Ընթերցողը նկատած կլինի, որ տարածաշրջանային ճգնաժամերի ժամանակ «Ազգ»ը սեւեռուն ուշադրության տակ է վերցնում տեղի ունեցող դեպքերն ու զարգացումները եւ իր ուժերով թե միջազգային մամուլի վերլուծականների օգնությամբ փորձում ընթերցողին առավել իրազեկ դարձնել տեղի ունեցող իրադարձություններին:
Ներկա համարում ներկայացնում ենք մի ամբողջ շարք նյութեր ու վերլուծականներ նվիրված սիրիական ճգնաժամի նորագույն զարգացումներինՙ ձիթենիներով ու նռնենիներով հարուստ վայրերի կարոտաբաղձ նկարագրությունից մինչեւ թուրք-ամերիկյան հակադրություններ, ռուսական մոտեցումներից մինչեւ թուրքական նոր արկածախնդրություն: Մինչդեռ, սովորաբար, ինչպես այս պարագայում, հայկական լրատվամիջոցներն իրենց հայացքն ուղղում են դեպի այնտեղ, որտեղ ուղղված է պետական պաշտոնյաների նայվածքը, հաճախ անտեսելով, ինչպես ներկա պարագայում, կարեւորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր անմիջական տարածաշրջանում, որտեղ ներկայիս կատարվում են խիստ վտանգավոր շարժումներ ու ռազմաքաղաքական խաղեր:
Կարեւոր բոլոր խաղացողներն այժմ այնտեղ ենՙ Սիրիայում եւ շուրջը, մեզնից ընդամենը մի քանի հարյուր կմ հեռու կամ շատ ավելի մոտիկ: Այնտեղ են Թուրքիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանը, Մ. Նահանգները, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ զարգացումներին սրտատրոփ հետեւող Լիբանանն ու Հորդանանը, շահագրգիռ դիտորդներ Իսրայելը, Եվրոպան, արաբական այլ երկրներ: Վերջապես այնտեղ է չորս երկրների աքցանի մեջ բռնված քուրդ ժողովուրդըՙ իր ազգային կարելի եւ անկարելի ձգտումներով: Վերջապես այնտեղ է, իր իսկ մարմնի վրա բոլոր խարդավանքներն ու թշնամանքները կրող սիրիացի ժողովուրդը, որի մեջՙ նաեւ մեր ազգակիցները, որոնք յոթ տարի արդեն կրում են արյունահեղությունների, ավերածությունների, գաղթի ու սովի պատճառած տառապանքները, որոնց վերջը չի երեւում, հակառակ ԻՊ հրոսակախմբերի ոչնչացմանը:
Թուրքերեն կա հենց նման պահերի համար կարծես ստեղծված ասացվածքՙ «իշդե մեյդան, իշդե շեյթան» («ահավասիկ հրապարակը, ահավասիկ սատանան»): Առայժմ գլխավոր «շեյթանը» Էրդողանի Թուրքիան է, որ, Սիրիայի հյուսիս-արեւմտյանՙ առավելաբար քրդաբնակ շրջաններում 30 հազարանոց «սահմանապահ» զորաբանակ ստեղծելու մասին Վաշինգտոնից հնչած հայտարարությունից ընդամենը մի քանի օր հետո, իր ընտիր զորագնդերը ուղարկեց Աֆրինը կործանելու, իսկ այժմ սպառնում է հարվածել դեպի արեւելքՙ Մանբիջ բնակավայրը, որտեղ տեղակայված է ամերիկյան 2000 հոգանոց զորագունդՙ «ԻՊ»ի դեմ հերոսաբար կռված քրդական զինված ուժերին «օգնելու եւ կազմակերպելու» նպատակով: Էրդողանը պահանջում է ամերիկյան զորագնդի հեռացումը, որին Վաշինգտոնը, եւս մի «շեյթան», դեռեւս հստակ չի պատասխանել, բավարարվելով հորդորել Անկարային զսպելու ախորժակը:
Մյուս «շեյթանը» անշուշտ մեր դաշնակից Ռուսաստանն է, որ հունվարի 18-ին ընդառաջեց Մոսկվա ժամանած թուրքական բանակի շտաբի պետի խնդրանքին կամ պահանջինՙ հյուսիսային Սիրիայի օդային սահմանը բացեց թուրքական օդուժի առաջ… որպեսզի թուրքերը ռմբակոծեն քրդական ռազմական ու քաղաքացիական դիրքերը, եւ արդեն կա շուրջ 600 զոհ: Ինչո՞ւ Մոսկվան գնաց նման քայլի. ՆԱՏՕ-ի երկու երկրներին իրար դեմ կանգնեցնելո՞ւ (կայֆ կլինի, չէ՞), թուրքերին քրդական ճահճի մեջ մխրճելո՞ւ, թե՞ թուրքական մտրակով քրդերին ծեծել տալուց հետո վերջիններին նախագահ Ասադի փարախ վերադարձնելու նպատակով:
Համենայնդեպս, պարզ է ռուսների նվազագույն խնդիրըՙ Բաշար Ասադի գլխավորությամբ կամ ոչՙ պահպանել Սիրիա պետության ամբողջականությունը եւ տեւականացնել Միջերկրականում իր վերջին հենակետի օրինականությունը: Մինչդեռ Արեւմուտքը, ներառյալ Մ. Նահանգները, դեռեւս չի պարզելՙ «ԻՊ»ի ահաբեկիչների գրեթե ամբողջական ոչնչացումից հետո ինքն ի՞նչ է ուզում Սիրիայից եւ ի՞նչ է անելու Սիրիայում:
Համեմատաբար պարզ են նաեւ քրդերի եւ թուրքերի ցանկությունները: Առաջիններըՙ Իրաքյան Քրդստանի անկախության արգելումից հետո գեթ Սիրիայի հյուսիսում ստանալ լայն ինքնավարություն, մինչ թուրքերըՙ ոչ մի կերպ թույլ չտալ նման սպառնալիք, որը հետագայում շղթայաձեւ կընդգրկի ոչ միայն Իրաքը նաեւ, այլեւ բուն Թուրքիան:
Արդարեւ, աշխարհի այդ կետում կուտակված մրցակից ու հակամարտ ուժեր, որոնցից յուրաքանչյուրը, ոհմակի օրենքով, սպասում է մյուսի սայթաքելուն:
Ո՞վ կսայթաքի առաջինը, կիմանանք հետո:
Մինչ այդՙ թե ի՞նչ կլինի այդ երկրի ժողովրդին, այդ թվում մեր համայնքին, որ «ԻՊ»ի ջախջախումից հետո հույս ուներ ի վերջո վերատիրանալ խաղաղ ապրելու իր իրավունքին, խաղացող «շեյթաններից» ոչ ոքի չի հետաքրքրում: Վերջնական հաշվեհարդարից հետո «մարդասիրական» կոչված օգնությունը միշտ պատրաստ է ճերմակերես ու բարեգութ երեւալու համար: