2008 թվականին Վայոց ձորի Արենի գյուղում հնագետները հայտնաբերել են կենդանական կաշվի մեկ ամբողջական կտորից կարված աշխարհի ամենահին կոշիկըՙ լիարժեք ու հրաշալիորեն պահպանված: Կոշիկը 5500 տարեկան է: Գտածոյի կուսական տեսքն ու ահռելի տարիքը սենսացիա առաջացրին աշխարհում: Կոշիկներ էլի են գտնվելՙ ծղոտից, ընդ որումՙ ավելի մեծ տարիքի. կաշվից ոտնամաններ նույնպես հանվել են հողի տակից, բայց բոլորն էլ կաշվի մի քանի կտորից են պատրաստված: Արենիի կոշիկն առանձնահատուկ է. այն վկայում է պատրաստող վարպետի հմտության մասին: Իր տեսակով բացառիկ ոտնամանից բացի, Արենիի քարանձավում հայտնաբերվել են գինեգործության ու խաղողի մշակման բարդ տեխնոլոգիայի մասին վկայող գտածոներ, ինչպես նաեւ կնոջ կիսաշրջազգեստ, որը մոտ 4000 տարեկան է:
Արենի -1 պայմանական անունը կրող հնավայր-քարանձավն արդեն մի քանի տարի Արենի այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է: Թեեւ որպես թանգարանՙ այն պաշտոնապես չի գործում. զգուշավորությունը պահանջում է օրական առավելագույնը 50 հոգու թույլ տալ մտնել քարանձավ, քանի որ կոթողի ներսում աշխատանքները դեռ ավարտված չեն: Ներս մտնողին թվում էՙ հնագիտական արշավախումբը մի քանի րոպեով ուղղակի հանգստանում կամ ճաշում է, որպեսզի վերադառնա ու կիսատ գործը շարունակի: Իրականում հենց այդպես էլ կա: Պեղելու, հողի շերտերի տակ թաքնված հազարամյակների մշակույթն ու պատմությունը վեր հանելու անհրաժեշտություն դեռ կա: Պարզվում էՙ պեղված հատվածների տակՙ 4,5 մետր խորության վրա, այլ դարաշրջան է թաքնվածՙ ավելի քան 6000 տարվաՙ ուշբրոնզե-երկաթեդարյա քաղաքակրթությունից էլ հին: Նախորդ պեղումների ժամանակ հետքերը բացվել ու բացահայտվել են ու անմիջապես ծածկվել, որպեսզի հետո պեղվեն, իսկ թե հետոն երբ կլինի, հնագետները չգիտեն: Նրանց առայժմ հուզում է հուշարձանի պեղված հատվածների ճակատագիրը: Այդ տարածքներն ամրակայման, հիմնավոր պահպանման կարիք ունեն:
2013-ին Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը մոտ 53 000 դոլար է տրամադրել, որպեսզի Արենի 1-ը բարեկագվի, ցանկապատվի, կառուցվեն անցուղիներ, ու տարածքը լուսավորվի, մի խոսքովՙ իրականացվեն քարանձավի պահպանման աշխատանքներ: Գործն ավարտված է: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել էին Արենիՙ վերջնարդյունքը տեսնելու:
Միլսը երբեք չէր եղել քարանձավում: Հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Պետրոսյանը նրան մանրամասն բացատրեց պեղված նյութերի արժեքն ու նշանակությունը, նաեւ դեսպանի հիմնադրամից հատկացված ֆինանսական օժանդակության կարեւորությունը: Եթե պեղված քարանձավի պահպանությունը չիրականացվեր, դժվար չէ ենթադրել, թե անկոչ հյուրերն ու արկածախնդիրներն ինչ ոտնձգություններ կանեին հուշարձանի նկատմամբ: Հնավայրը նախնական վիճակով, այո, պահպանվում է, բայց այսքանով գործը չի կարելի ավարտված համարել: Գտածոները լաբորատոր հետազոտման կարիք ունեն, մարդաբանական, հնէաբանական ուսումնասիրություններ դեռեւս չեն կատարվել: Քարանձավի պեղված հատվածներում հայտնաբերված կարասները, կճուճները, խորշերը, կենցաղային իրերը մաքրվել են հողի շերտից ու անձեռակերտ թանգարան են հիշեցնում: Հնագետները հավաստիացնում են, որ անգամ այն հատվածները, որտեղով այցելուները քայլում են, նույնպես պարունակում են նման գտածոներ, միայն թե պարզ չէՙ էլ ինչեր կարող են թաքնված լինել հողի շերտերի տակ: Չէ՞ որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ նույն տարածքում կհայտնաբերվի աշխարհի ամենահին կոշիկըՙ պատրաստված կովի կաշվից: Ի դեպ, նույն տարածքում գտնվել են ավելի հին ոտնամաններ, բայց քանի որ մի քանի կտորից են կարված, դրանց հնագիտական փայլն «Արենի-1 կոշիկի» համեմատ խամրում է:
Քարանձավներում հայտնաբերվել են նաեւ մարդկային գանգերՙ մշակված ու փայլեցված: Հնագետների կարծիքովՙ տեղաբնակները դրանք դրսի աշխարհներից են բերել, տեղադրել հատուկ անոթների մեջ: Գանգերը պաշտամունքի առարկա են եղել եւ փոխանցվել են սերնդեսերունդ, այսինքնՙ հայրերը երկարպագել են դրանց, հետո ժառանգություն թողել որդիներին, ու այդպես շարունակ: Սրբություն համարված գանգերն ավելի հին են, քան քարնձավում հայտնաբերված մարդկային մյուս մնացորդները:
Պեղումները հաստատել են Քսենոֆոնի գրվածքները, թե հայերն իրենց արտադրած գինին խմում էին հատուկ ծեղերով: Քարանձավում հայտնաբերվել են անոթներՙ մեջը ծղոտներՙ գինու հետքերով: Սա ենթադրելու առիթ է տալիս, որ տեղացիները գինին խմելու ավելի հաճելի եւ դյուրին ձեւ են գտելՙ սնամեջ ծեղը:
Քարանձավների պահպանության խնդիրն անհանգստացնող է: Մեկ անգամ չեն բնապահպաններն ու հնագետներն այս հարցի վրա հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը: Քարանձավներըՙ որպես բնության կամ պատմամշակութային հուշարձաններ, հետազոտման ու պահպանման երկարաժամկետ աշխատանք են պահանջում: Քարանձավները հաճախ են դառնում գանձագողերի թիրախ: Պետությունն այնդքան գումար չունի, որ տեղը տեղին տեր կանգնի այդ հուշարձաններին: Այդ պատճառով էլ մշակույթի նախարարությունը հայտարարել է քարանձավների կառավարման մրցույթ: Ըստ նոր ծրագրիՙ մրցույթը շահած մասնավոր կառավարիչնրը ներդրումներ են կատարելու անհրաժեշտ գիտական աշխատանքներն իրականացնելու, ինչպես նաեւ քարանձավները պահպանելու եւ զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար: