգամայն հասկանալի խնդիրն, այստեղ, հանրապետության բյուջետային առանց այն էլ սուղ եւ դժվար գոյացող միջոցների խնայողական եւ արդյունավետ բաշխումն ու օգտագործումն է: Անհասկանալին կամ դժվար հասկանալին, սակայն, տարիներ շարունակ մնում է այն, թե ինչու է երկրի իշխանավորների կողմից իրականացվող այս ֆինանսատնտեսական քաղաքականությունը հետեւողականորեն տարածվում բյուջետային մյուս բոլոր ոլորտների, բայց ոչ երբեք իրենցՙ իշխանության, կառավարման ոլորտի վրա: Մինչդեռ եթե մեր երկրում կա մի ոլորտ, որը վաղուց ամենից շատ կարիք ունի հենց կիրառված իմաստով օպտիմալացման, այդ հենց կառավարման ոլորտն է, բոլորին հայտնի մեր ուռճացված եւ հավակնոտ բյուրոկրատական ապարատը:
Պաշտոնՙ նշանակում է ծառայություն
Այսօր Հայաստանում պաշտոն ունենալՙ նշանակում է բիզնես ունենալ կամ առնվազն դրա զարգացման լծակներ ունենալ: Մեծ պաշտոնյա լինելՙ կնշնանակե մեծ բիզնես ունենալ ու ազգային հարստության մաս սեփականել, ասենքՙ բնական պաշարների ու ընդերքի հարստությունների, տարբեր տարածքների, հաստատությունների եւ դրանց ցանցերի տեր դառնալ, ոչինչ որ չլինիՙ գոնե երթուղային գծեր ու Սեւանի ափին սեփական դղյակ-ամառանոց ունենալ: Եվ հակառակը, եթե դու խոշոր գործարար ես, ուրեմն նաեւ պատգամավոր ես, քաղաքապետ ես, մասնակից ես այս երկրի կառավարմանն ու ապրելու հնարավորությունների օրենսդրական եւ գործնական «արդար» բաշխմանը…
Մինչդեռ պաշտոն բառը, պաշտոնՙ իրականում նշանակում է ծա-ռա-յու-թյուն: Եվ ցածրից մինչեւ ամենաբարձր աստիճանի պաշտոնյան էլ, որին ժամանակավոր իշխանություն է տրված, իշխան չէ, այլ ընդամենը ծառայություն մատուցող: Կառավարման որակյալ եւ արդյունավետ համակարգ ունենալու երեւի առաջին նախապայմանը, այս հարցում սկզբունքային կարեւորության առաջին խնդիրը ի վերջո այս գիտակցության արմատավորումն է: Կարծում ենքՙ իրավական ու հոգեբանական այս համատեքստում պետք է կարգավորված լինեն նաեւ պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները, որտեղ վերջինս ոչ թե խնդրարկու է, այլ պահանջատեր:
Հայերեն կառավարություն, կառ-ա-վարում բառերը եւս իրենց հիմքում ընկած նախնական, բառացի իմաստով շատ լավ են արտահայտում կառավարության եւ ընդհանրապես պետական կառավարման, իշխանության ոլորտում աշխատող պաշտոնյայի, ծառայողի դերն ու գործառույթը: Թող պարզունակ չհնչի, բայց իրոք, ինչպես կառապանին, այնպես էլ կառավարությանը, տարբեր աստիճանի կառավարողներին մենք վարձում, մեր հարկերով պահում, վճարում ու այլեւայլ պայմաններ ենք ապահովում, որ նրանք մեր պետության կամ մարզի, քաղաքի, գյուղի «կառքը» վարեն, առաջ տանեն:
Այսքան նախարար ու «աղա», բա մեր աղունն ո՞վ աղա
Աշխարհի տերերից մեկըՙ մեծ ու հզոր Ֆրանսիան այսօր ունի 16 նախարարություն, տակավին թույլ տնտեսությամբ փոքրիկ ու բազմախնդիր Հայաստանըՙ 18: Եվ սա նման անհամամասնության մի առանձին դեպք չէ:
Ու բնական հարց է ծագում. երկրիս իշխանավորների կողմից իրենց ուզած դեպքերում միշտ վկայակոչվող միջազգային ընդունված փորձն այս դեպքում ի՞նչ է ասում, կա՞ն ընդհանուր ինչ-ինչ չափանիշներ, որոնց միագումարով սովորաբար պետք է որոշվի, թե այս կամ այն երկիրը գոնե մոտավորապես որքան նախարարություն, պատգամավորական կազմ եւ կառավարչական ապարատ կարող է ունենալ: Թվում էՙ եթե անգամ չկան քիչ թե շատ ընդունված չափորոշիչներ, խելամիտ ու տրամաբանական հիմքն այստեղ նախ եւ առաջ տվյալ երկրի մեծությունն ու հիմնական ֆինանսատնտեսական բնորոշիչները պետք է լինեն: Արեւմտյան Եվրոպայի ամենամեծ երկիր եւ աշխարհում վեցերորդ տնտեսությունն ունեցող Ֆրանսիայի Հանրապետությունն իր մեծությամբ,- անդրծովյան տարածքներով ու կղզիներով հանդերձ,- այսօրվա Հայաստանի Հանրապետությանը գերազանցում է ավելի քան 21, բնակչությամբՙ 33-ից ավելի անգամ: Այդ երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անվանական արժեքով մերինից մեծ է մոտավորապես… 226 անգամ, բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-նՙ 12 անգամ:
Համացանցային աղբյուրներից մեր քաղած հիմնականում ոչ պաշտոնական, բայց կարծում ենքՙ իրական պատկերն ու հարաբերակցությունը գոնե մոտավոր արտահայտող բազմաթիվ համեմատական տվյալներից ներկայացնենք եւս մի քանիսը: Նախկին խորհրդային հանրապետություններից մեր անմիջական հարեւան Վրաստանն ունի ճիշտ Հայաստանի չափՙ 18, իսկ Արբեջանըՙ 19 նախարարություն, բայց նրանց տարածքային, ժողովրդագրական եւ տնտեսական ցուցանիշները զգալիորեն գերազանցում են մերին: Իսկ ահա Մոլդովան, օրինակ, որը տարածքով ու բնակչությամբ մեզանից մի քիչ ավելի է, իսկ նշված տնտեսական ցուցանիշներովՙ պակաս, ունի 16 նախարարություն: Մերձբալթյան հանրապետություններից մեզնից տարածքով կրկնակիից մեծ եւ բնակչությամբ մոտ 1 մլնով ավելի Լատվիան, որի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն մեր շուցանիշից (3,53 հազար ԱՄՆ դոլար) մոտ քառակի մեծ է, իր կառավարության կազմում ունի 13, մոտավորապես նույնպիսի համեմատական ցուցանիշներ ունեցող Լիտվանՙ 14, համախառն ներքին արդյունքով մեզ մոտավորապես 2,5-3, իսկ մեկ շնչին ընկնողովՙ քառակի գերազանցող Էստոնիանՙ 11 նախարարություն:
Աշխարհի հզորներից Գերմանիայի նման տերությունը, որի տարածքը մերին գերազանցում է 12, բնակչության թիվըՙ 27 անգամ, իսկ ՀՆԱ-ն մերի 300-ապատիկն է, 14 նախարարություն ունի, մեզնից 4-ով պակաս: 15 նախարարություն ունի աշխարհի առաջին գերտերություն ԱՄՆ-ն, որի ցուցանիշները չփորձենք մերինի հետ համեմատել: Էլ չենք խոսում Շվեյցարիայի նման երկրի մասին, որի դաշնային կառավարությունը կազմված է ընդամենը վեց մարդուց…
Այստեղ է՞լ «մերն ուրիշ է»: Ու հիմա էլՙ մեր բյուջեի վտիտ ուսերին էլի 18 նախարարություն, այդքան նախարար ու տեղակալներ, վարչություններ ու գերատեսչություններ, մեքենաներ, սպասարկողներ, միջոցներ, կոռուպցիա… Երբ երկրով մեկ չնվազող գործազրկություն է ու թշվառություն, արտագաղթ, երբ շարունակ դպրոց է փակվում… Օպտիմալացում են անում, Գյումրիում լուծարում են մի քանի աշխատատեղով հաշմանդամների ուսուցման ու աշխատանքային վերականգնողական խեղճուկրակ կենտրոնը, կամ ստորին օղակներում աշխատող մարդկանց էշխով հացից զրկում են, ասում ենՙ տեսեք, կառավարման օղակներն էլ ենք օպտիմալացնում, միջոցներ ենք խնայում: Առանց այն էլ անտեղի ցածրացրած կարգավիճակ ունեցող սեյսմիկ պաշտպանության ծառայության կառավարման կենտրոնացում են անում, երբ այդ գործն ապակենտրոնացում է պահանջում, նույն կերպ ցածրացված կարգավիճակով Լեզվի պետական տեսչությունն էլ ուզում են փակել, իսկ պահում են, օրինակ, մեզ համար անհասկանալի ու մեր լղարիկ բյուջեի համար չարդարացված շռայլություն ռազմական ոստիկանություն… Մինչդեռ մեր ազգային ֆիզիկական անվտանգության հետ կապված սեյսմիկ պաշտպանության ծառայությունը եւ մեր հոգեւոր անվտանգության բարձրագույն արտահայտություն ազգային ու պետական լեզվի կանոնարկման, պաշտպանության գործառույթ կրող կառույցը (անունը կարող է եւ փոխվել) պետք է որ լինեն կառավարությանն առընթեր, ինչպես նախկինում էին: Իսկ այդքան սպասարկողների, թիկնապահների, ռազմական ոստիկանների, կնածեծ փողկապավոր քաջերի բանակի կարիքն այնքան կա սահմանին, դիրքերում, մեր 18 տարեկան անփորձ զավակներից գոնե մեկ քայլ առաջ: Նրանց պահելու համար ծախսվող միջոցներն էլ թող տրվեն տնտնտեսություն զարգացնելուն, տրվեն ուսուցչին, բժշկին, գիտնականին, սահմանին թշնամու դեմ կանգնած զինվորին ու սպային:
Ի վերջո, վաղուց ժամանակն է նաեւ օպտիմալացնողների՜ օպտիմալացման: Աշխարհի փորձը նայեք: Գոնե մի 10-12 լավ աշխատող նախարարությունն առայժմ մեզ բավական չէ՞: