Վաղուց ժամանակն է Հայաստանում ստեղծել մի նոր նախարարություն: Այն կարելի է կոչելՙ Ադրբեջանին մտրակելու նախարարություն, ընդ որում սա աշխատանքային անվանումն է, կարելի է քննարկելՙ ընդհուպ ԱԺ-ում, նոր միայն հաստատել: Նախարարությունը կունենա իր վարչությունները, բաժինները, օրինակՙ Ալիեւ ընտանիքին մտրակելու վարչության, Մեհրիբան խանըմին մտրակելու բաժին: Կարծում եմ, Ադրբեջանի հետ հակամարտությունը, հետեւաբարՙ նրան մտրակելու անհրաժեշտություն դեռ երկար է լինելու, ու Ադրբեջանին մտրակելու նախարարությունը, Սփյուռքի նախարարության պես, երկար կյանք կունենա: Իմիջիայլոց, նախարարությունն առաջարկում եմ կոչել Ադրբեջանին հենց մտրակելու, ոչ թե, օրինակ, պատասխանելու կամ տեղը դնելու նախարարություն. քանի որ եթե մենք ստեղծենք այս անունով նախարարություն, ապա Ադրբեջանին մտրակելու նախարարության ղեկավարը կկոչվի ԱՄՆ նախարար:
Հաշվի առնելով նախարարության հույժ կարեւոր գործունեությունը, կարելի է վերապահման կարգով այս նախարարին անգամ նախագահ կոչել: Այդ պաշտոնին առաջարկում եմ Էդուարդ Շարմազանովին: Հարկ է նկատել, որ պարոն Շարմազանովն արդեն իսկ ստանձնել է այսՙ դեռեւս ստվերային գործող նախարարության ղեկավարի պաշտոնը: Ամեն դեպքում, հենց նա է, որ արթնացնում է Իլհամ Ալիեւին, երբ վերջինս, սովորության համաձայն, ընկնում է երազանքների գիրկը (չխառնելՙ Մեհրիբան խանըմի գրկի հետ) ու հենց նա է, որ ավելի լավ գիտի Ադրբեջանի պատմությունը, քան Բաքվի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ռզաեւ Ազատ Ահմեդ օղլին:
Օրինակ, բոլորովին վերջերս պարոն Շարմազանովը, պատասխանելով Ադրբեջանի պատմական հողերի մասին Ալիեւի հերթական երեւակայության զոռին, հայտարարեց, որ պատմական հող ունենալու համար նախ պետք է պատմություն ունենալ, ապա եւ շեշտեց, որ անգլիական հանրահայտ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը 40 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը:
Բարեբախտաբար Բաքվից Շարմազանովին չեն պատասխանել, մինչդեռ կարող էին: Մասնավորաբար նույն Ազատ Ռզաեւը կարող էր հայտարարել, որ իրականում ՀՀ ԱԺ փոխնախագահը խեղաթյուրում է պատմությունը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ադրբեջանից մեծ է ոչ թե 40 տարով, այլՙ 40 տարի եւ 1 ամսով, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունն առաջացել է 1918-ի մայիսին, իսկ այ «Մանչեսթեր Յունայթեդը»ՙ 1878-ի ապրիլին: Ավելին, եթե Ռզաեւը շատ խորանար, ապա կպարզեր, որ անգլիական ակումբը իր ստեղծման առաջին տարիներին, մինչեւ 1902-ի կրկին ապրիլը, չի կոչվել «Մանչեսթեր Յունայթեդ», հետեւաբար «Մանչեսթեր Յունայթեդ» անունով ակումբը Ադրբեջանից մեծ է ոչ թե 40 տարով, այլ միայն 16 տարով…
Մի խոսքով, պատմությունը խեղաթյուրողներին չի կարելի պատասխանել պատմության խեղաթյուրմամբ: Բայց անգամ սա չէ ամենակարեւորը: Բանն այն է, որ եթե դու հին ժողովուրդ ես ու պետականության դարավոր փորձ ունես, բայց իրանցի չես ու Իրանը չէ քո պետությունը, ուրեմն հինավուրցությունդ քեզ որեւէ առավելություն չի տալիս: Կարո՞ղ եք նշել մի հինավուրց ազգ-պետություն, որը կար, երբ Իրանը կար, ու որը հիմա էլ այնքան զորեղ է, որքան Իրանը: Չասեք, օրինակ Չինաստանը, քանի որ չինացիներն աշխարհի մեր մասում չէին ապրում եւ որեւէ մեկս չենք կարող հաստատ ասել, թե նրանք ի՞նչ էին անում, երբ Դարեհը կանգնած էր Մակեդոնացու առջեւՙ Գավգամելայի արյունոտ դաշտում: Հունաստա՞նը, թերեւս, բայց այսօրվա հույները քիչ կապ ունեն Աքիլեսի հետ, ավելինՙ այսօրվա հույներն ավելի քիչ կապ ունեն Աքիլսեի հետ, քան այսօրվա հայերըՙ Վահագնի հետ: Բացի այդ, եթե մենք այսօր Հունաստանին կոչենք զորեղ պետություն, անգամ Անգելա Մերկելիՙ միշտ լուրջ դեմքին ժպիտ կհայտնվի: Ինչեւէ, ավելի շատ դար ու հազարամյակ ապրած լինելը դեռ չի նշանակում, որ դու ուժեղ ես այսօր ծնվածներից, մանավանդ որ դու մոռացել ես, թե ինչպես էին ապրում հազարամյակներ առաջ:
Եւ ուրեմն առաջարկում եմ պարոն Շարմազանովի գլխավորությամբՙ դեռեւս ստվերային գործող ԱՄՆ բոլոր աշխատողներինՙ դադարել ննջել դափնիների վրա, թոթափել կոնյակային տրամաբանությունն ու պատմության մեջ տարիքաչափ աշխատելու փոխարեն մի ծառ տնկել, ցանկալի է հայ-ադրբեջանական սահմանինՙ ի պատասխան Իլհամ Ալիեւին: Հենց խոսի, անմիջապես մի նոր ծառ հայտնվի այնտեղ: Կտեսնեք, որ կսկսի քիչ խոսել ու կտեսնեք, թե որքան մաքուր կդառնա Հայաստանում օդը:
Հանուն դրա կարելի է անգամ Ադրբեջանին մտրակելու նախարարության անվանման մեջ ավելացնելՙ ծառատունկ բառը. Ադրբեջանին մտրակելու եւ ծառատունկի նախարարություն, իսկ որն ավելի լավ էՙ ուղղակի ծառատունկի նախարարություն. Ադրբեջանն այսօր կա,… երեկ չկար: