Վերջին շրջանում իմ լավ բարեկամ ու գաղափարակից ընկեր Հակոբ Ավետիքյանի հետ հաճախ ենք կիսվում հայոց պատմության զանազան կնճռոտ հարցերի շուրջ: Դրանց ընթացքում ամեն անգամ հաճելիորեն զգում եմ զրուցակցիս ոչ միայն հայոց պատմության բոլոր ծալքերին հիմնականում քաջատեղյակ լինելու, այլեւ որոշ կարեւոր հարցերի նկատմամբ քննական մոտեցումներ դրսեւորելու ձգտումը: Այդպիսի զրույցներից մեկը հայոց զինուժի եւ հայկական բանակի հաղթանակների մասին էր: Մի անգամ էլ զրույցն աստիճանաբար կոնկրետացավ Հայաստանի Առաջին Հանրապետության եւ հայ-թուրքական պատերազմի վրա: Հայտնի է, որ այդ պատերազմն ավարտվել է մեր զորաբանակի պարտությամբ: Երկար զրուցեցինք այդ պարտության պատճառների մասին: Պարզվեց, որ դրանց վերաբերյալ մեր տեսակետների միջեւ տարակարծություններ կան: Հենց դա էլ առիթ դարձավ, որ Ավետիքյանը մեկ անգամ եւս փորփրի իր անչափ հարուստ եւ քիչ հայտնի հրատարակություններով գրադարանը եւ ինձ տա ընթերցելու արտաքինից անշուք, սակայն ասելիքով լայն ընդգրկում ունեցող, տարողունակ, մեզանում քաղաքացիություն ստացած որոշ տեսակետների հետ չնույնացող մոտեցումներով մի գրքույկ#:1
Հուշագրության եւ ուսումնասիրության շաղախ այս երկը նվիրված է Առաջին աշխարհամարտի ընթացքում Մեծ եղեռնի զոհերի եւ Հայաստանի Առաջին հանրապետության բանակի զոհված մարտիկների հիշատակին: Դրանով հեղինակը փորձում է հավերժացնել հազարավոր հայ նահատակների հիշատակն ու հակիրճ տեղեկություններ տալ հայրենակիցներին ու ապագա պատմաբաններին: Առաջին հայացքից սովորական հուշագրության նմանվող այս գրվածքում առկա են մեծ թվով պարզաբանումներ հայոց պատմության այդ շրջանի մի շարք կարեւոր վիճահարույց խնդիրների վերաբերյալ:
Առաջին համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում թուրքական բանակի կազմում Կովկասյան ճակատում կռված, իսկ պատերազմից հետո երկու տարի էլ հայկական բանակում ծառայած հեղինակն իր նկարագրած բոլոր իրադարձությունների ականատեսն ու մասնակիցն է եղել: Հանգամանք, որն ավելի հավաստի է դարձնում հեղինակի արտահայտած տեսակետները:
Առաջին կարեւոր հարցը, որին անդրադառնում է հեղինակը, 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո արեւմտահայերի բանակ զորակոչելու խնդիրն է: Հեղինակը գրում է, որ այդ հարցը արեւմտահայերի մեջ վեճերի առիթ դարձավ. «Անոնք, որոնք Սահմանադրութեան վրա հավատք չունէին, կողմնակից չէին զինուոր տալու, իսկ ժողովուրդի մէկ մասն ալ կ ուզէր օգտուիլ ներկայացած առիթէն, ծանօթանալ զէնքի գործածութեան…» (էջ 12): Երկար բանավեճերից հետո 1910 թ. սկսեցին զինվորագրել նաեւ հայերին, որոնք կարճ ժամանակում իրենց հիանալի դրսեւորեցին, աստիճանաբար բարձրացան զիվորական աստիճաններով եւ ապացուցեցին, որ լավ արհեստավորներ եւ առեւտրականներ լինելուց զատ կարող են նաեւ շնորհաշատ զինվորականներ դառնալ:
Ոգեւորվելով զինվորականի ապագա կարիերայով, պատանի Սուրմենյանն էլ հենց սահմանադրության առաջին տարում ընդունվում եւ ավարտում է Կ. Պոլսի Բանկալթիի բարձրագույն զինվորական վարժարանը` Հարպիեն: Հետաքրքրական է, որ հեղինակը ուսումնասիրելով իրերի կացությունը ներկայացնում է սահմանադրությունից հետո օսմանյան բանակի նողկալի վիճակը. «զինուորութիւնը մերկ ու անօթի էր, սպայութիւնը տարուան մէջ երկու անգամ,-պայրամէ պայրամ-միայն ռոճիկ կը ստանար, ու կաշառակերութեամբ կերպով մը գլուխը կը պահէր» (էջ 11): Սակայն սահմանադրությունից հետո իշխանության եկած երիտթուրքերը հեղինակի վկայությամբ գերմանացի սպաների օգնությամբ շատ արագ արդիականացնում են բանակը: Այդ առումով առանձնանում էր հատկապես Հարպիեի վարժարանը, որի տնօրենն այն ժամանակ դեռեւս գնդապետ Վեհիբ բեյն էր, ով այնպես էր մարզել իր սաներին, որ ավարտելուց հետո «համակ ջիղ էին դարձեր»:
Հուշագրությունն առանձնանում է նաեւ նրանով, որ իրադարձությունները ներկայացնում է թուրքական բանակի կազմում Կովկասյան ճակատում կռվող հայ սպայի դիրքերից (մենք ավելի հաճախ ծանոթ ենք ռուսական բանակում կռվողների տեսակետներին): Ներկայացնելով համաօսմանիզմի ռազմավարությունը որդեգրած թուրքերի ձգտումները, հեղինակը նշում է, որ Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը ցականալով մեկ հարվածով գրավել Կովկասը, ապա ոտքի հանելով Պարսկաստանը, Աֆղանստանն ու Հնդկաստանը` ստեղծել համաթուրանական կայսրություն: Նա 80 հազարանոց բանակով 1914 թ. դեկտեմբերի 22-ին անցավ լայնածավալ հարձակաման, սակայն Սարիղամիշի ճակատամարտում ծանր պարտություն կրելով «շունչը Կ. Պոլիս առաւ» (ի դեպ Էնվերի կյանքը սեփական անձը վտանգելով մի հայ զինվոր է փրկում): Այնուհետեւ հեղինակի ներկայացմամբ Էնվերը որոշում է իր պարտության վրեժը լուծել հայերից: Նրա հրամանով բոլոր հայ զինվորականներին հետ են կանչում ռազմաճակատից եւ ոչնչացնում: Ցեղասպանության որոշ դրվագներ ներկայացնելուց հետո հեղինակը նշում է, որ այլեւս այդ մասին չի խոսելու, քանի որ «անոնք իր նիւթէն դուրս են»: Իսկ անձամբ իր եւ իր ընտանիքի անդամների խնդիրը դրական լուծում է ստանում, քանի որ «կառավարութիւնը գնահատելով հայ սպաներու քաջագործութիւնները, որոշած էր իրենց ընտանիքները տեղահանութենէն զերծ պահել»:
Հետաքրքրական է հեղինակի հայտնած հետեւյալ միտքը. «Թէեւ հայ էինք, բայց բանակին մէջ կը վայելէինք զինուորականի մեր բոլոր իրաւունքներն ու իրաւասութիւնները», եւ դա ոչ թե իրենց սիրուն աչքերի համար, այլ սպայական ուսադիրների եւ կարգապահության արդյունքում: Սակայն դրանից հետո եզրակացնում է, որ «մենք ողջ մնալու յոյս չունէինք», պարզապես Էնվերը որոշ ժամանակ հետաձգել էր «հայ սպաներու հաշուեյարդարի խնդիրը, պատերազմի շրջանին մեր ուժերէն օգտուելու համար», բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ (նկատի ունի Մուդրոսի զինադադարը): Հետո էլ Էնվերն իր գլխի ճարը տեսնելով հետեւից ընկավ եւ հաշվեհարդարի համար ժամանակ չունեցավ (էջ 42): Այդպիսի անորոշության եւ ամենօրյա մահվան սպառնալիքի պայմաններում գոյատեւող հայ սպաների համար (ի դեպ հեղինակն ամենայն բարեխղճությամբ լուսանկարներ ու ցուցակներ է ներկայացնում օսմանյան բանակում ծառայող իրեն հայտնի հայ սպաների մասին, որով ավելի է արժեւորվում սույն երկը) արշալույսի նման փրկարար նշանակություն են ստանում ռուսական փետրվարյան ու հոկտեմբերյան հեղափոխությունները եւ Հայաստանի անկախացումը:
Գրքի Բ մասը նվիրված է հեղինակի նորանկախ Հայաստանի բանակում ծառայելու շրջանին: Հետաքրքրական մոտեցումներով եւ, որպես զորավար Սեպուհի հրամանատարությամբ ապստամբությունը ճնշող զորամասի շտաբի, ապա ապստամբներից հետ գրաված «Վարդան զորավար» գնացքի պետ, հեղինակը ներկայացնում է Մայիսյան ապստամբությունը եւ դրա հետ առնչվող այլ խնդիրներ: Նկարագրում է, թե ժողովուրդն ինչպիսի խանդավառությամբ է իրենց դիմավորել` Ալեքսանդրապոլի կայարանում:
Պատմագիտական արժեք ներկայացնող այս գրքում առանձին բաժին է նվիրված հայ-թուրքական պատերազմում հայերի պարտության եւ հատկապես Կարսի հանձնման պատճառների լուսաբանմանը: Չիմաստավորված, չմարսված պարտություն, ասես անմարմին մի ուրվական, որը հետապնդում է մեր ողջ հասարակական գիտակցությունը: Քանի որ այդ հին օրերի դեպքերը հազար թելերով կապված են մեր այսօրվա հետ եւ, հեղինակի բնութագրմամբ «նախերգանքը եղաւ Հայաստանի ակախութեան տապալման, որով թէեւ կորսնցուցինք անկախութիւնը, սակայն աւելի իմացանք անկախութեան յարգը, անկախութեան գաղափարը աւելի արմատացաւ հայ ժողովուրդին մէջ» (էջ 59):
Հայ-թուրքական պատերազմի եւ Կարսի հանձնման մասին մեզ հայտնի Կարո Սասունու, Արտաշես Բաբալյանի «Հայրենիք» ամսագրում տպագրված հուշերում, Հովհաննես Սահակյանի «Երկու տարի հայկական բանակին մէջ» եւ Տիգրան Բաղդասարյանի «Հայաստանի Հանրապետութեան վերջալոյսին» միացյալ գրքույկում, Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն», Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի ծագումն ու զարգացումը» եւ այլ ժամանակակիցների աշխատություններում այդ պարտության պատճառների մասին առկա են տարբեր պարզաբանումներ: Ընդհանրապես Կարսի անկման մասին շատ է գրվել: Նշվել են բազմաթիվ պատճառներ, որոնցից շեշտվել են Ժողովրդի անմարտունակությունը, դասալքությունը, ռազմական անկարողությունը, սպաների եւ զինվորների անորակությունը եւ այլ` զուտ ռազմական պատճառներ:
Ի դեպ` նշենք, որ պետք է ազատվել այն սին պատկերացումից, թե ժողովուրդներն իրենք իրենցով են հաղթում կամ պարտվում: Հաղթում կամ պարտվում է ժողովրդի կազմակերպվածությունը: Ի վերջո, նույն այդ ժողովուրդը 1918-ին Սարդարապատում եւ Ապարանում հաղթեց (բայց մինչ այդ էլՙ նույն 1918-ին, թշնամուն հանձնեց Երզնկան, Կարինը եւ այլն): Ո՛չ Սարդարապատի հաղթանակի, ո՛չ էլ Կարսի պարտության պատճառը ժողովրդի ոգին, տրամադրությունը, էությունը եւ այլ` վատ իմաստով միստիկան չէր, այլ քաղաքական կամքն ու կազմակերպումը: Իսկ ինչ վերաբերում է զորականներին, ապա ճիշտ է, որ մեր սպաների մեծ մասը, բացի հեղափոխական-ֆիդայական քաղաքական պայքարի դպրոցն անցածներից, անկախ պետության գաղափարի կրողը չէին: Ժողովրդից կտրված, ռուսախոս եւ մեծ հաշվով` միջակ ունակությունների տեր մարդիկ էին, հաճախ էլ` կաշառակեր կամ նույնիսկ ձրիակեր` ցարական բանակի տիպիկ արդյունք: Բայց ճիշտ է նաեւ այն, որ նույն այդ սպաները` Բեկ-Փիրումյանը, Սիլիկյանը, որոնք 1920-ին դրսեւորվեցին որպես անճար «ծերունիներ», Սարդարապատում լուրջ ներդրում ունեցան, որով հնարավոր եղավ խնդիր լուծել հօգուտ հայության:
Կարսի անկման պատճառների մասին խոսելիս Գ. Սուրմենյանը նախ կռվող կողմերի զինուժի վերաբերյալ մանրամասն թվական տվյալներ է ներկայացնում: Այնուհետեւ նշելով, որ «կարծիքը այն է, թե Կարսը ինկաւ, որովհետեւ բոլշեւիկեան փրոփականտի պատճառաւ` զիուորութիւնը չկռուեցաւ» (էջ 79) այնքան էլ չի համապատասխանում իրականությանը եւ բերում է հետեւյալ պատճառները` ա) նախքան պատերազմ սկսելը Հայաստանի կառավարությունը «սկիզբէն եւ եթ պէտք եղած ուշադրութիւնը չէր դարձուցած Տաճկաստանի վրայ» եւ չէր սպասում, որ թուրքերն այդպես անսպասելի կհարձակվեն, բ) թուրքերը ապրիլից Կարինում սկսել էին տենդորեն նախապատրաստվել հարձակման, այնինչ հետախուզության անգործության հետեւանքով հայկական կառավարությունը միայն օգոստոսին տեղեկացավ այդ մասին, գ) թեեւ հայ ժողովուրդը պատրաստակամ արձագանքեց կառավարության «դեպի ճակատ» կոչին եւ մեկ մարդու նման ոտքի ելավ, սակայն «դաշնակիցները» չօգնեցին, քանի որ նրանք ավելի անհանգստացած էին թուրքերին սիրաշահելու եւ Ռուսաստանից «պոկելու» խնդրով, դ) հրամանատարության կողմից թույլ տրվեցին մարտավարական կոպիտ սխալներ, ե) ճակատում կռվող, ինչպես նաեւ թիկունքի զորամասերի հետ նորմալ կապի բացակայություն, զ) «Պահեստի ուժերու չգոյութիւնը» (էջ 93), է) հայ սպաների պակասի հետեւանքով Ռուսաստանից հրավիրվել էին մեծ թվով սպաներ, որոնք «անունով միայն հայ էին, անգիտակ էին մեր լեզուին եւ անծանօթ հայ ժողովուրդի իղձերուն: Անոնք լաւ հայեր էին, բայց ո՛չ հայրենասէրներ» (էջ 98), ը) կարգապահության եւ կորովի պակասը. «Կարսի մէջ չկռուեցանք այնպէս, ինչպէս կռուեցանք Սարդարապատի ու Ղարաքիլիսէի մէջ» եւ այլն:
Չժխտելով այդ պատճառներից որեւէ մեկի իսկությունը` կարծում ենք միանգամայն տեղին է հիշել գերմանացի ռազմական պատմաբան Կլաուզեւիցի դասական եւ առ այսօր չվիճարկված սահմանումը` պատերազմը ոչ թե ինքնաբավ ոլորտ է, այլ քաղաքականության մաս, քաղաքականության շարունակություն եւ միջոց: Իսկ Կարսի անկման փաստացի ճշմարտությունը հետեւյալն է. գտնվելով անառիկ ճանաչված եռաշարք պաշտպանություն ունեցող բերդաքաղաքում, ունենալով թշնամու նկատմամբ թվակազմի եւ ռազմամթերքի գերազանցություն (բազմահազարանոց բանակ, 700 թնդանոթ, անհաշիվ այլ ռազմամթերք), Կարսը ընկավ 2-2.5 ժամում: Թշնամին առանց կորուստների գրավեց անառիկ բերդաքաղաքը, գերի վերցրեց 5-6 հազար զինվոր, 120 սպա, երեք գեներալ, մեկ նախարար, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք հետագայում գրեթե ամբողջությամբ կոտորվեցին: Ավելացնենք, որ Կարսի անկման բուն պատճառը Գ. Նժդեհի արտահայտությամբ` այդ օրերին համատարած հայ ժողովրդի` իր ամբողջության մեջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին էր (տե՛ս Գ. Յազըճյան, «Կարսի անկման բուն պատճառները»):
Ամփոփելով նշենք, որ Գ. Սուրմենյանի սույն հուշագրությունը տարբեր զորատեսակների մասին թվական տվյալներ է պարունակում, օսմանյան զինվորական ուսումնարաններում սովորողների ցուցակներ, զինատեսակների, տեղանքի նկարագրություններ, բանակում կարգ ու կանոնի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ, որոնք կարող են օգտակար լինել քննարկվող ժամանակը ուսումնասիրողների համար: Վերջում նկարագրված են Հայաստանի խորհրդայնացման եւ դրան հաջորող իրադարձությունները: Մեծ ցավ կա հատկապես Առաջին Հանրապետության զինուժի ու մասնավորապես սպայական կազմի նկատմամբ խորհրդային իշխանությունների դաժան վերաբերմունքի մասին. «Մի՞թե հայրենիքի համար կռուիլը յանցանք է» միանգամայն իրավացիորեն հարցնում է հեղինակը: Ի պատիվ հեղինակի նշենք, որ հուշագրությունն ավարտվում է անափ լավատեսությամբ եւ հայ ժողովրդի լուսավոր ապագայի նկատմամբ աներեր հավատով. «Այդ օրն ալ կու գայ. համայն հայութիւնը կը մէկտղուի իր պատմական հողերուն վրայ, Միացեալ Հայաստանի մէջ, կ՛ապրի ազատ ու անկախ» (էջ 119):
Հիրավի մարգարեական կանխատեսում, որի սկզբնական փուլն արդեն կատարված իրողություն է:
01-30.11.2017
1. Տես Սիւրմէնեան Գ., Տաճկահայ զիուոր եւ զինուորականութիւնը, նախ տաճկական ապա հայկական բանակներուն մէջ, Պէյրութ, Համազգային տպարան, 1967, 125 էջ:
Նկար 1. Գալուստ Սուրմենյան
Նկար 2. Հարպիեի անդրանիկ հայ շրջանավարտները` աջից ձախ` Գալուստ Սուրմենյան (երզնկացի), Վահե Չոպուրյան (պոլսեցի), Օհանես Ակինյան (սեբաստացի), Օհանես (մարաշցի)