Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՏԶՀԵՏԵ ԽՐՎՈՒՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱՀՃԻ ՄԵՋ

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ո՞վ կվերածնի ԻՊ-ը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայում չեն մնացել «Իսլամական պետության» մարտունակ գրոհայիններ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը, «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակով աջակցում եւ սպառազինում է քրդերի Ժողովրդավարական միության եւ Ինքնապաշտպանական ջոկատների ուժերին: Անկարայում նրանց անվանում են ահաբեկիչներ, իսկ Վաշինգտոնում համարում են դաշնակիցներ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում:

Այսպես, Էրդողանը կրկնել է թուրքական հայտնի ձեւակերպումը, ըստ որի ԱՄՆ-ը որոշ ահաբեկիչների ձեռքով ոչնչացնում է ուրիշ ահաբեկիչներիՙ «Իսլամական պետության» մարտիկներին: Որոշակի իմաստով նա իրավացի է, քանի որ ԻՊ-ը կորցրել է երբեմնի մարտունակությունը, թեեւ Վաշինգտոնը Անկարային հորդորում է կենտրոնանալ առավելապես այդ ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարի վրա: Իսկ որտե՞ղ են ջիհադիստները: Աֆրինում նրանք չկան: Խնդիրն առկա է գլխավորապես Սիրիայի արեւելյան շրջաններումՙ Իրաքի սահմանի մոտակայքում:

Այժմ Թուրքիան հայտարարում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը դեպի Մամբիջՙ Իրաքի ուղղությամբ շարունակելու մտադրության մասին: Անվերջանալի պարադոքսներ: Եթե նկատի ունենանք, որ թուրքերը ներկայումս կռվում են ամերիկացինեի աջակցությունը վայելող սիրիացի քրդերի դեմ, ապա կարող ենք ասել, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը անուղղակիորեն մարտական բախման մեջ են մտել:

Բայց եթե Վաշինգտոնին հաջողվի Անկարային վերաուղղորդել դեպի «Իսլամական պետությունը», ապա թուրքերն աջակցություն կստանան ամերիկացիներից: Եվ այդ ժամանակ սկիզբ կառնի առավել դրամատիկական երեւույթը. թուրքերը ստիպված կլինեն հաշվի առնել Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրաքի շահերըՙ ավելի ու ավելի խրվելով մերձավորարեւելյան ճահճի մեջ:

Անկարան որպես գլխավոր թիրախ նշում է սիրիացի քրդերինՙ հավատացնելով, թե նրանց դեմ կռվելով ինքը պաշտպանում է իր սահմանները: Այդ դեպքում ծագում է «Ձիթենու ճյուղ» գործողության մասշտաբների հարցը: Ամեն ինչ անչափ խճճված է: Թուրքերի պնդումների համաձայնՙ ամերիկացիները պետք է հրաժարվեն սիրիացի քրդերին աջակցելուց եւ Թուրքիայի հետ համատեղ գործեն որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ:

Այս կապակցությամբ հերթական անգամ ահա թե ինչ է հայտարարել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը . «Հսկայական ռեսուրսներ եւ հզոր բանակ ունեցող երկիրը մի՞թե կարող է ունենալ մի խումբ ահաբեկիչների կարիքը: Թուրքիայի սահմանը նաեւ ՆԱՏՕ-ի սահմանն է: Անհասկանալի է, թե ՆԱՏՕ-ի սահմանը ինչպե՞ս կարելի է դարձնել սպառնալիքի աղբյուր: Դա բացատրություն չունի: Դա թշնամանքի բացահայտ դրսեւորում է: Անկարան թույլ չի տա իրագործել նման ծրագիրՙ անկախ նրանից, թե ով եւ ինչ տերություն է կանգնած դրա հետեւում: Դա չի լինելու»:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Հերբերտ Մակմաստերը Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե ԱՄՆ-ը այլեւս զենք չի մատակարարի սիրիացի քրդերին: Սակայն ինքըՙ ԱՄՆ-ը, այդ տեղեկությունը չի մեկնաբանում:

Այսպիսով, ուրվագծվում է երկու նախագիծ: Առաջինը թուրքականն է: Դրա համաձայն Անկարան մտադիր է Սիրիայում ամրապնդվել այն տարածքներում, որտեղ հավանաբար կարող էր հռչակվել հերթական քրդական ինքնավարությունը: Այնուհետեւ Թուրքիան մտադիր է ակտիվորեն մասնակցել Սիրիայի «պետականաշինությանը»:

Երկրորդն ամերիկյան նախագիծն է: ԱՄՆ-ը պահպանում է իր ռազմական ու քաղաքական ներկայութունը Սիրիայում, սիրիացի քրդերին մի կողմից իբրեւ հենակետ է օգտագործում Դամասկոսի վրա «ժողովրդավարական» ճնշում գործադրելու համար, իսկ մյուս կողմիցՙ Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու համարՙ կիրառելով նաեւ «Իսլամական պետության» գործոնը:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, պատասխանելով այն հարցին, թե կշարունակվի՞ արդյոք օգնության հատկացումը սիրիացի քրդերին, մինչ Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողություն է իրականացնում, ասել է. «Մենք կշարունակենք սիրիացի քրդերին օգնել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» դեմ վերջնական հաղթանակի հասնելու համար»:

Այսպիսով, ուրվագծվում է ամերիկյան եւս մեկ նախագիծ. Վաշինգտոնն ավարտված չի համարում «Իսլամական պետության» դեմ մղվող պատերազմը: Փոխարենը սիրիացի քրդերին Թուրքիայի կողմից հասցվող հարվածները որոշակի պայմաններում ու հանգամանքներում կգնահատվեն որպես խոչընդոտ ջիհադիստների դեմ ծավալվող պայքարում:

Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ջենիֆեր Լովենշտայնի պնդման համաձայնՙ ԱՄՆ-ը, ըստ էության, մտադիր է Սիրիայում կրկնել իր իրաքյան եւ աֆղանական փորձը: Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Սիրիայում մնալ, որպեսզի օգնի սիրիացի ժողովրդին եւ թույլ չտա «Իսլամական պետության» վերածնություն: Ավելին, Վաշինգտոնում չեն թաքցնում իրենց հետագա գործողությունների ծրագիրը: Ինչպես գրում է The Washington Post թերթը, Սպիտակ տունը մտադիր է ստեղծված իրավիճակում խաղաքարտերն օգտագործել որոշակի հերթականությամբ:

Աֆղանստանից եւ Իրաքից հետո նախաձեռնվել է հերթական պատերազմը Սիրիայում , որի մեջ ներքաշվել են Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Հիմա սիրիական պլացդարմից կարելի է ակտիվ գործողություններ սկսել Իրանի դեմ, նշում է թերթը: Ըստ որում Վաշինգտոնը հանուն սեփական շահերի ակտիվորեն կխաղարկի տեղական խաղաքարտերը, մինչեւ որոշակի պահ ձեռնպահ կմնա տարածաշրջանում իր ռազմական ներկայության ուժեղացումիցՙ գործելով ուրիշների միջոցով, արձանագրում է Ռեգնում գործակալությունը:

Այն լուրը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը օրերս Իրանի արեւմուտքում ոչնչացրել են «Իսլամական պետության» մի խմբավորում, տվյալ համատեքստում ընկալվում է որպես նախապատրաստվող «պարսկական գարնան» առաջին ծիծեռնակ: Կարող է այնպես պատահել, որ սիրիական ավազուտներում խրված Թուրքիան ստիպված լինի բախվել նաեւ այդ գործողությանը: Կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ»

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական