Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Insider, AGBU)
Google-ի Սերժ Քասարջյանն ու ժամանցային ոլորտի նորամուծությունները
Եթե սիրում եք երաժշտություն լսել, ֆիլմ կամ սպորտային հաղորդում դիտել, ապա երբեք այդքան տարբերակներ, կարելի է ասել, չեք ունեցել, որքան հիմա, երբ ունեք բջջային հեռախոսների ականջակալների եւ այլ տեսա-լսողական ապարատների օրեցօր կատարելագործվող նմուշները, որոնցից կարող եք օգտվել երբ եւ որտեղ ցանկանաք: Սակայն գլուխ հանել զվարճանքի եւ մեդիա ոլորտի այդ հարափոփոխ աշխարհի գաղտնիքներից, բոլորովին էլ հեշտ չէ: Ծառայությունների եւ ժամանցային խաղերի բազմազանությունը ցնցում է անգամ տեխնիկապես ամենապատրաստված օգտատիրոջը: Նույնիսկ այդ բնագավառի մասնագետներն են խոստովանում, որ երբեմն դժվարանում են նորամուծություններին համաքայլ ընթանալ:
Այդ բնագավառի հմուտ մասնագետ է Գուգլի Սերժ Քասարջյանը (Գասարճեան), որ Google Play-ի (Անդրոիդ) մեդիա հավելվածների գլխավոր ղեկավարն է: Նրա թիմը գլոբալ բիզնես ծառայություններ է մատուցում այնպիսի մեդիա ընկերութունների, ինչպիսիք են HBO-ն, Դիզնեյը (Disney), Netflix-ը, NFL-ը եւ NBA-ն: «Google Play-ը» Անդրոիդ օպերացիոն համակարգի համար նախատեսված ծրագրային հավելվածների (Apps) պաշտոնական «խանութն» է, որտեղից աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ կարող են ներբեռնել իրենց ցանկացած հավելվածները ամենատարբեր ոլորտներում: Որեւէ ընկերության հավելվածը (խաղը, ֆիլմը, երաժշտական կամ սպորտային հաղորդումը, եւայլն) վայրկանների ընթացքում ավելի քան երկու միլիարդ օգտատերերի սեփականությունը կարող է դառնալ 200-ից ավելի երկրներում: Քասարջյանի համար սպորտի, ժամանցային խաղերի եւ տեխնոլոգիայի միաձուլումը իդեալական այն միջավայրն է, որտեղ մեծ սիրով ու նվիրվածությամբ է աշխատում: «Հոլիվուդն ու Սիլիկոն վալին իրար մոտ բերելը մղիչ ուժ է հանդիսանում եւ մեծ բավականություն պատճառում ինձ», խոստովանել է նա ՀԲԸՄիության «The Insider» պարբերականին տված իր հարցազրույցի ժամանակ: Անցած յոթ տարիների ընթացքում նա հրճվանքով է հետեւել, թե ինչպես է թղթի վրա որեւէ տեսլականի նկարագրությունը իրականություն դառնում եւ օգտագործվում միլիոնավոր մարդկանց կողմից:
Գերազանց տիրապետելով հայերեն եւ անգլերեն լեզուներին, ինչպես նաեւ խոսակցական իսպաներենին, նա իրեն «աշխարհի քաղաքացի» է համարում, որովհետեւ իր աշխատանքի բերումով շատ է ճանապարհորդում:
Քասարջյանի ծնողներըՙ Սարգիսն ու Գրեյսը ծնվել են Բեյրութում, եւ հասակ առել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա): Նրանք միշտ քաջալերել են Սերժինՙ հետամուտ լինելու իր նախասիրությունների իրականացմանը:
«Որպես հայ մեծանալը շատ է օգնել ինձ, որ դառնամ տքնաջան աշխատող եւ ծավալեմ եռանդուն գործունեություն: Իմ շուրջը գործող բազմաթիվ հայ գործարարներ, որոնք հմուտ ու հաջողված մասնագետներ են իրենց ընտրած բնագավառներում, միշտ ոգեշնչել են ինձ եւ խրախուսել, որ ավելի բարձր նպատակներ դնեմ իմ առաջ», նշել է նա:
Բակալավրի գիտական աստիճան է ստացել (մեխանիկական ճարտարագիտության եւ մաթեմատիկայի գծով) Պալո Ալտոյի (Կալիֆոռնիա) Ստանֆորդ համալսարանից, որն ավարտել է պատվովՙ որպես իր կուրսի եւ «Ուսանողական սենատի» նախագահ: Հաջորդ տարին մագիստրոսի աստիճան ստանալիս պարգեւատրվել է «Դիզայնի նորամուծությունների Լինկոլն մրցանակով»:
Համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է Սիլիկոն վալիում «Globespan Capital Partners» ընկերությունում, որից հետո տեղափոխվել է Բոստոն (Մասաչուսեթս) շարունակելու համար ուսումը Հարվարդի բիզնես ֆակուլտետում, որտեղ կենտրոնացել է մասնավորապես մեդիայի բնագավառում տեխնոլոգիաների ազդեցության վրա: Տրամաբանական հաջորդ քայլը եղել է իր գիտելիքները կիրառել Նյու Յորքում, որտեղ երազել է վերադառնալ այն օրից, երբ մասնակցել է ՀԲԸՄ-ի «Ամառային ուսանողական փորձառության» ծրագրին: Այնտեղ նա աշխատել է «Sony Music»-ի կորպորատիվ զարգացման բաժնում, որը թվային գլոբալ բիզնես է իրականացնում «Spotify», «VEVO» եւ այլ ընկերությունների հետ:
«ՀԲԸՄ-ի ծրագրին մասնակցելը կարեւոր դեր է խաղացել իմ կյանքում: Այն նպաստել է կայանալու որպես անհատ եւ առաջ գնալու իմ կարիերայում: Սովորեցրել է հարատեւություն, եւ դժվարին պայմաններում մարտահրավերների հաղթահարում: Նաեւՙ մեր հարուստ ժառանգությանը ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն: Կարծում եմ որպես հայերի մեր պարտականությունն է տաղանդավոր, հմուտ մասնագետներ պատրաստել եւ հնարավորություններ ստեղծել նրանց համար: Հայկական մշակույթը իմ հարստութունն է, եւ ես ցանկանում եմ պահպանել այն եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Իսկ այդ անելու լավագույն ձեւը ՀԲԸՄ-ի ծրագրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելն է», համոզված է Սերժ Քասարջյանը: Նա դարձել է այդ ծրագրերը կազմող հանձնախմբի անդամ, որպեսզի կարողանա վերադարձնել ՀԲԸՄ-ին այնՙ ինչ ստացել է նրանից:
Ներկայիս նա շարունակում է իր գործունեությունը տեխնոլոգիայի ընձեռած հնարավորությունների միջոցով նորանոր դռներ բացելու եւ ժամանցային ոլորտի ծրագրերի ընդլայնման եւ տարածման ուղղությամբ:
Այդ բնագավառում սկսնակներին էլ խորհուրդ է տալիս հավատալ անձնական կարողություններին, երբեք չդադարել սովորելուց եւ անընդհատ բարձրացնել նպատակների նշաձողը, իսկ անհաջողությունների դեպքում հուսախաբ չլինել: