Իր ֆիզիկա-աշխարհագրական պայմանների շնորհիվ Հայաստանը միշտ եղել է մի բնական հսկա միջնաբերդ , որն իշխել է շրջապատի վրա, որի պատճառով էլ դարեր շարունակ աշխարհի հզորները ձգտել են տիրել նրան : Այդ պատճառով էլ հայ ժողովուրդը մշտապես զինուժ ունենալու անհրաժեշտություն է զգացել : Բայց միշտ չէ որ նա ունեցել է իր զինուժը եւ երբեմն զրկված է եղել սեփական բանակ ունենալու հնարավորությունից: Հայ ազգը միշտ երազել է դրա մասին. ի դեմս բանակի տեսնելով հզոր հենարան սեփական ինքնության դրսեւորման եւ հուսալի պատվար թշնամական ոտնձգությունների դեմ: Նա միշտ պատրաստ է եղել զորավիգ լինելու եւ սատարելու իր զորականին: Միայն ցավոք, հայ զորականը հաճախ ստիպված է եղել օտար ափերում ծառայել:
Օտար թե հայրենի բանակում հայ զորականը միշտ էլ առանձնացել է իր քաջությամբ եւ հավատարիմ է եղել զինվորական երդումին : Այնպես որ առանց վարանելու կարելի է արձանագրել, որ թեեւ օտար նվաճողներն արել են ամեն ինչ հայ ազգն ու բանակը միմյանցից զատելու եւ օտարացնելու համար, սակայն ոչինչ չի ստացվել: Նրանք միշտ էլ նույնականացել են, մեկ ամբողջություն կազմել, փոխլրացրել միմյանց եւ հաղթանակներ կռել:
Հայոց ռազմական եւ մասնավորապես բանակի պատմությունը լավ ուսումնասիրված չի եւ դա այն դեպքում, երբ. «Աշխարհի բանակները քայլում են մեր պատմության դասագրքերի էջերով… Հունական ու հռոմեական ռազմարվեստի մասին շատ բան գիտենք, մինչդեռ անցյալի հայկական բանակների պատմությունը ցայսօր մնում է չպատմված» (Տե՛ս Հայրապետյան Կ., Այայան Է., Այրուձիի մեծ գաղտնիքը, «Երեւան» ամսագիր, թիվ 4, 2007): Տարբեր դարաշրջանների հայոց զորքերի թվաքանակը, կառուցվածքը, զենքի ու զինամթերքի տեսակները, պաշտպանական ամրաշինությունների համակարգը եւ ընդհանրապես ռազմարվեստը կարոտ են խոր եւ բազմակողմանի ուսումնասիրության:
Ռազմարվեստի բնագավառում որոշ աշխուժություն նկատվեց ԽՍՀՄ-ի կողմից հիտլերյան խմբավորման ջախջախմանն հաջորդած տարիներին: Սակայն, քանի որ այդ բնագավառին վերաբերող հարցերը բացորոշ քննարկելն արգելված բնագավառներից էր ԽՍՀՄ-ում, հիմնախնդրին անդրադառնալու փորձերը լոկ փորձեր էլ մնացին: Միայն այդ տարիներին գրված ԽՍՀՄ որոշ բարձրաստիճան ռազմական գործիչների հուշերում (Բաղրամյան, Շտեմենկո, Գրեչկո եւ այլն) հընթացս խոսվեց նաեւ հայկական դիվիզիաների եւ հայ մարտիկների սխրանքների մասին: Գրվեցին նաեւ ճակատային օրագրություններ, հուշեր, ինչպես նաեւ ռազմաճակատային կյանքին ու առօրյային նվիրված մի շարք գեղարվեստա-վավերագրական ստեղծագործություններ, որոնց հեղինակները պատերազմի մասնակից լրագրող-վավերագրողներ էին (Հր. Քոչար, Հ. Սիրաս, Ս. Խանզադյան եւ այլք), որոնք փորձում էին արժեւորել այնքան մեծ զոհողությունների գնով նվաճված հաղթանակը: Ուսումնասիրություններ գրվեցին նաեւ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հերոսական ճանապարհ անցած հայկական դիվիզիաների ու հայ մարտիկների անօրինակ սխրանքների մասին:
Հայ ռազմարվեստի պատմությանը նվիրված աշխատություններ գրվեցին 1960-80-ական թվականներին (Տե՛ս օրինակ` Սարգսյան Ս., Հայ ռազմարվեստի պատմություն, Ե., 1969): Մասնավորապես շնորհակալ գործ կատարեց պահեստի գնդապետ, պրոֆ. Աշ. Հարությունյանը, ով մեծ ջանքեր էր գործադրում հայկական ռազմարվեստի ուսումնասիրություններով զբաղվող գիտական ստորաբաժանում հիմնելու ուղղությամբ: Հիմնախնդրին ավելի հաճախ սկսեցին անդրադառնալ ԽՍՀՄ-ի փլուզմանը նախորդող եւ հատկապես մեր նորանկախ հանրապետության տարիներին: Դրանցում կարեւորվեցին հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագները եւ այդ հաղթանակներում հայկական զինուժի խաղացած կարեւորագույն դերակատարությունը: Հայ զինուժի պատմությունը ներկայացնելուն զուգընթաց դրանց նպատակն էր մատաղ սերնդին անցյալի վառ օրինակներով դաստիարակելը եւ շարունակվող պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգեւորելը:
Զգալի թվով նոր ուսումնասիրություններ հրատարակվեցին վերջին երկու տասնամյակում: Դրանց հիմնական թեման անկախության արշալույսին Արցախյան հերոսամարտին զուգընթաց հայոց բանակի ստեղծման բարդ ու դժվարին եւ միեւնույն ժամանակ անհրաժեշտորեն կազմակերպված գործընթացն էր (Տե՛ս Հարությունյան Ս., Գոյամարտ, 1998, Սարգսյան Վ., Ոգու փորձություն, 2000, Հարությունյան Մ., Արցախյան պատերազմի սկիզբը եւ Շուշիի ազատագրումը, Ե., 2002, Մկրտչյան Շ., Արցախում ես ուրիշ պատերազմ տեսա, 1996, Պետրոսյան Ռ., Արցախ, պատերազմ, զինադադար, Ե., 2001, Арутюнян В. Б., События в Нагорном Карабахе, 1994, Աբրահամյան Հ., Կամավորական ջոկատներից մինչեւ պաշտպանության բանակի ստեղծումը, ԼՀԳ, թիվ 2(312), էջ 117-129 եւ այլն):
Հիմնախնդրին նվիրված վերջին տարիներին գրված աշխատությունների մեջ առանձնանում է ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորած հեղինակային խմբի նախաձեռնությամբ, Է. Դանիելյանի խմբագրությամբ եւ գնդապետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հարությունյանի հիշատակին նվիրված 2008-2012 թթ. լույս տեսած «Մեր հաղթանակները» քառահատորյակը ( հ. Ա, Ե., 2008, հ. Բ, Ե., 2009, հ. Գ, Ե., 2011, հ. Դ, Ե., 2012): Առաջին հատորն ընդգրկում է հայոց պատմության հնագույն շրջանից մինչեւ Ք.հ. III դ. վերջը պատերազմների ընթացքում հայոց զինուժի տարած ռազմավարական եւ մարտավարական հաղթանակների համառոտ նկարագրությունը: Երկրորդում ` IV-Xդդ. պարսկական եւ արաբական գերտերությունների դեմ, Երրորդում ` XI-XIIIդդ. Բագրատունիների եւ Կիլիկյան թագավորությունների օտար նվաճողների դեմ մղած պայքարի, Չորրորդում ` XVIII-XX դդ. ժամանակաշրջանը` սկսվում է 1720-ական թթ. Արցախի եւ Սյունիքի ազատագրական պայքարի նկարագրությամբ եւ ավարտվում Արցախյան պատերազմում արձանագրված համոզիչ հաղթանակներով: Հատուկ տեղ է հատկացվում ֆիդայական շարժմանը եւ հայ ժողովրդի մասնակցությանը թուրքական եւ պարսկական տիրապետության դեմ ծավալված պատերազմներին ու երկու աշխարհամարտերին: Այդ ուղղությամբ շարունակվող աշխատանքները հույս են ներշնչում, որ ապագայում եւս հայ ռազմարվեստի մասին հիմնարար աշխատություններ կունենանք:
***
Ռազմական արվեստը Հայաստանում բավականին հին պատմություն ունի: Հնագույն աղբյուրներից տեղեկանում ենք, որ մեր նախնիները հազարամյակներ առաջ ռազմի գործում հմուտ են եղել: Այդ մասին են վկայում ինչպես հին, այնպես էլ ուշ շրջանի օտար շատ աղբյուրներ (Տե՛ս Հերոդոտոս , Պատմություն ինը գրքից Ե., 1986, Քսենոփոն, «Անաբասիս», Ե., 1970, Պլուտարքոս , «Թագավորների եւ զորավարների ասույթներում», http://www.tarntercum.ru/2015/10/blog-post-12.html, Крипс Г. С. , Фрагменты истории, ВДИ, 1950, N 1, Амфитеатров А. В. , Армения и Рим, Մ., 2015): Հայ մատենագրությունը եւս հարուստ նյութ է պահպանել հայ զինվորականության եւ հայոց բանակի պատմությունը լուսաբանելու համար (Տե՛ս Մ. Խորենացի , Հայոց պատմություն, Ե., 1961: Փ. Բուզանդ , Հայոց պատմություն, Ե., 1947: Ղ. Փարպեցի , Հայոց պատմությունը եւ Վահան Մամիկոնյանի գրած թուղթը, Ալեքսանդրապոլ, 1895): Հայոց զինուժի փառավոր անցյալի մասին են նշում նաեւ հայոց բանակի եւ ռազմարվեստի պատմությունն ուսումնասիրող պատմաբանների ճնշող մեծամասնությունը, ինչպե օրինակ` ուշագրավ աշխատությունների հեղինակ Ռ. Մանասերյանը, Ա. Այվազյանը, Ս. Սարգսյանը, Ա. Մովսիսյանը, Ս. Մարտիկյանը, որոնց աշխատությունները շատ օգտակար են եղել այս հոդվածը գրելու համար:
Ի տարբերություն շատ այլ զորաբանակների, որոնց հաջողությունը պայմանավորված էր լինում ավարառությամբ, հայկական զորքերի ուսուցման եւ դաստիարակության հիմքում ընկած էր գաղափարաբարոյական եւ ֆիզիկական դաստիարակությունը, քանի որ դրսից անընդհատ սպառնացող ներխուժման վտանգը պահանջում էր համախմբվածություն եւ ամուր պաշտպանություն: Ինչպես վկայում են մեզ հասած պատմական տվյալները, հին դարերից հայկական ազգային եւ պետական դրվածքում ուրույն դեր ու նշանակություն է ունեցել զինվորական դաստիարակությունը, որի հիմքում ֆիզիկականի հետ մեկտեղ խիստ կարեւորվել է բարոյական, տիրասիրության եւ հայրենասիրության դաստիարակությունը :
Դա վերաբերում էր հատկապես սպայական կազմին: Կարեւորվում էր նաեւ հրամանատարի հոգատարությունը զինվորի նկատմամբ: Այդ իսկ պատճառով, հին Հայաստանում գործող կարգի համաձայն, ազնվականների տղա երեխաները ուսանում էին իրենցից մեկ աստիճանով ցածր ազնվականի մոտ եւ ուսուցման ողջ ընթացքում ապրում էին նրա տանը: Սա արվում էր այն նպատակով, որ ապագա հրամանատարը հնարավորինս լավ ճանաչեր իր ենթականերին, մոտիկից ծանոթանար նրանց կարիքներին ու հոգսերին: Միեւնույն ժամանակ ապագա ռազմիկների մեջ սերմանվում էր հայրենիքին ու իրենցից բարձր աստիճանի վրա գտնվողների նկատմամբ նվիրվածություն եւ աներկբայորեն ենթարկվելու հատկություններ: Ի դեպ` նմանատիպ մոտեցում կար միջնադարյան եվրոպական ասպետների դաստիարակության գործընթացում: Միայն այն տարբերությամբ, որ Եվրոպայում ազնվականի զավակը կրթվում էր ավագ ասպետի մոտ:
Միեւնույն ժամանակ հայ պատանուն նաեւ քաղաքական դաստիարակություն էին տալիս: Նրա մեջ մեծ հարգանք էր ներշնչվում ազնվականական տան գլխավորիՙ հոր նկատմամբ: Այնուհետեւ հայ պատանու մեջ ամրագրվում էր ընտանեսիրության զգացումը: Այս երկուսը անհրաժեշտ էին տոհմիկ հոգեւոր ժառանգությունը սերունդներին փոխանցելու եւ գերդաստանական պատիվը բարձր պահելու համար:
Ինչպես արդեն նշեցինք, հայկական զինուժը հազարմյակների պատմություն ունի եւ հայոց պատմության կարեւորագույն ժամանակահատվածներին համապատասխան ունեցել է իր զարգացման փուլերը , որոնց ընթացքում այն շարունակաբար փոփոխվել, զարգացել եւ կատարելագործվել է:
Քերթողահայր Մովսես Խորենացին մեր պետականության սկիզբ է համարում Հայկ Նահապետի ` Բաբելոնի տիրակալ Բելի դեմ Հայոց ձորի ճակատամարտում տարած հաղթանակը: Նկարագրելով ճակատամարտը` Խորենացին ընդգծում է այն կարեւոր հանգամանքը, որ Հայկը եւ Բելը ճակատամարտի վայր են գալիս հետեւակ զորքերով, այսինքնՙ հեծելազորերը դեռեւս գոյություն չունեին: Ճակատամարտի ժամանակ Հայկի զորքը դասավորվում է եռանկյունաձեւ, իսկ Բելի զորքը գալիս է անկանոն ամբոխի նման: Այսինքն, հայերի մոտ կար հստակ մշակված մարտավարություն: Հայկն իր զորքը բաժանում է թեւերի, ինքը ղեկավարում է կենտրոնական թեւը, աջ զորաթեւին հրամանատար է կարգում իր որդի Արամանյակին, ձախ զորաթեւին` իր թոռ Կադմոսին: Յուրաքանչյուր զորաթեւի հրամանատարին կարգում է տեղակալներ, որպեսզի հրամանատարի զոհվելու դեպքում անմիջապես փոխարինողներ լինեն: Այս սկզբունքը այսօր արդեն բոլոր երկրների բանակների մարտական կանոնագրքերում պարտադիր է: Ճակատամարտում հայերի կողմից կիրառված զենքերից Խորենացին նշում է սուրն ու լայնալիճ աղեղը, ինչը վկայում է դեռեւս հնագույն շրջանում հայերի բանակում դիպուկահարների առկայության մասին:
Խեթական աղբյուրներից էլ տեղեկանում ենք, թե ինչպես Հայասայի Աննիաս (1345-1316 թթ.) թագավորը խելացի մարտավարության (գիշերային մարտերի) շնորհիվ կարողացել է տեւական ժամանակ հաջող պայքարել խեթական գերակշռող ուժերի դեմ եւ դուրս վռնդել նրանց երկրից:
Տարբեր աղբյուրներ էլ վկայում են, որ հայկական բանակն ավելի հզորացավ եւ կատարելագործեց Վանի (Արարատյան) թագավորության (Ք.ա. 9-6-րդ դդ.) շրջանում , որը ռազմարվեստը լավագույնս օգտագործում էրՙ տեղանքի նպաստավոր դիրքը, նախապես ստեղծված հենակետերը, զորատեսակների հարձակման հերթականությունը եւ այլն: Արգիշտի Ա (786-764), Սարդուր Բ (764-735) եւ Ռուսա Ա (735-714) թագավորների բանակները մեծաթիվ էին: Դրանք հավաքվում էին աշխարհազորից, սակայն միջուկը մշտական, 30-40 տարվա փորձառություն ունեցող պրոֆեսիոնալներ էին:
Երվանդունիների շրջանում հայկական բանակն ավելի է կատարելագործվում: Խորենացու վկայությամբ հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերովները` հաջող աղեղնավորներ, լախտերովները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով, այսինքնՙ խոսքը լավ զինված եւ հմուտ բանակի մասին է: Դրա խոսուն վկայությունն էր այն, թե ինչպես 331 թ. Գավգամելայի ճակատամարտին մասնակցող Հայոց Այրուձին կարողացավ ճեղքել մակեդոնական հեծելազորի մարտակարգը եւ դուրս գալ շրջափակումից:
Հայտնի է, որ գրեթե բոլոր հայոց արքաները մեծ ուշադրություն են դարձրել բանակին: Այդ առումով առանձնանում է հատկապես Արտաշես Ա-ն (189-160թթ.) : Նա իրականացրեց ռազմական խոշոր բարեփոխումներ ՙ սահմանամերձ 4 նահանգներին ավելի բարձր կարգավիճակ շնորհեց` դարձնելով բդեշխություններ, որոնք ունեին մշտական զորք պահելու իրավունք, ինչը ապահովում էր սահմանների անվտանգությունը: Ինչպես նաեւ զորահավաքի կազմակերպումը հեշտացնելու համար երկիրը բաժանեց 120 վարչական միավորների` գավառների: Պատերազմների ժամանակ գավառապետերը պարտավորվում էին առաջին իսկ կոչով իրենց ջոկատներով ներկայանալ թագավորներին:
Տիգրան Բ Մեծի (Ք.ա. 95-55 թթ.) օրոք Հայաստանը հասնում է իր հզորության գագաթնակետին: Իրականացվում են հերթական ռազմական բարեփոխումները: Հետեւակի ծանրազեն եւ թեթեւազեն գնդերի մեջ առանձնացվում են միատեսակ զինված ու նույն պաշտպանական հանդերձանքով երեքից վեց հարյուրակներից բաղկացած միջանկյալ ստորաբաժանումներ, որոնք հիշեցնում են այսօրվա գումարտակները: Հիշատակվում են նաեւ սակրավորների ջոկատներ: Տիգրանի բանակի գլխավոր հարվածային ուժը ծանրազեն հեծելազորն էր` զինված երկար նիզակներով, աղեղներով, սրերով եւ պաշտպանված զրահով ու երկարացված սաղավարտով: Պատերազմներն արդեն մանրակրկիտ կերպով նախապատրաստվում էին, մշակվում էր մարտավարություն: Մարտը սկսում էր թեթեւազեն հետեւակը, այնուհետեւ գործի էր անցնում ծանրազեն հետեւակը, որն անդրադարձնում էր հակառակորդի գլխավոր ուժերի գրոհը: Ծանրազեն հետեւակի հետ միաժամանակ մարտի էր նետվում նաեւ հեծելազորը: Հեծյալները նախ նետահարում էին հակառակորդին, ապա անցնում մենամարտի: Վերջին գրոհին ներգրավվում էին արդեն բոլոր ուժերը:
Նկատենք նաեւ, որ բացարձակ միապետության շրջանում հայոց բանակի գերագույն գլխավոր հրամանատարը համարվում էր թագավորը, իսկ գործնականումՙ թութանը , որը հելլենիզմի դարաշրջանի կեսերից սկսեց կոչվել սպարապետ : Հայոց բանակն այդ շրջանում ունեցել է կառուցվածքի համակարգված եւ ֆունկցիոնալ բաժանում` գունդ, գումարտակ, վաշտ, երբեմն նաեւ հարյուրյակ, բանակային կարգուկանոն, զինվորների իրենց հրամանատարներին նվիրվածություն: Գոյություն է ունեցել զինվորական դաստիարակության նպատակաուղղված եւ բարձր դրվածք: Հայկական ազգային բանակի ձեւավորումը, նրանում սպաների դերը, նրանց պատրաստության խնդիրները եւ զինվորական գործունեությունը պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում պայմանավորված են եղել մի շարք գործոններով` պատմաքաղաքական, ազգային, մշակութային, որոնց հոլովույթում եւ ձեւավորվել ու կազմավորվել է մեր բանակը:
Հայկական բանակն իր մարտունակությամբ հռչակված էր Հին աշխարհում: Ուշագրավ է այն փաստը, որ հետագա դարերում` անկախության եւ պետականության կորստից հետո անգամ, այն պահպանեց իր դերը եւ համարումը սկզբում` Սասանյան Պարսկաստանի, այնուհետեւ` Արաբական Խալիֆաթի շրջանում: Հայ զորական ուժը զարգացում ապրեց նաեւ հաջորդ դարերում եւ մեծապես օժանդակեց Հայոց պետականության վերականգնմանը 9-րդ դարում` Բագրատունիների գլխավորությամբ, 18-րդ դարում Դավիթ Բեկի ղեկավարությամբ Սյունյաց ազատագրական պայքարի ժամանակ, ֆիդայական պայքարի տարիներին, Հայաստանի Առաջին հանրապետության շրջանում եւ վերջապես նաեւ մեր օրերում:
Պետականության չգոյության պայմաններում հայոց զորական փառքը պահպանել ու ավելի է բարձրացրել հատկապես հայոց այրուձին , որի մասին մեծ թվով հիշատակություններ են պահպանվել հայրենի եւ օտար պատմիչների երկերում, ինչպես նաեւ ժամանակակից ուսումնասիրողների աշխատություններում::
Հայոց այրուձին մշտապես թագավորի հոգածության ներքո էր: Տանելով մեկը մյուսից փայլուն հաղթանակներ, որոնցից էր օրինակՙ մթա 331 թ. Գավգամելայի ճակատամարտը , որի ընթացքում հայոց այրուձին փախուստի մատնեց Ալեքսանդր Մակեդոնացու ձախ թեւը` Պարեմենիոնի զորքը եւ հայտնվեց Մակեդոնացու թիկունքում: Ալեքսանդր Մեծի պատմությունը կարող էր հենց այդ օրն էլ ավարտվել, եթե հակառակ թեւում պարսիկները չսասանվեին ու խուճապի չմատնվեին:
Մ.թ.ա. 68 թ. Արածանիի ճակատամարտում Տիգրան Մեծը միայն հեծելազորով ջախջախեց Լուկուլլոսի բանակին: Ըստ հռոմեացի պատմիչների Կրասոսի ու Անտոնիոսի արեւելյան արշավների ձախողման պատճառը հենց այդ հզոր նեցուկի բացակայությունն էր: Պահպանվել են մեծ թվով վկայություններ նաեւ այն մասին, որ 5-րդ դարումՙ Արշակունիների թագավորության անկումից հետո, Պարսկաստանն ու Բյուզանդիան շարունակում էին օգտվել հայոց այրուձիից` շռայլորեն վարձատրելով զինվորական ծառայության համար: Այրուձիի հզորության վկայություն է նաեւ այն հայտնի փաստը, որ պարսիկները` վախենալով այրուձիի մարտական ուժից, հանուն սեփական անվտանգության կրճատեցին հայկական հեծելազորի թիվը` դարձնելով այն 30 000, հետո` արաբական իշխանության տարիներին` 15 000:
Ինչ վերաբերում է մարտիկների թվաքանակին, ապա մեզ հասած տեղեկությունների համաձայն, Պապի թագավորության ժամանակ հայկական այրուձիում կար մոտ 90 000 հեծյալ : Հայտնի է նաեւ, որ Բյուզանդիայի հիմնման սկզբից կայսեր թիկնազորն ու արքունական գունդը կազմում էին բացառապես հայերից: Այս միտումն ավելի ամրապնդվեց, երբ գահ բարձրացան հայկական տոհմերի ներկայացուցիչները: Որպես կանոն, Բյուզանդիայում ծառայող հայկական ջոկատներըՙ մանավանդ այրուձին, արժանանում էին ջերմ ու հարգալից վերաբերմունքի, հրամանատարներին տալիս էին բարձր կոչումներ ու պաշտոններ, զինվորներին խրախուսում պարգեւներով:
Հայտնի է նաեւ, որ 1071-ին Մանազկերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո բյուզանդական բանակում կռված հայկական հեծելազորը գնաց արեւելք: Թուրքական ներխուժման դեմ պայքարող Եգիպտոսի ֆաթիմյան խալիֆները կոչ արեցին հայկական զորքերին միասին հաստատել երկրում կարգ ու կանոն: Հայերը գրավեցին Կահիրեն ու Ալեքսանդրիան, Վերին Եգիպտոսում ճնշեցին բեդվինների ապստամբությունը: Ավելինՙ նրանց հրամանատարը, ապավինելով այդ ահեղ ուժին, դարձավ խալիֆաթի վեզիրը եւ երկար տարիներ հաջողությամբ ղեկավարեց երկիրը:
Սակայն չկա մի ուժ, որ կարողանա երկար գոյություն ունենալ առանց հայրենիքի, առանց սեփական պետության… Հայկական այրուձին վերջին անգամ մարտի ելավ Կիլիկյան թագավորության ժամանակ , որի անկումից հետո անհետացավ պատմության թատերաբեմից, չնայած ստեպ-ստեպ հանդես էր գալիս զանազան պետությունների բանակներում: Մասնավորապես տեղեկություններ կան, որ մասնակցել է 1410 թ. տեղի ունեցած Գրյունվալդի հայտնի ճակատամարտին:
Ավելացնենք, որ Հին Հայաստանում բանակի թիվն ու դասակարգումը որոշվում էր Զորանամակով, որը քառասրուն էր` ըստ Մեծ Հայքի չորս բդեշխությունների ՙ հյուսիսային, հարավային, արեւելյան ու արեւմտյան դարպասների: Յուրաքանչյուր բդեշխություն բաղկացած էր 21 կամ 22 նախարարությունից : Զորանամակում նշվում էր դրանց զորքի թիվը: Համաձայն ցայսօր պահպանված միակ Զորանամակի` վաղ միջնադարում` Արշակունիների օրոք, հայկական բանակը բաղկացած էր 124 000 մարտիկից, որոնցից 84 000-ը նախարարական զորքերն էին, 40 000-ը արքայական գնդերը` ոստանիկներն ու մարդպետական զորքը: Արտաքին սպառնալիքի ժամանակ նախարարները հավաքում էին իրենց բանակներն ու կցում Զորանամակում նշված զորամիավորումներին, անհրաժեշտության դեպքում էլ թագավորի հրամանով օգնում էին հայոց բանակի այլ խմբավորումներին:
Հայկական զինուժը նոր մակարդակի բարձրացավ Կիլիկիայի հայկական պետության ժամանակաշրջանում: Պետություն, որն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր եւ ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր: Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռեւս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի (Տե՛ս Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Ե., 2014, էջ 326):
Բանակը բաղկացած էր արքունի եւ իշխանական գնդերից: Պատերազմների ժամանակ գյուղացիներից եւ քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր: Կիլիկիայում եւս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան: Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից: Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում: Այն ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետեւակը:
Կիլիկիայի պետության զինուժի առանձնահատկությունն այն էր, որ նրա զինված ուժերում մեծ տեղ ուներ նաեւ ռազմական նավատորմը, առանց որի գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Նավատորմն անհրաժեշտ էր նաեւ ծովային առեւտրի անվտանգությունն ապահովելու համար: Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը եւ Կոռիկոսը:
Հետագա դարերի ընթացքում, մասնավորապես Կիլիկիայի հայկական թագավորության կործանումից հետո , տեւական ժամանակ հայոց պետականության չգոյության պայմաններում հայոց զինուժի մասին պահպանված տեղեկությունները խոսում են հիմնականում հարեւան երկրների զինված ուժերի շարքերում ծառայող քաջարի զորահրամանատարների ու նրանց կատարած քաջագործությունների մասին: Իսկ հաջորդ դարերի ընթացքում արդեն հայոց զինուժի մասին տեղեկանում ենք գլխավորությամբ ազգային-ազատագրական պայքարի ընթացքում նրա տարած փայլուն հաղթանակների մասին հիշատակություններից: Իսկ ավելի ուշ թեեւ ոչ կանոնավոր բանակի տեսքով, սակայն իր հզոր թափով եւ հերոսականությամբ առանձնացող ֆիդայական պայքարի ժամանակ հայոց ռազմարվեստի եւ հերոսականության մասին հայրենի եւ օտար հեղինակների մեծաթիվ վկայություններից:
Դարավոր ընդմիջումից հետո, երբ վերականգնվեց պետականությունը, դրա վերակերտման ու օտար հրոսակների հարձակումներից պաշտպանության պատվավոր առաքելությունը ստանձնեց ու իրականացրեց հայոց նորաստեղծ բանակը: Իսկ մեր պատմության ամենակարեւոր անկյունադարձերից մեկում` մեզ պարտադրված Արցախյան ազատագրական պատերազմում, ճակատամարտերի բոցերում ծնված հայոց բանակը ոչ միայն փայլուն ու անթերի իրականացրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը եւ առաջին անգամ զիջելու փոխարեն թշնամուց հետ վերադարձրեց պատմական հայկական տարածքների մի մասը, այլեւ հաստատ ու աներեր կանգնած է դիրքերում եւ անթերի կատարում է իր սրբազան առաքելությունը` օտար ոտնձգություններից պաշտպանում է հայրենի հողը, պատիվն ու ապագան: Այդ պատերազմում իրենց փայլուն դրսեւորեցին ինչպես կամավորական ջոկատները (հրամանատարներ` Լեոնիդ Ազգալդյան, Թաթուլ Կրպեյան, Աշոտ Ղուլյան եւ շատ-շատ ուրիշներ), այնպես էլ Երրորդ հանրապետության եւ ԼՂՀ կանոնավոր զինուժը` կադրային զինվորականների ղեկավարությամբ (գեներալներ Դալիբալթայան, Տեր-Գրիգորյան, Իվանյան եւ շատ ուրիշներ):
Ամփոփելով նշենք, որ չնայած մենք` հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք , սակայն պատմության բոլոր կեռմաններում ունեցել ենք բանակ, որը ազգի հետ գտնվել է օրգանական մեկ միասնության մեջ: Եվ այդ դարավոր երթի ընթացքում հայոց զինուժին որպես երեւույթ , որպես պետականությունը վերածնող եւ սեփական ուժերին ապավինելու եւ մեր ապագան ինքնուրույն կառուցելու կարեւոր գործոնի բնորոշ են եղել հետեւյալ կարեւորագույն հատկանիշները.
– անթերի կարգապահություն, ռազմական ճիշտ դաստիարակություն , ռազմարվեստի նրբություններին փայլուն տիրապետում, տիրասիրություն, միշտ հավատարիմ մնալ տրված երդումին, ասպետական վեհանձնություն եւ այլն,
– թե հայրենի, թե օտար տերություններին ծառայելու ընթացքում դրսեւորել է զինականին վայել պահվածք, արել է ամեն ինչ մարտերում հաղթելու համար ,
– չնչին բացառություններով հայոց զինուժը հիմնականում կռվել է հայրենի երկիրն ու ժողովրդին օտար նվաճողներից պաշտպանելու համար: Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, թե մեր պատմությունը պարտությունների շարան է, իսկ եղած հաղթանակներն էլ ավելի շուտ «բարոյական» բնույթ են կրել (գաղտիք չէ, որ հայկական հանրության մի մասն ունի այդ մտայնությունը):
– մերօրյա հայոց բանակը թեեւ երիտասարդ է, սակայն նրա արմատները սնվում են Ավարայրի, Սարդարապատի եւ Հայրենականի պատմական փորձից: Հայ մարշալների ու հերոսների օրինակով դաստիարակված, Վարդանանց, Անդրանիկի, Նժդեհի ու փառապանծ ֆիդայիների գենը կրող մեր բանակն ու ժողովուրդը աննախադեպ վճռականությամբ փայլուն հաղթանակներ կռեցին` ապացուցելով ազգ-բանակ միակամության անուրանալի առավելությունները ,
– ազգ-բանակ միասնության փայլուն դրսեւորում էր նաեւ այն կարեւոր իրողությունը, որ մեր բանակի ծննդյան երկունքի ամենադժվար պահին` Վազգեն Սարգսյանի «Արծիվ մահապարտների» գումարտակներ կազմավորելու ճակատագրական եւ բեկումնային ժամանակներից ԽՍՀՄ ամենատարբեր անկյուններում ծառայող հայազգի սպաներ, նաեւ սփյուռքահայեր միացան բանակաշինության գործին ,
6. պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ազգային գոյի, ոչ թե զավթողականության, ինքնության եւ ոչ թե կեղծված պատմության եւ մոգոնած աշխարհագրության համար է եղել Հայոց բանակի կռիվը: Նրա հաղթանակների արդյունքը ոչ միայն ազատագրված հայրենի գյուղերն ու քաղաքներն են, այլեւ մեր անվտանգությունը, ազգ-բանակ երեւույթի հաղթական կայացումը,
7. Ունենալով բազմադարյա ռազմական պատմություն (սկսած Բելի դեմ Հայկ Նահապետի պատերազմից մինչեւ Շուշիի ազատագրումը)` առայսօր բացակայում են հայկական ռազմարվեստին նվիրված համապարփակ աշխատություններ` անցյալի պատերազմական գործողությունների վերլուծությունը եւ դրանցից դասեր քաղելը, որը յուրաքանչյուր երկրի ռազմական մշակույթի զարգացման նախապայմաններ են եւ ազգ-բանակ երեւույթի կարեւորագույն բաղադրիչներ ,
Կարծում ենք միանգամայն արդարացի կլինի Պ. Սեւակի «ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք» Մ. Մաշտոցին ուղղված խոսքերը նույնությամբ կիրառել Հայոց բանակի դեպքում, որոնց կարծես օրգանական շարունակությունը լինի երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքը. «Նույնանալ ժողովուրդին հետՙ որպես կենսաբանական էակ, նույնանալ ազգին պատմության եւ մշակույթին հետՙ որպես բարոյական-հոգեւոր էակ, նույնանալ հայրենիքի հողին ու ջուրին հետՙ որպես աշխատող-ստեղծագործող էակ, վերջապես նույնանալ Հայ պետությունը ամրացնող ու անոր ապագան պսակող իդեալներուն հետՙ որպես կամեցող եւ կառուցանող քաղաքական էակ»: Ահա նաեւ ազգ-բանակ երեւույթի հիմքն ու կայացման ճշմարիտ բանալին: Երեւույթ, որին այլընտրանք չունենք, քանզի ողջ Հայոց պատմությունը փաստում է, որ մենքՙ որպես ազգ եւ պետություն, սկսել ենք թուլանալ եւ զիջել մեր դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ դադարել ենք լինել ազգ-բանակ, բայց փայլուն հաղթանակներ տարելՙ երբ ապահովել ենք ազգ-բանակ միասնությունը որպես մեկ ամբողջական մարմին :
01.11.2017թ.
Նկար 1. Անիի պարիսպների տակ. հարձակվում է հայոց այրուձին