Հեղինակՙ Մկրտիչ Պուլտուքյան
Բեյրութի (Լիբանան) Պաքլայան հրատարակչությունը անգլերեն լեզվով լույս է ընծայել 58 երկար տարիներ միջազգային բանկային հաստատություններում գործունեություն ծավալած, 1985-1990 թվերին Լիբանանի կենտրոնական բանկի փոխկառավարիչ դարձած Մկրտիչ Հակոբի Պուլտուքյանի (M.H. Bouldoukian) «Հայ բանկիրները Օսմանյան կայսրությունում» (Armenian Bankers in the Ottoman Empire) գիրքը, որը հեղինակը ձոնել է իր նախնիներինՙ Պուլտոխենց ընտանիքին, ինչպես նաեւ աշխարհում սփռված Ուրֆալյան, Չատրիկյան, Գույումճյան, Շատարեւյան, Ունճյան, Բոյաջյան, Լուսարարյան, Եղիայան, Ռեյմարյան, Քեհյայան, Բաքալյան, Առաքելյան, Սեֆերյան եւ Սերոբյան ընտանիքների նախնիներին, որոնք կողք-կողքի ապրել են ժամանակինՙ Ռուբինյան թագավորության օրոք, պաշտպանել Կիլիկիայի սահմանները եւ բազում բարեգործություններ կատարել:
Գեղեցիկ տպագրությամբ, գունավոր եւ սեւ ու սպիտակ լուսանկարներով հարուստ 272 էջանոց հատորը պատմում է գործարարների հետ Մերձավոր Արեւելքում ավելի քան երկու հազար տարի համագործակցած հայ բանկիրների վարպետության եւ հավատարմության մասին: Նաեւ նրանց արժեքավոր ներդրման մասինՙ միջազգային շուկայում:
«Թուրքիայից փոխհատուցման մեր պահանջները չպետք է սսահմանափակվեն հողային տարածքների վերադարձով, այլ պետք է ընդգրկեն նաեւ անթիվ-անհամար ունեցվածքի եւ բանկային հաշիվների փոխանցումները, որոնց մասին ընդարձակ ուսումնասիրություն է հրատարակել Պետրոս Տեր-Մաթոսյանն իր «Տաբուն Տաբուների մեջ: Հայկական կապիտալի ճակատագիրը Օսմանյան կայսրության վերջին շրջանում» (The Taboo Within the Taboo: The Fate of “Armenian Capital” at the End of the Ottoman Empire) գրքում: Հուսով եմ արխիվային փաստաթղթերով հագեցած իմ այս հատորը կծառայի որպես պատմական ուսումնասիրությունՙ տեղեկացնելու հայ, թուրք եւ այլազգի երիտասարդ սերունդների ներկայացուցիչներին այն մասին, թե ինչ դեր են ունեցել հայերը միջազգային տնտեսագիտության եւ գործարարության զարգացման գործում եւ թե ինչքանով է նրանց ազդեցությունը տարածվել Մերձավոր Արեւելքից դեպի Հեռավոր Արեւելք եւ Արեւմուտք, Հարավային Կովկասից, Ջուղայից, Հնդկաստանից եւ Սինգապուրից մինչեւ Ռոստով, Մոսկվա եւ եվրոպական այլ երկրներ:
Ինչպես Երուսաղեմի ավագ սերունդի հայերն են նշումՙ «Նրանք (հայերը) ոտաբոբիկ եկան եւ մարդ դարձան»: Այո, նրանքՙ ցեղասպանությունից մազապուրծ ոտաբոբիկ եկան նաեւ Լիբանան եւ Սիրիա, եւ սկսեցին զբաղվել դրամափոխանակությամբ… վերականգնելով իրենց նախնիների ժառանգությունը եւ հեղինակությունը: Նրանց կոչում էին «բանկիրներ» կամ «սարրաֆներ»: Այդ ընտանիքներից ոմանք մինչեւ այժմ շարունակում են իրենց գործունեությունը», գրում է հեղինակը իր գրքի առաջաբանում, որի համար ընտրել է ամերիկացի վիպասան Ջոն Դոս Պասոսի խոսքերն այն մասին, թե «դուք կարող եք մարդկանց պոկել իրենց երկրից, բայց չեք կարող երկիրը պոկել մարդկանց սրտերից»:
Առաջաբանից առաջ հեղինակը երախտագիտական խոսքեր է ուղղել բոլոր նրանց, ովքեր օժանդակել են, այս կամ այն ձեւով, գրքի լույս ընծայմանը: Նրանց թվում են Է. Դուզենճյանը, պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանը), դոկտ. Հակոբ Պարսումյանը, դոկտ. Պետրոս Տեր-Մաթոսյանը, Խաչատուր Տատայանը, Հայկարամ Գալընճյանը, Հայկազյան համալսարանի գրադարանավար Սոնա Սիսլյանը եւ նրա օգնականներ Վերա Կոստանյանն ու Հուրի Ավետիքյանը, Լիբանանի կենտրոնական բանկի նախկին կառավարիչ դոկտ. Էդմոն Նաիմը, «Ազդակ», «Զարթօնք» եւ «L՛Orient-Le Jour» թերթերը, ինչպես նաեւ տարբեր լեզուներից անգլերենի թարգմանիչները (Լոնդոնի Նաիրի թարգմանչական ծառայությունների կենտրոնը, Մարի-Հելեն Գասպարը (Սիցիլիայից), Ռաֆայել Ումուդյանը, Կատիա Օնեիսին եւ Ժոզեֆ Էսքիճյանը (Բեյրութից), Նուբար Գուզելդովլաթյանը (Ստամբուլից) եւ դոկտ. Անի Բաքալյանը (Նյու Յորքից):
Հատորի առաջին գլխում, վերնագրվածՙ «Խոջաների, չելեպիների եւ ամիրաներիՙ Կոնստանդնուպոլսի հայերի նախնիների կապիտալը (փողը)», չափազանց մատչելի լեզվով եւ հստակ տրված են վերոնշյալ պատվանուններին արժանացած հայ մեծահարուստ առեւտրականների բնորոշումները, ինչը հատորին տալիս է նաեւ բուհական ձեռնարկի նշանակություն: Սահմանումներ տրված են նաեւ երկրորդ «Օսմանյան շրջանի հայ առեւտրականների եւ բանկիրների վերաբերյալ գործնական տեղեկություններ» գլխում, որը 11 ենթաբաժիններից է բաղկացած, որոնցում խոսվում է փողի փոխանակման, առեւտրային գործունեությունների եւ պայմանագրերի ստորագրման մասին: Երրորդ գլուխը նվիրված է «Տաբուն Տաբուների մեջ: Հայկական կապիտալի ճակատագիրը Օսմանյան կայսրության վերջին շրջանում» բաժնին:
Հաջորդող գլուխներում ներկայացվում են «Սփյուռքում գործող ճանաչված հայ բանկիրները», որտեղ մասնավորապես անուն առ անուն նշված են Լիբանանում եւ Եգիպտոսում գործող բանկիրները, «19-րդ դարի Օսմանյան կայսրության փողային համակարգը», որտեղ խոսվում է դրամափոխանակման կանոնների մասին, «Հայկական բիզնես ձեռնարկությունները 15-րդ դարից մինչեւ 1915 թվականը», որի 4-րդ ենթաբաժնում աղյուսակի ձեւով ընթերցողին է առաջարկվում հայ ամիրաների ցանկը ըստ Հ. Բարսումյանի «Ստամբուլի հայ ամիրաների դասակարգը» ուսումնասիրության, եւ «Համառոտ ակնարկ 19-րդ դարում Օսմանյան կայսրության մեջ գործող բոլոր փոքրամասնությունների բանկիրների»:
«Եզրափակիչ գլխում» հեղինակը հաստատում է, որ իրենց անաչառ գործունեության շնորհիվ հայ բանկիրները վստահություն են ձեռք բերել ֆինանսական շուկայում եւ նույնիսկ մասնակցել երկրի դրամահատության գործընթացներին ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլեւ Իրանի արքայական դինաստիաներում, ցարական Ռուսաստանում եւ Ռումինիայումՙ մինչեւ Առաջին աշխարհամարտի սկիզբը: Նրանց շնորհվել է ազնվականության եւ արիստոկրատիայի պատվավոր կոչումներ: Նրանց է վստահվել տնտեսական կարեւոր գերատեսչությունների պատասխանատու պաշտոններ:
Դժբախտաբար, հայկական կապիտալի այդ տերերը, ամբողջ հայ ժողովրդի հետ, ենթարկվեցին եղեռնական բնաջնջման եւ բոլորի ունեցվածքը համարվեց «լքված գույք» եւ սեփականությունը դարձավ այդ բնաջնջումը կազմակերպած պետության: Դա անօրինական սեփականություն է, որին «մալ ուլ հարամ» պիտակն է տրվում: Եգիպտացի պատմաբան դոկտ. Մոհամեդ Ռիֆաաթ էլ Իմամն իր «Հայերի պարագան Օսմանյան կայսրությունում» (The Case of Armenians in the Ottoman Empire) գրքում նշում է, որ ժամանակակից Թուրքիան հիմնված է հայկական պատմական հողերի մոխիրների եւ թալանված հայկական կապիտալի վրա:
Բայց, ավարտում է Պուլտուքյանը, ամեն ինչ, որ «մալ ուլ հարամի» վրա է հիմնված, երկար կյանք ունենալ չի կարող:
Հատորն ունի նաեւ իտալերեն, օսմաներեն, ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով փաստաթղթերի հավելված եւ անշուշտ օգտագործված գրականության ցանկ:
Այս խիստ արժեքավոր գրքի հեղինակ Մկրտիչ Պուլտուքյանը մագիստրոսի գիտական աստիճան է ստացել 1964-ին Բեյրութի ամերիկյան համալսարանից: Հիսունութ տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ծառայել է 4 միջազգային (Bank of America, Chemical Bank, UBAF Bank, London (BACB) եւ HSBC Geneva) եւ 3 լիբանանյան բանկերում (BLF (Indosuez, Credit Agricole), Bank of Beirut եւ Credit Libanais): Որպես լիբանանյան կենտրոնական բանկի փոխկառավարիչ (1985-1990) նա Լիբանանն է ներկայացրել Կորեայում 1985-ի IMF/WB, եւ Ամմանում (Հորդանան) 1989-ի AMF-ի հանդիպումներում: Կոմերցիոն բանկային գործունեության մասին դասախոսություններով հանդես է եկել չորս համալսարաններում: Հիմնել է եւ առաջին դեկանն է եղել (1969-74) Հայկազյան համալսարանի Տնտեսագիտության եւ բիզնեսի կառավարում ֆակուլտետի:
Մասնակցել է նաեւ եվրոպական միության (բրյուսելյան) TACIS ծրագրին: Մրցանակակիր գրող է, հեղինակ չորս լեզուներով գրված տասնհինգ գրքերի, որոնցից «The Management of Correspondent Banking-ի» չորրորդ հրատարակությունը Սինգապուրում 2015 թվին իտալացի բանկիրների կողմից համարվել է «հեռակա բանկային գործունեության աստվածաշունչը»: