Այն, ինչ վերջին 20 օրերին պատահեց Լիբանանում եւ նրա շուրջը, միջազգային լրագրողներից մեկի դիպուկ բնորոշմամբ իսկական թրիլլեր էր, կենդանի տեսակից: Նպատակ չունեմ, ոչ էլ տեղ, այս սյունակում ներկայացնելու գլխապտույտ արագությամբ ծավալված դեպքերի ողջ ժապավենը, թեեւ մեր հասարակությունը իրավունք ուներ, եւ ունի՛, դրանց օրը-օրին հետեւելու, ինչը նրանց զլացվեց – մեր եթերը այնքան է ծանրաբեռնված պաշտոնական տեղեկատվություն կոչվող նյութերով, որ սովորաբար շատ քիչ ժամանակ է մնում հակիրճ տեսաշարով ներկայացնելու միջազգային կարեւոր համարվող լուրերը, որոնց շարքում սովորաբար անտեսվում են Լիբանանի նման փո~քր (ընդամենը 10 հազար 400 քմ) պետության մեջ եւ շուրջը պատահող իրադարձությունները, հաճախ առանց անդրադառնալու, որ այդ «շուրջ»ի մեջ մտնում ենք նաեւ մենքՙ որպես պետություն ու ժողովուրդ, նաեւ որպես կարեւոր համայնք:
Դեպքերն սկսվեցին նոյեմբերի 4-ին, երբ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին անակնկալորեն մեկնեց, ըստ ոմանցՙ կանչվեց, իր ծննդավայր Սաուդյան Արաբիա եւ նույն գիշերը «Ալ Արաբիա» հեռուստակայանից հայտարարեց պաշտոնից հրաժարվելու մասին: Ծայր առավ քաղաքական անօրինակ իրարանցում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ գրեթե բոլոր կարեւոր մայրաքաղաքների մեջ: Աննկարագրելի էր, բնականաբար, Լիբանանում թափ առած իրարանցումը, որը չհանդարտվեց անգամ այն հայտարարությունից հետո, երբ Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Աունը անընդունելի համարեց հրաժարականը եւ, միաժամանակ, հիշեցրեց իր երկրի սահմանադրական այն դրույթը, որը անօրինական է համարում պետական պաշտոնյաների հեռակա հրաժարականները:
Լարվածությունը առավել եւս սրվեց, երբ լիբանանյան շիաների ռազմական թեւիՙ «Հըզբոլլահի» ղեկավար եւ պաշտոնական Թեհրանի խոսափողը համարվող շեյխ Հասան Նասրալան մեղադրեց Սաուդյան Արաբիայինՙ երկրի վարչապետին պատանդ պահելու, ստիպողության տակ նրան հրաժարեցնելու եւ այդպիսով Լիբանանը խառնաշփոթի մատնելու մեջ: Պակաս հրահրիչ չեղավ նաեւ Ռիադի պատասխանը, որն ավելի շուտ ուղղված էր Թեհրանինՙ քան Բեյրութին: Բայց դա պատճառ չեղավ, որ Լիբանանի որոշ շրջաններում չսկսվեն տեղական բնույթի ընդհարումներ շիաների եւ սուննիների միջեւ: Մինչեւ որ հնչեց իրՙ Հարիրիի խոսքը Ռիադից: Նա վստահեցրեց, որ ինքը այդ երկրում անազատության մեջ չի գտնվում, այլ գնացել է խորհդակցելու իր «եղբոր»ՙ գահաժառանգ իշխան Մուհամադ բին Սալմանի հետՙ Լիբանանում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին եւ հորդորեց հայրենակիցներին զուսպ լինել եւ զերծ մնալ ներհամայնքային բախումներից:
Համաժողովրդական տեսակետից հատկանշական եղավ երկրում առաջացած նոր տրամադրությունը, որը տպավորիչ արտահայտություն գտավ նոյեմբերի 12-ին մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած մարաթոնյան ամենամյա վազքի ընթացքում, երկրի 17 համայնքներից հազարավոր երիտասարդների մասնակցությամբ, «Քեզ ենք սպասում, Սաադ Հարիրի» ցուցապաստառներով: Դա ոչ միայն նախորդ տարիներին իրենց կողքին վազող վարչապետին էր ուղղված, այլ, իմ կարծիքով, նաեւ երկրի միասնականությունը ի ցույց բոլորի շեշտելուն, որը, դարձյալ իմ տեսակետով, այդքան անկեղծ չէր լինի, եթե լիբանանցիները, ողջ ժողովուրդը, ապրած չլիներ 1975-1990 թթ.ի կործանիչ պատերազմի փորձությունը:
Երիտասարդության եւ ողջ ժողովրդի տագնապը տեղին էր: Այսօր, երբ տարածաշրջանում ձեւավորվել են երկուՙ իրար հակադիր ճակատներՙ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի թագավորության գլխավորությամբ, առաջինը հենվելով Սիրիայում, Իրաքում ու Եմենում իր զինված ուժերի վերջին հաջողության եւ Լիբանանում հետզհետե հզորացող իր «Հըզբոլլահ» շարժման զորագնդերի վրա, մինչ երկրորդըՙ Արաբական աշխարհի սուննիական երկրների, նաեւ Մ. Նահանգների ու, զարմանալի թող չթվա, այժմ իր ստրատեգիական դաշնակից Իսրայելի վրա, ցանկանում են Լիբանանը օգտագործել իբրեւ ռազմադաշտՙ որտեղ պատրաստ են «փոխանորդային պատերազմ» (proxy war) մղել միմյանց դեմ եւ վճռել իրենց հակամարտության ելքը, չարաշահելով այդ փոքրիկ երկրի ներհամայնքային հակասությունները, կենտրոնական իշխանության թուլությունը, տնտեսական եւ այլ շահերով դրսի երկրներից կախվածությունը: Չմոռանալ, մեկ կողմից, որ «Հըզբոլլան» ներկայիս ավելի ուժեղ է քան լիբանանյան բանակը, իսկ մյուս կողմիցՙ որ շուրջ 200 հազար լիբանանցիներ ներկայիս լավ փող են աշխատում Սաուդյան Արաբիայում:
Հետեւաբար, վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը, որը նա բարեբախտաբար հետ վերցրեց նոյեմբերի 22-ին, Լիբանանի անկախության տարեդարձի օրը, Փարիզ եւ ապա Կահիրե այցելելուց հետո ժամանելով Բեյրութ, ոչ թե սոսկական հրաժարական էր, այլ փաստական փլուզումը այն փխրուն հավասարակշռության, որը ամբողջ երկու տարի նախագահ չունենալուց հետո վերհաստատվել էր իրանամետ, բայց քրիստոնյա գեներալ Միշել Աունի ընտրությամբ եւ սաուդամետ Հարիրիի վարչապետ նշանակմամբ: Ազգային հաշտության նախագահ եւ կառավարություն, որը ցանկությունն էր եւ է բոլո՛ր լիբանանցիների:
Հզորներն ու գերհզորները կհարգե՞ն այդ ցանկությունը…