Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած նոր նախագծով առաջարկվում է ՊՆ-ում ստեղծել «Զինուժ մեդիա» պետական հիմնարկ: Նորաստեղծ հիմնարկում կվերակազմակերպվեն «Զինուժ ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ եւ «Սպայի տուն» պետական հիմնարկները:
Ըստ նախագծիՙ հիմնարկի գործունեության խնդիրները, նպատակներն ու գործառույթներն են լինելու հեռուստածրագրերի, ռադիոհաղորդաշարերի եւ տպագիր մամուլի միջոցով ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական ծառայության քարոզչությունը, զինված ուժերում իրականացվող միջոցառումների լուսաբանումը եւ այլն:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ եւ մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ:
««Զինուժ մեդիա» պետական հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը, համացանցում տեղեկատվական ներգործության դիմակայմանը եւ հասարակության մեջ զինված ուժերի վերաբերյալ դրական կարծիքի ձեւավորմանը», նշել է ՊՆ ղեկավարը:
Այնպես որ, շուտով երիտասարդ սերունդը խիստ հայրենասեր է դառնալու, ազգային ինքնագիտակցությունը բարձրանալու էՙ Արարատից էլ վեր, եւ հասարակությունը բացառապես դրական կարծիք է ունենալու զինված ուժերի մասին: