«Շանթ» հեռուստաալիքով Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ունեցած հարցազրույցի ամենաշահեկան կողմն այն էր, որ փորձառու քաղաքագետը, պատասխանելով լրագրողի «սադրիչ» հարցերին (երեւույթի դրական իմաստով), հանգամանորեն եւ, ըստ իս, համոզիչ կերպով լույս սփռեց իր քաղաքական հայացքներին, անձին, բիզնեսին, ընտանիքի անդամներին առնչված մեղադրանքների ու ասեկոսեների վրա: Մարդը խոսեց Վազգեն Սարգսյանի հետ կապված «սկանդալի», իր բիզնեսի օրինականության, մերձավորների կեղծ «բրիտանացման» մասին եւ այլն:
Որ Հայաստանում իշխանության ձգտող որոշ քաղաքական ուժեր ու անհատներ պիտի փորձեն հեղինակազրկել պետության բարձրագույն պաշտոններից մեկի հավակնորդին, նորմալ ու բնական երեւույթ է: Պուտինի դեմ նույն պայմաններում նման քայլեր է ձեռնարկում նույնիսկ իր բարոյական անորակությամբ հայտնի Քսենիա Սոբչակը: Հայաստանում ցավալին այն է, որ անկախության տարիներին երկրում ձեւավորվել է չինովնիկական մի խավ, որի մտահոգության գլխավոր առարկան սեփական գրպանն է ու նոր միայն մնացյալը, եւ որ այս «ընտրանին» դյուրությամբ չի հրաժարվի կենարար պետբյուջեն տնօրինելու բազմախորհուրդ գայթակղությունից:
Արտառոցն այն է, որ հայաստանյաց հասարակությունը այնքան է հուսախաբված անկախության տարիների իր ղեկավարներից, որ նույնիսկ լույսի շող չի տեսնում նոր անհատների մեջ, ակնհայտ է կատարյալ անտարբերությունը` որ, միեւնույն է, ոչինչ չի փոխվի` ձուկը գլխից է հոտած: Եթե երեք նախագահներից եւ ոչ մեկը չարժանացավ սեփական ժողովրդի հարգանքին, ո՜վ կարող է երաշխավորել, որ մեկ ուրիշը կարող է բեկել կայացած օրինաչափությունը: Սակայն, կարծում եմ, Արմեն Սարգսյանը կարող է հույս ներշնչել:
Նախ, այս անձը ինտելեկտուալ առումով անհատականություն է` վեր կանգնած Հայաստանը համակած քաղաքական գավառամտությունից ու գորշությունից: Տեխնոկրատ է` ֆիզիկոս-մաթեմատիկոս, վերջապես ոչ հումանիտար ասպարեզի մասնագետ: Էկոնոմիկայի, խոշոր բիզնեսի բնագավառի բարձրակարգ պրոֆեսիոնալ` ի վիճակի ոչ թե սին խոսքերով ու երազանքային խոստումներով, այլ իրապես գիտակցված ու հիմնավորված գործնական քայլերով նպաստելու տնտեսության աճին ու զարգացմանը, անշուշտ համագործակցելով նույնպես պրոֆեսիոնալ Կարեն Կարապետյանի հետ: Վերջիվերջո տնայնագործականի վերածված էկոնոմիկան է Հայաստանի ամենաթույլ ու ամենախոցելի կողմը, արտագաղթը խթանող ամենաուժեղ գործոնը:
Նվազ կարեւոր չէ նաեւ այն պարագան, որ Արմեն Սարգսյանը մաքուր կենսագրություն ունի. ոչ ոք նրան չի մեղադրում կոռուպցիայի, կլանայնության, անհարկի իշխանասիրության, պետական գործչին ոչ բնորոշ որոշ թուլությունների մեջ եւ այլն: Կեղծ են հնչում այն դատապարտումները, թե նրա ժառանգներն ապրում են Անգլիայում: Իսկ ինչու բացառել, որ անհրաժեշտության դեպքում նրանք կվերադառնան հայրենիք: Եվ հետո, ի՜նչ է շահում Հայաստանը նրա որոշ կառավարիչների հայաստանաբնակ հարազատներից ու բարեկամներից, որոնց անվան շուրջ շրջանառվում են ամենամեղսալի ժողովրդական մեղադրանքները:
Կարելի է համոզված ասել, որ լինելով իրոք գերգրագետ մարդ, Արմեն Սարգսյանը իրեն կշրջապատի իր նման բանիմաց ու պարկեշտ մասնագետներով: Այդ կարգի մարդիկ չեն վախենում ուրիշների իմաստությունից, վստահ են իրենց վրա: Թե չէ Հայաստանում, ավա՜ղ, երբեմն բարձր պաշտոններ են գրավում մարդիկ, որոնք իրենց սահմանափակություններով դառնում են սոսկ ժողովրդական ֆոլկլորի առարկա, լրագրողների բուռն սրամտությունների օբյեկտ:
Մեծ է հավանականությունը, որ Արմեն Սարգսյանը բնավ էլ ոչ աստվածածին Հանրապետական կուսակցության կամոք կընտրվի նախագահի պաշտոնում: Եվ հետագա կարիերայի ընթացքում ամեն տեսակ ավելորդ խոսակցություններից, բամբասանքներից ու սադրանքներից խուսափելու համար թերեւս ճիշտ կլիներ, որ նա հետեւեր եվրոպացի շատ լիդերների ու մասնավորապես Վլադիմիր Պուտինի օրինակին` եթե ոչ տարբեր առիթներով , ապա գոնե տարեկան մեկ անգամ հրավիրել լրագրողների, այդ թվում նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցների, եւ հրապարակավ ուղիղ հեռուստահանդիպում ունենալ նրանց հետ ու պատասխանել պետության ու մարդկանց կյանքին վերաբերող հրատապ հարցերին: Մի բան, որ չի արել Հայաստանի ղեկավարներից եւ ոչ մեկը: Իսկ միգուցե դա նրանց չի էլ հետաքրքրել: