Թուրքիայի, Լիբանանի, Իրաքի եւ Քաթարի հնարավոր դաշինքներ
Սիրիա-Իսրայել հարաբերություններում լարվածությունը կրկին աճում է: Հակամարտության մեջ վճռական դերն արդեն խաղում է ոչ թե ԱՄՆ-ը, այլ Ռուսաստանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հմտորեն մանեւրում է հակամարտ կողմերի միջեւ, վստահ է գերմանական Die Welt թերթի մերձավորարեւելյան թղթակից Գիլ Յարոնը :
Կրեմլի որոշումներն այժմ չափազանց կարեւոր են Սիրիայի եւ Իսրայելի համար: Մերձավոր Արեւելքում ռուսների ազդեցությունը դեռ երբեք այսքան զգալի չէր եղել: Դրա վկայություններից է մասնավորապես Սիրիա-Իսրայել ներկայիս հակամարտությունը: Անցյալ շաբաթավերջին Սիրիայի երկնքում խոցվեց իսրայելական մի կործանիչ: Երկու օդաչուներին հաջողվեց փրկվել: Դա 1982 թվականից ի վեր մարտական առաջադրանքի կատարման ժամանակ խոցված իսրայելական առաջին ռազմօդանավն էր:
Միջադեպից անմիջապես հետո իսրայելական օդուժը հարվածներ հասցրեց Սիրիայում գտնվող իրանական եւ սիրիական օբյեկտներին: ԱՄՆ-ը բռնեց Իսրայելի կողմը, որն արդեն մի քանի տարի Սիրիայի հետ փաստորեն պատերազմական վիճակում է: Պետդեպարտամենտի հայտարարության համաձայնՙ Վաշինգտոնը վճռականորեն ընդունում է Իսրայելի իքնապաշտպանության իրավունքը:
Սակայն սիրիական հակամարտության մեջ Իրանի եւ Սիրիայի դաշնակիցը համարվող Ռուսաստանը ընդգծված չեզոք դիրք դրսեւորեցՙ հակամարտ կողմերին նախազգուշացնելով վտանգավոր զարգացումների հնարավորության մասին: Դա հերթական անգամ ցույց տվեց, որ տվյալ հակամարտության մեջ Ռուսաստանը որեւէ մեկի կողմը չի բռնում, նա հմտորեն բախման մեջ է դնում հակամարտ կողմերին:
Իրանին եւ Սիրիային աջակցելու հետ մեկտեղ Մոսկվան համագործակցում է Նաթանյահուի կառավարության հետ: Ռուսաստանը Սիրիայում տեղաբաշխել է հ-400-ի երեք մարտկոց, բայց դրանք չի օգտագործում Իսրայելի դեմ:
Ռուսները եւ իսրայելցիները կկարողանային տարածաշրջանում վնասել միմյանց, կարծում է ռուս-իսրայելական հարաբերությունների փորձագետ Ալեքս Թենզերը : Պուտինը չի ուզում Սիրիայի եւ Իսրայելի պատերազմ, վստահ է նա: Ռուսներին Իսրայեը հարկավոր է որպես Թեհրանի ռազմավարական հակակշիռ:
Ռուսաստանի ծրագրերը անհամեմատ հեռուն են գնում, քան Սիրիայի պատերազմում հաղթելը: Պուտինն ուզում է ԱՄՆ-ին փոխարինել Մերձավոր Արեւելքում իշխող տերության դերում: Նա լցնում է տարածաշրջանում Բարաք Օբամայի թողած դատարկությունը , որը ծավալվում է Դոնալդ Թրամփի օրոք: Մոսկվան ուժեղացնում է իր ազդեցությունը Լիբիայում, Եգիպտոսում եւ նույնիսկ Սաուդյան Արաբիայում:
Սիրիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը աշխարհաքաղաքական մեծ մանեւր է: Հարավ-արեւելքում Պուտինն ուզում է շրջանցել Եվրոպայի հակաօդային պաշտպանությունը եւ նեղը գցել ԱՄՆ-ին: Այդ նպատակին հասնելու համար Պուտինն ունի Մերձավոր Արեւելքի բոլոր երկրների, այդ թվում ռազմական հզոր երկիր Իսրայելի կարիքը: Մոսկվան անտեսեց Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցությունը սահմանափակելու իսրայելցիների պահանջը:
Ռուսական զենքը, այդ թվում հրթիռները, մատակարարվում են սիրացիներին, թերեւս հայտնվելով նաեւ «Հզբոլլահի» ձեռքին: Ռուսաստանցի զիվորականները սերտորեն համագործակցում են իրանցիների հետ, իսկ ռուս դիվանագետները Իրանին աջակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Սակայն վերջին հաշվով Պուտինը միջակա դիրք է զբաղեցնում Սիրիայի հակամարտության բոլոր կողմերի միջեւ եւ լիովին վերահսկում է Մերձավոր Արեւելքի իրադրությունը:
Հեռանկարային առումով Մոսկվայի եւ Թեհրանի շահերը տարբերվում են: Նրանք մրցակիցներ են դառնում հանածոների արդյունահանման եւ Սիրիայի վերականգման հարցերում շահավետ համաձայնագրերի կնքման առումով: Իսլամական Իրանի եւ աշխարհիկ Ռուսատանի գաղափարախոսությունները նույպես չեն համընկնում: Հենց որ «Իսլամական պետությունը» եւ արեւմտամետ ապստամբները ջախջախվեն, այսինքն ընդհանուր թշնամին պարտության մատնվի, Իրանը կփորձի Սիրիան հենակետ դարձնել Իսրայելի եւ սուննի վարչակարգի դեմ մղվող պայքարում, իսկ Ռուսաստանը կուզենա վերահսկել Մերձավոր Արեւելքը որպես հակաարեւմտյան ճակատներից մեկը:
Անկարելի է հաշվի չառնել նաեւ Պուտինի հուզական կապվածությունը Իսրայելի հետ: Ռուս-իսրայելական հարաբերությունների փորձագետ Ալեքս Թենզերի տվյալներով Պուտինը մի փոքրիկ բնակարան ունի Թել-Ավիվում: 2005 թվականին նա այդ բնակարանը նվիրել էր նյութական ծանր կացության մեջ հայտնված գերմաներենի իր սիրելի ուսուցչուհուն, որն Իսրայել էր տեղափոխվել 1972-ին: Առանց այդ ուսուցչուհու տված գիտելիքների, հնարավոր չէր լինի Պուտինի կարիերան ՊԱԿ-ում: Անզավակ ուսուցչուհին մահից առաջ բնակարանը կտակել էր իր բարերարին, գրում է Die Welt-ը:
Ինչ վերաբերում է մյուս գերտերությանըՙ ԱՄՆ-ին, մերձավորարեւելյան վերջին զարգացումները նրա համար այնքան էլ նպաստավոր չեն: «Միացյալ Նահանգները դիտավորություններ ունի Թուրքիայի եւ Իրանի, գուցե նաեւ Ռուսաստանի դեմ», հայտարարեց Թուրքիայի նախագահ Էրդողանը փետրվարի 6-ին իր կուսակցության անդամների առջեւ ունեցած ելույթում: Դա վերջին վեց շաբաթներին Թուրքիայի արած հակաամերիկյան հայտարարություններից վերջինն էր: Չնայած դրան, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, որը մեկշաբաթյա շրջագայություն է կատարում Մերձավոր Արեւելքում, շարունակում է Թուրքիային համարել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակից, գրում է ամերիկյան The Hill հրատարակությունը:
Էրդողանի հայտարարությունը վկայում է Վաշինգտոնի առջեւ ծառացած խնդրի մասին. ինչպես կայունացնել ավանդական դաշնակցային հարաբերություները Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների պայմաններում: Ապագայում Վաշինգտոնը կարող է ականատեսը դառնալ այն բանի, թե ինչպես Թուրքիան, Լիբանանը, Իրաքը եւ Քաթարը մտնում են այնպիսի դաշինքների մեջ, որոնք ուժեղացնում են ԱՄՆ-ի հակառակորդներ Իրանին եւ Ռուսաստանին: Ներկա պայմաններում, եթե ԱՄՆ-ը վատթարացնի հարաբերությունները այդ չորս երկրների հետ, կարող է պատահել, որ վերջիններս էլ ավելի մերձենան Մոսկվայի եւ Թեհրանի հետ:
Լիբանանում այսօր ԱՄՆ-ի խնդիրն այն է, որ նա ուզում է աջակցել երկրի կառավարությանը եւ բանակինՙ բայց այնպես, որ այդ աջակցությունից չօգտվի Լիբանանի կառավարության մասը կազմող «Հզբոլլահ» իրանամետ շարժումը:
2017 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ կազմակերպած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Լիբանանը գտնվում է «Իսլամական պետության», «Ալ-Ղաիդայի» եւ «Հզբոլլահի» դեմ մղվող պայքարի առաջին շարքերում: Հոկտեմբերին Կոնգրեսը թիրախ դարձրեց Լիբանանի կառավարությանըՙ հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ-ի կարեւոր գործընկերոջը, քանի որ այդ կառավարությունը շարունակում է համագործակցել «Հզբոլլահի» հետ, գրում է Foreign Policy հանդեսը: 2018-ի փետրվարին նախագահ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ ձեռնարկեց «Հզբոլլահի» վեց անդամների դեմ:
Որեւէ նշան չկա, թե Լիբանանի երկդիմի կառավարությունը պատրաստվում է որեւէ բան փոխել: ԱՄՆ-ը Լիբանանի բանակի վրա ծախսում է միլիոնավոր դոլարներ, մինչդեռ «Հզբոլլահը» շարունակում է իր գործունեությունը երկրում: 2018-ի հունվարին իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այցելեց լիբանանա-իսրայելական սահման եւ սպառնաց Երուսաղեմն ազատագրել իսրայելական օկուպացումից: Վաշինգտոնը չունի Լիբանանում գործողությունների արդյունավետ ծրագիր: Երկիրը հայտնվել է «Հզբոլլահի» պատանդի կարգավիճակում:
2017-ի դեկտեմբերին Լիբանան այցելեց ԱՄՆ-ի եւս մեկ հակառակորդ: Դա Իրաքի շիա աշխարհազորայինների հրամանատար Կաիս ալ-Խազալին էր, որն անցյալում Իրաքում նստած է եղել ամերիկյան բանտում, մինչեւ որ 2015 թ. նրա աշխարհազորայինները մտան իրաքի մոբիլիզացիոն ուժերի կազմի մեջ: Ալ-Խազալիի աշխարհազորայիններից շատերը ժամանակին կռվել են ամերիկյան զորքերի դեմ: Ավելի վաղ, ամերիկացիներին դիմակայած շիա աշխարհազորայիները 2016 թվականին մտան Իրաքի կառավարության ռազմականացված կազմավորումների մեջ: Սակայն նրանցից բխող սպառնալիքը բնավ չի վերացել:
2017 թվականի հոկտեմբերին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ժամանակ հայտարարեց, որ հարկավոր է աջակցել շիա աշխարհազորայիններին, քանի որ նրանք երկրի եւ ամբողջ տարածաշրջանի հույսն են:
Այսպիսով, ամերիկացիներն Իրաքում կարող են բախվել նույնպիսի խնդրի, ինչպիսին գոյություն ունի Լիբանանում: Օգնության ծրագրի շրջանակներում Իրաքի կառավարությանը հանձնված ամեն մի սարքավորում պետք է խիստ վերահսկողության տակ լինի, որպեսզի չհայտնվի Իրանի կողմնակիցների ձեռքին:
Քաթարում ամերիկացիները բախվում են պակաս թափանցիկ մի խնդրի: 2015 թ. Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի նախագահ Դեվիդ Ա. Վայնբերգը հանգեց այն հետեւությանը, որ Քաթարը ԱՄՆ-ի այն դաշնակիցներից է, որոնց կարելի է անվանել կիսաբարեկամ-կիսաթշնամի կամ երդվյալ բարեկամ, երբ խոսքը ահաբեկչության ֆինանսավորման մասին է: ԱՄՆ-ը շարունակում է ռազմավարական երկխոսությունը Դոհայի հետ, որպեսզի պահպանի Քաթարում գտնվող իր ռազմակայանը եւ ամերիկյան զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը:
Բայց կան նաեւ այլ բարդություններ: Քաթարը ավելի ու ավելի է մերձենում Թեհրանի եւ Անկարայի հետ: 2017-ի հոկտեմբերին Դոհան Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեց հակաօդային պաշտպանության վերաբերյալ:
Բոլոր չորս դեպքերում ԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են թե՛ Վաշինգտոնին եւ թե Միացյալ Նահանգների հակառակորդներին, չնայած որ այդ գործողությունները հակասում են Սպիտակ տան շահերին: Երբ Վաշինգտոնը սկսում է դժգոհություն արտահայտել, հիշյալ երկրներից յուրաքանչյուրը սպառնում է սերտացնել հարաբերությունները Թեհրանի եւ Մոսկվայի հետ: Երկու դեպքերում էլ այդ երկրները դուրս են ընկնում ԱՄՆ-ի ազդեցության ծիրից:
2018թ. Թրամփի վարչակազմը այդ երկրներին պետք է հասկացնի, որ ԱՄՆ-ից հեռանալու այդ եղանակը կարող է որոշակի հետեւանքներ ունենալ, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Իսաեւը : ԱՄՆ-ը չպետք է լքի իր տարածաշրջանային գործընկերներին, ներառյալ Սիրիայի արեւելքում գտնվողներին: Վաշինգտոնը ստիպված կլինի ամրապնդել հարաբերությունները Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի հյուսիսում ապրող քրդերի հետ: