Ազգային ժողովի մոտեցող քառօրյան հանրության մի շարք շերտերի համար կարեւոր օրինագծերով աչքի կընկնի: Նախ մինչեւ 27 տարեկանը սահմանված կարգով չծառայած անձանց համար վերջին շանսը կլինի` համապատասխան օրենքում վերջին անգամ փոփոխություն կատարելով հնարավորություն տալով նրանց` տուգանք վճարելով ազատվել քրեական հետապնդումից, այն եւս այս անգամ շատ բարձր գին է ունանլու, քանի որ մեկ զորակոչից ազատման վճարը համարյա հինգ անգամ բարձրացել է, եւ ընդհանուր հաշվով այն կարող է կազմել 9 միլիոն դրամից ավելի: Իսկ դրանից հետո այլեւս նոր ներում-զիջում չի լինելու, ծառայությունից խուսափածները համատարած քրեական հետապնդման են ենթարկվելու:
Մինչեւ երկու տարեկան երեխաների մայրերի աշխատելու դեպքում ներդրվելու է պետությունից կիսով չափ վճարվող դայակի ինստիտուտը, ընդ որում` դայակ կարող են ձեւակերպվել հենց երեխաների տատիկները: Դայակին վճարվող գումարի մի մասը պետք է տա աշխատող մայրը, իսկ դայակի հետ պետք է պայմանագիր կնքվի` այդպիսով դայակի աշխատանքը բերելով հարկային դաշտ: Մեր տատիկներն առանց այդ էլ պահում են թոռնիկներին, հիմա միգուցե համատարած օրենքով արդեն դայակ դառնան, միայն թե անհասկանալի է, թե որտեղից է պետության սուղ բյուջեն հայայթելու ամեն դայակին տրվելիք 55 հազար դրամը (նվազագույն աշխատավարձի շեմ):
Մի ուրիշ, խիստ հակասական նախագծով, որը կարող է մեծ հակազդեցություն ծնել, եւ որը նախաձեռնել է կառավարությունն ` ի դեմս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, սահմանվելու են բարձր` մինչեւ 150 հազար դրամի հասնող տուգանքներ` ավտոմոբիլային ճանապարհների եզրերի տեղադրված կրպակներին հարակից գովազդային ապօրինի վահանակների համար տուգանքը, սա տուգանքների տասնապատիկ ավելացում է: Իսկ եթե նկատի ունենանք, որ գովազդ կարող է համարվել ամեն ինչ, անգամ մրգի գինը հայտնող մի փոքր ձեւավորված վահանակը, ապա սա կարող խիստ անտրամաբանական թանկացում համարվել: Սա զարմացրել էր անգամ ԱԺ փոխնխագահ Արփինե Հովհաննիսյանին, որը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում քննարկման ժամանակ չէր թաքցրել զարմանքը. «Վերջապես պե՞տք է գյուղացուն 100-150 հազար դրամ տուգանել, նախարարությունն ուրիշ լուծում չի՞ մտածել, քան այդ տուգանքները բարձրացնելն է»: Դե իսկ գլխավոր նպատակը` այդպիսով ապամոնտաժել ճանապարհի եզրերի ապօրինի կրպակները: Դե գիտեք ինչ, սա շատ լղոզված մոտեցում է, այդպես կարող եք արգելել ճանապարհների եզրերին մի քանի տախտակ ամրացրած-վրան միրգ ծախող գյուղացու գործունեությունը: Որ ինչ անեք` բյուջե լցնեք, թե Հայաստանի ողջ տարածքում գյուղացուն նեղելու եւ միայն օլիգարխների խանութների միջոցով առեւտրի մենաշնորհացումը շարունակելու քաղաքականությունն իրացնեք, դե ընդհանրապես մի օրինագիծ էլ բերեք, որով արգելեք գյուղացուն օդ շնչել, սա անելու բան չէ:
Առաջին եւ վերջին նախաձեռնությունները կարող են առաջացնել բնակչության լայն շերտերի դժգոհությունը, համենայնդեպս` վերջինը մեր խիստ բացասական վերաբերմունքին վերջինն արժանանում է. լավ, մեր կառավարությունը որոշել է վերջնականապես թաղե՞լ գյուղացուն, սա մեկ, երկրորդ` ես ինչո՞ւ պետք է երկու հարյուր դրամանոց խաղողն ու խնձորը մի քանի հոգու պատկանող սուպերմարկետներից գնեմ աստղաբաշխական գումարով: Ինչ մտածեմ` որ այս կառավարությունը միայն բիզնես շահերի կրո՞ղ է, եւ իր բնակչության չապահովված շերտերի շահերը նրան բնավ չեն հետաքրքրո՞ւմ: Ուրիշ բան չի մնում մտածելու:
Այս եւ մի շարք այլ նոր օրենսդրական նախաձեռնություններ եկող շաբաթ խորհրդարանում կքննարկվեն` առավել մանրամասն կանդրադառնանք: