ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին
Մեծագույն բարեբախտություն է, երբ նվիրյալ անհատը գտնում է իրեն վերապահված արժանի տեղը կյանքում, աշխատանքում: Այդպիսի բախտավորներից է «Հայկական Հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը, որի բազմահմուտ ղեկավարությամբ ու նվիրումի գնով վերջին տասնամյակներում մեծ ավանդ է ներդրվել հայրենի գիտական եւ մշակութային կյանքի զարգացման, գիտական ներուժի հարստացման ուղղությամբ: Մեկը մյուսի հետեւից հրատարակվում են բազմաբնույթ, մեծերին ու փոքրերին հասցեագրված հանրագիտարաններՙ «Տնային տնտեսություն», «Հանրամատչելի բժշկարան», «Քրիստոնյա Հայաստան», «Հայ Սփյուռք», «Հայաստանի բնաշխարհ», «Ով ով է, Հայեր», «Սուրբ Հայաստան», «Դպրոցական մեծ», «Հայ գրատպության եւ գրքարվեստի», «Գյուղատնտեսության», «Հայաստան» եւ «Հանրագիտական բառարանի» 1-ին հատորը: Հրատարակման գործընթացում են «Հայկական երաժշտական», «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանները եւ «Հանրագիտական բառարանի» 2-րդ հատորը:
«Հայաստան» հիմնարար հանրագիտարանը ՀՀ անկախացումից հետո ամենանշանակալի հրատարակությունն է, որում նորովի ներկայացված են համընդհանուր հայոց պատմությունը, պետության կայացման եւ պետականության հաստատման գործընթացը, տնտեսության, կրթության, մշակույթի եւ մյուս բնագավառների նվաճումները, հայոց հոգեւոր կյանքն ու եկեղեցին, Սփյուռքը եւ այլ կարեւոր ոլորտներ: Բարձրորակ հանրագիտարանների շարքը աննախադեպ երեւույթ է, որի մասին անցյալում շատերն են երազել, նաեւ ջանք թափել, ինչպես օրինակ Հովհաննես Թումանյանը եւ նրա համախոհները:
Կարող ենք ասել, որ հանրագիտարաններն անաղմուկ եւ հաստատուն կերպով մտել են մեր էության եւ կենսաձեւի մեջ, դարձել մեր առօրյայի բաղկացուցիչ մասը: Որքան մտովի կտուժեինք եւ որքան դժվարություններ կկրեինք, եթե ձեռքի տակ չունենայինք իմացության այդ հզոր աղբյուրները:
Հայ ժողովուրդն ունեցել է մշակութային մտքի փայլատակումներ, որոնք էական հետք են թողել զարգացման ընթացքի վրա, ինչպես պատմահայր Խորենացու «Հայոց պատմությունը», Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը», ոսկեդարյան Զվարթնոցը, Աղթամարի հրաշք եկեղեցին, Գրիգոր Նարեկացու «Մատյանը», «Սասնա ծռեր» դյուցազներգությունը, Աբովյանի «Վերքը», Նոր հայկազյան եւ Արմատական բառարանները եւ այլն: Հայոց ազգային հանրագիտարանների ծնունդն այդ փայլատակումների օրգանական շարունակությունն է, օրինաչափ ու սպասելի դրսեւորումը: Փառք ու պատիվ Հովհաննես Այվազյանին եւ բոլոր նրանց, ում ջանքերով, տքնությամբ ու նվիրումի գնով հնարավոր է դառնում իրականացնել մեր ազգային հպարտությունը կազմող այդ աննախադեպ իրողությունները:
Հովհ. Այվազյանն արդեն շուրջ 40 տարի էՙ աշխատում է «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունում». 1979-իցՙ գլխավոր խմբագրի տեղակալ, 1999-իցՙ գլխավոր խմբագիր-տնօրեն: Եվ ոչ միայն գլխավոր խմբագիր-տնօրեն է, այլեւ հրատարակչական բոլոր գործընթացների բազմահմուտ գիտակը, խելամիտ ու բանիմաց խորհրդատուն, հարեհաս ու հոգատար աջակիցը, որի «ձեռքի տակով» անցնում է հանրագիտարանի յուրաքանչյուր հատորՙ խանձարուրից մինչեւ ավարտը: Հոդվածներ կազմել, խմբագրել, սրբագրել, ձեւավորել, պատկերազարդել… ամենը հարազատ է նրա էությանը եւ գործելակերպինՙ ի բարեբախտություն հայ հանրագիտական մտքի զարգացման, հայ մշակույթի ու մշակութային գործիչների, որոնք ներկայացված են խորիմացությամբ, բարձր արվեստով եւ պատշաճ մակարդակով:
Այվազյան-գործչի ամենաբնութագրական հատկանիշներն են հայրենասիրությունը եւ իր «կյանքի գործին» անմնացորդ նվիրումը, որի շնորհիվ հրատարակչությունը, չնայած վերջին տարիների դժվարություններին, անխաթար ձեւով շարունակում է իր ազգանվեր-արգասաբեր երթը:
Բնական է, որ Այվազյանը չի սահմանափակվում միայն հանրագիտարանի շրջանակով: Լայն է ու բազմաբնույթ նրա գործունեության շրջանակները. նա հեղինակ է պատմագրական, մշակութային, հայրենագիտական ստեղծագործություններիՙ «Հաղթանակած բանակի գեներալը», «Զորավար Անդրանիկ եւ Հովհաննես Թումանյան», «Հաղթանակի եւ վերհուշի ճամփաներով», «Մի հայտնագործության պատմություն», «Հարսանիք», «Հաղթելու արվեստը»: Խոր, բովանդակալից եւ ընդգրկուն է նրա վերջերս հրատարակած «Օրերի անձանձիր հոլովույթում» խոսուն վերնագրով ժողովածուն: Դրանում հեղինակի տարբեր ժամանակներում եւ տարբեր իրադրություններում անդրադարձներն ու ելույթներն են, որոնք վերաբերում են մեր ժողովրդի ապրած ողբերգական եւ լուսավոր էջերին, մշակույթին, գիտության, արվեստի ու գրական գործիչներին: Ներկայացված են հեղինակի մտքի եւ իմացության թռիչքով, մտերմիկ, սրտացավ, ջերմագին սիրովՙ հայրենի ստեղծագործությունների ու դրանց ստեղծողների նկատմամբ:
Հովհ. Այվազյանը Ջավախք աշխարհի զավակն է, ակտիվ կենսադիրքով գործիչ: Եղել է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության նախագահ, վերականգնել է «Ասպնջակ» պաշտոնաթերթի հրատարակումը եւ ղեկավարել է նրա խմբագրական խորհրդի աշխատանքները: Հանդես է եկել Ջավախքում հայապահպանության խնդիրներին առնչվող մեծաթիվ հոդվածներով, գործնական առաջարկություններով:
Սերտորեն կապված է նաեւ իմ հայրենի Լոռու եւ լոռեցիների հետ, հպարտությամբ է կրում «Պատվավոր լոռեցու» կոչումը: Լոռու հետ նրա հարազատությունը գալիս է, երեւի թե, Հովհ. Թումանյանի հանդեպ տածած առանձնահատուկ սիրուց, առինքնող բնաշխարհի գայթակղիչ հմայքից: Թերեւս այդ սիրո դրսեւորումներից է Թումանյանի եւ Զորավար Անդրանիկի մեծ բարեկամությանը վերաբերող արժեքավոր աշխատությունը եւ Թումանյանին նվիրվածՙ Հայաստանում առաջին անհատական հանրագիտարանի նախաձեռնումն ու կազմումը:
Վերջին տասնամյակներում երկրում կատարվող քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ փոփոխություններ պահանջ են առաջադրում հանրագիտական մտածողության եւ հանրագիտարանային արժեքների վերանայման, վերագնահատման: Հրատապ է նաեւ հայկական հանրագիտական գրականությունից օտար լեզուներով թարգմանություններ ունենալը, ինչը «Հայկական Հանրագիտարան. հրատարակչության» առջեւ խնդիրներ է առաջադրում, որոնք վերաբերում են կադրային, տեխնիկատնտեսական եւ այլ հնարավորությունների ընդլայնմանը: Նաեւ վաղուց է հասունացած հրատարակչությանը տալու գիտահրատարակչական ինստիտուտի կարգավիճակ, ինչպես շատ այլ երկրներում է:
Ջերմագին շնորհավորե՛նք բազմավաստակ եւ բազմաշխատ հանրագիտակ-մշակութային գործիչ Հովհաննես Այվազյանինՙ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, նաեւ մաղթենք, նպաստենք, որ շուտափույթ լուծում ստանան հրատարակչության հետ կապված հրատապ խնդիրները: