ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ
Անցնող մի քանի օրերը թերեւս աչքի էին ընկնում մի քանի հարցերով` ԵՄ-ՀՀ համաձայնագրի նախնական տարբերակի հրապարակմամբ եւ ԵԱՏՄ վարչապետների հավաքով քաղաքամայր Երեւանում: Ինչումն է այս երկու հավաքների հետաքրքրությունը: Կարծում եմ, առաջին հերթին նրանում, որ Հայաստանի տնտեսական զարգացումը ավանդաբար կապում են այս երկու միավորումների հետ սերտ հարաբերություններով, ինչը հատկապես հստակ կերպով արտահայտվում է ՀՀ-ի արտաքին առեւտրաշրջանառությամբ: Այս երկու կառույցները` ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառության հիմնական գործընկեր կառույցներն են, հետեւաբար հետաքրքրությունը դրանց նկատմամբ հատկապես կարեւոր է:
Այս հարաբերություններում սակայն, հստակ իր տեղն ունի եւս մեկ կարեւոր ուղղություն` դա էներգետիկան է: Ընդհանրապես պետք է նշել, որ էներգետիկ շահերը առանձնահատուկ նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության համար, հետեւաբար որեւիցե երկրի ղեկավարություն առաջին հերթին այս հիմնախնդիրն է դիտարկում որպես առաջնայնություն ոչ միայն իր տնտեսական, այլեւ քաղաքական կողմնորոշումները ճշգրտելու համար:
Աշխարհում տնտեսական միավորներն ստեղծվում են հենց էներգետիկ հիմնահարցերում առկա շահերի առկայության եւ համատեղ որոշումներ կայացնելու ցանկությամբ: Նույնիսկ ԵՄ-ի հիմնադրումը հեռավոր 1951թ.ինՙ պայմանավորված էր ածխի եւ պղնձի շուրջ միավորման համաձայնագրի կնքմամբ, հետագայում`1957թ. ստեղծվեց մեկ այլ էներգետիկ միավոր` «Եվրոպայի միջուկային էներգիայի համայնք» կոչվածը, որը եւ սկիզբ դրեց ընդհանուր Եվրոպական Միության ստեղծման գործընթացին, որին այսօր անդամակցում են Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի 28 պետություններ:
Այսինքն պարզ է, որ էներգետիկ առաջնայնություններով է պայմանավորված միջազգային տնտեսական միությունների ստեղծումը, սա է պատճառը, որ նույնիսկ Եվրասիական Տնտեսական Միության ստեղծման պայմանագրում առաջնային տեղ է հատկացվում հենց էներգետիկ հիմնախնդրին եւ խնդիր է դրվում մինչեւ 2019թ. ստեղծել էլեկտրաէներգիայի համընդհանուր շուկա, իսկ մինչեւ 2025թ.ՙ գազի եւ նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաներ:
Այսպիսով, հիմնական հարցը թերեւս, որ այս օրերին ծագում է, այն է, թե որն է Հայաստանի էներգետիկ կողմնորոշումը եւ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ՀՀ էներգետիկ արդյունաբերության հզորացման ու զարգացման համար, իսկ սա, նկատենք, հռետորական հարց չէ Հայաստանի համար, սա, կարելի է ասել, գոյատեւման եւ զարգացման խնդիր է: Վերջերս հրապարակված ՀՀ-ԵՄ համաձայնագրի նախնական տարբերակում եւս հոդված 42-ը ամբողջովին նվիրված է այդ կառույցի հետ էներգետիկ հարաբերություններին: Մեր մամուլում թերեւս հիմնական ուշադրության կենտրոնում ատոմակայանի փակման հարցն է, որը տեղ է գտել այս համաձայնագրում, սակայն այնտեղ կան նաեւ այլ ենթագլուխներ, որտեղ մասնավորապես ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ՀՀ-ում էներգետիկ ոլորտի, մասնավորապես վերականգնողական էներգետիկայի զարգացմանը:
Ատոմակայանի փակման խնդրի առկայությունն այս համաձայնագրում որքան էլ որ տարօրինակ էր, միաժամանակ հավանաբար օրինաչափ, քանի որ ԵՄ-ն նաեւ հայտարարում է, որ պատրաստ է ֆինանսապես եւ տեխնիկապես աջակցել այդ կառույցի փակման գործընթացին: Նկատենք, որ այս մոտեցումը կարեւոր է, քանի որ վաղ թե ուշ մենք կանգնելու ենք ներկա կայանի փակման խնդրի առաջ, եւ հետեւաբար նմանատիպ աջակցությունը, ինչպես ասում են, ավելորդ չէ: Առավել եւս, որ համաձայնագրում չի նշվում, թե երբ պետք է փակվի ատոմակայանը: Նման կոնկրետության բացակայությունը որոշակի հույսեր է տալիս, որ հայկական կողմը կարող է է մանրեւել ըստ իր նպատակահարմարության, սակայն եվրոպացիները եվրոպացի չէին լինի, եթե փակման մասին հոդվածում, մի թեթեւ թվացող, բայց իրականում կարեւոր հիշատակում չկատարեին. դա ատոմակայանի փակման համար «ճանապարհային քարտեզի» ստեղծման պայմանն է: Ահա հենց այս քարտեզ կոչվածի շուրջ բանակցություններում ԵՄ-ն կոշտ կերպով կդնի ատոմակայանի փակման ժամանակացույցի պահանջը:
Իսկ ինչով է էներգետիկ առումով մեզ հրապուրում ԵԱՏՄ-ն, որի վարչապետները կառույցի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այս օրերին հավաքվել էին Երեւանում: Ըստ այդ կառույցի ստեղծման շուրջ կնքված պայմանագրի, ինչպես արդեն նշեցի, խնդիր է դրվում ստեղծել էներգետիկ մեկ միասնական շուկա: Ինչումն է այս մոտեցման «հրապուրանքը» Հայաստանի համար: Ինչպես հայտնի է, ՀՀ էներգետիկ զարգացման հիմնական խոչընդոտը ներքին շուկայի փոքրությունն է եւ արտահանման սահմանափակությունը, պայմանավորված Ադրբեջանի եւ Թուրքիայի կիրառած շրջափակման քաղաքականությամբ:
Այս սահմանափակումը չի նպասում էներգետիկ անվտանգության զարգացմանը, առավել եւս դրան ռազմավարական խորություն տալու առումով: Ստեղծելով էներգետիկ առումով բավականին ինքնաբավ համակարգ, մենք հասել ենք դրա հնարավորությունների մաքսիմումին, ինչը նշանակում է, որ եթե չիրականացվեն դեպի հեռանկարը ուղղված քայլերը, ապա մի քանի տարի անց մենք կկանգնենք հենց այդ ինքնաբավության կորստի առաջ, առավել եւս, որ ԵՄ-ն պահանջում է ատոմակայանի փակում:
Հետեւաբար հիմնական խնդիրն այն է, թե որն է դրա այլընտրանքը: Այս առումով մեր որոշ գործընկերներ նշում են, որ դա կարող է լինել վերականգնողական էներգիան: Սակայն համաշխարհային փորձի ուսումնասիրությունը, հատկապես փոքր եւ աղքատ տնտեսություն ունեցող պետություններում, ցույց է տվել, որ դա չի կարող լինել այլընտրանք ոչ միայն իր թանկության, այլ առաջին հերթին վերականգնող էներգիայի անկայունության պատճառով: Իսկ էներգահամակարգի անկայունությունը դա պետության տնտեսական համակարգի վերջն է:
Այս պայմաններում ԵԱՏՄ միասնական էլեկտրահամակարգի ստեղծման գաղափարը դառնում է այն այլընտրանքը, որը կարող է օգնել Հայաստանին դուրս գալ այս վիճակից, եթե իհարկե այդ հարցին մոտենան խելամտորեն եւ իրականացնեն համապատասխան քաղաքականություն դեպի նորաստեղծ էլեկտրաէներգիայի միասնական շուկա դուրս գալու: Այդ շուկայի առավելությունն ու գրավչությունը նրանում է, որ նախատեսվում է ստեղծել էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի միասնական հարթակ, ինչը նշանակում է, որ Հայաստանը կարող է առանց դժվարության այդ շուկայում վաճառել իր էլեկտրաէներգիայի ավելցուկը, որը այս պահին կազմում է մոտ 1 մլրդ կվ/ժ տարեկան: Սակայն նկատենք, որ Հայաստանի հնարավորությունը շատ ավելին է եւ արտահանման հզոր շուկա դուրս գալու ու, առավել եւս, այդ ապրանքի բորսայական վաճառքի կազմակերպման դեպքում հնարավոր կլինի նաեւ գործարկել էլեկտրաէներգիայի գեներացման այլ հզորություններ եւս:
Էլեկտրաէներգիայի մեծածավալ արտահանման հնարավորությունը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քանի որ այսպիսով Հայաստանի էներգետիկ համակարգը դառնում է գրավիչ նաեւ ներդրումների առումով, իսկ մենք այն բացառիկ երկրներից ենք, որ դեռ ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ այս բնագավառում ու համապատասխան լոգիստիկա: Նման զարգացումներըՙ ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ստեղծումը, կոմերցիոն առումով գրավիչ կդարձնի նաեւ նոր ատոմային կայանի ստեղծման գաղափարը, ինչը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել այս ծրագրի իրականացման համար ու հանգիստ սրտով դիմել ԵՄ-ին, որ կնքված համաձայնագրով ֆինանսավորի նախկինի փակումը: