Այս օրերին Երեւանում ընթացող «Հայաստան-Սփյուռք» համաժողովի առաջին օրն իրենց ելույթներով հանդես եկած պաշտոնատար ու հոգեւոր առաջնորդները միաբերան պնդում էին, որ Հայաստանի, Արցախի1 ու Սփյուռքի հայությունը պետք է ավելի համախմբվի, որպեսզի կարողանա ոչ միայն դիմագրավել հայությանը նետված մարտահրավերներին, այլեւ հնարավոր դարձնի համատեղ ուժերով նոր բարձրունքներ նվաճել եւ ապահովել հայ ժողովրդի հերոսական պատմության շարունակականությունն ու աշխարհի զարգացած ժողովուրդների շարքում հավասարի իրավունքով քայլելը:
Լավ է եւ գնահատելի, որ սփյուռքահայությունը դիտարկվում է մեր ժողովրդի անբաժան մասը: Լավ է, որ նրան վերապահվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ դրանից բխող մյուս արտոնություններն ու իրավունքները: Սակայն զարմանալիորեն դեռեւս օրենքի տառից բխող պարտավորություններից ոչ ոք չի խոսում: Դա գուցե ժամանակի խնդիր է, կլուծվի:
Այսօր ուզում եմ խոսել մեկ այլՙ շատ կարեւոր հարցի մասին. արդյո՞ք սփյուռքահայերը Հայաստանի Հանրապետությունն համարում են իրենց հայրենիքը: Գիտության ասպարեզի ներկայացուցիչ եմ, մի քանի մենագրությունների ու 150-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ եւ լավ գիտեմ, որ որեւէ հարց խորությամբ ուսումնասիրելու եւ լուրջ գիտական եզրակացություններ կատարելու համար հարկավոր է նախ մանրազնին ուսումնասիրել խնդիրը, իսկ տվյալ դեպքում պատմագիտական, սոցիոլոգիական, իրավաբանական, ազգագրական, հոգեբանական եւ այլ բնույթի հետազոտություններ կատարել, որպեսզի հնարավոր դառնա վերջնական արդյունք ապահովել: Սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ այսօր ասել:
Առանց խորազնին հետազոտությունների, հենց առաջին հայացքից ու անզեն աչքով էլ տեսանելի է, որ այդ խնդիրը կա: Զրուցեք որեւէ սփյուռքահայի հետ, անկեղծացեք եւ փորձեք նրան էլ անկեղծացնել եւ հարցնել նրա արմատների եւ հայրենիքի գաղափարի ըմբռնման մասին: Իսկույն պարզ կդառնա, որ գրեթ բոլոր սփյուռքահայերը հայրենիք են համարում Հայկական լեռնաշխարհի այն տարածքը, որտեղից սերել ու գաղթել են նրանց նախորդ սերունդները: Նույնիսկ վիճարկել կամ հակառակ բան ասելը նրանց մոտ տարակուսանք կառաջացնի: Եթե նրանց մեծ հայրը գաղթել կամ բռնի մահվան սպառնալիքից փախել է ենթադրենք Սասունից, Մուշից կամ Կիլիկիայից, ուրեմն նրա համար հայրենիք բառը միանշանակ ասոցիացվում է հենց այդ Սասունի, Մուշի կամ Վան-Վասպուրականի հետ: Ավելին ասեմ, հատկապես ֆրանսահայերի մեծ մասի համար հայրենիքը «չքնաղ Պոլիսն է» եւ ոչ մեկ այլ վայր, որով նույնիսկ հպարտանում են ու մի փոքր վերեւից նայում գավառական ծագում ունեցողներին:
Ավելի վտանգավոր մի դրսեւորում էլ կա: Չորրորդ կամ հինգերորդ սերնդի սփյուռքահայերի որոշ ներկայացուցիչներ արդեն հայրենիք են համարում միայն այն երկիրը, որտեղ ծնվել-մեծացել են, իսկ Հայաստանը (ի դեպ` գլխավորապես Արեւմտյան Հայաստանը) դիտարկում են հոգեւոր, եթերաերազախառն ու հեռավոր, երբեմն նաեւ ոչ իրական ինչ-որ բան: Էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետության մասին, որին մեծ մասն իրենց պապերի երկիր չի էլ համարում: Հենց այստեղ է, որ մենք լուրջ ու դժվարին անելիք ունենք: Աշխատանք պիտի տարվի, այն էլ ամենօրյա, հետեւողական ու շարունակական աշխատանք, որը պակաս նվիրում ու ջանքեր չի պահանջի, քան ասենք կամավորական, ֆիդայական շարժումները: Հակառակ դեպքում վերջին տենդենցն աճի միտում ունի, վտանգավոր աճի:
Վերջերս այս խնդիրների մասին զրուցում էինք մի քանի մտավորական ընկերների հետ, եւ երբ մտահոգություններս հայտնեցի, եղան նաեւ հակադրվողներ: Նրանք վկայակոչեցին մի քանի օրինակներ, որոնք թեեւ այնքան էլ տեղին չեն, սակայն կարող են իսկապես շփոթության առիթներ տալ: Այսպես, ընդդիմախոսներիցս մեկը հիշեց Ստալինի ղեկավարությամբ կոմունիստական վարչակարգի թափած ջանքերը նոր որակի եւ տեսակի էթնոս` սովետական ժողովուրդ ստեղծելու ծրագրերի ու այդ ուղղությամբ ձեռնարկած հսկայածավալ աշխատանքների մասին: Նա շեշտեց, որ նույնիսկ այդ դաժան վարչակարգի պայմաններում իշխանությունների սպասելիքներն ի դերեւ ելան: Մեկ ուրիշն էլ բերեց ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակը: Հայտնի է, որ մյուս բոլոր պատճառների կողքին Ռ. Ռեյգանը կարողացավ նախագահական ընտրություններում հաղթանակ տանել, քանի որ փորձում էր խաղալ ամերիկացիների ազգային զգացմունքների հոգեդաշտում: Նա հայտարարում էր, որ արդեն ձեւավորվել է ամերիկացի ազգը, որն ունի լավագույն հատկանիշները: Ուստի նա պիտի համախմբվի, իր ձայնը տա իրեն, որպեսզի ինքն էլ առաջնորդի այդ նոր ու նոր որակի ազգին` հանուն ԱՄՆ-ի ու այդ նոր ազգի բարգավաճման: Բայց դարձյալ ոչինչ չստացվեց, քանի որ երբ առաջին ոգեւորությունն անցավ, ամերիկացիների ճնշող մեծամասնությունը շարունակեց գիտակցել իր իռլանդական, շոտլանդական, հոլանդական կամ չինական արմատների մասին: Այսօր էլ, արդեն քանիերորդ սերնդին պատկանող ամերիկացիներին երբ հարցնում են ազգային պատկանելության մասին, անպայման հիշում ու շեշտում են իրենց ծագման եւ արմատների մասին: Այսինքն` կրկին առաջնագծում է մնում ազգային ինքնագիտակցությունն ու իրենց ծագման մասին էթնոհիշողությունը:
Չեմ ժխտի, նրանց ասածներում ճշմարտութան բաղադրիչը շատ մեծ է, սակայն սփյուռքահայությանը նույն պրիզմայով դիտարկելը` միանգամայն սխալ: Միայն այն գործոնը, որ ազգային պատկանելության տարբերությունն այստեղ բացակայում է եւ սփույռքահայ տարբեր հատվածների միմյանցից տարբերակման հիմքում զուտ աշխարհագրական (այն էլ բնիկ նույն հայ ժողովրդին պատկանող) գործոնն է ընկած, հիմք է տալիս կարծելու, որ այդ արգելքը միանգամայն հաղթահարելի է ու հնարավոր: Այնպես որ, կարծում եմ լավ ու հետեւողական աշխատելու դեպքում մենք ամենամոտ ապագայում կկարողանանք հաղթահարել տարածքային ծագումնաբանական բարդույթը եւ դառնալ մեկ ամբողջական հայ ժողովուրդ կոչված աշխատասեր ու ստեղծագործ ընտանիքի նույնիրավունք անդամները: Վստահ եմ նաեւ, որ գոնե այսուհետեւ հայրենական իշխանություններն ու սփյուռքյան բոլոր կառույցները կհամատեղեն ջանքերը այս կարեւոր հանգամանքը հաղթահարելու համար, որին պետք ծառայի նաեւ թե՛ ներկա եւ թե ապագայում գումարվելիք բոլոր տրամաչափերի համաժողովները:
18.09.2017
1 – Ի դեպ` գրեթե բոլոր բանախոսները շարունակաբար կրկնում էին եւ են նույն սխալ արտահայտությունը` Հայաստանի եւ Արցախի…: Այնինչ, Արցախն էլ Հայաստան է ու նրա պատմաաշխարհագրական մեկ հատվածը: Իհարկե, դրանք դեռեւս տարբեր պետություններ են, հետեւապես պետք է ասվի ոչ թե այդ ձեւով, այլ պարզապես` Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ…