Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՐԱՀՈ՞ՒՆՋ, ԹԵ՞ ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ

15/09/2017
- 15 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Ամառը հնագիտական պեղումների շրջան է. մի շարք հնավայրերում տարբեր արշավախմբեր են աշխատել, այդ թվումՙ Սիսիանի Զորաց Քարեր հուշարձանի տարածքում: Այստեղ պարբերաբար են պեղումներ կատարվում. հնավայրը մեծ է, արտաքնապես հուշում է, որ հողի տակ պատմամշակութային բազում շերտեր կան թաքնված: Բացի այդ, այն տասնամյակներ շարունակ տարակարծությունների տեղիք է տվել ու նոր եզրակացությունների կարիք ունի:

Վերջին տարիներին Զորաց Քարերում բացի պեղումներից, կատարվել են նաեւ չափագրման, տեղզննման աշխատանքներ: Հնավայրը համակողմանի ուսումնասիրման կարիք ուներ, պետք է հստակեցվեր գոյատեւման ժամանակաշրջանը, պատկանելությունը, մշակութային փոփոխությունների հաջորդականությունը: Եվ ամենակարեւորըՙ անհրաժեշտ էր լույս սփռել հայտնաբերված վիճահարույց դամբարանի վրա, որը մի խումբ գիտնականների կարծիքովՙ հնագույն աստղադիտարան է, մյուսների պնդմամբՙ ոչ երբեք:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է ստորգետնյա ճանապարհ, որը տանում է դեպի քսան քմ. տարածք ունեցող դամբարան: Բացի այդ, դամբարանախցում հայտնաբերվել են չորս տարբեր ժամանակաշրջաններ բնորոշող գտածոներ: Դրանք թույլ են տալիս եզրակացնել, որ այստեղ հուղարկավորություններ են կազմակերպվել, ընդ որումՙ նույն տեղում, բայց տարբեր ժամանակաշրջաններում: Հայտնաբերված վաղագույն նյութերը պատկանում են Ք.ա. 18-17 դարերին: Դրանք միջինբրոնզեդարյա խեցեղենի բեկորներ են: Այնուհետեւ ավելի ուշՙ Ք.ա. 15-14-րդ դարերում նույն դամբարանի տարածքում կառուցվել է ուշբրոնզեդարյա շինություն, որտեղ եւս թաղումներ են կազմակերպվել: Ուշբրոնզեդարյա դամբարանի վրա էլ արդեն Ք.ա. 11-9-րդ դարերում կառուցվել է վաղերկաթեդարյա դամբարան: Նույն տարածքում հայտնաբերվել են մինչեւ մեր թվարկության առաջին դարին վերագրվող մանկական հուղարկավորության հետքեր: Պեղումներից պարզ է դարձել, որ դամբարանը թալանվել է: Հնագետներն այս եզրակացությանն են հանգել, որովհետեւ թեեւ այդ տարածքում ակնհայտորեն սոցիալական բարձր դիրք ունեցեղ անձանց թաղումներ են տեղի ունեցել, բայց գտածոները սակավ են ու համեստ: Հնագետների կարծիքովՙ այստեղ չէին կարող չլիներ ազնիվ մետաղներից պատրաստված զարդեր: Հավանաբար գողոնը հիմնականում հենց դրանք են եղել: Թալանից փրկվել են 4-5 արկղ խեցեղենի բեկորներ, նույնքան կենդանիների ու մարդկանց ոսկորներ, մետաղական տեգեր, երկաթե դանակ, բրոնզե ապարանջաններ, մատանիներ, ականջօղեր, ջնարակած ուլունքներ: Թալանի պատճառով հնագիտական շերտերը նույնիսկ իրար են խառնվել. արկղերում կողք կողքի հայտնվել են տարբեր դարաշրջանների թվագրվող կենդանական ու մարդկային ոսկորներ:

Դամբարանախուցը ծածկված է եղել մի քանի տոննա կշռող սալաքարով, որը տեխնիկայի միջոցով տեղափոխել են, որպեսզի հնարավոր լինի պեղումներ կատարել: Ընդ որումՙ հայտնաբերված գտածոները ստիպում են ենթադրել, որ Սյունյաց այս հատվածը կապված է եղել Իրանի հյուսիս-արեւմուտքի հետ, որովհետեւ հայտնաբերված ուլունքների կրկնօրինակները գտնվել են նաեւ Իրանի նշված շրջանում:

Դամբարանի տարածքում հայտնաբերված ամենաթարմ գտածոները մ.թ. 12-13-րդ դարերի են: Թալանի հետեւանքով խառնված նյութերի վերջին շերտում հայտնաբերվել են միջնադարյան խեցեղենի մնացորդներ, Անիից, Դվինից բերված ապակե ապարանջանների բեկորներ: Գիտնականները հակված են կարծելու, որ դամբարանը թալանվել է մոնղոլների կամ թաթարների արշավանքների ժամանակ: Նրանք ենթադրում են, որ դեպի հսկայական դամբարանախուց տանող ստորգետնյա ճանապարհը ծառայել է տեղաբնակների փախուստի համար: Հնագետները համոզված են, որ երեք մետր բարձրությամբ դամբարանը նրանց թաքստոցն է եղել:

Հնագիտական պեղումների վերջնարդյունքը դեռ պարզ չէ, բայց մի բան հստակ է, որ քսան քմ. տարածքով դամբարանախուցն ամփոփում է Ք.ա. 18—րդ դարից մինչեւ մ.թ.13-րդ դար ընկած հազարամյակների տեղեկություններ ու պատմամշակութային հսկայածավալ նյութ:

Տասնամյակներ շարունակ հնչող այն տեսակետը, թե Զորաց Քարերը հնագույն աստղադիտարան են, հնագետները չեն պաշտպանում: Պեղումների մասնակից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը աստղադիտարանի վարկածը համարում է հեքիաթ ու վառ երեւակայության արդյունք: Ինչ նպատակով են հնավայրում տեղադրվել ուղղահայաց անցքավոր քարերը, նրա մեկնաբանությունն այլ է: Աշոտ Փիլիպոսյանի կարծիքովՙ այդ քարերը պաշտպանական նշանակություն են ունեցել, այսինքնՙ մոնղոլ-թաթարների արշավանքի ժամանակ պատնեշի դեր են կատարել: Նա նշում է, որ անգամ ձորում քարհանքն են գտել, որտեղից բերվել են քարերը: Քարհանքը հնավայրից 700 մ. հեռավորության վրա է: Հնագետի կարծիքովՙ քարերը սկզբում ծառայել են որպես դամբարանների ծածկասալեր: Քարերը բրգաձեւ են. վերեւի հատվածն ավելի բարակ է, ներքեւինըՙ հաստ: Բարակ հատվածում անցքեր են արվել, որոնք հղկվել-մշակվել են, որպեսզի կենդանական կաշվից հյուսված հաստ պարան անցկացնելովՙ դրանք հնարավոր լինի եզների օգնությամբ քարշ տալ դեպի դամբարանադաշտ: Այս ամենը մեզանից չորս հազարամյակ առաջ է եղել, իսկ հետո սալաքարերը պատերազմների ժամանակ դամբարանախցերի վրայից վերցվել են, ուղղահայաց կանգնեցվելՙ որպես պատնեշ: Եվ որպեսզի իրենցից 700 մ. հեռու գտնվող քարհանքից նոր քարեր չբարձրացնեն, մեր նախնիները հեշտ միջոց են գտելՙ դամբարանների ծածկասալերն են տեղից հանել, ուղղահայաց դրել: Աշոտ Փիլիպոսյանը հավաստիացնում է, որ դաբարանախցերից մեկի վրա հորիզոնական դրված նման անցքավոր մի սալաքար են գտել: Իսկ քանի որ պատնեշ-քարերն արդեն իսկ անցքեր են ունեցել, հավանաբար դրանք ծառայել են որպես թշնամու գործողություններին հետեւելու դիտանցքեր: Հնագետները փաստում են, որ պեղումների ժամանակ աստղադիտարանի ո՛չ խողովակներն են գտել, ո՛չ էլ այլ սարքեր:

Հնագիտական հայտնագործությունների վրա արված հիմնավորումների հետ համաձայն չեն ակադեմիկոս Պարիս Հերունու համոզմունքները կիսողները: Մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը վկայակոչում է դեռեւս 1980-ականներին Օնիկ Խնկիկյանի աշխատությունը, ըստ որիՙ Զորաց Քարերը հնագույն աստղադիտարան են: Ընդ որումՙ Օնիկ Խնկիկյանը պատմել է, որ դեռ այն ժամանակ մի խումբ գիտնականներ իրեն ստիպել են աշխատության միջից հանել աստղադիտարանի փաստն ապացուցող հատվածները, բայց ինքն անդրդվելի է եղել ու չի հանել: Օնիկ Խնկիկյանից հետո աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանն է նույն համոզմունքը հայտնել. նրան հաջորդել է ակադեմիկոս Պարիս Հերունին, որի հայտարարությունը նաեւ միջազգային արձագանք ստացավ. արտասահմանյան լրատվամիջոցները հետաքրքրվեցին Հայաստանով ու Քարահունջում ռեպորտաժներ, ֆիլմեր նկարահանեցին: Երբ Հերունին ողջ էր, Քարահունջի աստղադիտարան լինելու տեսակետի դեմ ոչ մի տարաձայնություն, հակափաստարկ չէր հնչում, համենայն դեպսՙ բարձրաձայն ու հրապարակավ: Որոշ հնագետներ իրենց կասկածները շշուկով էին արտահատում. ընդամենը: Հիմա դաշտն ակտիվացել է: Անկախ այն բանից, որ միջազգային հարթակներում եւս պաշտպանում են Զորաց Քարերիՙ աստղադիտարան լինելու տեսակետը, մեր հնագետները ժխտողական դիրքորոշում ունեն: Նրանք առաջնորդվում են հողի տակ եղած նյութերով, հակառակորդ բանակըՙ հողի վրա եղածով:

Մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը Պարիս Հերունուց հետո սկսել է Քարահունջի ուսումնասիրությունները: Եթե Հերունին ասում էր, թե աստղադիտարանը 7,5 հազար տարեկան է, ապա մաթեմատիկոսը հավաստում է, որ այն ավելի հին էՙ 14 000 տարեկան: Նա պատրաստ է իր հաշվարկները բացատրել յուրաքանչյուրին, միայն թե պետք է համբերություն եւ ժամանակ ունենալ լսելու համար:

Բացի Զորաց Քարերի հնագիտական ու պատմամշակութային արժեքի շուրջը ծավալված անհամաձայնություններից, հակասություններ կան նաեւ հնավայրի տարիքը գնահատելու մեջ: Փաստորեն ըստ հնագիտական հետազոտություններիՙ Զորաց Քարերը 4000 տարուց ավելի չեն, ըստ Պարիս Հերունուՙ 7,5 հազար տարեկան են, իսկ ըստ մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանիՙ 14 000: Ընդ որումՙ վերջինը նմանություններ է տեսնում Արեւմտյան Հայաստանի Պորտասարի եւ Քարահունջի աստղադիտարանների միջեւ: Նրա կարծիքով երկուսն էլ Կարապի համաստեղության տեսքով են կառուցված ու թվագրվում են նույն ժամանակաշրջանին: Մաթեմատիկոսը ցավ է ապրում, որ երբ 2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել էր աստագիտության տարի, թուրքերը Պորտասարի վերաբերյալ «Թուրքական աստղագիտական ժառանգությունը» թեմայով Եվրոպայի քաղաքներում երկու ցուցահանդես են կազմակերպել: «Ես դիմեցի մեր հնագետներին, հարցրիՙ իսկ մենք չե՞նք ուզում մասնակցել ու հակադարձել թուրքերին, որ Պորտասարը հայկական աստղագիտական ժառանգություն է: Նրանք պատասխանեցինՙ զահլա կա՞»:

Մաթեմատիկոսը կոչ է անում բոլորին ուղղակի գնալ Քարահունջ (ի դեպՙ նա չի ընդունում Զորաց Քարեր անունը), փորձել քարերի անցքերից նայել երկնքին: Նա վստահ է, որ բոլորն էլ կարող են դիտել աստղերը: «Բոլոր քարերի վրա հատուկ տաշվածքներ կանՙ արմունկը , գլուխը, դաստակը, ոտքը հարմար դնելու համար: Այսինքնՙ այդ քարերը հարմարեցված են մարդու ուղղահայաց դիրքին, որպեսզի աստղերը դիտելը հեշտ ու արդյունավետ լինի: Ինչպե՞ս կարելի է կասկածի տակ առնել մեծ գիտնականների, այդ թվումՙ արտասահմանյան հետազոտողների համոզմունքները: Աշխարհը Քարահունջն ընդունել է որպես Հայկական լեռնաշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկըՙ չհաշված Պորտասարը: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի մեր հարուստ պատմության ու մշակույթի այս նշանակալի էջը հերքենք: Ավելի ապազգային ի՞նչ կարող է լինել, ասեք»,- վրդովվում է Վաչագան Վահրադյանը:

Թե ինչ համաստեղություններ են եր-ացել քարերի անցքերից մեզանից հազարամյակներ առաջ, ու մեր նախնիներն աստղագիտական ինչ հետազոտություններ, ձեռքբերումներ են ունեցել, մաթեմատիկոսը մեծ կար-որություն չի տալիս: Մեկնաբանում է հետեւյալ կերպՙ հազարավոր տարիներ առաջ անգամ աստղերի ծագմանը, շարժերին հետեւելը կրոնածիսական նշանակություն է ունեցել: Մեր նախնիները գուցեեւ աստղագիտական ուսումնասիրություններ չեն կատարել, բայց քարերի անցքերից հետեւելով աստղերի ծագմանն ու համաստեղությւոնների փոփոխություններինՙ այդ ամենը պաշտամունքի են վերածել: Հիմա, երբ տեխնիկական սարքավորումներով են ուսումնասիրվում աստղերը, քարերի անցքերից աստղերին հետեւելը ծիծաղելի է թվում, բայց հենց սա է ժամանակակից աստղադիտարանի հնագույն նախատիպը, որը հերքելն ու ժխտելը, ըստ մաթեմատիկոսի, կնշանակի արհամարհել մեր տեղաբնակ նախնիների ստեղծած հնադարյան մշակույթն ու քաղաքակրթությունը:

Ինչպե՞ս կլուծվեն եւ արդյո՞ք կլուծվեն հնագետների ու աստղաֆիզիկոսների միջեւ ծագած խնդիրները. փաստն այն է, որ առայժմ նրանց տեսակետերը չեն համընկնում, ու նրանք պարբերաբար հանդես են գալիս հակընդդեմ ելույթներով ու պարզաբանումներով: Պատճառն այն է, որ հողի տակ եղածը հողի վրա եղածի հետ ընդհանրություն չունի. հողի տակ գտնվող դամբարանը այլ քաղաքակրթություն ու պատկեր է ցույց տալիս, հողի վրայի ուղղահայաց քարերըՙ բոլորովին այլ: Մեկըՙ անդրշիրիմյան կյանք, մյուսըՙ անեզր տիեզերք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

«ՊԱՅՄԱՆԱԿԱՆ» ՋԱԼԱԼԻ ՆՈՐ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՊԱՅՄԱՆԱԿԱՆ» ՋԱԼԱԼԻ ՆՈՐ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական