9017 թվական, Հայաստան: Ռուս, ղազախ, բելառուս եւ մի քանի տաջիկ հնագետներ պեղումներ են անցկացնում ներկայիս Բյուրականի աստղադիտարանի տարածքում, որը այդ հեռավոր ժամանակներում արդեն գոյություն չունի: Ում հետաքրքրական է ասեմ, որ Բյուրականի աստղադիտարանը փակվել էր 9017-ից մի քանի հազար տարի առաջ, քանի որ աստղադիտարանն այդպես էլ չկարողացավ համալրվել երիտասարդ մասնագետներով, իսկ եղածներն էլ ծերացան ու մահացան, մի մասն էլ արտագաղթեց: Մի խոսքով, միջազգային արշավախումբը, ի դեպ, 9017-ին ռուսների, ղազախների, բելառուսների եւ տաջիկների խումբն այլեւս անընդունելի է լինում միջազգային անվանել, ներկայիս Բյուրականի աստղադիտարանի տեղում, խորը գետնի տակ, հայտնաբերում է մի մետաղական տարօրինակ իր, երկարՙ ոչ մետաղական լարով: Գտածոն անմիջապես տարվում է լաբորատորիա, որտեղ պարզվում է, որ այդ սարքով հնում, դե այսինքնՙ մեր ժամանակներում, սուրճ էին պատրաստում, սրճեփ էր: Գիտնականներն արագ որոշում են, որ սրճեփը 7000 տարվա պատմություն ունի, գուցե եւ ավելի երկար: Իրենց հայտնագործությունից ոգեւորվածՙ գիտնականներն անմիջապես մամուլի ասուլիս են հրավիրում եւ բացառապես փաստերի վրա հիմնվածՙ ապացուցում, որ մինչ այդ եղած վարկածը, թե Բյուրականում հինավուրց մի ազգ, աստղադիտարան է ունեցել, հերքվում է, քանի որ ահաՙ մենք գտել ենք այդ տեղանքում միայն սրճեփ, որով այդ հին մարդիկ, գուցե պարապությունիցՙ սուրճ են եփել, հետեւաբար այն եղել է ոչ թե աստղադիտարան, այլՙ պարապ մարդկանց հավաքատեղի: Այս եզրակացությունը է՛լ ավելի է հիմնավորվում, երբ ռուս հնագետը, վերհիշելով ռուսաց պատմությունը, ներկայացնում է, որ Բյուրականից եւ շրջակա այլ շրջաններից այդ նույն ազգի ներկայացուցիչները 7000 տարի առաջ գնում էին Ռուսաստան, քանի որ իրենց մոտ պարապություն էր, հետեւաբար իսկապես այս տարածաշրջանում մարդիկ եղել են պարապ, պարապ-սարապ:
Ցավոք սրտի ներկա լրագրողներից ոչ մեկը չի հարցնում հնագետներին, թե աստղադիտարանի տարածքում բա էլ ի՞նչ պետք է հայտնաբերեիք, եթե ոչՙ սրճեփ, հո աստղեր չէի՞ք հայտնաբերելու… Մի խոսքով, 9017-ին, սրանից ճիշտ 7000 տարի առաջ, մարդիկ ապացուցում են, որ Բյուրականում աստղադիտարանի փոխարեն եղել է պարապ մարդկանց հավաքատեղի, հայտնաբերած սրճեփն էլ ներկայացնում են որպես իրեղեն խոսուն ապացույց:
Ճիշտ այնպես, ինչպես հիմա: Տարիներ առաջ երջանկահիշատակ գիտնական Պարիս Հերունին, ուսումնասիրություններ անցկացնելով Սյունիքի մարզում, Սիսիանի մոտ հանրահայտ Զորաց Քարեր կոչվող հնավայրում, պարզեց եւ հայտարարեց, որ այդ տեղանքում 7000 տարի առաջ եղել է աստղադիտարան, որն իր տարիքով ու անշուշտ թափով, չի զիջում հանրահայտ բրիտանական Սթոունհենջին: Հերունին, անշուշտ, ներկայացրեց փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեր նախնիները քարերի մեջ բացված անցքերով նայել երկինք, աստղերին: Բայց գիտնականը, ցավոք, չպատասխանեց հարցին, թե միայն աստղերին նայելը արդյոք աստղագիտությո՞ւն է: Սա, սակայն, չխանգարեց, որ հիմնվելով զուտ Պարիս Հերունու առաջ քաշած վարկածի վրա, ՀՀ կառավարությունը 2004-ի հուլիսի 29-ի իրՙ N1095 որոշմամբ Զորաց Քարերը պաշտոնապես կոչի Քարահունջ աստղադիտարան, իսկ նախագահ Քոչարյանն էլ նույն թվականի օգոստոսի 11-ին (Նավասարդի առաջին օրը) վավերացնի այդ որոշումը:
Եւ ահա հիմա, մեկ այլ գիտնական, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը, որն ասում են Պարիս Հերունու հետ, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ է ունեցել, հերքում է Զորաց Քարերի վերաբերյալ Հերունու վարկածը: Փիլիպոսյանն ու իր արշավախումբը տեղանքում ուսումնասիրություններ են անցկացրել ու այնտեղ հայտնաբերել խիստ ուշագրավ նյութեր: Հետո ուսումնասիրել են այդ նյութերը ու պարզել, որ Զորաց Քարերում ոչ թե 7000 տարի առաջ աստղադիտարան է եղել, այլ ընդամենը սոցիալական բարձր խավի ներկայացուցիչների դամբարանադաշտ, այն էլՙ 4000 տարվա վաղեմության: Փիլիպոսյանը հատուկ շեշտել է, որ այն, ինչը նրանք հայտնաբերել են Զորաց Քարերում, բնորոշ է դամբարանին: Հարց է առաջանումՙ ի՞նչ են ուրեմն հայտնաբերել գիտնականները: Գա՞նգ, մարդանց կմախքի մնացորդնե՞ր, հավանաբար այո, քանի որ միայն մարդու մարմնի մնացորդները կարող են բնորոշ լինել դամբարանին: Այդ պարագայում, սակայն, արդյո՞ք մեկ, թեկուզ երկու, երեք-չորս մարդկային գանգերը կարող են փաստել, որ դրանց հայտնաբերման տեղանքում դամբարան է եղել, շատ հնարավոր է, որ վայրագ ցեղերն անցնելիս են եղել այդ տեղով ու տեսնելով, թե ինչպես են հայերն աստղերին նայում, սկսել են սպանել գերզբաղ այդ հայերին…
Սա, թերեւս բավականին ճշմարտամոտ վարկած է, քանի որ եւ վայրագ ցեղերից մենք երբեք պրծում չենք ունեցել, եւ նրանց ասպատակությունների ժամանակ մշտապես աստղերին ենք նայելիս եղել: Այնպես որ, առաջարկում եմ միավորել Հերունու եւ Փիլիպոսյանի վարկածները. Զորաց Քարերը եղել է հինավուրց աստղադիտարան, որտեղ վայրագ ցեղերը ոչնչացրել են մի քանի հայի, որոնք այդ ընթացքում, երբ երկիրը կեղեքվել է վայրագների ձեռամբ, հանգիստ եւ անվրդով աստեղերին են նայելիս եղել: Ու, որպեսզի տարեթվի շուրջ էլ վեճը դադարի, առաջարկում եմ ընտրել ոսկե միջինը, ասենք թե այս ամենը եղել է 5000 տարի առաջ:
Հենց այդպես էլ կարելի է գրել Հայոց պատմության դասագրքերում: Մանավանդ որ այդ դասագրքերում հիմա եւ միշտ ով ասես, ինչ ասես գրել է: Բայց պարտադիր մի հետգրությամբ. Զորաց Քարերի հայ աստղագետների հետ 5000 տարի առաջ տեղի ունեցած այս դաժան ողբերգությունը ցույց է տալիս, որ պետք չէ աստղերին նայել, երբ թշնամին մտել է երկիրդ: Աստղերը չեն նեղանա: