ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ
(մաս 3-վերջ)
Հայոց ցեղասպանությունը ձեւափոխեց Հայկական հարց հասկացողությունը եւ պարզ դարձավ, որ դրա հետեւանքների վերացումը առանցքային է դառնում հայության համար: Այսինքն, Հայկական հարց հասկացողությունը իր մեջ ընդգրկում է նաեւ պայքարը իր բնօրրանի մեծ մասից զրկված հայ ժողովուրդի իրավունքների պաշտպանության համար: Հետագայում Սփյուռքում Հայկական հարցի զարգացումը հենց այդ ուղղությումբ էլ ընթացավՙ Հայոց ցեղասպանության ճանաչում որպես հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար պայքարի միջոց: Այդ շրջանում հենց հայոց Սփյուռքը դարձավ Հայկական հարցի բարձրաձայնման ու դրա նոր օրակարգի ձեւավորման կենտրոնը:
Այլ էր իրավիճակը խորհրդային համակարգում: ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանը իր բոլոր վայրիվերումներով հանդերձ, կարելի է գնահատել որպես խաղաղության շրջան, երբ հայությանը հաջողվեց ոտքի կանգնել, եւ սկսվեց գիտության ու մշակույթի ծաղկումը երկրում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սփյուռքահայության ներգաղթը մայր հայրենիք է՛լ ավելի խորացրեց ու խթանեց հայկական մշակույթի ու գիտության զարգացմանը Խորհրդային Հայաստանում: Սա նաեւ նպաստեց Հայկական հարցի շուրջ քննարկումների ծավալմանը:
Այդ քննարկումները վերածվեցին 1965թ. հայտնի շարժմանը, որը կարելի է բնութագրել որպես Հայկակական հարցի վերածնունդի ժամանակաշրջան արդեն Խորհրդային Հայաստանի տարածքում: ԽՍՀՄ տարիներին մեծացած սերունդը վերջնականապես գիտակցեց, որ պնդումները, թե ազգային հարցը լուծված էՙ իրականությանը չի համապատասխանում եւ որ այդ հարցում դեռ անելիքներ կան: Սկսված գաղափարական քննարկումները ավելի արդիական դարձան արդեն 80-ական թվականներին Ղարաբաղյան հիմնահարցի ի հայտ գալու հետ մեկտեղ: Ղարաբաղյան շարժումը նպաստեց ազգային զարթոնքին եւ Հայկական հարցի բարձրաձայնմանը ԽՍՀՄ-ի տարածքում:
Շատ արագ պարզ դարձավ, որ նախկինում ձեւակերպած մոդելը, թե իբր հայությունը անվտանգ է մեծ ԽՍՀՄ-ի կազմում, իրականությանը չի համապատասխանում եւ խնդրի լուծումը պետք է ժողովուրդն իր ձեռքը վերցնի: Ի տարբերություն դարասկզբի, այս անգամ թե՛ բնակչությունը, թե՛ մտավորականությունը ավելի գիտակցված ու պատրաստ էին հարցի լուծման ինքնուրույն տարբերակին, նույնիսկՙ դրա ռազմական լուծման տարբերակին: Սկսված ղարաբաղյան պատերազմը էլի նույն խնդիրն էր լուծումՙ ապահովել հայության գոյությունը իր բննօրրանում:
Հայության հաղթանակին այդ պատերազմում նպաստեց 2 հանգամանքՙ պարտադիր միջնակարգ կրթությունը եւ պարտադիր զինվորական ծառայությունը: Այսինքն ի տարբերություն դարասկզբի անգրագետ ու սեփական ուժերին չհավատացող եւ չպայքարող բնակչության, այս անգամ ունեինք գրագետ, գիտակից, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Պարտադիր զինվորական ծառայությունը, որը կար ԽՍՀՄ-ի տարիներին, նպաստել էր, որ բնակչության ճնշող մեծամասնությունը անցնի այդ ծառայության բովով ու զենքին տիրապետելու հմտություններ ձեռք բերի:
Մասնակցությունը 2-րդ Համաշխարհային պատերազմին եւ մեծ թվով հայ մարշալների ու գեներալների ի հայտ գալը իր հերթին նպաստել էր այն հավատի վերադարձին, որ հայը մարտնչող ազգ է եւ կարող է դիմակայել նույնիսկ ամենահզոր թշնամուն: Որակական այս փոփոխությունը նաեւ հանգեցնում էր Հայկական հարցի նկատմամբ մեր գիտակցության փոփոխմանՙ այսինքն այդ հարցը կարելի է լուծել հայկական անկախ պետականության ստեղծմամբ:
Այս գաղափարն էր նաեւ, որ նպաստեց, որ Հայաստանի բնակչության մեծ մասը կողմ քվեարկեց անկախությանը եւ ակտիվ մասնակցություն ունեցավ Ղարաբաղի ազատագրական պատերազմին: Լեոնիդ Ազգալդյանի «սա Հայաստան է եւ վերջ» ձեւակերպումը հենց արտահայտում էր հայության ճնշող մեծամասնության այն կարծիքը, թե սա Հայկական հարցի լուծման առաջին փորձն է եւ որ այն այս պահին տեղի է ունենում Արցախում: Մոնթեն այս հարցը ավելի կոնկրետ ձեւակերպեցՙ «եթե տանուլ տանք այս պատերազմը, կշրջենք հայ ժողովուրդի պատմության վերջին էջը»:
Այսինքն այդ շրջանի հայ ռազմական ղեկավարությունը լավ էր գիտակցում, որ այստեղ տեղի է ունենում ոչ թե լոկալ պատերազմ ինչ-որ տարածքի համար, այլ Հայկական հարցի լուծմանն ուղղված առաջին քայլերն էին կատարվում, ինչը հարկավոր է տարածաշրջանում հայ էթնոսի գոյատեւման եւ անվտնագության քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծելու համարՙ համապատասխան տարածք վերահսկելու միջոցով: Հայկական բննօրանում հայության անվտանգության նկատմամբ հերթական հարձակումը Կովկասյան թուրքերի կողմից ընդամենը հարյուրամյակներով ձեւավորված քաղաքականության շարունակությունն էր, որին հայությունը կարողացավ հաջողությամբ դիմակայել եւ այն ավարտել հօգուտ իրեն:
Սակայն ավարտված պատերազմը եւ Բիշկեքյան հրադադարի կնքումը չլուծեցին հայերիս համար կարեւորագույնՙ անվտանգության խնդիրը: Հայկական պետության ստեղծումը- իսկ Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի Հանրապետության մի մաս- ձեւափոխեց Հայակական հարց հասկացությունը: Արդեն պետության գոյության պայմաններում Հայկական հարցը հայության գոյապայքարի խնդրից վերածվեց Հայկական պետականության անվտանգության հարցի: Սա որոշ չափով նեղացնում է Հայկական հարց հասկացողությունը, սակայն միաժամանակ նրանում հստակություն է մտցնումՙ դրանից բխող հետեւանքներով:
Այստեղ շատ կարեւոր է ընկալել, որ ազգային պետության ձեւավրումով նպատակ է հետապնդվում ստեղծել պայմաններ այդ պետությունը բնակեցնող քաղաքացիների համար անվտանգային միջավայրի ստեղծման նպատակով, որը կապահովի ոչ միայն նրանց ֆիզիկական գոյությունը, այլեւ զարգացումը եւ բարգավաճումը: Սա նշանակում է, որ այն պետք է ապահովի այդ էթնոսի ու նրա կողմից ստեղծված պետության բոլոր քաղաքացիների զարգացման լիարժեք հնարավորությունները: Ու այդ հնարավորության հիմքում առաջին հերթին պետք է լինի անվտանգությունը:
Մոտ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա հայկական պետականության ստեղծումը Հայկական հարցի լուծմանը նոր որակ հաղորդեց, այսինքն այս հասկացողության հիմքում դրվեց այդ պետության անվտանգության հիմնախնդիրը: Փաստորեն Հայկական հարցի նպատակըՙ հայկական պետության ստեղծումը իրականացվել է, սակայն չեն լուծվել կարեւորագույնՙ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման եւ անվտանգության հիմնախնդիրները: Նշված այս երկու հիմնահարցերը իրականում մի ամբողջական հարց ենՙ ապահովել հայության անվտանգությանը: Հետեւաբար յուրաքանչյուր լուծում, որը դիտարկվում է, այսպես կոչված, Ղարաբաղյան հակամարտության շրջանակում, պետք է ծառայի վերը նշված հարցերի լուծմանը: Այսինքն փոխզիջումային կոչվող յուրաքանչյուր տարբերակ անընդունելի է նախ եւ առաջ այն պատճառով, որ այն վտանգում է ողջ հայության ապագան ու թույլ չի տալիս քայլեր ձեռնարկել տարածաշրջանում հայության դիրքերի ամրապնդմանը, ինչը Հայկական հարցի վերջնական լուծմանՙ Ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված քաղաքականություն իրականացնելու միակ հնարավորությունն է: