ԱՐՏԱԿ ՄԱՂԱԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու ԼԵՌՆԻԿ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտԳաղտնիք չէ, որ Արցախի պատմությունը վերջին տարիներին գտնվում է հայ հետազոտողների մշտական ուշադրության կենտրոնում: Այդ թեմայով իրար հետեւից լույս են տեսել Ա. Ղուլյանի «Արցախի եւ Սյունիքի մելիքական ապարանքները» (Ե., 2001), Վ. Բալայանի «Արցախի պատմություն» (Ե., 2002 եւ 2011), Է. Դանիելյանի «Գանձասարի պատմութիւն» (Ե., 2005), Լ. Մկրտումյանի «Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը XVII-XIX դդ.» (Ե., 2006), Ա. Մաղալյանի «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII-XIX դդ.» (Ե., 2007 եւ ռուս., 2012), Մ. Բալայանի «Հայ Աղվանից եկեղեցին» (Ստեփանակերտ, 2009) աշխատությունները, քաղաքագետ Ա. Այվազյանի, պատմաբան Ա. Շահնազարյանի մի շարք գիտական հոդվածները եւ բազմաթիվ այլ գործեր: Դրանցում հանգամանալից եւ մանրակրկիտ գիտական քննության է ենթարկվել Արցախի միջնադարյան պատմությանը վերաբերող հարցերի գրեթե ողջ շրջանակը:Վերջին տարիներին նկատվում է նաեւ Արցախի պատմությանը վերաբերող սիրողական հրապարակումների զգալի աճ: Գրված լինելով պատմաբանասիրական աշխատանքի փորձ ու հմտություն չունեցող զանազան դիլետանտների կողմից` այդ նյութերը ոչ միայն ոչինչ չունեն տալու գիտությանը, այլեւ դրանցում որոշ հեղինակներ հանդես են բերում պարզունակ մոտեցումներ եւ էժանագին «հնարքներ», շատ հաճախ առանց խղճի խայթ զգալու ուղղակիորեն արտագրում կամ վերապատմում են այլոց` տարիների տքնաջան աշխատանքի արդյունքները, հատվածաբար կամ ամբողջությամբ արտագրում են այլ հետազոտողների հայտնաբերած վավերագրերը` առանց որեւէ վկայակոչման, փաստերին տալով կամայական, երբեմն էլ անհեթեթ մեկնաբանություններ:Վերոնշյալ ողջ զինանոցի օգտագործմամբ ստեղծված «աշխատանք» է նաեւ Ստեփան Հասան-Ջալալյանի «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գիրքը, որը լույս է տեսել վերջերս հեղինակային հրատարակությամբ: Առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում, որ գրքի շքեղ տեսքը հակառակ համեմատական է դրա խղճուկ եւ, ըստ էության, հեղինակային սեփական ասելիքից զուրկ բովանդակությանը: Հարկ է նշել, որ նա գրքում Հասան-Ջալալյանների տոհմի ներկայացուցիչներից մեկին «պայմանականորեն անվանում է Ջալալ VIII» (էջ 536), այդպիսով հավակնելով դառնալ հաջորդ «պայմանական» Ջալալը:Ըստ հավաստի տեղեկությունների` սույն գրքի հեղինակը նախապես փորձել է գիտական ատենախոսություն պաշտպանել քաղաքագիտության գծով, ինչը սակայն տապալվել է ակնհայտ արտագրություն լինելու պատճառով, որից հետո կռիլովյան հայտնի առակի հերոսի նմանությամբ որոշել է բախտը փորձել պատմագիտության ասպարեզում:680 մեծադիր էջերից բաղկացած գիրքը լի է բազմաթիվ կոպիտ սխալներով, արտագրություններով եւ գրագողությամբ: Այսպես, XIII դ. սկզբին Ներքին Խաչենում իշխած Վախտանգ-Տանգիկի մասին ենթագլուխը մեծավ մասամբ աշակերտական փոխադրություն է հիշեցնում, որը երբեմն վերածվում է արտագրության, եթե չասենք գրագողության. հեղինակի ուշադրության կիզակետում է հայտնվել Բ. Ուլուբաբյանի «Խաչենի իշխանությունը X-XVI դդ.» (Ե., 1975) աշխատությունը: Որպես ասվածի ապացույց ներկայացնում ենք խաչենցի իշխանի կնոջ` Խորիշահի մասին հատվածից երկու մեջբերում, որոնցից առաջինըՙ քննարկվող գրքի 44-րդ էջից. «Վախտանգ-Տանգիկն ամուսնացել էր ժամանակի հայ-վրացական միացյալ պետության ամիրսպասալար, իշխանաց-իշխան Բագրատունի Սարգիս Զաքարյանի եւ Սահակադուխտ Արծրունու դուստր Խորիշահի հետ, ով ամիրսպասալարի պաշտոնում Սարգիս Զաքարյանին հաջորդած Զաքարեի եւ Վրաց արքունիքի աթաբեկ Իվանեի քույրն էր», իսկ երկրորդը` Բ. Ուլուբաբյանի վերոհիշյալ աշխատության 141-րդ էջից. «Վախտանգն ամուսնացած էր ժամանակի վրաց-հայկական միացյալ զորքերի գերագույն հրամանատար (ամիրսպասալար) Սարգիս Զաքարյանի դուստր Խորիշահի հետ, որը քույրն էր հետագայում հոր պաշտոնը ժառանգած Զաքարե Ամիրսպասալարի եւ Վրաց արքունիքի աթաբեկ Իվանեի»: Տարբերությունը Բագրատունի բառն է եւ միացյալ զորքերի փոխարեն աշխատանքում ի հայտ են եկել միացյալ պետություն բառերը, ինչը սխալ է, քանի որ հայ-վրացական միացյալ պետության մասին կարելի է խոսել ոչ թե վրաց Գեորգի III (1156-1184) արքայի, ում ամիրսպասալարն էր Սարգիս Զաքարյանը, այլ նրա դուստր Թամարի գահակալման ժամանակահատվածին անդրադառնալիս:Գրքի 44-րդ եւ 45-րդ էջերում ներկայացվում է Խաչենի վերոհիշյալ իշխանական զույգի պատվիրած Ավետարանի հիշատակարանը, որի ամբողջական մեջբերումը հեղինակը հետեւյալ կերպ է պատճառաբանում. «Այն կարեւոր սկզբնաղբյուր է հանդիսանում Հասան-Ջալալյանների տոհմի ծագման հարցի պարզաբանման առումով»: Նույն հիշատակարանին անդրադարձած Բ. Ուլուբաբյանն իր հերթին գրում է. «Մենք այն մեջ ենք բերում ամբողջությամբ, նկատի ունենալով պարունակած պատմական մի շարք մանրամասներ» (էջ 142): Քանի որ Բ. Ուլուբաբյանի աշխատությունը հրատարակվել է քննարկվող գրքից 42 տարի առաջ, ապա պետք է եզրակացնել, որ մեր հեղինակը Ուլուբաբյանի գրքի նշված հատվածը ընթերցելուց հետո է միայն գիտակցել վերոնշյալ հիշատակարանի կարեւորությունը:45-րդ էջում, վերստին Բ. Ուլուբաբյանի մտքի արգասիքը յուրացնելով, հեղինակը «պարզում է», որ հիշատակարանում նշված եկեղեցին Մեծառանից Սբ. Հակոբի վանքն է: Ընդ որում, հեղինակն իր «պրպտումների» արդյունքը ներկայացնում է Բ. Ուլուբաբյանի գրքի 144-րդ էջից փոխառած բառերով:Քանի որ մեր հեղինակը պատմաբան չէ եւ նրա գիտելիքները պատմագիտության ասպարեզում մեղմ ասած թերի են, նա իր նախընտրած պատմական գործիչների կերպարները կերտում է վատ պատմավեպի հերոսների օրինակով: Դրանցից առաջինը Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալ Դոլան է, ում մասին հեղինակը գրում է. «XIII դ. հայ քաղաքական իրականության մեջ Հասան-Ջալալ-Դոլան ամենանշանավոր պետական, ռազմական ու քաղաքական գործիչն էր: Նրա քաղաքական-դիվանագիտական գործունեությունը Հայաստանի միջնադարյան պատմության մեջ եզակի երեւույթ էր: Նա փաստացի (դե ֆակտո) եւ իրավաբանորեն (դե յուրե) ներկայացել եւ օտարների կողմից ճանաչվել է որպես անկախ, ինքնիշխան պետության ղեկավար» (էջ 109): Այս ամպագոռգոռ հայտարարության համար որպես հիմք հեղինակը ներկայացրել է, ոչ ավել, ոչ պակաս, մի այնպիսի «մեծարժեք աշխատություն», ինչպիսին է… իր հոդվածը: Համաձայն պանագիրիկա կարդալու մեջ վարպետացած հեղինակի` Հասան-Ջալալ Դոլան հանդիսանում էր «ժամանակի ու արեւելքի հզոր անհատներից մեկը, որի հետ բարեկամություն անելն արդեն պատիվ էին համարում աշխարհացունց այնպիսի անուններ, ինչպիսիք էին` թաթար- մոնղոլների մեծ խան Մանգուն եւ Ոսկե Հորդայի հիմնադիր` Եվրոպան նվաճող Բաթու խանը» (էջ 58): Վերոգրյալը պատմությունից քիչ թե շատ տեղյակների մոտ քմծիծաղ կառաջացնի, քանի որ այս տողերի հեղինակը փաստորեն Հասան-Ջալալին XIII դ. հայ իրականության մեջ ավելի բարձր է դասում Կիլիկիայի արքա Լեւոն II Մեծագործից (1198-1219), Զաքարե եւ Իվանե Զաքարյան եղբայրներից, որոնց իշխանապետության ծիրում էր գտնվում մինչ մոնղոլական արշավանքները Հասան-Ջալալի գլխավորած Ներքին Խաչենի իշխանությունը: Ինչ վերաբերում է մոնղոլ խաների կողմից Հասան-Ջալալի բարեկամությունը որոնելուն, ապա արցախցի իշխանը շատ հեռու էր Բաթուի եւ Մանգուի անձնական բարեկամը լինելուց: Մոնղոլ խաները նվաճված տարածքների տեղական ավատատերերի նկատմամբ իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով պարտադրում էին վերջիններիս ներկայանալ իրենց: Հասան-Ջալալը, ի թիվս հայ եւ այլազգի այլ բազմաթիվ ավատատերերի, ենթարկվելով այս պարտադրանքին, մեկնել է վերոհիշյալ խաների նստավայր եւ հավատարմության երդում տալուց հետո ստացել է մոնղոլների վասալի կարգավիճակ: Ահա սա է պատմական իրականությունը:Իր նախընտրած հերոսի նման «փառաբանումն էլ» հեղինակի համար բավարար չէ, եւ ահա հետեւում է ապոթեոզը: 100-րդ էջում հեղինակն իր խորը դժգոհությունն է հայտնում. «Հայ Առաքելական եկեղեցին, որը մշտապես ընդգծում է իր բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի պատմության մեջ, Հասան-Ջալալ-Դոլայի ողբերգական վախճանից մինչեւ օրս` գրեթե 800 տարիների ընթացքում, այդպես էլ սրբերի շարքը չի դասել Արցախի իշխանաց իշխանին… Հայ Առաքելական եկեղեցու սրբերի շարքում կան բազմաթիվ ոչ հայեր, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից սրբերի շարքն են դասվել, չնայած այն փաստին, որ նրանք ուղղակի կապ չեն ունեցել հայ ժողովրդի ճակատագրի եւ պատմության հետ» («սրբասեր» հեղինակը տեղյակ չէ, որ իր դժգոհությունը հարուցած «բազմաթիվ ոչ հայերը» տիեզերական եկեղեցու (որի մասն է նաեւ Հայ Առաքելական եկեղեցին) կողմից սրբադասված անձիք են – հեղ.): Ապա շարունակում է. «Թող մեր եկեղեցու հայրերը մտածեն այդ մասին… թագավոր Հասան-Ջալալ-Դոլան ընտրյալ է եղել հենց Արարչի կողմից»:Ի դեպ, անգամ Հասան-Ջալալ Դոլայի սրբադասման վերաբերյալ այս «սրտառուչ» տողերը մեր «աստվածավախ» հեղինակի մտքի արգասիքը չեն, այլ բառացիորեն արտագրված են քաղաքագետ Վրեժ Աթաբեկյանի «История князя Асана-Джалала Дола, правителя, воина, святого» վերտառությամբ հոդվածից, որը լույս է տեսել Վլադիկավկազի «Дарьял» հանդեսի 2009 թ. 4-րդ համարում (էջ 200-219): Ըստ երեւույթին, մեր խաչագողը մտածել է, որ Հայաստանում անտեղյակ կլինեն նշված հանդեսի գոյության մասին եւ առանց խղճի խայթի շտապել է յուրացնել այլ հետազոտողի առաջարկությունը: Սակայն, այլ հեղինակի` թեկուզ եւ անընդունելի մտքի արգասիքի յուրացումը եւս ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր «սրբակրոն» հեղինակին շատ ծանոթ բառով ասած` գրագողություն:Իսկ գրքի 59-րդ էջում հեղինակը գալիս է այն եզրահանգման, որ Գանձասարի տաճարի հիմնարկեքը պատահական չի տեղի ունեցել 1216 թ., քանի որ այդ թվականին «…լրացել էր Հայաստանում քրիստոնեության, որպես պետական կրոնի հռչակման 915 տարին»: Այս դեպքում էլ հեղինակը շփոթում է միջնադարը եւ խորհրդային իշխանության ժամանակահատվածը, երբ քիչ թե շատ նշանակալից օբյեկտի շինարարության սկիզբն ու ավարտը կապվում էր հնգամյա պլանի հաջող իրականացման կամ որեւէ կոմունիստ իշխանավորի տարելիցի հետ: Ի գիտություն հեղինակի` շեշտենք, որ առաջինը XVIII դ. հեղինակ Մ. Չամչյանն է 301-ը թվագրել որպես Մեծ Հայքում քրիստոնեության պետական կրոն հռչակման տարեթիվ: Վերջապես 915 տարին, որ մատնանշում է մեր հեղինակը, ո՛չ հոբելյանական է, ո՛չ էլ ունի մի որեւէ սիմվոլիկ նշանակություն:Գրքի 61-րդ էջում հեղինակը միանգամայն հավաստի է համարում Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» երկի հավելվածում տեղ գտած այն ավանդապատումը, համաձայն որի Հովհաննես Մկրտչի գլուխն ամփոփվել է Գանձասարի եկեղեցում, ապա շարունակելով` պնդում է, որ ոչ միայն այդ մասունքը, այլեւ Գրիգոր Լուսավորչի ծնոտը, վերջինիս թոռ Գրիգորիսի նշխարները, Հովհաննես Մկրտչի արյունը, Պանդալիոն Բժշկի եւ այլ սրբերի նշխարները այժմ էլ բազմաթիվ հիվանդների են ապաքինում: Հրաշագործ ճանապարհով բուժվածների հավատը կասկածանքի չենթարկելով` պետք է նշենք, որ այդ մասունքների զգալի մասը 1786 թ. թալանվել է Ղարաբաղի Իբրահիմ խանի կողմից, իսկ մյուս մասը խորհրդայնացումից հետո կա՛մ ոչնչացվել է, կա՛մ անհետ կորել:Չցանկանալով վիրավորել «հավատավոր» հեղինակի կրոնական զգացմունքները` պետք է նկատենք, որ Հովհաննես Մկրտչի գլխին տիրելու պատվին են հավակնում մի շարք այլ քրիստոնեական տաճարներ եւ նույնիսկ մի շատ հայտնի մզկիթ, որոնց ցանկը հեղինակի առաջին իսկ պահանջով պատրաստ ենք տրամադրել նրան:Գրքի 65-րդ էջում հեղինակն անդրադառնում է Գանձասարի եկեղեցու շինաքարի գույնին: Ամենայն հավանականությամբ ենթադրելով, որ իր բառապաշարը ընթերցողի գիտակցությանը հասու չի դարձնի քարի գունային գամմայի խիստ կարեւորությունը, մեր հեղինակը որոշել է դարերի ընթացում շինաքարի գույնի փոփոխության մասին տեղեկությունը ներկայացնել Բ. Ուլուբաբյանի «Հայոց Արեւելից կողմանց եկեղեցին եւ մշակույթը» (Ե., 1998) գրքից կատարված արտագրությամբ (տես նշված աշխատություն, էջ 382):71-76-րդ էջերում Գանձասարի եկեղեցու ճարտարապետական հորինվածքի վերաբերյալ տարբեր հեղինակներից ընդարձակ մեջբերումներ կատարելով` մեր հեղինակը, փափագելով ի ցույց դնել արվեստաբանությունից իր «բազմակողմանի գիտելիքները», անդրադառնալով Գանձասարի եկեղեցու գմբեթի թմբուկի վրայի բարձրաքանդակ կտիտորների ձեռքերում եղած եկեղեցիների մանրակերտերին, հայտարարում է. «…կպարզենք նաեւ, թե այդ մանրակերտները ո՞ր եկեղեցիներին են վերաբերում» (էջ 73), եւ պարզում է… Բ. Ուլուբաբյանի վերոհիշյալ գրքի 400-401-րդ էջերից արված պարզունակ արտագրությամբ:Գանձասարի վանքը նշված ձեւով ներկայացնելուց հետո անմիջապես անցում է կատարվում մոնղոլական արշավանքներին: Այս հատվածում նույնպես հեղինակը իր գրքի էջերը լցնում է կոմպիլիացիաներով եւ արտագրությամբ, իսկ եզակի դեպքերում սեփական մտքի ոգորումներից ի հայտ եկած տողերը առնվազն տարակուսանք են առաջացնում: Այսպես, օրինակ, հայ-վրացական բանակի եւ ղփչաղների միջեւ 1223 թ. տեղի ունեցած ճակատամարտին Ներքին Խաչենի իշխան Հասան-Ջալալի մասնակցության փաստը հեղինակը հիմնավորում է այն հանգամանքով, որ Խորեզմշահ Ջալալ ադ-Դինի վեզիրի հետ 1227 թ. բանակցություններում Խաչենի տերը պարտավորվել է ազատ արձակել 700 մահմեդականների, որոնց թվում կային ղփչաղների հետ վերոհիշյալ ճակատամարտի ժամանակ գերվածներ (էջ 79): Վերոգրյալից պարզ է, որ հեղինակը թյուր տեղեկություն ունի ղփչաղների մասին, իսկ եղածն էլ քաղել է, ընդ որում խիստ յուրովի, Հայկական սովետական հանրագիտարանից (ՀՍՀ): Իր գրքի 77-րդ էջի ծանոթագրությունում մեջ է բերում հանրագիտարանի 7-րդ հատորում տեղ գտած հոդվածի սկիզբը, ուր ասվում է, թե X դարում այդ ժողովուրդը քոչվոր կենսակերպ էր վարում ներկայիս Ղազախստանի հարավ-արեւմուտքում եւ հոդվածի վերջին հատվածը, ուր նշվում է, որ XIII դարի առաջին քառորդին, խառնվելով թաթար-մոնղոլների հետ, ղփչաղները ապագայում կազմել են Ոսկե Հորդայի բնակչության հիմնական մասը: Հանրագիտարանի այս հոդվածից չկարողանալով պարզել, թե ինչ կրոնի հետեւորդներ են եղել ղփչաղները, մեր հեղինակը, եզրակացրել է, որ այդ ժողովուրդը մահմեդականություն է դավանել եւ գերի ղփչաղները հանձնվել են իրենց հավատակից խորեզմշահի վեզիրին: Մինչդեռ, իրականում, ղփչաղները թենգրիականության հետեւորդ էին:Գրքի 82-րդ էջում Հասան-Ջալալի իշխանանիստ Խոխանաբերդի մասին ծանոթագրությունում հեղինակը, ցուցաբերելով աշխարհագրությունից ու գեոդեզիայից յուրօրինակ գիտելիքներ, նշում է, որ բերդը գտնվում է ծովի մակերեւույթից 1739-1812 մ բարձրությամբ լեռան վրա: Ընդ որում, որպես իր ասածի աղբյուր նշում է Շ. Մկրտչյանի «Историко-архитектурные памятники Нагорного Карабаха» (Ե., 1989) աշխատության 21-րդ էջը: Սակայն այդ գրքում նմանատիպ ոչինչ գրված չէ: Ոչ մի լեռնագագաթ 73 մ բարձրության տատանում չի կարող ունենալ: Հեղինակին հայտնի չէ, որ Խոխանաբերդը գտնվում է Հավապտուկ լեռան գագաթին, որի բարձրությունը 1902 մետր է (Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Ե., 1988, էջ 764):Մի քանի խոսք էլ հեղինակի` ռուսերենի լեզվաիմացության մասին: Գրքում ամենուր ռուս նշանավոր ռազմական պատմաբան, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ֆեոդորովիչ Դուբրովինի ազգանունը ներկայացված է «Դուբրովինա» ձեւով (էջ 297, 359, 363, 391): Ի դեպ, նրա ազգանունը նույն ձեւով է ներկայացված նաեւ գրքի անձնանունների ցանկում (էջ 628): Փաստորեն, բանից պարզվում է, որ մեր «ամենագետ» հեղինակը կարծում է թե ռազմական պատմաբան, ցարական բանակի գեներալ Ն. Ֆ. Դուբրովինը… կին է: Ահա թե ուր ենք հասել…Ընդհանրապես մեր հեղինակը յուրօրինակ կերպով է օգտվում իր տրամադրության տակ եղած գրականությունից: Նա իրեն իրավունք է վերապահում այս կամ այն հեղինակին հղում անելուց հետո գրեթե անփոփոխ արտագրել նրա միտքը եւ այն ներկայացնել որպես իրենը: Այսպես, 51-րդ էջն ամբողջովին եւ 52-րդ էջի երկրորդ պարբերությունը, 55-րդ էջի երկրորդ պարբերությունը, 87-րդ էջի չորրորդ եւ վեցերորդ պարբերությունները, 88-րդ էջի երկրորդ պարբերությունը կոմպիլյացիա է Բ. Ուլուբաբյանի «Խաչենի իշխանությունը X-XVI դդ.» գրքի համապատասխանաբար ամբողջ 171-րդ էջի եւ 172-րդ էջի առաջին, 176-րդ էջի երրորդ, 195-րդ էջի երկրորդ, 196-րդ էջի երկրորդ պարբերություններից: Շատ դեպքերում էլ ձգտելով ի ցույց դնել, թե այլ հեղինակների եզրահանգումներն իր կողմից վերաիմաստավորվել են` այդ հեղինակներից ամբողջական պարբերություններ արտագրելով, դրանց սկզբում ավելացնում է համոզմունք կամ ենթադրություն արտահայտող բառեր: Այս կերպ հեղինակը յուրացնում է Լ. Մկրտումյանի «Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը XVII-XIX դարերում» աշխատության 194-րդ էջում տեղ գտած հետեւյալ եզրահանգումը. «Հավանական ենք համարում, որ խանի հրավերից հետո էր միայն Սարգիս Հասան-Ջալալյանը որոշել վերադառնալ Ղարաբաղ եւ այդ վերադարձը նախապատրաստելու համար այդտեղ առաքել Բաղդասար վարդապետին»: Այս պարբերությունը զետեղելով իր գրքի 369-րդ էջում` մեր հեղինակը կատարում է կոսմետիկ փոփոխություն` «հավանական ենք համարում» բառերը փոխարինելով «կարծում ենք» բառով, «Ղարաբաղ» տեղանունը` «Արցախով», «առաքելը»` «ուղարկելով»: Նույն կերպ 374-րդ էջի նախավերջին պարբերությունից առաջ հավելելով «անհրաժեշտ ենք համարում» բառերը, «ինչպես տեսնում ենք» բառերը զետեղելով 376-րդ էջի երկրորդ պարբերության սկզբում, «բանն այն է» բառերը զետեղելով նույն էջի հինգերորդ պարբերությունում, նույն էջի նախավերջին պարբերությունից առաջ գրելով «հարկ է նշել» բառերը, «ինչպես վերը նշեցինք» բառերը դնելով 377-րդ էջի երկրորդ պարբերությունից առաջ, «կարելի է ենթադրել» բառերը 378-րդ էջի հինգերորդ պարբերությունում` յուրացվում են համապատասխանաբար Լ. Մկրտումյանի վերոնշյալ գրքի 199-րդ էջի երրորդ պարբերությունը, 203-րդ էջի երկրորդ, 204-րդ էջի երկրորդ, նույն էջի երրորդ, նույն էջի հինգերորդ, 377-րդ էջի չորրորդ, 205-րդ էջի երկրորդ, 208-րդ էջի երկրորդ պարբերությունները:Հեղինակը չի խորշում նաեւ բացահայտ գրագողությունից: Այսպես 321-րդ էջի առաջին պարբերությունը, նույն էջի երրորդ պարբերությունը, 328-րդ էջի վերջին պարբերությունը, 332-ից 334-րդ էջերը ամբողջովին, 337-րդ էջի առաջին պարբերությունը, 344-րդ էջի երրորդ պարբերությունից մինչ 345-րդ էջի երրորդ պարբերությունը, 351-րդ էջի երրորդ, 360-րդ էջի վերջին պարբերությունը, 361 էջի երկրորդ, հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ պարբերությունները գրագողություն են Լ. Մկրտումյանի գրքից:Գրագողը, իր գրքի 348-րդ էջ փոխադրելով Լ. Մկրտումյանի գրքի 180-րդ էջի չորրորդ պարբերությունը, ուր ներկայացված է Սարգիս Հասան-Ջալալյանին Գանձակի հայերի հոգեւոր առաջնորդ հաստատող Ջավադ խանի հրովարտակի բովանդակությունը, հղում է անում Լ. Մկրտումյանի համար աղբյուր ծառայած Կաթողիկոսական դիվանի 2բ թղթապանակի 238բ վավերագրին, որը պահվում է Մատենադարանում: Վավերագիրը պարսկերեն է, գրված ուշ միջնադարում տարածում գտած դժվար ընթեռնելի շիքասթե նասթալիղ ոճով: Քիչ հավանական է, որ հեղինակն ունակ է տեքստը կարդալ նույնիսկ ժամանակակից նասխ գրելաոճով: Ասվածի ապացույց է քննարկվող գրքի 369-370-րդ էջերում Մեհտի-Ղուլի խանի հրովարտակի տեքստի ներկայացումը: Հեղինակը տողատակում նշում է, որ որպես աղբյուր օգտագործել է Մատենադարանում պահվող վերոհիշյալ թղթապանակի մեկ այլ` 248 վավերագիրը: Այն նույնպես պարսկերեն է, սակայն քանի որ գրքի հեղինակը տեղյակ չէ այդ մասին, իր գրքում ներկայացնում է տեքստի գրաբար թարգմանությունը, որն արտագրել է Լեոյի «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի» (Թիֆլիս, 1914) աշխատության 110-րդ էջից:Գրագողության յուրօրինակ դրսեւորում է նաեւ հեղինակային ընդմիջարկումների յուրացումը: Այսպես հեղինակը վարվում է Լ. Մկրտումյանի գրքի 194-րդ էջում առկա հրովարտակի բովանդակության շարադրանքը եւ դրանում առկա ընդմիջարկումը իր գրքի 368-րդ էջում բառացի արտագրելուց հետո` Լ. Մկրտումյանի ինիցիալները փոխարինելով իրենով: Նույն ձեռնածությունը կատարվում է Լ. Մկրտումյանի գրքի 195-րդ, 229-րդ եւ 230-րդ էջերում առկա ընդմիջարկումները իր գրքի համապատասխանաբար 371-րդ եւ 311-րդ էջեր տեղափոխելով: Ընդ որում, վերջին ընդմիջարկումը յուրացնելու փորձին նա կորցնում է հավասարակշռությունը, երբ տեքստում առկա տերմինը բացատրող ընդմիջարկումը բառացի արտագրելուց հետո դնում է իր ինիցիալները, միաժամանակ հղելով Հակոբ Փափազյանի կազմած «Մատենադարանի պարսկերեն վավերագրերը. հրովարտակներ» գրքի երկրորդ պրակում (Ե., 1959) առկա բացատրությանը:Գրքի վեցերորդ գլուխը, որը կրում է «Հասան-Ջալալյանները որպես մելիքներ» վերտառությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ արտագրություն Րաֆֆու, Լեոյի, Ե. Լալայանի, Բ. Ուլուբաբյանի, Ֆ. Պողոսյանի, Ա. Մաղալյանի, Լ. Մկրտումյանի եւ այլոց աշխատություններից: Առավել զայրացուցիչ է այն փաստը, որ հեղինակը չի բավարարվում այլոց աշխատություններից մի քանի քաղվածք կամ փաստ թռցնելով, այլ նրանց տարիների աշխատանքն արտագրում է ծայրից ծայր` գրեթե նույն վերնագրերով, փաստերով ու եզրակացություններով (սույն գլխի ենթավերնագրերը եւ «եզրակացությունները» համեմատիր Ա. Մաղալյանի «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII-XIX դդ.» աշխատության առաջին գլխի ենթավերնագրերի եւ եզրակացությունների հետ. տես նշվ. աշխ. էջ 39, 40, 53, 54, 56, 57, 58-59, 61, 62-63, 64, 69, 70, 71, 80-81, 83): Այստեղ հարկ է նշել, որ գրքի 159-րդ էջի նախավերջին եւ 170-րդ էջի վերջում տեղ գտած եզրակացությունները թեեւ բացահայտ գրագողություն են Ա. Մաղալյանի աշխատության համապատասխանաբար 40-րդ էջի առաջին եւ 83-րդ էջի երկրորդ պարբերություններից, սակայն գրագողը հղում է վերջերս հրատարակված իր ինչ-որ մի հոդված, ինչը լուրջ կասկածներ է ծնում նաեւ այդ հոդվածի արտագրված լինելու վերաբերյալ: Ի դեպ, հարկ է նկատել, որ Ս. Հասան-Ջալալյանի գիրքը լեցուն է տեղի-անտեղի արված բազմաթիվ նման ինքնահղումներով, որոնք մեծ մասամբ հեղինակի` նախկինում արված արտագրությունների արդյունք են:Գրքի 294-րդ էջի երկրորդից չորրորդ պարբերությունները արտագրված են Ա. Մաղալյանի աշխատության 34-35-րդ էջերից եւ 33-րդ էջի վերջին ծանոթագրությունից: Նույն գլխի 301-րդ էջի վերջին պարբերությունից մինչեւ 302-րդ էջի հինգերորդ պարբերությունը եւս արտագրված են համապատասխանաբար նույն գրքի 135-րդ էջի առաջին եւ 137-րդ էջի երրորդ եւ չորրորդ պարբերություններից: Հարկ է նկատել, որ սույնՙ շուրջ քսան էջանոց գլխում հեղինակը Հասան-Ջալալյաններին հատկացրել է ընդամենը վեց էջ, իսկ մնացածը խառնիխուռն արտագրություններ են Արցախի պատմությանը վերաբերող հայտնի աշխատություններից:Գրքի 394-րդ էջի առաջին եւ երկրորդ պարբերությունները գրագողություն են Ա. Մաղալյանի աշխատության 143-րդ էջից: Ըստ էության, այդ գլխի հետագա ողջ շարադրանքը եւս` մինչեւ 401-րդ էջի երկրորդ պարբերությունը, արտագրված կամ արտածված է նույն աշխատության 143-146-րդ էջերից: Գրքի 411-րդ էջի առաջին եւ չորրորդ պարբերությունները որոշ բառերի փոփոխությամբ արտագրված են Ա. Մաղալյանի աշխատության 152-153-րդ էջերից: Իսկ 526-րդ էջի շարադրանքն ամբողջությամբ արտագրված է նույն գրքի 148-150-րդ էջերից: Ասվածից հետո հարց է ծագում, թե ինչո՞ւ է փորձառու գրագողը բավարարվել այսքանով, չէ՞ որ այդ գրքերում դեռ այնքա~ն բան կար արտագրելու:Մամուլի վերջին հրապարակումներից հայտնի դարձավ, որ հեղինակի աշխատանքի արգասիքը չեն նաեւ գրքի անձնանունների եւ տեղանունների շուրջ հարյուր էջանոց ցանկերը (էջ 576-665), որոնք կազմել է գիտական շրջանակներին հայտնի Գարեգին Ղազարյանը, ցանկերի տակ իր անուն-ազգանունը նշելու պայմանով, սակայն հեղինակը ցանկերը ստանալուց հետո, իրեն բնորոշ խաչագողական ոճով, գրքից «սպառսպուռ վերացրել է» նրա անձնատվյալները («Ազգ», 28 հուլիսի 2017, թիվ 29, էջ 7):Հարկ է նշել, որ ժամանակին Ս. Հասան-Ջալալյանի` նախկինում կատարած գրագողությունները դատապարտող հոդված է հրապարակվել «Էջմիածին» ամսագրում (2012, թիվ Զ, էջ 152-153): Սակայն, վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ նա ոչ միայն դասեր չի քաղել նմանատիպ նախորդ նախադեպից, այլեւ ավելի է հմտացել իր այս արատավոր «փեշակի» մեջ, եւ դեռ ավելին` մտմտում է ինչ-որ կերպ թեկնածուական ատենախոսություն պաշտպանել:Հեղինակը անոտացիայում մատնանշում է, թե գիրքը գրվել է «նորահայտ վիմագրերի, ձեռագրերի, վավերագրերի ինչպես նաեւ պատմաքաղաքագիտական գրականության հիման վրա»: Այս պարագայում, Վ. Յանի «Դեպի «վերջին ծովը» (Բաթու խանի ուղին)» պատմավեպից քննարկվող գրքի 76-րդ, 77-րդ եւ 293-րդ էջերում տեղ գտած հղումները ակնհայտ են դարձնում, որ հեղինակը պատմություն առարկայից վատ պատկերացում ունեցող դպրոցականի նման պատմական փաստը եւ իրականությունը ընկալում է վեպում ծավալվող սյուժեի զարգացման ենթատեքստում:Վերջում ավելորդ չէր լինի մի քանի խոսք էլ ասել հեղինակի «զինանշանագիտական» «պրպտումների» մասին: Նա մի ամբողջ գլուխ է նվիրել Հասան-Ջալալյանների զինանշանի ստեղծմանը: Պատրաստի կաղապարի վրա ագուցելով Հասան-Ջալալյան տոհմի հետ իր կարծիքով առնչվող մի քանի խորհրդանիշեր` հեղինակն ընթերցողներին հավաստիացնում է, թե, ո՜վ հրաշք, «ստեղծել» է Հասան-Ջալալյանների տոհմի զինանշանը եւ դրոշը:Հավաստիացնում ենք, որ եվրոպական եւ Ռուսաստանի մասնագիտացած գրասենյակներում ընդամենը մի քանի րոպեում «կստեղծեն» եւ ուղածդ ինքնակոչ սնապարծի կտրամադրեն ցանկացած ձեւի եւ «հիմնավորման» գերբ ու դրոշ: Կարծում ենք, Հասան-Ջալալ Դոլան եւ նրա շառավիղները շատ կզարմանային` տեսնելով մեր հեղինակի «ջանքերով» ստեղծված «իրենց» զինանշանը: Ընդ որում, հարկ է նկատել, որ այստեղ էլ իրեն «զինանշանագետ» համարողը նույնացնում է հերալդիկան (զինանշանագիտություն) եւ վեկսիլլոլոգիան (դրոշագիտություն):Իհարկե, այսքանով չեն ավարտվում «պայմանական» Ջալալի «մտքի գոհարները», «մանր հայտնագործությունները» եւ արտագրությունները: Դեռ երկար կարելի է գրել այս հիրավի ձախողված «աշխատության» մասին, սակայն լրագրային հոդվածի ծավալները առավել եւս չչարաշահելու նպատակով առայժմ բավարարվենք այսքանով:Ըստ էության, հեղինակի անսահման սնապարծությունը բավարարելուց բացի քննարկվող գիրքը չունի որեւէ գիտական արժեք: Փաստորեն, Ս. Հասան-Ջալալյանի «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գիրքը ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի պատմությանը նվիրված հայտնի աշխատություններից կատարված արտագրությունների եւ այլ հեղինակների գիտական եզրակացությունների ու մտքերի մի ցաքուցրիվ հավաքածու: Իսկ գրքի այն հատվածները, որոնք թվում է թե գրված են հեղինակի կողմից, լի են բազմաթիվ կոպիտ սխալներով, անհեթեթ մտքերով ու անճշտություններով: Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ նմանատիպ գրքերի հրատարակումը լրջորեն վարկաբեկում է հայ պատմագիտության հեղինակությունը: |