Բանակ-պաշտպանության նախարարություն հասկացությունների շփոթը հին արմատներ ունի մեր մեջ, մնացուկՙ սովետական ժամանակների: Դեռեւս, սովետական պատկերացումների հանգույն, մեր ժողովրդի մտապատկերում պաշտպանության նախարարը ներկայանում է ցմփոր զինվորականի կերպարովՙ մարշալի, առնվազն գեներալ-գնդապետի փայլուն ուսադիրներով, մեդալապատ կրծքով եւ մարտական հարուստ կամ նվազ հարուստ կենսագրությամբ: Հետահայաց օրինակովՙ Վազգեն Մանուկյանը մեր հասարակության կողմից չի ընկալվել որպես ՀՀ պաշտպանական կառույցի առաջին կազմակերպիչ նախարար- նրա ձեռքին ոչ ոք ավտոմատ չի տեսել, իսկ հագինՙ կամուֆլյաժ: Փոխարենը միշտ ընդգծվում է Վազգեն Սարգսյանի կերպարը որպես հրամանատար-նախարարի, հաշվի չառնելով նրա ռազմագիտական հմտություն չունենալը, այլ նկատի ունենալով նրա ազատամարտիկ-առաջնորդ լինելը:
Իրականում պաշտպանության համակարգը եւ բանակը իրար հետ սերտորեն եւ անմիջականորեն փոխկապակցված, բայց նույնական չեն: Ու որպեսզի դիլետանտի բացատրություններ չտամՙ մեջբերեմ «Պաշտպանական-անվտանգային տերմինների (…) մեծ բառարանի» 481-րդ էջից Պաշտպանության նախարարություն բառակապակցության հետեւյալ սահմանումը. «Գործադիր իշխանության մարմին, որը պաշտպանության ոլորտում իրականացնում է պետական քաղաքականություն եւ պետական կառավարում, ինչպես նաեւ համադասում է այլ նախարարություններիՙ պաշտպանության հարցերի հետ կապված գործունեությունը»: Այսինքնՙ նախարարության գործառույթները բազմազան, բազմաշերտ ու բազմակի են, որտեղ բանակը կորիզն է, գլխավոր գործիքը պետական համակարգի ձեռքինՙ հանձին պատշպանության նախարարության, բայց ամբողջությունը չէ՛: Եվ առաջիկա ապրիլից սկսած, ՀՀ նորացված Սահմանադրությանը համահունչՙ այդ նախարարության պետիՙ նախարարի իրավասությունները եւս առավել շեշտվելու ենՙ խաղաղության պայմաններում գլխավոր հրամանատարի դերի ստանձնումով:
Ահա սա՛ է, որ պետք է բացատրել մեր քաղաքացիներին եւ առաջին հերթինՙ որոշ գեներալների, որոնք առայսօր շարունակում են գերագնահատել իրենց դերը, օգտվելով հասարակության թյուր պատկերացումներից, հին մտատիպարներից: Այն էլ ներկա պայմաններում, երբ փորձում ենք իրականացնել «Ազգ-բանակ» տեսլականը: Այլ խոսքով, ներքին եւ արտաքին պայմանները ստիպում են մեզ պաշտպանության նախարարությունը վերակառուցել որպես ինստիտուցիոնալ պետական կառույց եւ դրա տեւականությունը ապահովել ամեն գնով:
Այս ուղղությամբ իսկական առաջանցիկ քայլ պետք է նկատել հանրապետության նախագահի կողմից շուրջ մեկ տարի առաջ Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարՙ համապատասխան հանձնարարականներով: Դա ժամանակակից պահանջներին ընդառաջ քայլ էր, որով փաստորեն դարձնում ենք, հուսանքՙ վերջնականորեն, մեր պատմության բոյեվիկ-գեներալների, քաջամարտիկ ֆիդայիների էջը, եւ պետության պաշտպանության ղեկը հանձնում ժամանակակից կրթությամբ, վարչագիտական որոշակի փորձառությամբ, մաքուր կենսագրությամբ օժտված գործչի, դրանով իսկ, միաժամանակ, դուռը բացելով նոր սերնդի արժանավոր այլ ներկայացուցիչների առջեւ:
Սակայն ինչպես բոլոր, կամ գրեթե բոլոր նորամուծությունները, Վ. Սարգսյանի նշանակումը եւ նրա առաջին իսկ նախաձեռնությունները, ինչպես ասում ենՙ դիմավորվեցին ու շարունակում են դիմավորվել սվիններով: Սկզբումՙ տուժած կամ զոհված բանակայինների համար գանձվող 1000-նոց պարտադիր վճարումների առիթով, որն այս օրերին կրկին է արծարծվում Ալբերտ Դալլաքյանին արտասահման բուժման ուղարկելու աջակցության հարցով: Հաջորդըՙ տարկետումների արգելման դեմ բողոքի դուրս եկած ուսանողների խնդրով: Իսկ ամենավերջինըՙ Սբ. Ծննդյան պատարագին նրա խաչեղբայր կանգնելու, խաչը կրելու, Սբ. Էջմիածնի խորանի վրա կանգնելու եւ… դպրի զգեստ կրելու առիթով: Մանավանդ վերջինի պարագայում ոգեւորվել են բոլոր հեթանոսները, Հայ եկեղեցին վարկաբեկել ցանկացող աղանդավորները, պետություն-եկեղեցի ազգային ու պատմական միասնության բոլոր հակառակորդները: Ոգեւորվել են ոչ միայն անպատասխանատու լրատվամիջոցները, այլեւ, նույնիսկ, նախագահական կերակրատաշտից սնվող «պետականամետ» լրատվամիջոցներըՙ չգիտես ո՞ւմ դրդմամբ եւ ուղղորդմամբ: Բայց բոլորն էլ օգտվելով միեւնույնՙ համաժողովրդական չիմացության, չասելու համար այլ բան, մթնոլորտից:
Կարեւորը սակայն այն է, որ ի տարբերություն նախորդ պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների, պաշտպանության երիտասարդ նախարարը չի ընկրկում, երբեմն ջղայնության նշաններ ցույց տալիս է, բայց անհողդողդ շարունակում է գործը:
Նման դիրքում կամային հատկությունները միշտ զորաշարժված պետք է լինեն, ինչպես մեր բանակը: