Ներքին քաղաքականություն
«ԱԶԳ» թերթի խմբագրությունում միջազգայնագետ ՍՈԻՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ տեղի ունեցավ երկխոսություն, որը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք մեր ընթերցողին:
– Ո՞րն էր Թրամփի հաղթանակի պատճառը. այս թեմայով մեծ թվով քննարկումներ, վերլուծություններ եղան եւ նույնիսկ այսպիսի կարծիք կար, որ սա միջին սպիտակամորթ ամերիկացու հաղթանակն էր կամ նրա ապստամբությունը այսպես կոչված համակարգի դեմ: Իմ լավ ընկերը Կալիֆորնիայից գրում էր, որ սա Merry Christmas հաղթանակն էր, նկատի ունենալ, որ Օբամայի օրոք զանգվածաբար հրաժարվում էին այդ արտահայտությունից ու ներմուծվում էին Happy Holiday: Ինչեւէ, թվում էր կառավարման փոխանցման ինչ-որ համակարգ գոյություն ունիՙ դեմոկրատներ- հանրապետականներ, ու թվում էր, որ Թրամփը ոչ մի կերպ չէր տեղավորվում այս սխեմայի մեջ, սակայն Թրամփը հաղթեց, ի՞նչն էր Թրամփի հաղթանակի հիմնական գործոնը, պատճառները:
– Տարբեր կարծիքներ կան, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Այդ մասին գիրք է գրել նաեւ Հիլարի Քլինթոնը, դրա մասին լուրջ վերլուծական աշխատանքներ են կատարել տարբեր վերլուծական կենտրոններ, փորձագիտական շրջանակներ: Օրինակ կա կարծիք, որ սա ոչ թե Թրամփի հաղթանակն էր, այլ Հիլարի Քլինթոնի պարտությունը, քանի որ ժողովուրդը դժգոհ էր դեմոկրատներից, այդ բողոքի ալիքը հարվածեց հենց Հիլարի Քլինթոնին, քանի որ նա Օբամայի ներքին եւ արտաքին քաղաքական գծերի շարունակությունն էր իրականացնելու եւ միջին ամերիկացու համար դա անընդունելի էր: Հաջորդ կարծիքն այն էր, որ Թրամփը համակարգից դուրս մարդ էր, երբեւէ պետական պաշտոն չզբաղեցրած, հարուստ ու հաջողակ բիզնեսմեն, ում հաղթանակը հանրության բողոքն էր իսթեբլիշմենթի դեմ: Ամենաակտիվ քննարկվող թեման դա Ռուսաստանի ազդեցությունն էրՙ հաքերային հարձակում դեմոկրատների շտաբի համակարգիչների վրա, մեծ ծավալի տեղեկատվական արտահոսք Հիլարի Քլինթոնի էլ. փոստից եւ այլն եւ այլն: Շատերը կարծում են նաեւ, որ սա հրեական լոբբիինգի լուրջ աշխատանքի հետեւանքն էր, քանի որ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի ամենաիսրայելամետ նախագահը: Այսինքն, գործոնները շատ են, վարկածները շատ են, սակայն պետք է հաշվի առնենք նաեւ Թրամփի քաղաքական թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը: Շատ գրագետ աշխատանք տանելով հաղթել են նույնիսկ այն նահանգներում, որտեղ թվում էր, թե հաղթելու շանս Թրամփը չունի, իսկ Հիլարի Քլիթոնը վստահ լինելով, որ այդ նահանգները միեւնույն է իրեն են ընտրելու, այդ նահանգներում նույնիսկ նախընտրական հանդիպումներ չունեցավ:
Այսինքն գործոնները շատ էին, միայն մեկ, կամ առանցքային պատճառ չկա: Բնականաբար, պահպանողական ամերիկացիների միջին խավը, որը դժգոհ լինելով ծայրահեղ լիբերալ հայացքներից, չէր կիսում Օբամայի վարչակազմի քաղաքականությունը թեկուզ նույն կրոնական համոզմունքներից ելնելով, դժգոհություն ուներ նույնասեռականների ամուսնության լեգիտիմացման պատճառով, որը, ինչպես հայտնի է, թույլատրվեց գերագույն դատարանի կողմից հենց Օբամայի վարչակազմի օրոք: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով` Թրամփի թիմի պրոֆեսիոնալիզմը, Քլինթոնի ոչ պրոֆեսիոնալիզմը, ժողովրդի վերաբերմունքը, դեմոկրատներից հոգնած լինելը եւ այլն, նաեւ հաշվի առնենք ռոտացիայի սկզբունքը, որը սովորաբար աշխատում է եւ դեմոկրատ նախագահներից հետո սովորաբար իշխանության են գալիս հանրապետականները եւ հակառակը: 1901թ.-ից մինչ օրս ԱՄՆ-ն ունեցել է 12 հանրապետական եւ 8 դեմոկրատ նախագահ, ովքեր հիմնականում ղեկավարել են ԱՄՆ-ն ռոտացիայով: Շատերը Թրամփի հաղթանակը պայմանավորում էին նաեւ նրանով, որ նա հաջողակ բիզնեսմեն է եւ կարող է զարգացնել ԱՄՆ տնտեսությունը, ինչը մենք այսօր տեսնում ենք: Սա, կարծում եմ, հանգամանքների մեծ շղթա էր, որ բերեց Թրամփի հաղթանակին, այսինքն դժգոհությունը Քլինթոնից մինչը Թրամփի թիմի պրոֆեսիոնալ աշխատանք եւ այն բոլոր բաղադրիչները, որոնց մասին խոսեցինք:
– Թրամփի տնտեսական քաղաքականության մասին: Կարծեմ հենց Օբամայի օրոք սկսեցին խոսել այսպես կոչված հետինդուստրիալ տնտեսության զարգացման մասին, ինչը հանգեցրեց նրան, որ ամերիկյան արդյունաբերական մի շարք քաղաքաներ սնանկացան: Հատկապես մեքենաշինության բնագավառում, եւ նույնիսկ որոշ ընկերություններ սկսեցին դուրս բերել իրենց գործարանները` տանելով Մեքսիկա կամ Չինաստան: Կա կարծիք, որ ամեն դեպքում ամերիկացիների համար ներքին քաղաքականությունը ավելի կարեւոր է, քան արտաքինը եւ ամերիկացիները ղեկավար ընտրում են ելնելով հենց այս հանգամանքից:
– Թրամփըՙ լինելով բիզնեսմեն, ունենալով խոշոր կորպորացիաներ ղեկավարելու հմտություններ, կառավարելով միլիարդների շրջանառություն, ըստ էության շատ լավ գիտի ինչպես ղեկավարել պետությունը բիզնեսի մոդելով: Թրամփը լինելով բիզնեսմեն, գալով Սպիտակ տուն, պետք է հասկանա, թե ինչպես կարելի է զարգացնել տնտեսությունը, մանավանդ եթե դրա համար որոշակի պայմանները կան: Դա առաջին հերթին հարկային բարեփոխումներն են, որին Թրամփը բավականին ակտիվ պայքարի արդյունքում կարողացավ հասնել եւ դա տվեց իր արդյունքները, որովհետեւ մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում մեքենաշինական, որոշեցին, որ իրենց գործարանները, որ էժան աշխատուժի պատճառով տեղափոխել էին ասենք Մեքսիկա, հետ են բերում ԱՄՆ:
Հաջորդը Apple ընկերությունն էր, որ հայտարարեց, որ հետ է բերում իր կապիտալը, մոտ 300 մլրդ դոլարի չափով, եւ օգտվում հարկային այդ նոր բարեփոխումներից, ինչը հնարավորություն է տալիս նոր աշխատատեղեր ստեղծել եւ այլն: Այսինքն այս հարկային բարեփոխումները, որոնց Թրամփը հասավ, տնտեսությանը նոր զարկ տվեցին: Ի՞նչ է պատկերացնում Թրամփը ապագայում, դա տնտեսության զարգացումն է, դա իր համար առաջնային է, դա իր սլոգանն էՙ «Առաջինը ամերիկան», America first: Այսինքն, ինքը ասում էՙ մենք պետք է մեր ներքին հարցերը կարգավորենք եւ հետո զբաղվենք աշխարհով: Ինչ է անումՙ խնայողություն է անում իր տնտեսությանը աջակցելու համար, կրճատում է ֆինասավորումը տարբեր պետություններին` մոտ 1 միլիարդ Պակիստանից, մոտ 600 միլիոն պարտք ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նախընտրում է ընդհանրապես դուրս գալ այդ կառույցից, բայց չվճարել, որոշում է կրճատել օժանդակությունը ՄԱԿ-ին, կրճատում է այլ պետությունների ու սեփական պետական ապարատի ֆինանսավորումը եւ այդ փողը ներդրում է տնտեսության մեջ, ինֆրաստրուկտուրաներ է զարգացնում եւ այլն: Անում է այն, ինչն իր նախընտրական խոստումների ժամանակ ասում էր եւ դրա ազդեցությունը արդեն զգացվում է: Այսինքն իր նախընտրական խոստումները նա իրականացնում է եւ դրա հետեւանքները արդեն տեսնում ենքՙ գործազրկության ցածր մակարդակ, ֆինանսական շուկաների ռեկորդային բարձր թվեր, արժեթղթերի շուկայի զարգացում, ինչը նպաստում է ԱՄՆ-ի հարստացմանը:
– Ի դեպ ես մի հոդված եմ պատրաստել նավթի գների բարձրացման պատճառների մասին եւ հետազոտության արդյուքում պարզվեց, որ Թրամփի գալուց հետո դոլարի կուրսը սկսել է թուլանալ, ինչը նպաստում է արտահանման մեծացմանը, իսկ դա հենց Թրամփի քաղաքականության արդյունքն է: Այսինքն իրենց մոտ արտահանման հաշվեկշիռը բացասական է եւ նա այդպիսով ցանկանում է այս իրավիճակը փոխել:
– Դե եթե նախագահ Թրամփն ասում է, որ ամբողջ արտադրությունը տեղափոխենք ԱՄՆ, դա նշանակում է, որ իր արտադրանքն էլ պետք է սպառողին հասցնի, այսինքն եթե նախկինում «Տոյոտա» էին արտադրում Ճապոնիայում, հիմա ասում է արտադրենք ԱՄՆ-ում եւ այլ շուկաներ առաքենք: Այսինքն մի ամբողջ բիզնես տրամաբանությամբ առաջնորդվող գործիչ է եւ ըստ էության կարողանում է այդ գործընթացները լավ կառավարել: Չնայած նրան, որ այսքան քննադատված նախագահ, որքան Թրամփն է, չի եղել ԱՄՆ պատմության մեջ, որը քննադատվում է թե՛ ընդդիմության եւ թե՛ իր կուսակիցների կողմից, չնայած դրաՙ կայուն 38-42% աջակցություն ունի: Օրինակ, այս պահին 40.2 % ունի, ինչը, հաշվի առնելով նրա անվան շուրջ ձեւավորված իրական կամ կեղծ սկանդալների, վատ ցուցանիշ չէ: Չնայած քննադատվող նախագահ է, իրականում տնտեսության համար լավ բեկումնային փուլ է ստեղծել եւ լուրջ ֆինանսական միջոցներ է ներգրավել: Հիշենք զենքի գործարքը Սաուդյան Արաբիայի հետ` մոտ 360 միլիարդի, ԱՄՆ պատմության ամենամեծ գործարքն էր, դրանից հետո Քաթարին զենք վաճառեց, մի շարք պետություններ կան, որոնց զինելու է. դա առաջին հերթին Իսրայելն է եւ այլն: Այսինքն դա շնչելու հնարավորություն է տալիս ռազմաարդյունաբերությանը: Բիզնես մոտեցում կա նույնիսկ Աֆղանստանի նկատմամբ: Առաջարկ կա, որ այսքան ֆինանսական միջոցներ ենք այստեղ ծախսել, մեզ տվեք ձեր բնական ռեսուրսները ծախսերը փակելու համար: Այսինքն արտաքին քաղաքականության մեջ նույնպես գոյություն ունի բիզնեսի միջոցով ԱՄՆ շահերի սպասարկումը:
Մինչեւ արտաքին քաղաքականությանն անցնելըՙ հակիրճ խոսենք նաեւ այդ քննադատության մասինՙ Թրամփի եւ ԶԼՄ-ների պատերազմը. դրա հիմքում ի՞նչ է ընկած:
Իրականում այդ պատերազմող կողմը դեմոկրատական ազդեցիկ մամուլն էՙ «Նյու Յորք Թայմս», «Վաշինգտոն Փոստ», CNN. այսինքն դեմոկրատների ազդեցության տակ գտնվող հզոր ԶԼՄ-ներ, որոնք պատերազմ են հայտարարել Թրամփին, այլ ոչ թե հակառակը, ոչ մեկը չէր համարձակվի նախընտրական շրջանում պատերազմ սկսել ազդեցիկ ԶԼՄ-ների դեմ: Թրամփը միշտ պաշտպանվել է եւ նրանց մեղադրել կեղծ լուրեր տարածելու համար, եւ կարծում եմ այստեղ ԶԼՄ-ները բացասական դերակատարություն են ունեցել իր լեգետիմության ընկալման համար ամբողջ աշխարհում, որովհետեւ, ուզես թե չուզես, ԱՄՆ նախագահը գերտերության նախագահ է, եւ երբ մամուլը երկրի ներքին խնդիրները բերում է համաշխարհային հանրության առաջ է փռում, Թրամփը նաեւ լեգիտիմության ընկալման խնդիր է ունենում, որովհետեւ նրան սկսում են բացասաբար վերաբերվել թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Գերմանիայում, այսինքն սկսում են բացասաբար վերաբերվել նաեւ ԱՄՆ-ին, ու դա ուղղակի կամ անուղակի ազդում է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թրամփի իմիջի վրա:
(Զրույցի շարունակությունը հաջորդիվՙ Թրամփի արտաքին քաղաքականությունը);